«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԴԺԳՈՀ ԵՆ ՄՆՈՒՄ ՄԻԱՅՆ «ԾՈՒՅԼԻԿ» ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ»

«ԴԺԳՈՀ ԵՆ ՄՆՈՒՄ ՄԻԱՅՆ «ԾՈՒՅԼԻԿ» ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ»
26.10.2010 | 00:00

Էլեկտրոնային մատյան, էլեկտրոնային օրագիր. այսպես կարելի է բնորոշել կրթական ոլորտում իր առաջին քայլերն անող dasaran.am նորաստեղծ կայքը:
Ըստ կազմակերպիչների` այն ստեղծված է դյուրացնելու ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը:
Վճարելով ամսական 2000 դրամ` ծնողները հնարավորություն են ստանում կայքի միջոցով հետևելու երեխայի գնահատականներին, առաջադիմությանը, բացակայություններին, տնային աշխատանքներին, վարքին, տեսնելու յուրաքանչյուր առարկայից նրա միջին գնահատականը: ՈՒսուցիչները կարող են մեկնաբանություններ գրել երեխայի մասին, ժամանակին տեղեկացնել ծնողներին աշակերտի խնդիրների մասին: Հին, «բարի» սովորությունները աշակերտները ստիպված կլինեն մոռանալ. կայքում տեղադրում են տնային աշխատանքները, ինչն օգնում է խուսափելու այնպիսի իրավիճակներից, ինչպիսին է` «ես բացակա էի, այդ պատճառով չգիտեի տնային աշխատանքի թեմաները»: Կայքից օգտվելու են կամավորության սկզբունքով: Գաղտնիությունը երաշխավորվում է: Յուրաքանչյուր ծնող և աշակերտ ունենալու է իր ծածկանունն ու ծածկագիրը: 2010-ի մարտի 15-ից Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114, իսկ մարտի 22-ից` Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 միջնակարգ դպրոցներում մեկնարկել է dasaran.am կայքի փորձարկումը: dasaran.am կայքի տնօրեն ՊԱՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ առաջիկայում պլանավորում է ընդլայնել ծառայությունները. Երևանում հաջող կիրառման դեպքում հետագայում այն կտարածվի նաև մարզերում: Մեր զրույցը կայքի տնօրենի հետ հենց այս թեմայով է։
-Կայքի փորձարկման ընթացքում ի՞նչ արձագանքներ են եղել:
-Ծնողները հիմնականում դրական են վերաբերվում, հատկապես նրանք, ովքեր աշխատում են և չեն հասցնում ինչպես հարկն է հետևել երեխայի ուսմանը: Ինչ վերաբերում է ուսուցիչներին, մեր կրթական համակարգը վերջերս որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Գոյություն ունի չորս տեսակի գնահատական, տասը բալանոց սանդղակ, և աշակերտի կիսամյակային վերջնական գնահատականը հաշվարկվում է այդ չորս գնահատականների հիման վրա: Ժամանակի ընթացքում կրթության և գիտության նախարարությունը կներմուծի որոշակի կշռային գործակիցներ` կարևորություն տալով այդ գնահատականներից յուրաքանչյուրին: Նման հաշվարկը բավականին դժվարություններ է առաջացնում ուսուցիչների համար, իսկ մեր կայքը հնարավորություն է տալիս մեկ հպումով ստանալու յուրաքանչյուր աշակերտի միջանկյալ վերջնական գնահատականները: Տնօրեններն իրենց հերթին ցանկացած պահի կարող են տեսնել յուրաքանչյուր դասարանի, ուսուցչի, աշակերտի գործունեությունը: Արդյունքում դժգոհ են մնում միայն «ծույլիկ» աշակերտները, որովհետև նրանց գործունեությունը դառնում է ավելի թափանցիկ:
-Կայքից օգտվելը ժամանակի ընթացքում կարո՞ղ է դառնալ պարտադիր և անխուսափելի հանրակրթական դպրոցների համար:
-Ոչ մի պարտադրանք չի լինելու, սա ծառայություն է, դպրոցի անցուդարձին տեղեկանալու այլընտրանքային տարբերակ, ինչպես էլեկտրոնային հասցեից օգտվելը, վարսավիրանոց գնալը և այլն:
-Աստիճանաբար ուսուցչին զանգելը, դպրոց գնալը կդիտվեն հնացած երևո՞ւյթ:
-Չեմ կարծում։ Ծնողի` որոշակի պարբերականությամբ դպրոց այցելելու անհրաժեշտությունը միշտ էլ կլինի: Պարզապես նա ինֆորմացիայի պակաս չի ունենա: Ավելին ասեմ, կայքը կարող է նպաստել ծնող-ուսուցիչ կապին: Հաղորդագրությունների միջոցով ծնողը տեղեկանում է երեխայի վարքի, առաջադիմության և սպասվող միջոցառումների մասին: Փորձարկման ընթացքում ծնողները երբեմն ասում էին, որ չեն մասնակցել որոշ միջոցառումների, որովհետև տեղյակ չեն եղել:
-Իսկ տրտունջներ, այնուամենայնիվ, չկա՞ն ծնողների կողմից:
-Հիմնականում` ոչ, պարզապես ոմանք ասում են, որ ամբողջությամբ վստահում են երեխային և վերահսկելու կարիք չունեն: Այլ հարց է, եթե երեխան լիներ անկառավարելի, չարաճճի: Նման բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների համար կայքը շուտով կառաջարկի ինտելեկտուալ տարաբնույթ խաղեր:
-Իսկ կամայականություններ չե՞ն լինի ուսուցիչների կողմից: Գուցե նոր համակարգն իր հետ լրացուցիչ բարդություննե՞ր բերի:
-Փորձաշրջանի ընթացքում մենք դիտարկել ենք տեղեկատվության մուտքագրման մի քանի տարբերակ: Երբ ուսուցիչը, մատյանը լրացնելուն զուգահեռ, գնահատականներն անցկացնում էր համապատասխան ձևաթղթում, տեղի էր ունենում ինֆորմացիայի անհամապատասխանություն: Ասենք, ուսուցիչը մատյանի մեջ չէր ուզում երկուս նշանակել երեխային վատություն չանելու համար, բայց ձևաթղթի վրա նշանակում էր, որ ծնողը տեղյակ լինի: Արդյունքում կարող է բողոք ու կասկած առաջանալ ծնողների մոտ: Փորձեցինք ուսուցիչների օղակն այս պրոցեսից ընդհանրապես դուրս հանել: Հիմա մեր աշխատակիցն է մատյաններից հավաքագրում ինֆորմացիան, ի դեպ, հավաքագրումը նկարահանվում է, վերահսկվում լուսանկարների միջոցով:
-Գաղտնիք չէ, որ ուսուցիչները երբեմն «երկու» գնահատականը դնում են ջնջվող գրիչով կամ կետ են նշանակում` հնարավորություն տալով երեխային պատրաստվելու: Մի տեսակ ռոբոտացված չե՞ն դառնում ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները:
-Ոչ, որովհետև dasaran.am-ը հնարավորություն տալիս է նման փոփոխությունների: Մեր աշխատակիցն անդրադառնում է նախորդ շաբաթվա գնահատականներին և գրանցում փոփոխությունները: Բայց հետին թվով ամեն փոփոխություն նշվելու է առանձին գույնով, արդյունքում նվազում է կոռուպցիոն ռիսկը:
-Առանց այն էլ դպրոցներում տարածված է դրամահավաքությունը: Ձեր ծառայությունը վճարովի է և կարող է դիտվել որպես փող հավաքելու լրացուցիչ միջոց:
-Նախ` ծառայությունը կամավոր է: Բացի այդ, ուսուցիչները, տնօրենները չեն ներգրավվելու ծառայության վաճառքի մեջ: Թեև սա բիզնես է, բայց չեմ ցանկանում, որ դիտվի հերթական փող հավաքելու միջոց: Լավագույն բիզնեսը պարունակում է լուրջ սոցիալական բաղադրիչ, այսինքն, շահում են և՛ ծառայությունից օգտվողները, և՛ ծառայությունը:
-Նոր համակարգը հոգեբանական խնդիրներ չի՞ առաջացնում` լարվածություն, անձի իրավունքների, ազատության ոտնահարում:
-Եթե մարդն ունի պարտականություն, ամեն դեպքում, դա պետք է վերահսկվի: Ասենք, տնօրենը ցանկացած պահի կարող է պահանջել դասամատյանը: Այս պարագայում տնօրենը չի դիմում ավանդական միջոցների, տեղեկությունն ստանում է առավել արագ և դյուրին եղանակով:
- Չե՞ք կարծում, որ աշակերտները կսահմանափակեն շփումը միմյանց հետ, նաև` ծնողների: Առանց այն էլ ինտերնետը մարդուն շփման լայն եզրեր տալով, իրականում դարձնում է մենակ ու օտարված:
-Նախ` ասեմ, որ դա մարդուց է կախված: Ես շատ ժամանակ եմ անցկացնում ինտերնետում, բայց չեմ հեռանում իմ ընկերներից, մարդկանցից առհասարակ: Հաշվի առնելով այդ հանգամանքը` մեր կազմակերպությունը պլանավորում է մշակութային, սպորտային տարաբնույթ միջոցառումներ, մրցույթներ, որոնց կմասնակցեն ոչ միայն աշակերտները, այլև ուսուցիչները, ծնողները:
-Որտեղի՞ց է ներմուծվել համակարգը:
-Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում կիրառվում է անհատական դպրոցի պրակտիկան, յուրաքանչյուր դպրոց ունի իր կայքը: Նման համակարգ, երբ փորձ է արվում ներառել քաղաքը կամ հանրապետությունն ամբողջությամբ, կիրառվում է առաջին անգամ: Թեպետ, որքան ինձ հայտնի է, Մեդվեդևի հանձնարարությամբ` մինչև 2012-13 թվականը բոլոր դպրոցները պետք է միավորվեն մեկ ընդհանուր ցանցում: Այս դեպքում դա արվելու է պետական մակարդակով:
-Առաջին հայացքից ձեր նորամուծությունը գլոբալ վերահսկման քաղաքականությունն է հիշեցնում, որի պայմաններից է կրթության, անձի վերահսկումը:
-Ասեմ, որ կազմակերպությունը տեղական է, օտարերկրյա ներդրումներ չկան, դրսից կախվածություն` նույնպես:
-Էլեկտրոնային կայքերում, սոցիալական ցանցերում հաճախ կոտրում են ծածկագրերը, որքանո՞վ է dasaran.am-ը երաշխավորում ինֆորմացիայի գաղտնիությունն ու անվտանգությունը:
-Այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է տարվում: Մենք պատասխանատվություն ենք կրում մուտքագրված ինֆորմացիայի համար: Մեզ մոտ աշխատում են Հայաստանի լավագույն մասնագետները:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2289

Մեկնաբանություններ