«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԲԱՐԵՊԱՇՏ ՍԵՐՈՒՆԴԸ» ԹԻՎ 16 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԻՆՉև 50 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՐԵՊԱՇՏ ՍԵՐՈՒՆԴԸ» ԹԻՎ 16 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԻՆՉև 50 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
04.03.2011 | 00:00

Օրերս ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը ստորագրեցին հուշագիր, որը նպատակ ունի ժամանակակից ուսուցման մեթոդների ներդրման միջոցով նպաստելու թիվ 16 ավագ դպրոցում կրթության որակի բարձրացմանը և ուսուցիչների հմտությունների զարգացմանը։ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը կոչ արեց բոլոր գործարարներին հետևել իր օրինակին և նպաստել կրթական համակարգի բարեփոխումներին։
Ստորագրված հուշագրի մասին առավել մանրամասն «Իրատես de facto»-ն զրուցեց «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ։

-Պարոն Մկրտչյան, խնդրում եմ՝ մանրամասնեք ՀՀ ԿԳՆ-ի և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի միջև կնքված հուշագիրը։ Ի՞նչ է այն նախատեսում։
-Հուշագրի նպատակը Երևանի թիվ 16 ավագ դպրոցին պարբերաբար ֆինանսական և մեթոդաբանական օգնություն ցուցաբերելն է։ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի մասնակցությամբ առնվազն երեք ամիսը մեկ անգամ թիվ 16 ավագ դպրոցում կկազմակերպվեն մեթոդաբանական սեմինարներ, գիտաժողովներ, կլոր սեղաններ և միջոցառումներ՝ նպաստելով համագործակցային մեթոդի յուրացմանն այլ հանրակրթական ուսումնական հաստատություններում: Ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրման միջոցով յուրաքանչյուր աշակերտի համար կապահովվի հանրակրթության բարձր որակ: Հուշագրի համաձայն՝ 2011-2012 թթ. ուսումնական տարվանից ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարտավորվում է թիվ 16 ավագ դպրոցում ապահովել ուսուցման համագործակցային, ինչպես նաև այլ ժամանակակից մեթոդները կիրառելու և զարգացնելու սկզբունքը:
Հիմնադրամն իր հերթին պարտավորվում է յուրաքանչյուր տարի թիվ 16 ավագ դպրոցին տրամադրել ՀՀ պետական բյուջեից ստացված հատկացումների մինչև 50 տոկոսի չափով լրացուցիչ ֆինանսավորում, որը կուղղորդվի դպրոցի հիմնանորոգմանը, դասասենյակների արդիականացմանն ու կահավորմանը, դպրոցի աշխատակիցների և սովորողների խրախուսմանը և խորհրդի կողմից երաշխավորված այլ նպատակների իրականացմանը:
Սա Հայաստանի իրականության մեջ նոր գործառույթ է։ Թերևս, որևէ հիմնադրամ կամ գործարար ավագ դպրոցի խնդիրների լուծմանն օժանդակելու նախաձեռնությամբ հանդես չէր եկել։ Հուշագրի շրջանակներում ԿԳՆ-ի հետ համագործակցության նպատակը հանրակրթության որակի բարձրացումն է հատկապես ավագ դպրոցում։
-Կրթության որակի բարձրացումը նախ և առաջ պայմանավորված է բարձրակարգ մանկավարժական կադրերով։ «Բարեպաշտ սերունդն» ի՞նչ քայլեր է ձեռնարկելու մանկավարժական կադրերի մասնագիտական կատարելագործման և բովանդակային փոփոխություններին նպաստելու ուղղությամբ։
-Բնականաբար, մենք դպրոցին ցուցաբերելու ենք ոչ միայն ֆինանսական և տեխնիկական աջակցություն։ Կարող ենք գեղեցիկ պատերով, կահավորված, տեխնիկապես զինված դպրոց ու դասարաններ ունենալ, բայց չապահովել կրթական բարձր որակ։ ՈՒզում եմ հիշեցնել, որ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը համագործակցային՝ կոլեկտիվ ուսուցման մեթոդի ջատագովն է, և ԿԳ նախարարության հետ համատեղ թիվ 16 ավագ դպրոցում պետք է կիրառվի այդ մեթոդը։ Մեթոդի էությունը հետևյալն է. երեխան կա՛մ տվյալ թեման գիտի 100 տոկոսով, կա՛մ դեռ չի ուսումնասիրել։ Այսինքն՝ որևէ նյութ ուսումնասիրելիս աշակերտը պետք է լիարժեքորեն այն յուրացնի և նոր միայն անցնի հաջորդ թեմային։ Մեթոդիկան իհարկե շատ արդյունավետ է, բայց մենք վերապատրաստված մանկավարժների կարիք ունենք։ ՈՒսուցիչը նախ պետք է այս մեթոդը յուրացնի, ապա նոր ուսուցանի աշակերտին։ Հանրապետությունում արդեն կա այդ մեթոդով աշխատող մեկ-երկու դպրոց (մասնավորապես, «Բյուրակն» կրթահամալիրը)։ Մենք աշխատելու ենք լուծել և՛ ուսուցչի, և՛ կրթության որակի բարձրացման խնդիրը։ Իսկ դպրոցի տեխնիկական հագեցվածությունը, կահավորումն ու բարեկարգումն իհարկե կարևոր, բայց լրացնող գործոններ են։
-Ինչո՞ւ է ընտրվել հենց թիվ 16 ավագ դպրոցը։
-Այստեղ մի փոքր քննադատություն պետք է հնչեցնեմ Երևանի քաղաքապետարանի հասցեին, որովհետև որպես ավագ դպրոց ընտրվեցին ու կրթության և գիտության նախարարության կառավարմանը հանձնվեցին ամենավատ պայմաններում գտնվող կրթօջախները, և թիվ 16-ն այդ դպրոցներից թերևս ամենավատն էր։ Մենք որոշեցինք ձեռք մեկնել կրթության ոլորտի մեր գործընկերներին։ Նշեմ, որ հուշագրի ստորագրումը տեղի ունեցավ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գործարար Բարսեղ Բեգլարյանի և ՀՀ կրթության և գիտության փոխնախարար, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մանուկ Մկրտչյանի նախաձեռնությամբ։
-«Բարեպաշտ սերունդը» սահմանափակվելու է միայն թիվ 16 ավագ դպրոցո՞վ, թե՞ ընդլայնելու է դպրոցների շրջանակը։
-«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի համար սա լրացուցիչ ուղղություն է։ Մեր հիմնական գործառույթը բուհական ոլորտի երիտասարդությանն ու երիտասարդ գիտնականներին միտված կրթական ծրագրերն են։ Մենք որդեգրել ենք մի ուղղություն, որը պետք է Հայաստանում նորովի մտածող, նորարարական ոգով օժտված բարեպաշտ սերունդ ձևավորի, որը պետք է հայության ապագան լինի։ Այս առումով հայացք դարձնելով դեպի ավագ դպրոց՝ փորձում ենք պատանեկության շրջանից զբաղվել ապագա երիտասարդի արժեհամակարգի ձևավորման խնդիրներով։ Մենք պետք է նոր որակի հասարակություն կառուցենք կամ գոնե նպաստենք այդ հասարակության ձևավորմանը։
-Հիմնադրամը կոչվում է «Բարեպաշտ սերունդ»։ Ըստ Ձեզ` բարեպաշտ սերունդն ի՞նչ արժեհամակարգի կրող պետք է լինի։
-Այսօր շատ կարևոր է, թե ինչ արժեհամակարգի կրող է երիտասարդը։ Բոլորս տեսնում ենք, որ որոշակի արժեհամակարգ խեղաթյուրվել է։ Անշուշտ, բարեպաշտ արժեհամակարգ ասելով՝ նախ և առաջ հասկանում ենք քրիստոնեական արժեքները։ Շատ կարևոր է նաև կրթության արժևորումը, քանի որ ապագան գիտելիքահենք հասարակությանն է։ Բարեպաշտ սերունդը պետք է հիմնված լինի նաև ազգային, նորարարական մտքին հակված արժեքների վրա։ Պահելով ավանդականը՝ պետք է վերաիմաստավորել, վերափոխել և դարձնել ավելի արդիական, մրցունակ։
-Համատարած գլոբալացման մեր ժամանակներում դժվար չէ՞ հավատարիմ մնալ ազգային ավանդույթներին, այն էլ երիտասարդության համար, որն այնքան ընկալունակ է նորամուծությունների, հատկապես ամերիկյան, եվրոպական արժեքների նկատմամբ։
-Հարցադրումը շատ նման է բարու և չարի պայքարին։ Ո՞վ է, ի վերջո, հաղթում։ Բարին մշտապես հաղթում է։ Համամարդկային արժեքները բավականին դրական միտումներ են պարունակում, բայց այդ դրականի հետ մեկտեղ նաև վատն ու բացասականն է ներթափանցում՝ շատ հաճախ մեր (և ոչ միայն մեր) ազգային ինքնությունը քանդելու, խաթարելու որոշակի ուղղորդվածությամբ։ Այսինքն՝ մենք այսօր ազգային արժեքների լղոզման դարաշրջանում ենք ապրում. ով կկարողանա պահպանել այդ արժեքները, նա կհարատևի։ Նշեմ նաև, որ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը Հայության հարատևման շարժման սուբյեկտ է։ Մենք չափազանց կարևորում ենք հարատևության խնդիրները։ Փառք Աստծո, որ հասարակության մեջ կա որոշակի շերտ, որը նույնպես առաջնային է համարում այս խնդիրը, և համագործակցային մթնոլորտ ստեղծելով՝ կարող ենք հարատևության խնդիրների նկատմամբ գոնե ուշադիր լինել։
-«Բարեպաշտ սերունդը» գործում է 2007-ից։ Նախորդ տարիներին որքա՞ն գումարի ծրագրեր են իրականացվել։
-«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը ֆինանսական գործունեությունը սկսել է 2007-ի վերջին։ Տարեկան մոտ 50-60 միլիոն դրամի բարեգործություն է իրականացվում հետևյալ ուղղություններով՝ ուսանողների ուսման վարձեր, կրթաթոշակներ և դրամաշնորհներ, որոնք տրվում են այն երիտասարդ գիտնականներին, ովքեր հարատևությանն առնչվող և այդ մարտահրավերը լուծող, բարեպաշտ արժեհամակարգ ձևավորող խնդիրներ ու թեմաներ են առաջադրում, աջակցում ենք նաև գիտակրթական և մշակութային գործունեությամբ զբաղվող անձանց և հիմնարկներին։
-Հետաքրքիր գաղափարներ առաջարկո՞ւմ են երիտասարդները։
-Ամեն տարի հիմնադրամին է դիմում մոտ 500 երիտասարդ վերը նշված ծրագրերի մրցույթներին մասնակցելու համար, որոնք ռեֆերատների տեսքով ներկայացնում են նաև իրենց մտորումներն ու հետազոտությունները հայ հասարակության առջև ծառացած խնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես «Հայության հարատևման գրավականները» թեմայի շրջանակներում երիտասարդները կարևորում են լեզվի անաղարտության, քրիստոնեական արժեքների պահպանումը։ Ցանկանում եմ հատուկ նշել, որ շատերը որպես հարատևման գրավական փաստում են նաև նորարարությունը։ Այսինքն՝ երիտասարդների կարծիքով, հին գործիքներով ժամանակակից աշխարհում չես կարող գոյատևել, էլ ուր մնաց՝ հարատևման խնդիրներ լուծես։ Նրանք նոր խոսքի, նոր մոտեցումների անհրաժեշտություն են տեսնում։ Ավելին, երիտասարդները չեն վախենում, համարձակորեն ասում են, որ, այո՛, Հայաստանն այսօր կարող է քաղաքակրթական նոր արժեքներ տալ մարդկությանը։ Եվ մեր բարեպաշտ երիտասարդների միտքն այսօր աշխատում է այդ ուղղությամբ։
-Պարոն Մկրտչյան, կյանքը, տեխնոլոգիաները ֆանտաստիկ արագությամբ են զարգանում, մինչդեռ կրթության որակը տարեցտարի անկում է ապրում։ Ի՞նչ եք կարծում, կրթության ոլորտում բարեփոխումների ներկա տեմպով մենք կարո՞ղ ենք զարգացումներին համընթաց քայլել։
-Եթե մենք ասում ենք՝ ապագա հասարակությունը գիտելիքահենք է լինելու, և պետք է նոր միտք, արժեքներ գեներացնենք, բնականաբար, կրթական ամբողջ համակարգը՝ նախակրթարանից մինչև բուհ, պետք է բարեփոխվի։ Կարծում եմ՝ այդ ուղղությամբ բավականին գործ արվում է։ Այլ բան է` դա բավարա՞ր է, թե՞ ոչ։ Շատ ավելին կարելի է անել, բայց ուժերն ու միջոցներն այսօր դրան են բավարարում։ ՈՒզում եմ մեջբերել վարչապետի այն խոսքը, որ առաջիկա 10-15 տարում մեր համալսարանները պետք է ընդգրկվեն համաշխարհային բարձր վարկանիշ ունեցող բուհերի շարքում։ Լավ ցանկություն է, տեսնենք՝ իրականություն կդառնա՞, թե՞ ոչ։ Նշեմ նաև, որ ներդրված նորարարական միտքը, հատկապես կրթության ոլորտում, որոշակի ուշացումով է արդյունք տալիս։ ՈՒստի սխալվելու իրավունք չունենք, և որքան էլ կրթության ոլորտում քայլերը համարձակ լինեն, այնուամենայնիվ, պետք է շատ զգուշավոր լինել։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ