«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱՌԱՋ ԳՆԱՑՈՂԻ ՏԵՍԼԱԿԱՆՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԿԱ»

«ԱՌԱՋ ԳՆԱՑՈՂԻ ՏԵՍԼԱԿԱՆՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԿԱ»
20.12.2011 | 00:00

Հաշված օրեր են մնացել 2011-ի ավարտին։ Ժամանակն է ի մի բերելու տարվա ձեռքբերածն ու կորցրածը։ Քաղաքական նվաճումներն ու բացթողումները մեզ հետ զրույցի սկզբում ներկայացրեց ՀՀԿ անդամ, «Դե ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
-2011-ն ամփոփելիս նախ պետք է անդրադառնալ ֆինանսատնտեսական ճգնաժամին, որն իրականում բավականին մեծ հարված հասցրեց մեր տնտեսությանը,- փաստեց պարոն Հարությունյանը։- Հետևաբար, 2011-ը կարելի է համարել վերականգնողական տարի։ Հայաստանի տնտեսությունը փորձում էր այդ շոկից դուրս գալ։ 2011-ը նաև քաղաքական բուռն իրադարձությունների տարի էր։ Պատահական չէր, որ տեղի ունեցան լուրջ փոփոխություններ կառավարման համակարգում, ինչը բխում է նախընտրական տարվա տրամաբանությունից։ Որքան մոտենում են ընտրությունները, այնքան խաղի կանոնները դառնում են ավելի բիրտ։ Բնական եմ համարում, որ այս ընթացքում մարդկանց առջև կողմնորոշվելու խնդիր դրվեց։ Այս տարին հետաքրքիր էր նաև նրանով, որ հանրապետության նախագահը շատ ակտիվ էր։ Կարծում եմ, այն եռանդով ու բազմապրոֆիլ աշխատանքներով, որ զբաղվում է երկրի ղեկավարը, նույն կերպ պետք է վարվի նրա թիմը, որ ունենանք որակապես այլ Հայաստան։
-Կարծում եք` երկրի ղեկավարի թիմն այնքա՞ն էլ ջանադրաբար չի աշխատում։
-Ես կողքի հայացքով եմ նայում։ Շատ քչերն են նույն եռանդով աշխատում, ինչպես երկրի ղեկավարը, ու, ընդհանրապես, մինչև Սերժ Սարգսյանը որևէ ոլորտի աշխատողի չի ուղղորդում, չեն զբաղվում իրենց աշխատանքով։ Մեզ պետք են այնպիսի կադրեր, ովքեր երկրի հոգսերով են մտահոգ։ Այն մարդիկ, ովքեր իշխանության են գալիս միայն սեփական ընտանիքի բարեկեցությունն ապահովելու և իրենց «ես»-ն արժևորելու համար, պետական համակարգում տեղ չունեն։ Անցնող տարին ապացուցեց, որ հանրապետության նախագահն այս առումով ևս կտրուկ քայլեր կարող է անել։ Չի ներում որևէ մեկին, ով իր անձնական շահը վեր է դասում պետականից։ Անկեղծորեն ցանկանում եմ, որ այս տեմպը շարունակվի, որովհետև ովքեր պաշտոն են ստանում ու այն ծառայեցնում են անձնական նկատառումներով կամ ովքեր թիմի մեջ են մտնում անձնական ամբիցիաները բավարարելու համար, պետք է կառավարման համակարգում տեղ չունենան։ Այն, ինչ այսօր քաղաքական դաշտում տեղի է ունենում, առողջ իրավիճակ է, որը կհանգեցնի այնպիսի խաղի կանոնների, որոնք երկիրը կտանեն բարեկեցիկ ու բարգավաճ ճանապարհով։ Երկրորդեմ. միայն սեփական բարեկեցությունն ապահովող մարդիկ պետական համակարգում անելիք չունեն։
-Նախընտրական տարում միմյանց վրա «ցեխ շպրտելու», սևացնելու գործելակերպի ականատե՞ս կլինենք, թե՞ կշարունակվի այսօրվա հանդարտ տեմպը։
-Կարծում եմ` նման իրավիճակներ կլինեն։ Ցանկացած նորմալ երկրում «ցեխ շպրտելու» ինստիտուտը կայացած է, որը շատ բնական է։ Հավաքվում են ասելիք, գաղափարներ։ Յուրաքանչյուրը փորձում է սեփական արժանիքը ներկայացնել մյուսին սևացնելու դիմաց։ Ի տարբերություն նախորդների, այս ընտրությունները լինելու են ավելի արդար, թափանցիկ։
-Ինչո՞վ է պայմանավորված այդ լավատեսությունը։
-Այսօր դաշտում այնպիսի ուժեր են գործում, որոնք կարողանալու են իրենց ձայները պահել, ուստի դժվար կլինի ընտրությունները կեղծել։ Ե՛վ ՀՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն, և՛ ՀՅԴ-ն, և՛ ընդդիմությունը` ի դեմս ՀԱԿ-ի, իրենց ձայների համար պայքարելու են։ Միմյանց վերահսկողությունը, հավասարակշռության պահպանումը կհանգեցնեն արդար ընտրությունների անցկացմանը։ Ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ պայքարն ընթանում էր ավելի շատ փողով ձայն առնելու, վարչական լծակներն օգտագործելու ուղղությամբ, այս անգամ գաղափարական ընտրություններ են լինելու։ Այն ուժերը, ովքեր ներկայումս մրցակցում են, լուրջ գաղափարական տարաձայնություններ ունեն։
-Ասել է` բացառում եք, որ այս անգամ էլ փող, վարչական լծակներ կօգտագործվեն։
-Կարծում եմ` քաղաքացին գաղափարների ու ծրագրերի համար է գնալու ընտրության։ Այս տարիներին քաղաքացին այնքան է հասունացել, որ արդեն լսում է, թե ինչ են իրեն առաջարկում։ Ի դեպ, այսօրվա խորհրդարանի պատկերը ևս նպաստեց այս գիտակցության ձևավորմանը, քանի որ փողով մեկ-երկու անգամ ընտրեցին, հասկացան, որ կաշառքով ընտրված պատգամավորը ոչնչի պետք չէ։ Այսօր այնտեղ նստած պատգամավորներից շատերը խորհրդարանի հետ կապ չունեն։
-Ի հեճուկս այդ հանգամանքի, վերջիններս մշտապես հայտարարում են, թե նորից են առաջադրվելու։ Այսինքն, այնքա՞ն էլ չենք հեռանալու այսօրվա պատկերից։
-Նախագահն ասում է, որ գործարարները չպետք է մտնեն խորհրդարան։ Այս միտքը շատերը հասկանում են այնպես, որ ոչ մի գործարար չպետք է խորհրդարանում լինի։ Իսկ ես կարծում եմ, որ ոչ թե բոլոր գործարարները չեն լինելու, այլ նրանք, ովքեր խորհրդարանին պետք չեն։
-Ինչպե՞ս պետք է որոշել` ով է ԱԺ-ին պետք, ով` ոչ։
-Նրանք իրենց գործունեությամբ ցույց են տվել։ Կան մեծամասնականով ընտրված պատգամավորներ, ովքեր ոչ մի անգամ խորհրդարանում չեն եղել, բայց իրենց ընտրատարածքում այնքան շատ աշխատանք են արել, որ չես կարող ասել` մի՛ ընտրվիր, որովհետև միևնույն է, իր ընտրատարածքում նա ընտրվելու է։ Նրանք, ովքեր ո՛չ խորհրդարան են եկել, ո՛չ էլ ընտրատարածքում աշխատանք են կատարել, չեն ընտրվելու։ Իրականում այն մարդիկ, ովքեր ոչինչ չեն անում, խորհրդարան չպետք է գնան։ Այսօր խորհրդարանում այնպիսի մարդկանց եմ տեսնում, որ նույնիսկ իրենց բիզնես-շահերին հակասող օրենքներին «կողմ» են քվեարկում, ուրեմն, ավելի լավ է նրանք չլինեն խորհրդարանում։ Հաջորդ ԱԺ-ն կլինի ավելի հասկանալի, օրենսդիր։ Թե որքանով քաղաքական կլինի, չեմ կարող ասել։
-Իսկ ավելի երիտասարդացա՞ծ։
-Գուցե և։ Կարծում եմ, երիտասարդացման պարագայում էլ չպետք է ինքնանպատակ քայլեր արվեն։ Խորհրդարան պետք է տանենք համապատասխան կրթություն ունեցող, սեփական պետությանը ծառայելու նվիրում, քաղաքական դիրքորոշում ունեցող երիտասարդների։ Որքան խորհրդարանը լինի քաղաքականացված, այնքան որակյալ կլինի։ Պատահական դեմքեր, թաղային հեղինակություններ չպետք է լինեն։
-Տեսակետ կա, թե ՀՀԿ-ն բաժանվել է թևերի, ու յուրաքանչյուրը ցանկանում է իր մարդկանց գործուղել ԱԺ։ Նախ այդ թևերից ո՞ր մեկում եք Դուք, հետո էլ կուսակցությունը քանի՞ թևի է բաժանված։
-ՀՀԿ-ում թևեր չկան, կա գաղափարախոսություն, որի շուրջ են համախմբվել բոլորը։ Այլ հարց է, թե ով ինչի համար է կուսակցություն մտել։ Ոմանք` պաշտոն ստանալու, մյուսները` պաշտպանված լինելու, հաջորդը` պետությանը ծառայելու համար։ Այսուհանդերձ, թևեր չեն կարող լինել, որովհետև բոլորը ենթարկվում են գործադիր մարմնի, կուսակցության ղեկավարի որոշմանը։ Բոլոր նրանք, ովքեր այս ընդհանրության մեջ չեն կարող իրենց տեղը գտնել, կա՛մ կհեռանան, կա՛մ կհեռացվեն կուսակցությունից։ Նրանք, ովքեր կփորձեն կուսակցությունը թևերի բաժանել, կպատժվեն ու կհեռացվեն։ Կուսակցությունում կարող է լինել կարծիքների բազմազանություն, բայց ոչ թևեր։ Ինչ վերաբերում է երիտասարդ հանրապետականներին, չեմ բացառում, որ նրանց մեջ կան վատ իմաստով կարիերիստներ, ամբիցիոզներ։ ՀՀԿ-ն առողջ, երկրի համար պիտանի ուժ է ու շարունակելու է ծառայել ժողովրդին։
-Այսօր խոսակցություններ կան, թե կոալիցիան միասնական ցուցակով կմասնակցի ընտրություններին։ Այս մոտեցմանը կո՞ղմ եք։
-Դեռ վաղ է այդ մասին խոսել։ Երկրում այնքան շատ խնդիրներ կան, որ կարելի է այդ էներգիան ուղղել դրանք լուծելու ուղղությամբ։ Կարծում եմ` երկու տարբերակն էլ հնարավոր է։ Ե՛վ ՀՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն ունեն այնքան ռեսուրս, որ կարող են առանձին մասնակցել, ու սրանից չպետք է ողբերգություն սարքել։
-Անդրադառնալով ընդդիմության գործողությունների տրամաբանությանը, ի՞նչ եք կարծում, ապագա խորհրդարանում այդ բևեռն ինչպիսի՞ ներկայացվածություն կունենա։
-Երկրում տեղի ունեցող գործընթացները հասարակության որոշակի զանգվածի դժգոհությունն են առաջացնում, նրանք իրենց ձայնը կտան ընդդիմությանը։ Սակայն կցանկանայի, որ ընդդիմությունն ավելի ազնիվ լիներ։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմն ինձ համար անկեղծ քաղաքական ուժ չեն։ Այն մարդիկ, ովքեր կանգնած են հարթակում, սեփական բարեկեցության համար են այնտեղ։ Նրա կառավարման տարիներին Հայաստանի 8-10 %-ն էր լավ ապրում, հիմա էլ նույն մարդիկ են ուզում, որ նա վերադառնա։ Իրականում նույնիսկ դժգոհ հատվածի մի մասն իր ձայնը Տեր-Պետրոսյանին չի տալու, որովհետև նրա օրոք իրենք լավ չեն ապրել։ Անցյալը հետ բերելու ձգտումը մեր քաղաքացիների մեջ չկա։ Նրանք առաջ են նայում, իսկ առաջ գնացողի տեսլականում Տեր-Պետրոսյանը չկա։ Երբ իրեն տրվել էր հնարավորություն, այն ժամանակ պիտի լավ աշխատեր։ Ի դեպ, մի նկատառում. հաճախ են նշում, թե Հայաստանի նախագահի ով լինելը որոշում են Կրեմլում։ Այս անհեթեթ հայտարարությունն ինձ համար ցավալի է։ ՀՀ քաղաքացին շատ թանկ գին է վճարել իր նախագահին ընտրելու իրավունքը ձեռք բերելու համար։ Ամեն ինչ կանենք, որ այդ իրավունքը ժառանգենք մեր սերունդներին։ Մեր երկրի նախագահին ընտրելու ենք մենք, ու ոչ մեկը նրան չի նշանակելու։ Դրսի միջամտությամբ ընտրված նախագահին ոչ մեկը չի հարգելու։ Հենց սրա մասին պիտի խոսի Լևոն Տեր-Պետրոսյանը, այնինչ նա փորձում է առևտուր անել այսօրվա իշխանական ուժերի հետ։ Ողջ խաղը կառուցել է այն հանգամանքի վրա, թե ում հետ կհամագործակցի, բայց ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ էլ ԲՀԿ-ն նրա հետ համագործակցելու կարիք չունեն։
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 964

Մեկնաբանություններ