ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ԵԿԵՔ ԱՊՐԵՆՔ` ԻՐԱՐ ՍԻՐԵԼՈՎ»

«ԵԿԵՔ ԱՊՐԵՆՔ` ԻՐԱՐ ՍԻՐԵԼՈՎ»
09.11.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ։
-Արա, Ձեր «Արցախ» ստեղծագործությունը զետեղվելու է համակարգչային համացանցում: Ի՞նչ զգացողություն ունեք այդպիսի լայն լսարանի հետ շփվելու առիթով:
-Շատ պատահաբար օտարազգի մարդկանցից ստացա նամակ, որից տեղեկացա, որ իմ թույլտվությունն են խնդրում «Արցախ» ստեղծագործությունս համակարգչային համաշխարհային ցանցում զետեղելու համար: Դա ամերիկյան և կանադական միացյալ մեծ ընկերություն է, որն արտադրում է համակարգչային խաղեր: Ես տվեցի համաձայնությունս` առանց որևէ ակնկալիքի: Սակայն նրանք ինձ մի փաթեթ ուղարկեցին, որի մեջ իմ վարձատրությունն էր և թույլտվության պայմանագիրը: Ասում են, որ առաջին հեղինակն եմ Հայաստանում, որ մտել եմ համաշխարհային այդ ցանցի մեջ: Եվ քանի որ ամբողջ աշխարհում հեղինակային իրավունքները պաշտպանվում են փայլուն կերպով, ես կարող եմ այսօր հույս հայտնել, որ շուտով ինքս կդառնամ հովանավոր շատերի համար: Իմ երաժշտությունը կատարում են օտար երկրների սիմֆոնիկ մեծ նվագախմբերը, ստեղծագործություններս հավանում են, գնահատում, նույնիսկ խնդրում, որ իրենց պարտիտուրներ նվիրեմ, և ես ուրախ եմ ու հպարտ դրա համար:
-Անդրադառնանք հեղինակային իրավունքների պաշտպանվածությանը մեր հանրապետությունում: Այն բավականին հեղհեղուկ վիճակում է, այնպես չէ՞:
-Մենք պետք է գիտակցենք, որ դա առաջին հերթին պետք է հենց մեզ: Մենք պիտի հասկանանք, որ, օրինակ, երբ ասում են` կապեք ամրագոտին, դա միայն մեր շահերից է ելնում: Ինչո՞ւ պիտի մեզ պատժեն այն բանի համար, որ չենք ապահովում մեր և մեր երեխայի անվտանգությունը: Մենք պիտի գիտակցենք, որ վարում ենք առանց կանոնների, ոնց պատահի, և դա առաջին հերթին մեզ է վնասում: Անվտանգության գոտին մեր կյանքը փրկելուն է ծառայում: Որքա՞ն է հանգիստ այն վարորդի խիղճը, որն ավտովթարից չի զոհվել, բայց նրա մեղքով զոհվել կամ հաշմանդամ է դարձել մեկ ուրիշ մարդ: Նորմալ մարդը կարո՞ղ է այդպիսի դեպքում խաղաղության մեջ ապրել: Էն մարդիկ, ովքեր իրենց երեխաներին գողությամբ են պահում (խոսքս «պիրատների» մասին է), չեն կարող իրենց լավ զգալ, եթե իսկապես մարդ են: Որքա՞ն է տրամաբանական, որ ամեն անգամ ես տեսնում եմ վաճառվող իմ ձայնասկավառակները, որոնք արտադրված են ինչ-որ նկուղներում: ՈՒ վիրավորանքս ավելի շատ ոչ թե իմ անձի, այլ ինձ հետ հանդես եկող աշխարհահռչակ հայ և օտարազգի երաժիշտների համար է: Նրանցից ոչ մեկի անունն այդ ձայնասկավառակների վրա գրված չէ` ի տարբերություն իմ թողարկած ձայնասկավառակների: Փողը դնենք մի կողմ, բայց ինչպե՞ս փոխհատուցենք այս մարդկանց հասցված վիրավորանքը:
-Կարելի՞ է ասել, որ հայերի մեջ առհասարակ պակասող դիվանագիտությունը Ձեր անձի մեջ չի պակասում: Եվ դրա շնորհիվ է, որ կարողանում եք մեր ազգային ցավին հաղորդել «ինտերնացիոնալ» հնչողություն` այն լսելի դարձնելով օտարազգի նշանավոր երգիչների միջոցով:
-Ես միշտ մտածում եմ անել այնպիսի բան, որն ուրիշները չեն անում: Իմ ստեղծագործություններից շատերն ակցիա են: Մեկը «Ադանան» է, որ դատապարտում է ցեղասպանությունը, և դա արվում է օտարազգի 19 երգիչների միջոցով (ամեն մեկը դատապարտում է թուրքին իր մայրենի լեզվով): Եթե այսօր հայ երգիչներին առաջարկես հանդես գալ Հիրոսիմայի, Նագասակիի կամ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված ելույթով, չեն համաձայնի` անձնական նկատառումներից ելնելով: Ինձ հաջողվեց համոզել օտարներին, որ իրենց բողոքը բարձրացնեն մեր ցավի առթիվ: Նրանք համաձայնեցին, ոմանք էլ եկան Երևան և կատարեցին երգը հավերժական կրակի շուրջը` նկարահանվելով «CNN», «BBC», «ԵվրաՆյուզ» և թուրքական հեռուստաալիքներով: Ես այդ բանին հասել էի երգիչներին հասկացնելով, որ մենք երգում ենք այն բանի համար, որ աշխարհում այլևս ցեղասպանություն չլինի: «Սիրեցէք զմիմեանս» ստեղծագործության մեջ նվագում է 14 ազգի ներկայացուցիչ: Սա ևս խաղաղության կոչ է: Պատրաստված են DVD, տեսահոլովակ, ֆիլմ: Եվ դա աշխարհում եզակի նախագիծ է. մեկ ստեղծագործության մեջ յուրաքանչյուրը նվագում է իր ազգային գործիքը: Սա էլ իր տեսակի մեջ յուրօրինակ ակցիա էր: Եթե երազանքս կատարվի և հաջորդ տարի Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համերգ ունենամ Երևանում, ես, մեր ֆանտաստիկ հայ և օտարազգի երգիչներն ու երաժիշտները Երևանից աշխարհին կասենք. «Եկեք ապրենք` իրար սիրելով: «Սիրեցէք զմիմեանս»: Մենք բոլորս մի ընտանիք ենք` նույն Աստծու ստեղծած»: Այս կոչը շատ կարևոր է քաղաքական առումով:
Ճեպազրույցը` Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ