«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱՅՍ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԿՈՆԿՐԵՏ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼԸ ՉԷ»

«ԱՅՍ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԿՈՆԿՐԵՏ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼԸ ՉԷ»
20.07.2010 | 00:00

Եթե քաղաքական դաշտում թեժ քննարկումներ են ընթանում ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ, ապա կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին հուզող հարցն այս ոլորտում սպասվող բարեփոխումներն են։ Եվ քանի որ այս պահին օրինագիծը գտնվում է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, ապա հանձնաժողովի նախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել` ի՞նչ փոփոխություններ կարող են կատարվել նախագծում։
-Կառավարության հետ համատեղ քննարկվում է պարտադիր կուտակային համակարգի ընդլայնման հարցը։ Օրինագծով նախատեսված է վարձու աշխատողների, անհատ ձեռներեցների և նոտարների մասնակցությունը, այժմ քննարկում ենք հասարակության ավելի լայն շերտերը մասնակից դարձնելու հարցը։ Գաղտնիք չէ, որ թոշակառուները, ինչպես նաև բազմազավակ ընտանիքները մեր հասարակության չքավոր շերտն են։ Այժմ մենք փորձում ենք այս օրինագծով մեր հասարակության համար կարևոր և սոցիալապես խոցելի խմբի` շուրջ 500 հազար թոշակառուների աղքատության խնդիրը լուծել` գործընթացին մասնակից դարձնելով և՛ քաղաքացուն, և՛ պետությունը։ Այդ նպատակով ներդրվում են կամավոր և պարտադիր կուտակային համակարգեր, պահպանելով հին համակարգը, որը կգործի բոլոր կենսաթոշակառուների համար։ Կամավոր կուտակային համակարգի դեպքում այդ միջոցների կուտակմանը քաղաքացու մասնակցության կամ չմասնակցության խնդիրը քաղաքացու ընտրությամբ է իրականացվում, սակայն մասնակցելու դեպքում նա պարտավոր է մինչև թոշակի տարիքին անցնելը վճարումներ կատարել։ Պարտադիր կուտակային համակարգի դեպքում, մի կողմից, պետությունը պարտադրում է քաղաքացուն մասնակցություն ունենալ, մյուս կողմից, պետբյուջեից գումարներ են տրամադրվելու քաղաքացուն` մինչև կենսաթոշակային տարիքը, պետությունը երաշխավորում է նրա ամբողջ ներդրած գումարի վերադարձելիությունը կենսաթոշակի տեսքով` գումարած նվազագույն եկամտաբերությունը յուրաքանչյուր տարվա գնաճի չափով։ Եթե հաջողվի ավելացնել այդ գումարները, շատ լավ, եթե ոչ, ապա նվազագույնն արդեն երաշխավորված է պետության կողմից։ Գաղտնիք չէ, որ քաղաքացիները մինչև թոշակային տարիքի հասնելը երբեք չեն մտածում իրենց վաղվա օրվա մասին, եթե փորձեն էլ մտածել, ապա դա շատ բարդ խնդիր է, քանի որ քաղաքացու համար դժվար է կանխատեսել` որտեղ արդյունավետ ներդրում կատարել, ինչպես կառավարել ռիսկերը և այլն։ Մի խոսքով, այս հարցերը բոլորին հասու չեն, ուստի պետությունն է ստանձնում այդ պարտավորությունը և, երաշխավորելով գումարները, քաղաքացիներին ստիպում է այսօր փող կուտակել վաղվա օրվա համար։ Սա է օրինագծի փիլիսոփայությունը։
-Փիլիսոփայությունը հասկանալի է, սակայն կարևորը գործնական կիրառությունն է։ Չմոռանանք, որ մեր ժողովրդի մի հատվածը այն նույն խաբված ավանդատուներն են, ովքեր մտավախություն ունեն` արդյոք կուտակային հիմնադրամն իրենց նույն խնդրի առջև չի՞ կանգնեցնի։
-Այդ օրինակն իրավական տեսանկյունից համեմատելի չէ կուտակային հիմնադրամի գործընթացի հետ, քանի որ դրանք բացարձակապես տարբեր բաներ են։ Երբ խոսքը պարտադիր կուտակային հիմնադրամի մասին է, ապա պետությունն ինքը մի կողմից պարտադրում է, մյուս կողմից` երաշխավորում։ Պատասխանատուն ԿԲ-ն է և այն հիմնադրամը, որը կառավարելու է այդ գումարները։ Նա ևս մասնակցություն պետք է ունենա գումարների վերադարձելիության երաշխավորման հարցում, գումարած յուրաքանչյուր տարվա շահութաբերությունը։
-Իսկ ի՞նչն էր վատ գործող համակարգում, երբ կենսաթոշակային միջոցները ձևավորվում էին գործատուի ներդրած սոցվճարների արդյունքում։ Ինչո՞վ այս համակարգը չարդարացրեց իրեն։
-Պետությունը գործատուից փող էր վերցնում կենսաթոշակ վճարելու համար, իսկ այս բարեփոխումով այդ նույն գումարը գործատուից վերցվելու է եկամտային հարկով, դրան գումարած, ֆիզիկական անձը պարտավոր է վճարել իր հինգ տոկոսը։ Պետությունն էլ իր հերթին պարտավոր է քաղաքացուն վճարել, քանի որ նման պարտավորություն է ստանձնում` դրանով իսկ հաստատում կենսաթոշակառուի սոցիալական վիճակը բարելավելու իր կամքը։ Եթե մինչ այս սոցվճարների գծով մասնակցում էր միայն գործատուն, իսկ ֆիզիկական անձը եկամտահարկ և ապահովագրական վճար էր մուծում, այժմ գործատուն այդ գումարները տրամադրելու է տվյալ ֆիզիկական անձին, ինչի արդյունքում քաղաքացին ու պետությունն ուղիղ կապի մեջ են լինելու միմյանց հետ։ Ընդհանրապես, աշխարհում կենսաթոշակային միջոցների հավաքագրման տարբեր մոդելներ կան։
-Այո, սակայն այս մոդելը, կարծում ենք, ավելի կիրառական է տնտեսապես զարգացած երկրներում, որտեղ աշխատատեղերի խնդիրը լուծված է։
-Չէի ասի։ Օրինակ, եթե վերցնենք աշխարհի առաջատար երկրների տասնյակը, ապա նրանց մոտ գործատուն մասնակցում է համակարգի ձևավորմանը։ Ընդհանրապես, ընտրելու խնդիր է. մենք ընտրել ենք այս համակարգը` ելնելով հետևյալից. եթե մենք գործատուին հնարավորություն տանք մինչև 40 տարեկանների համար գումարը վճարել աշխատողի հաշվին, ապա 40 տարեկանից բարձր տարիքի աշխատակցի դեպքում նույն ձեռնարկությունում կարող էր դիսբալանս առաջանալ, ինչից խուսափելու համար ընտրվեց նշված մոդելը։
-Ըստ Ձեզ, այս տարբերակն իրեն կարդարացնի՞, ու մեր կենսաթոշակառուները գոհ ու շնորհակա՞լ կլինեն։
-Հարցը հռետորական է, սակայն ես կպատասխանեմ փիլիսոփայական տեսանկյունից։ Հնարավոր չէ, որ քաղաքացին գոհ լինի իր վաստակից, քանի որ մարդու հոգեբանության մեջ սեփական ծախսերը սահմանափակված չեն` որքան փող լինի, այնքան էլ կծախսվի։ Կարծում եմ` սոցիալական այս նոր բարեփոխումով մենք կկարողանանք հստակ պայքարել աղքատության դեմ։
-Աղքատության հաղթահարման համար, կարծում եմ, միայն այս բարեփոխումը բավարար չէ։ Երկիրը տնտեսապես պետք է զարգանա։
-Անշուշտ, սոցիալական բնագավառն ինքնաբավ ոլորտ չէ, այն ծախսային լուրջ հատված է, ուստի շատ կարևոր է երկրի կրթության, տնտեսության և առողջապահության զարգացումը։ Մինչև այս ոլորտներում զարգացում չլինի, չի կարող սոցհամակարգն ապահովել աղքատության վերացումը կամ էլ նորմալ եկամուտ ապահովել կենսաթոշակառուի համար։ Սակայն այդպես ասել և ձեռքներս ծալել ու բարեփոխումներից զերծ մնալ նույնպես նորմալ չէ։ Մենք այս բարեփոխումների իրականացմանը զուգահեռ փորձում ենք ապահովել առաջընթաց նաև նշված ոլորտներում։ Կարծում եմ, չեք մտածում, չէ՞, որ առաջիկա 21 տարիներին մեր երկիրը չի զարգանալու։ Օրինակ, վերջին տասը տարվա ընթացքում մեր բյուջեի եկամուտները երեք անգամ ավելացել են։
-Գաղտնիք չէ, որ Հայաստանում աշխատատեղերը սակավ են, և մարդիկ չեն աշխատում հենց այդ պատճառով։ Այդ դեպքում ինչպե՞ս է լուծվելու նրանց կենսաթոշակի հարցն այս բարեփոխման շրջանակներում։
-Աշխատանք չունեցողը չի կարող մասնակցել պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգին։ Նա պետությունից կստանա աշխատավարձի զրոյական բազայի հիման վրա հաշվարկված թոշակ, այսինքն, այն նույն կարգով, ինչպիսին գործում է այսօր։
-Խոսակցություններ կան, որ բարեփոխումը կարող է գործազուրկների մի նոր խավ ստեղծել։ Խոսքը վերաբերում է կենսաթոշակ բաժանողների հաստիքների կրճատմանը։
-Օրինագծով նախատեսված է, որ կենսաթոշակառուն իր թոշակը կարող է ստանալ անձամբ, բանկային փոխանցմամբ կամ էլ իր լիազորած երրորդ անձի միջոցով։ Դա իր կամքն է։ Եթե նա ուզում է, որ կենսաթոշակը տուն բերվի, այո՛, պետք է դա ապահովել։ Սակայն, եթե բարեփոխումը միտված է բարձրացնելու կենսաթոշակառուին մատուցվող սպասարկման որակը, ինչի հաշվին կարող է մի քանի հաստիք կրճատվել, կարծում եմ` որակի բարելավումն ավելի կարևոր խնդիր է։ Չպետք է մոռանալ, որ այս բարեփոխման նպատակը կոնկրետ մարդկանց աշխատանքով ապահովելը չէ։ Դա այլ հարց է, որը կքննարկենք համապատասխան դաշտում։
-Կենսաթոշակառուի համար սպասարկումից ավելի կարևոր է թոշակի չափը։ Որքա՞ն այն կբարձրանա բարեփոխման արդյունքում։
-Ըստ հաշվարկների` այն կկազմի գործող միջին աշխատավարձի 50 տոկոսը։ Այս պահի դրությամբ ապահովում ենք միջին աշխատավարձի 25 տոկոսը։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ

ղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել