«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱՅԼ ԵՐԱԶՆԵՐ ՏԵՍԵՔ ԳԻՇԵՐԸ. ՄԻ ՑԱՏԿՈՎ ԵՐԵՎԱՆԸ ԳՐԱՎԵԼԸ ՖԻԿՑԻԱ Է»

«ԱՅԼ ԵՐԱԶՆԵՐ ՏԵՍԵՔ ԳԻՇԵՐԸ. ՄԻ ՑԱՏԿՈՎ ԵՐԵՎԱՆԸ ԳՐԱՎԵԼԸ ՖԻԿՑԻԱ Է»
07.09.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ
-Ճի՞շտ է, որ աշունը քաղաքականության մեջ սրացումների ժամանակ է:
-Իսկ հայերիս համար կա՞ տարվա եղանակ, որը թեժ չէ` թեժ գարուն, թեժ ամառ, թեժ աշուն, թեժ ձմեռ, մենք հանգիստ ապրում ենք թեժ պայմաններում` կան սպասելիքներ, որոնք շարունակական են:
-ՈՒրեմն սպասե՞նք թեժ աշուն:
-Թեկուզ երկու տարի դեռ կա, բայց առջևում ընտրություններ են, և քաղաքական ուժերը նախապատրաստումներ ու վերապատրաստումներ են սկսել` լավագույն մարզավիճակում լինելու համար, թեժության այլ ազդակներ չկան:
-Արտաքին քաղաքական խնդիրները նշանակություն ունե՞ն Հայաստանի ներքաղաքական կյանքում:
-Հայաստանի նման պետության համար, բնականաբար, առաջնահերթ նշանակություն ունեն, և պատճառներն ակնհայտ են ու լավ հայտնի:
-Հայ-ռուսական հարաբերություններն ինչպե՞ս են անդրադառնում Հայաստանի համար կենսական խնդիրների լուծման վրա:
-Ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունները 20 տարիների ընթացքում և տարածաշրջանի համար, և Հայաստանի համար եղել են քաղաքական օրակարգի առաջին կետերից: Այդպես է եղել պատմականորեն: Իսկ վերջին մի քանի տարիներին Ռուսաստանը վերանայում է իր դերակատարությունն աշխարհում ու տարածաշրջանում և վերականգնում է իր երբեմնի ռազմավարական դիրքերը: Մեր տարածաշրջանում առավելապես` Ռուսաստանի շահերը շատ են և ընդգծված:
-Ի՞նչ փոփոխություններ բերեց ՌԴ նախագահի օգոստոսյան պետական այցը Հայաստան:
-Միջպետական հարաբերությունների շրջագծում պետք է դիտարկել այցը, որը, իմ կարծիքով, բերեց շեշտադրումների փոփոխություն: Ռուսաստանը ոչ միայն հայտարարեց, որ Հայաստանն իր ռազմավարական գործընկերն է, այլև ինքը տարածաշրջանում ուժեղագույն խաղացող և ամենալուրջ շահեր ունեցող երկիր է:
-Այդ ամենալուրջ շահեր ունենալը դրսևորվեց նաև ՌԴ նախագահի Ադրբեջա՞ն այցով:
-ՌԴ նախագահի այցը Ադրբեջան ևս վկայում է տարածաշրջանի բացառիկ նշանակությունը Ռուսաստանի համար, և այդ այցը միանգամայն տեղավորվում է Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության տրամաբանության մեջ:
-Երբ ՌԴ նախագահը Հայաստանում էր, ադրբեջանական լրատվամիջոցները տագնապի կոչ էին հնչեցնում Հայաստանում ստորագրված համաձայնագրերի և ընդհանրապես այցի վերաբերյալ, կե՞ղծ տագնապ էր, քարոզչական-հոգեբանական ներգործության միջո՞ց, թե՞ ռեալ վտանգ կար իրենց համար:
-ՌԴ նախագահի Հայաստան այցելությունը հստակ դարձրեց առկա բաժանումը. եթե Վրաստանը համարում է, որ իր ռազմավարական գործընկերն ԱՄՆ-ն է, եթե Ադրբեջանն ունի Թուրքիայի պես մեծ եղբայր, Հայաստանի ռազմավարական գործընկերը Ռուսաստանն է` «չպաշտպանված» երկիր չի մնում: Հայաստանի ռազմաքաղաքական գործընկերը վերահաստատեց, որ այդ հարաբերությունները նաև դաշնակիցների հարաբերություններ են: Մեդվեդևի մակարդակով ասվեց, որ Ռուսաստանը շատ լուրջ է վերաբերվում դաշնակիցների առջև իր ստանձնած պարտավորություններին: Ռուսաստանը նույնպես մտահոգված է տարածաշրջանում կայունության և հավասարակշռության հաստատմամբ: Հարց էր ծագում` ո՞ւմ դեմ ենք բարեկամ, և Ռուսաստանը հայտարարեց` ոչ մեկի, մենք բարեկամ ենք հանուն տարածաշրջանի խաղաղության: Դա արդյունավետ և հեռագնա պոստուլատ է: Ադրբեջան կատարած այցելությունը նույն մտահոգությամբ էր և նույն վեկտորն ուներ: Այն, որ ՌԴ նախագահն Ադրբեջանում շատ հանգիստ տոնայնությամբ խոսում էր Գյումրիում ռուսական ռազմաբազայի մասին, բացատրելի էր նույնպես: Տրամաբանությունը խաղաղության և հանգստության հաստատումն է, զարգացող տարածաշրջան ունենալը, որին են միտված և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի քայլերը:
-Որևէ երկիր այլ երկրի հետ հարաբերություններում նախ տեսնում է իր շահը, դա տրամաբանական է, Ռուսաստանը Հայաստանում ի՞նչ է փնտրում, Հայաստանն ի՞նչ է ակնկալում Ռուսաստանից, արդյոք նրանց որոնածն ու մեր ակնկալածը համարժե՞ք են:
-Շատ զարմանալի կլիներ, եթե ասեինք, որ Ռուսաստանը Հայաստանի դեպքում ղեկավարվում է զուտ մարդասիրական նկատառումներով, բնականաբար` Ռուսաստանն իր շահերն ունի և այդ շահերը 49 տարով պաշտպանված տեսնելու պայմանագիրը ձևակերպեց մի փաստ` այդ շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ և մինչև դարակես այդպես է լինելու: Եթե կարծում եք, որ խաղաղությունը Հայաստանի շահը չէ և Հայաստանի նպատակը չէ, եթե ասեք, որ տնտեսական մեծ ծրագրերը, որոնց վերաբերյալ այցի ժամանակ պայմանագրեր կնքվեցին, չեն բխում Հայաստանի շահերից, ես իրապես կզարմանամ... Բայց այսօրվա հանրային հռետորաբանության մեջ մի ձգտում կա` խոսել միայն ռազմաբազայի մասին և բոլոր խնդիրները կապել ռազմաբազայի հետ: Իրականում ռազմաբազան ոչ թե նպատակ է, այլ միջոց, որով տարածաշրջանում երկարատև խաղաղություն կարելի է ապահովել և հնարավոր դարձնել տնտեսական մեծ նախագծերի իրականացումը` ատոմակայանի, երկաթգծի, նավթավերամշակման։
-10 տարի դեռ կար, ի՞նչ իմաստ ուներ ժամանակից առաջ ընկնել:
-Մի օրինակ միայն. երբ մենք 35 տարով երկաթգծի վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիր ենք կնքում, և ռուսական կողմը 35 տարի պարտավորվում է մեծ ներդրումներ կատարել, նման պարտավորություն ունեցող երկիրը կարո՞ղ է անդրադառնալ այստեղ ունեցած իր ռազմաբազային, որի ժամկետը 10 տարի հետո ավարտվում է: Կարո՞ղ է 10 տարի կատարված ներդրումների պարագայում ևս 25 տարվա երաշխիքների մասին մտածել և կանխել հնարավոր վտանգները: Պարզապես Ռուսաստանը երաշխավորում է ինքն իր և ամբողջ տարածաշրջանի, որ պակաս կարևոր չէ, խաղաղությունը. թողեք ձեր ռազմատենչ տրամադրությունները և այլ երազներ տեսեք գիշերը. մի ցատկով Երևանը գրավելը ֆիկցիա է, ձեր ջանքերն ուղղեք խաղաղ զարգացմանն ու խաղաղ կյանքին: Ճիշտ նույն կերպ` ատոմակայանի շինարարությունը, որ հաստատ 10 տարվա նախագիծ չէ։
-ՌԴ նախագահի այցը Հայաստան, ապա` Ադրբեջան, ի՞նչ չափով կնպաստի Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը: Երկար ժամանակ համարվում էր, որ ստատուս քվոն տարածաշրջանին ձեռնտու է, հետո իրավիճակ փոխվեց, երբ ստատուս քվոն չէր բավարարում ոչ միայն կոնֆլիկտի կողմերին, այլև միջնորդներին: Ի՞նչ եք կարծում` ստատուս քվոն անմա՞հ է, թե՞ այլընտրանքներ կան:
-Տարածաշրջանում այսօր առկա իրավիճակը ևս 35 տարի պահպանվելու է` ըստ ռազմաբազայի վերաբերյալ պայմանագրի, դա չի՞ նշանակում, որ ստատուս քվոն 35 տարի պահպանվելու է: ԼՂ հակամարտության առնչությամբ կային ուղղակի և անուղղակի ցուցումներ. ուղղակի ցուցումն այն էր, որ բանակցությունների ժամանակ ասվել է` խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և ՄԽ-ն համարվում է արդյունավետ գործող և լավագույնս խնդրին տիրապետող...
-Դա կարո՞ղ է նշանակել, որ ԼՂ խնդիրը մինչև դարակես չի լուծվելու:
-Դա նշանակում է, որ Ղարաբաղի խնդիրը, համենայն դեպս, արագ լուծում չի ունենալու:
-Իսկ ԱՄՆ-ը և Եվրամիությունը կիսո՞ւմ են այդ տեսակետը:
-Մեդվեդևի այցելությունից մինչ օրս, լիովին ժամանակ ունենալով, առարկություններ որևէ կողմից չեն եղել, թեպետ ՌԴ նախագահի այցը և՛ լուսաբանվել է, և՛ ուշադրության առանցքում է եղել: Ավելին` ՄԽ անդամ երկրների հայտարարությունը եղավ, որ ՌԴ բոլոր գործողությունները ՄԽ համանախագահներն ընդունում են և համարում իրենց գործողությունները: Իսկ նմանատիպ կոնֆլիկտները, բացառությամբ Կոսովոյի, ավարտվո՞ւմ են մի քանի տարվա մեջ, դրանք տասնամյակներ են ձգվում ու հարյուրամյակներ:
-Մինչև բոլորովին վերջերս քննարկվում էր պատերազմի հավանականության հարցը, հիշենք հրադադարի խախտման հաճախացած դեպքերը, կա՞ այդ վտանգը իրոք:
-Փոքրիկ, հաղթական պատերազմը քաղաքական գործիք է, որն ունի լայն կիրառում և՛ պատմության, և՛ քաղաքականության մեջ: Այդ գործիքի անհրաժեշտությունը բացատրվում է առաջին հերթին ներքին քաղաքական խնդիրներով: Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում, որ նոյեմբերի 7-ին են նշանակված, այդ գործիքը, ինչպես տեսնում եք, կիրառում ունի: Ավելին` դրա միջոցով կարծես արտաքին աշխարհին էլ ինչ-որ բան են ուզում հասկացնել: Միջադեպերի պրակտիկան Ադրբեջանի համար դարձել է նախագահ Մեդվեդևի հետ ամեն հանդիպումից հետո օգտագործվող նշանաբան: Երևի այդպես արտահայտում են այդ հանդիպումներից իրենց դժգոհությունը: Բնական է, որ ՀՀ նախագահի վարած արտաքին քաղաքականությունը և վերջին 1-2 տարիներին ունեցած որոշակի հաջողությունները նյարդայնացնում են Ադրբեջանին: Հայաստանը ճշգրիտ քայլեր է կատարում, Հայաստանի հեղինակությունն աճում է որպես լուրջ ու սոլիդ, իր խոսքի արժեքն իմացող գործընկեր տարածաշրջանի և այլ պետությունների համար: Հայաստանը ոչ նավթ ունի, ոչ ծով, բայց, փաստորեն, տարածաշրջանային լուրջ իրողությունների դերակատարն ինքն է: Նյարդեր կդիմանա՞ն:
Գաղտնիք չէ, որ ԼՂ հակամարտության հարցում Ադրբեջանի երկարամյա քաղաքականությունն ուղղված է եղել կոնֆլիկտի բուն էության, պատճառահետևանքային կապերի խեղաթյուրմանը, որը, անկեղծ լինենք, որոշակի արդյունքներ տվել է` արդեն 20 տարվա պատմություն ունեցող հակամարտության մեջ մարդիկ, որ երկու տասնամյակում լավ տիրապետել են կոնֆլիկտի պատմությանը, բնույթին, զարգացման ընթացքին, այնքան էլ շատ չեն: Ադրբեջանն այս տարիներին անընդհատ գործադրել է զգայական հռետորաբանություն` ստվերելու կոնֆլիկտի էությունը, առաջին պլան բերելով հողերի օկուպացիայի և փախստականների խնդիրը:
-Այսինքն` այն, ինչ աշխարհի համար ավելի ընկալելի է սեփական օրինակով և ունի մակերեսին գտնվող լուծումնե՞ր:
-Այսինքն` այն, որ շատ ավելի մատչելի ու դյուրին է ընկալել. ավելի հեշտ է օկուպացիան պատկերացնել, քան խորանալ կոնֆլիկտի պատմության մանրամասների, նրբությունների մեջ: Գուցե ժամանակն էլ այս դեպքում մեր դեմ է աշխատել, և տեղեկատվական պատերազմում մենք կորցրել ենք: Գուցե նաև հանգստացել ենք մեր հաղթանակի դափնիների վրա` վստահ մեր ճշմարտության մեջ և այն իրողության, որ մեզ մնացել է միայն իրավաբանորեն ամրագրել մեր ռազմական հաղթանակը: Կյանքը ցույց է տալիս, սակայն, որ պետք է միշտ զգոն լինել, որպեսզի կարողանանք մինչև վերջ հասցնել մեր ազգային խնդիրների լուծումը: Ինչպես հրաշքների երկրի հերոսուհին` Ալիսը, մենք էլ պիտի միշտ հիշենք, որ պետք է կարողանաս շատ արագ վազել, որպեսզի գոնե քո տեղում մնաս:
-Ադրբեջանի նախագահը կարծում է, որ հայերը հաղթել են ընդամենը ճակատամարտում, և պարտությունն Ադրբեջանին ավելի է ուժեղացրել, մինչդեռ Հայաստանը չի կարողացել ստեղծել ուժեղ տնտեսություն, մեծ արտագաղթ ունի, բազում չլուծված խնդիրներ...
-Ադրբեջանն իր հզորության ու նավթադոլարների պարագայում նվազ արտագաղթ չունի, նրանց թոշակառուներն ավելին չեն ստանում մեր թոշակառուներից, 59 հումանիտար կազմակերպություններ են աշխատում Ադրբեջանում, որ տարօրինակ է մի պետության համար, որի նախագահը մի օրում 75 միլիոն դոլար է տալիս այլ երկրի նախագահի որպես օգնություն գազային կոնֆլիկտում... Հայաստանի քաղաքական շրջանակները պետք է բարձրացնեն այդ խնդիրը, թե որքանով է նպատակահարմար 59 հումանիտար կազմակերպության գործունեությունը մի երկրում, որն այդպիսի հնարավորություններ ունի: Եթե քառամյա պատերազմն Ալիևի համար մի տանուլ տված ճակատամարտ է, ինչո՞ւ է բոլոր ամբիոններից աղմկում 20 տոկոս տարածքների օկուպացիայի ու միլիոն փախստականների մասին: Այդ պատերազմում հաղթել է հայ զինվորի ազատատենչ ոգին և պատմական արդարությունը: Ով ոգով ուժեղ լինի, նա էլ կհաղթի բոլոր պատերազմներում:
-Մենք տանուլ ենք տալիս տեղեկատվական պատերազմում, իսկ դիվանագիտակա՞ն: Ադրբեջանին, համենայն դեպս, հաջողվում է միջազգային ատյաններում իրեն շահավետ բանաձևեր ու որոշումներ ընդունել տալ, թեպետ մենք պնդում ենք, թե դրանք կարևոր չեն, պարտադիր կատարման ենթակա չեն, իրավական հետևանքներ չունեն, բայց փաստը մնում է փաստ:
-Ես հեռու եմ այն մտքից, որ նման փաստաթղթերն անկարևոր են, կամ իրավական հետևանքներ չեն ունենում, կամ պարտադիր կատարման ենթակա չեն: Ժամանակակից աշխարհում և միջազգային կյանքում ՄԱԿ-ի փաստաթղթերն ամենալուրջ փաստաթղթերն են բոլոր պետությունների համար, թեև դա ավելի շատ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, քան Գլխավոր ասամբլեային: Արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը և նույնիսկ պատերազմը ոչ մի քայլով, ոչ էլ մի ճակատամարտով են որոշվում, մենք էլ չենք կարող ասել, որ այս տարիներին ադրբեջանական դիվանագիտությունը հաղթող է եղել կամ պարտվող. ժամանակ առ ժամանակ տարբեր ատյաններում կարողացել են ինչ-որ որոշումներ անցկացնել: ՄԱԿ-ի փաստաթղթերը որպես կանոն, համալիր և հավասարակշռված մոտեցումներ պարունակող փաստաթղթեր են, որ կողմերը բնականորեն սուբյեկտիվ են ընկալում` ենթատեքստից առանձնացնելով ու բարձրաձայնելով իրենց ձեռնտուն և «մոռանալով» հակառակ կողմի «նվաճումները»: Եթե Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող ՄԱԿ-ի բանաձևերի, որ պատերազմի ժամանակ էին ընդունվել, գլխավոր պահանջը հենց Ադրբեջանը ժամանակին կատարեր` դադարեցնելով ռազմական գործողությունները, չէր ունենա հետագա կորուստները, որ հիմա օգտագործում է քարոզչական նպատակներով: Իսկ 2008-ին ընդունված բանաձևին ՄԱԿ-ի 192 երկրներից 150-ը չեն խառնվել, անգամ իսլամական կոնֆերանսի ոչ բոլոր երկրներն են կողմ քվեարկել, ՄԽ համանախագահ երկրներն էլ, որ հակամարտության մանրամասներին լավագույնս են տիրապետում, դեմ են եղել: Այն ձայները, որ 2008-ին Ադրբեջանն ունեցավ և հույս ունի 2010-ին էլ ունենալ, արտաքին քաղաքականության մեջ որակ չեն և փոփոխություն չեն բերելու: Ինչո՞ւ է Ադրբեջանը նորից նույն քայլին դիմում: Առաջինը` ներքին քաղաքական օգտագործման ևս մի փաստաթուղթ ստանալու համար խորհրդարանական ընտրություններից առաջ, երկրորդը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հիմա Թուրքիան նախագահող երկիր է, և այդ պատեհությունը պարտադիր պետք է օգտագործել` ինչպես ԵԽԽՎ-ում նախագահ ունենալով Մևլութ Չավուշօղլուին, բազմապատկում են ջանքերը` մի «օգուտ» էլ` մի հանձնաժողով, կամ մի որոշում, այդտեղից ստանալու համար: Ազգակիցների կարճատև պաշտոնավարումներն օգտագործելով` ինչ-որ փաստաթուղթ ստեղծելը շատ նման է փրփուրից կառչելով խեղդվելուց փրկվելուն:
-ԱԺ սկսվելիք նստաշրջանում քաղաքական ու օրենսդրական առումով ի՞նչ կարևոր քայլեր կլինեն` Ձեր գնահատականով:
-Կարևոր շատ օրինագծեր կան նստաշրջանի օրակարգում, բայց ես, իբրև ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ, ուզում եմ անդրադառնալ կառավարության այդ ոլորտում արված օրենսդրական նախաձեռնություններին, որ ուղղված են հարկային վարչարարության թուլացմանը, կանոնակարգերի պարզեցմանը և գործարար միջավայրի բարելավմանը, որ խիստ էական դեր կարող են ունենալ ՀՀ տնտեսական զարգացման համար, հատկապես ճգնաժամից դուրս գալու ճանապարհին, որովհետև ֆինանսական ու վարկային միջոցներով հնարավորինս օգնելով գործարարներին, հակաճգնաժամային կարևոր քայլ ենք ձեռնարկել, բայց, դրանից բացի, էլի քայլեր պետք է արվեն` կարգավորումների թուլացման, կանոնակարգերի պահանջների թեթևացման համար: Բացի այդ` ՀՀԿ պատգամավորները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առաջարկ են արել, որով ուզում ենք ավելացնել կանանց ներկայությունն ԱԺ-ում։ Դա ևս ես համարում եմ ապագային միտված կարևոր քայլ:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ