Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Հակակարկտային կայանքով պաշտպանվող տարածքներում վնասներ գրեթե չեն արձանագրվել»

«Հակակարկտային կայանքով  պաշտպանվող տարածքներում վնասներ գրեթե չեն արձանագրվել»
11.05.2012 | 00:00

ՀՀ-ում 2004 թվականից ստեղծվել և գործում է «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը, որն զբաղվում է մթնոլորտային վտանգավոր երևույթների դեմ պայքարի սարքավորումների և ռադիոմոդեմային հեռագործ եզակի համակարգով աշխատող հակակարկտային կայանքների արտադրմամբ ու տեղադրմամբ: Ձեռնարկությունը զուգահեռաբար նախագծում, մշակում և տեխնիկապես կատարելագործում է նաև նոր սերնդի կայանքներ:

-Ի՞նչ առավելություններ ունեն ռադիոմոդեմային համակարգով արտադրված հակակարկտային կայանքները, և ինչպիսի՞ նյութերով են գործարկվում դրանք: - Այս հարցով դիմեցինք ընկերության գործադիր տնօրեն, տնտեսական կառավարման և քաղաքաշինության ոլորտի պատվավոր դոկտոր ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ:

-Ռադիոմոդեմային համակարգը, որով ղեկավարվում են «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ձեռնարկության հեռագործ կառավարվող հակակարկտային կայանքները, ունի 100-տոկոսանոց հուսալիություն և գործարկվում է էկոլոգիապես ավելի մաքուր և մյուս նյութերից առավել մատչելի պրոպան-բութան գազախառնուրդով,- պարզաբանեց պարոն Գրիգորյանը։- Նման եղանակով աշխատող մեկ կայանքի պաշտպանման տարածքն ավելի քան 80 հա է, արդյունավետությունը` մինչև 75 տոկոս: Կայանքը կարող է աշխատել նաև GPRS համակարգով, որն ավելի էժան է, բայց ոչ հուսալի, այդ իսկ պատճառով ընկերությունը նախընտրում է ռադիոմոդեմային համակարգը: Սակայն պատվիրատուի ցանկությամբ ընկերությունը կառուցում է նաեւ GPRS մոդեմով աշխատող կայաններ:

-Իր գործունեության ժամանակահատվածում ընկերությունը քանի՞ կայան է արտադրել, և ո՞ր մարզերում են դրանք տեղակայված:

-Ընդհանուր առմամբ, ընկերությունը 2009 թվականից սկսած արտադրել է 88 հակակարկտային կայանքներ, որոնք տեղակայվել են Արարատյան դաշտում: Ներկայումս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) պատվերով ձեռնարկությունն արտադրում է 35 կայանք: Դրանցից 14-ը մինչև հունիսի վերջը կտեղակայվեն Արմավիրի, 15-ը` Արագածոտնի, և 6-ը` Լոռվա մարզերում:

-Պաշտպանված տարածքներում ինչպիսի՞ արդյունքներ են գրանցվել:

-Համայնքների ղեկավարների ներկայացրած տվյալների համաձայն` անցած չորս տարում, որը երաշխիքային ժամկետ է, մեր արտադրության հակակարկտային կայանքներով պաշտպանվող տարածքներում վնասներ գրեթե չեն արձանագրվել: Գյուղատնտեսական աշխատանքների շրջանում կատարվող վերահսկողության, զննման, ժամանակին գազալցման և այլ բնույթի սպասարկումների շնորհիվ նշված ժամանակահատվածում անվթար են աշխատել նաև կայանքները: Ասեմ նաև, որ այդ ժամանակահատվածում ուժեղ կարկտային ամպեր Արարատյան դաշտի մթնոլորտում չեն դիտվել, դրանք եղել են միջին և թույլ բնույթի:

-Բնության այդ աղետաբեր տարերքի` կարկտի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու, վնասներն առավելագույնս նվազեցնելու համար տեխնիկական արտադրման ուրիշ ինչպիսի՞ եղանակներ եք մշակել:

-Նշեմ, որ համարյա ամեն տարի կարկտից մեծ վնասներ կրող մեր երկրի գյուղատնտեսական մշակելի հողատարածքներում այսօր տեղակայված է ընդամենը 118 հակակարկտային կայանք, որոնց պաշտպանության տակ է գյուղատնտեսական հողերի փոքր մասը միայն։ Կարկտի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու և դրա վնասներն առավելագույնս նվազեցնելու համար ձեռնարկությունը պատրաստվում է առաջիկայում հանրությանը ներկայացնելու նոր սերնդի առավել արդյունավետ կայանքներ, որոնցից յուրաքանչյուրի պաշտպանման տարածքը շուրջ 7 անգամ մեծ է, քան ներկայիս գործող կայանքներինը։ Այսինքն, դրանցից յուրաքանչյուրը պաշտպանում է մոտ 500 հա: Բացի վերոհիշյալից, վերջին երկու տարում մշակել և ստեղծել ենք եզակի, համաշխարհային շուկայում նախադեպը չունեցող նոր շարժակայանք և այն նվիրաբերել ԱԻՎ-ին: Ներկայումս ձեռնարկությունում նույն գերատեսչության պատվերով հավաքվող 35 կայանքներից 9-ը շարժական են: Միաժամանակ հավելեմ, որ ձեռնարկությունը, իր գործունեության ոլորտն ընդլայնելու նպատակով, աշխատանքներ է սկսել Հայաստանում մատչելի գնով այլընտրանքային էներգիա արտադրող փոքր կառույցների (կամ տնակների) ստեղծման ուղղությամբ, որոնց պահանջարկն այսօր մեծ է աշխարհում: Դրանց միջոցով հնարավոր է ոչ միայն տաք ջուր, ջեռուցում, այլև արևային էներգիա ստանալ: Նշված կառույցներին անհրաժեշտ սարքավորումները, որոնք ներկայումս մշակում են ձեռնարկության մասնագետները, առաջիկայում կներկայացվեն մասնագիտական փորձաքննության: Զուգահեռաբար սկսել ենք նախագծել այլընտրանքային էլեկտրակայան, որից ստացվելիք էներգիան նախատեսում ենք առաջարկել ջերմատնային տնտեսություններին: Ջերմոցային կառույցներում այսօր օգտագործվող էներգակիրները, որոնց սպառումը զգալիորեն անդրադառնում է բնամթերքի ինքնարժեքի վրա, արևային էներգիայի օգտագործումից հետո անհամեմատ կնվազեն:

Հավելեմ նաև, որ ընկերության հերթական ծրագրերից է նաև մառախուղների ցրման, արհեստական եղանակով անձրևաստեղծ կայանքների նախագծումը:

-Կազմակերպությունը Հայաստանում բարեգործական ծրագրեր իրականացնո՞ւմ է:

-Իհարկե: Մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով Գեղարքունիքի Ծաղկունք համայնքի տարածքում գարնանից, սեփական միջոցներով, նախատեսել ենք ստեղծել 30-40 հա անտառատարածք: Ծրագրի շրջանակներում տարածքի հողահարդարման և տնկիների ձեռքբերման նախապատրաստական աշխատանքներն արդեն կատարվել են:

-«Պոստ Լեքս Քոնսալթինգը» միջազգային նմանատիպ ո՞ր կառույցների հետ է համագործակցում:

-Սերտ համագործակցության մեջ է Ռուսաստանի Դաշնության «Անտիգրադ-Ա» գիտաարտադրական կենտրոնի, Հյուսիսային Կովկասի «Ռոսգիդրոմետ» ռազմականացված ծառայության, Մոլդովայի «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության հատուկ կենտրոնի» և ԱՊՀ երկրների շուրջ մեկ տասնյակ նույնանման ձեռնարկությունների հետ:

Ընկերության և ՌԴ մթնոլորտային ռադարային ինստիտուտի համագործակցության շրջանակներում առաջիկայում ՀՀ տարածքում կստեղծվի նաև ներկայացուցչական գրասենյակ: Այն հնարավորություն կընձեռի Հայաստանում տեղակայելու միջազգային չափորոշիչներին համապատասխան «Մետեոր» տեսակի ռադիոլոկացիոն սարքավորումներ, որոնց միջոցով առավել արդյունավետորեն կուսումնասիրվեն, կհետազոտվեն հանրապետությունում և նրա տարածքից դուրս 100-150 կմ շառավղով մթնոլորտային վտանգավոր երևույթները:

-Լրիվ հզորությունների գործարկման պարագայում տարեկան քանի՞ միավոր կայանք կարտադրի ձեռնարկությունը:

-Մինչև 500 միավոր: Նշեմ, որ մեր ընկերությունն ապահովված է նախագծա-հաշվարկային փաստաթղթերով ու հավաստագրերով: Տեխնոլոգիաների մշակման, արտադրության, շինարարության և տեղակայման գործընթացներից բացի, ձեռնարկությունն ապահովում է նաև կայանքների սպասարկման երաշխիքային և հետերաշխիքային շղթան: Կազմակերպությունը, որում այսօր ընգրկվել է 10 գիտնական, հնարավորություն ունի իրականացնելու նաև ցանկացած տիպի շինարարական աշխատանք:

Հարցազրույցը`

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

Դիտվել է՝ 1376

Մեկնաբանություններ