Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ԱՅՍՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՆԵՐԸ ՇԱՏ ԼԱՎ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԵՆ ԴՅՈՒՐԱՀԱՎԱՏ ՄԱՐԴԿԱՆՑ ԽԱԲԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻՆ»

«ԱՅՍՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՆԵՐԸ ՇԱՏ ԼԱՎ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԵՆ ԴՅՈՒՐԱՀԱՎԱՏ ՄԱՐԴԿԱՆՑ ԽԱԲԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻՆ»
18.11.2011 | 00:00

Շատերի համար աստղերն ուղեցույց են, «բարեխղճորեն» հուշում են` ինչպես կյանքի ընկեր ընտրել, ինչպես ապրել տարին, ամիսը, անգամ օրը: Ինչպես ճանաչել ինքն իրեն, բարեկամին, թշնամուն և այլն: Աստղագետները, սակայն, այլ կարծիքի են: Զրուցակիցս Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, աստղագետ, տոմարագետ ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏՅԱՆՆ է:
-Աստղերը, մոլորակներն իրո՞ք ճակատագիր են կանխորոշում:
-Աստղերը, մոլորակները ոչինչ չեն կանխորոշում, իսկ հուշում են, ընդհանրապես, միայն «չիմացողներին»: Ով գիտի իր կյանքը, իր անելիքը, նա աստղերի «խորհրդի», «հուշումների» կարիքը չունի:
-Աստղագուշակությունը գիտությո՞ւն է:
-Դա ավանդական գիտություն է, վեդայական ավանդույթով մեզ հասած տարբեր բնագավառներից մեկը։ Այդտեղ գուշակության արվեստն ունի ընդամենը մարդուն օգնելու, օժանդակելու դեր։ Այսօր մենք քիչ բան գիտենք այդ գիտության մասին: Պահպանվել են որոշ տարրեր (ոչ ամբողջական) տարբեր ժողովուրդների հավատալիքների, սովորույթների մեջ: Կարող ենք ասել, որ Հայաստանում էլ նման գիտություն եղել է, բայց վաղուց կորել է:
-Այսինքն, աստղագուշակությունը շառլատանություն չէ, ունի բացատրություն:
-Իր ավանդական վիճակով դա բնավ շառլատանություն չէ, բայց քանի որ շատ տեղերում կորսված է, նախնականը չկա, այն փոխարինվել է ստով, խաբեությամբ:
-Այսօրվա աստղագուշակները գուցե ասեն, որ տիրապետում են այդ գիտությանը:
-Այսօրվա աստղագուշակները շատ լավ տիրապետում են դյուրահավատ մարդկանց խաբելու արվեստին: Եթե վերլուծեք նրանց ասածները, կտեսնեք, որ ասում են այնպիսի բաներ, որ մեծ տոկոսով ճիշտ են կամայական մարդու համար, համընկնում են կամայական կենսագրության հետ: Մարդն էլ միշտ հակված է իր տեսածների, լսածների մեջ գտնել, առանձնացնել, մտապահել այն, ինչ իրեն ծանոթ է, ինչը մոտ է իր մտքերին, ապրումներին և այլն։ Ահա այս կերպ հնարավոր է մարդուն տալ ընդհանուր լայն ընդգրկման տեղեկույթի մի մեծ փունջ, և նա այդ ամենի միջից ինքը կընտրի այն, ինչ իրեն առավել հարազատ է, ապա ինքն իրեն կհամոզի, թե գուշակն ամեն ինչ լիովին ճիշտ գուշակեց։
Ես ինքս լուրջ աստղագուշակության դեռ չեմ հանդիպել: Իհարկե, սա չի նշանակում, թե սկզբունքորեն հնարավոր չէ գուշակություն անել: Խոսքը տարբեր բաների մասին է: Սկզբունքորեն դա պետք է հնարավոր լինի, որովհետև տիեզերքը մեկ ամբողջություն է, ուր ամեն բան փոխկապակցված է։
-Այսինքն, որոշակի կապ կա մարդկանց, նրանց ծննդյան օրվա և աստղերի դասավորվածության մեջ: Պարզապես չե՞նք կարողանում բացատրել:
-Ինչպես վերը նշեցի, տիեզերքը մեկ ամբողջություն է, ուր ամեն բան շաղկապված է: Աստղերը ձեր ասածների մեջ կարող են ունենալ ընդամենը ժամանակ ցուց տվող գործոնի դեր։ Հնում մոլորակ են համարվել նաև Արեգակն ու Լուսինը։ Այդ կերպ մեզ այսօր հայտնի հինգ մեծ մոլորակների հետ մոլորակների թիվը լինում է յոթ։ Արեգակը, Լուսինը և հինգ մեծ մոլորակներն անընդհատ փոխում են իրենց դասավորվածությունը երկնքում և՛ իրար նկատմամբ, և՛ անշարժ աստղերի, այսինքն՝ կենդանաշրջանի համաստեղությունների նկատմամբ։ Եթե սևեռենք այդ ամբողջի պատկերը (այսինքն՝ յոթ մոլորակների և անշարժ աստղերի փոխադարձ դասավորությունը), ապա կստանանք չափազանց մեծ պարբերությամբ կրկնվող իրադարձություն: Այսինքն, ի դեմս կենդանաշրջանի և յոթ մոլորակների դիրքերի, մենք ունենք շատ մեծ պարբերաշրջանի ընթացքում որևէ պահ արձանագրելու իրողություն։ Պատկերացրեք` հնագույն ժամանակներում, երբ տակավին չկային ժամանակաչափության այսօրվա միջոցները, անհնար պիտի լիներ գտնել մեծ պարբերաշրջանների մեջ ժամանակի որոշակի պահ սևեռելու ավելի մատչելի միջոց, քան այդ պահին համապատասխան՝ երկնային լուսատուների դասավորությունը։ Հետագայում, երբ մոռացվում են այդ ամենի բուն պատճառները, սկսվում է այլ պատճառի որոնում։ Եվ, իբրև ամենաակնհայտ «պատճառ», որդեգրվում է այդ լուսատուներին ինչ-ինչ գերբնական հատկություններ վերագրելու մոտեցումը։
Կենդանաշրջանի աստեղատները, իբրև իրական նյութական ամբողջական առարկաներ, գոյություն չունեն. դրանք տարբեր հեռավորությունների վրա գտնվող մեծ ու փոքր աստղերի պատահական զուգադրումներ են երկնքի որոշակի սահմանափակ տարածքի մեջ։ Այսինքն, ի դեմս այս համաստեղությունների, ունենք ոչ թե իրական նյութական առարկաներ, այլ ընդամենը երկնքի մի սահմանափակ տարածք՝ երևացող աստղերով։ Բնականաբար, այս կերպ ընկալելուց հետո հասկանալի է, որ համաստեղությունը չի կարող ունենալ որևէ նյութական ներգործություն մարդու (և ընդհանրապես որևէ այլ բանի) վրա։ Աթոռը, որի վրա դուք նստած եք, անսահման շատ է ազդում ձեզ վրա, քան հեռավոր աստղերի պատահական դասավորությամբ ստեղծված վերացական պատկերը։
Իսկ ձեր ծնվելու պահը, բնականաբար, պիտի՛ ազդի ձեր ապագայի վրա շատ պարզ ու հասկանալի ձևով։ Մարդու ծնվելու պահը միարժեք ցույց է տալիս նրա ներարգանդային զարգացման փուլերի և արտաքին առարկայական պայմանների զուգադրումը. իսկ այդ զուգադրումը միանշանակ ազդում է պտղի զարգացման ընթացքի, նրա մարմնի ինչ-ինչ համակարգերի ձևավորման, դրանով իսկ` նրա ապագա հատկանիշների վրա։ Բացի այդ, ծնվելու պահին երեխան և իր մայրը դեռ մեկ ամբողջություն են, և երեխան, իբրև իր նախասկզբնական, ելակետային վիճակ, ժառանգում է մոր տվյալ պահի վիճակը (գիշե՞ր, թե՞ ցերեկ, առավո՞տ, թե՞ երեկո, շո՞գ, թե՞ ցուրտ և այլն)։ Այսինքն, մարդու ելակետային հատկանիշներն անմիջականորեն կապված են նրա ծնվելու օրվա և նույնիսկ պահի (նաև վայրի) հետ։ Իսկ այդ ելակետային հատկանիշներով էլ մեծապես պայմանավորված է նրա հետագա վարքը և կյանքի հավանական ուղին (ասենք՝ դյուրաբորբո՞ք է, թե՞ հանգիստ, աշխո՞ւյժ է, թե՞ ալարկոտ և այլն):
-Կտակարանում մոգերը մանուկ Հիսուսին գտնում են աստղի միջոցով: Ինչպե՞ս կբացատրեք դա:
-Մոգերը կանխավ գիտեին, որ պետք է ծնվի հրաշամանուկը: Ինչ-որ ձևով այդ տեղեկությունը ստացել էին: Եվ ասվում է, որ տեսել են նրա աստղը արևելքում, ինչը շատերը կապում են նոր կամ գերնոր աստղի բռնկման հետ, գիսավորի հետ և այլն: Ավետարանական այս դրվագը հասկանալու և բացատրելու ինձ հայտնի ամենալուրջ փորձը գերմանացի մեծ աստղագետ Յոհան Կեպլերինն է։ Կեպլերը հաշվարկել է, որ «Հիսուսի աստղ» կոչվածը մոլորակների մեծ շքերթն է, որ եղել է 6 թվականին՝ Հիսուսի ծննդից առաջ: Այդ թվականին երկնքում իրար շատ մոտ են եղել Լուսնթագը (Յուպիտեր), Երևակը (Սատուրն) և Հրատը (Մարս)։ Դա համարվել է նշան, որ մեծ իրադարձություն պիտի լինի, Փրկիչ պիտի ծնվի: Մոգերը կարողացել են այդ նշանը «կարդալ» և, իրենց այլ տեղեկությունների հետ համադրելով, որոշել, թե որտեղ կարող է երեխան լինել:
-Ինչո՞ւ է եկեղեցին հանդիմանում գուշակության դիմողներին:
-Ավելին կասեմ, ես չգիտեմ որևէ կրոն, որ խրախուսի գուշակությունը: Բոլոր կրոններն էլ այս կամ այն կերպ հանդիմանում են գուշակության դիմողներին:
Եթե ես իմ վարքը պետք է որոշեմ կրոնական պատվիրաններից ելնելով, գուշակությունն այստեղ տեղ չունի: Կրոնը, որի հետևորդը դու ես, քեզ սովորեցնում է՝ ինչպես ապրել: Եթե դու գնում ես գուշակի մոտ, բնականաբար, ակնկալում ես պատասխան` ինչ անել վաղը, և մերժում ես քո կրոնի տված պատվիրանները, Աստծո խոսքը, որոնք ամբողջությամբ տալիս են այդ հարցերի պատասխաններն ամեն մեկին, անկախ նրանից` «կապի՞կ» է նա, «աքաղա՞ղ», թե՞ «չղջիկ»:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1544

Մեկնաբանություններ