«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵԹԵ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ, ԱՄԵՆ ԻՆՉՇՐՋՎՈՒՄ Է ԳԼԽԻՎԱՅՐ, և ԳՈՐԾՈՒՄ Է ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄԻ ՕՐԵՆՔԸ»

«ԵԹԵ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ, ԱՄԵՆ ԻՆՉՇՐՋՎՈՒՄ Է ԳԼԽԻՎԱՅՐ, և ԳՈՐԾՈՒՄ Է ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄԻ ՕՐԵՆՔԸ»
10.12.2010 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ի հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, դուդուկահար ԳԵՎՈՐԳ ԴԱԲԱՂՅԱՆԸ:
«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ` ՄԵՐ ԵՐԿՐԻ ԿԵՆԱՑԸ ՄԻԱՅՆ ՕՏԱՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀՈՏՆԿԱՅՍ ԽՄԵՆՔ»
-Պարոն Դաբաղյան, Ձեզ հետ հանդիպման գալիս ակամա մի խոսակցության ականջալուր եղա. մի սփյուռքահայ պարոն հեգնանքով ասում էր իր զրուցակցին. «Հայաստանի նախագահն ասում է. «Առա՛ջ, Հայաստան»: Օբաման ասում է. «Փոփոխությո՛ւն»: Ստացվում է, որ Հայաստանն առաջ է, Ամերիկան` հետ»: Ի՞նչ եք կարծում, մենք` հայերս, առհասարակ ամպագոռգո՞ռ ենք մեր արտահայտություններում:
-Չգիտեմ` ամպագոռգոռ ենք, թե ոչ, բայց ուզում եմ, որ մեր երկիրը շատ սիրենք, և մեր երկրի շենքերի ճակատներին, պատշգամբներին ծածանվեն մեր դրոշները: Ես չեմ ուզում` մեր երկրի կենացը միայն օտար երկրներում հոտնկայս խմենք: Չեմ ուզում, որ դրանք լինեն արհեստական, նախօրոք պատրաստված, սցենարային կենացներ: Իհարկե, մենք ապրում ենք այստեղ, և մեր ու դրսի մոտեցումները տարբեր են: Դրսում ամեն բան պայմանավորում է կարոտը: Բայց ես շատ երկրներում եմ նախանձով նայել այդ երկրների քաղաքացիներին, որոնք մեզնից շատ ավելի են կապված իրենց հայրենիքին և ավելի են սիրում այն: Մենք երբեմն դժգոհ ասում ենք. «Է՜ս երկիրը, է՜ս պայմանները»: Այնինչ պիտի ասենք` մե՛ր երկիրը, և պիտի մտածենք, թե ինչով կարող ենք օգտակար լինել մեր երկրին:
«ԴՈՒԴՈՒԿՆ ԻՐ ՄԵՋ ՀԱՅԻՆ ՀԱՐԻՐ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ՄԻ ԲԱՆ ՈՒՆԻ»
-Համընդհանուր քննադատության թիրախ է դարձել հեռուստատեսությունը: Դուք բավականին ինտենսիվ համագործակցության մեջ եք «Շանթ» հեռուստաընկերության հետ: Արդյոք դա խոսո՞ւմ է այդ ընկերության նկատմամբ Ձեր ունեցած բարձր կարծիքի մասին:
-«Շանթ» հեռուստաընկերության հետ մոտ երեք տարի է` համագործակցում եմ: Բավականին հետաքրքիր ծրագրեր է նախաձեռնել` «Ժողովրդական երգիչ», «Դուդուկի նոր ընտրյալները»: Դրանք իմ սրտից բխող նախաձեռնություններ են: Ես սիրով աշխատում եմ իրենց հետ և ընդունում, որ դրանք համահայկական, նաև համամարդկային ծրագրեր են: Դա ինձ համար աշխատանք չէ, հաճույք է: Կարծում եմ, «Շանթի» այդ ծրագրերը համազգային ծրագրեր են:
-«Դուդուկի նոր ընտրյալները» մրցույթ-հաղորդաշարի ընթացքում դուդուկով կատարվեցին ոչ միայն ավանդական մեղեդիներ, այլև մասնակիցները հանդես եկան երաժշտական անսպասելի լուծումներով` ջազ, փոփ, դասական ժանրերում: Արդյոք սա միտո՞ւմ էր` կոտրելու մարդկանց մեջ ձևավորված այն կարծրատիպը, թե դուդուկը միայն տխուր մեղեդիներ կատարելու համար նախատեսված գործիք է:
-Ցավոք, այո՛, մեզանում այդ կարծրատիպն առկա է: Երևի դա ունի իր հասկանալի պատճառները. մենք դուդուկի նվագը հաճախ լսում ենք տխուր առիթներով: Դուդուկը կարծես թե մեր դարդ ու ցավն է հիշեցնում: Բայց ամենակարևոր հատկանիշը, որ ունի դուդուկը, իր մեջ անկեղծություն կրելն է: Դա անկեղծ միջավայրից, անկեղծ հոգուց ծնված գործիք է, որ բորբոքում է մարդու ամենանվիրական զգացմունքները: Դուդուկն իր մեջ հային հարիր անբացատրելի մի բան ունի, որից մարդ փշաքաղվում է: Իսկ ո՞ր դեպքում են փշաքաղվում. երևի սիրո խոստովանության ժամանակ, բացարձակ անկեղծության պահերին, մեծ ուրախության դեպքում: Դուդուկի հետ կապված իմ զգացողություններն այսպիսին են: Չգիտեմ` ինչպես է ուրիշների մոտ: Դուդուկն այն հնչյուններն է տալիս մարդուն, որոնց միջոցով մարդն անկեղծանում է: Եվ կարծում եմ, որ սա շատ անհրաժեշտ բան է մեր օրերում: Ես, իհարկե, չեմ ուզում միայն դուդուկի վրա սևեռվել: Կուզեի արժևորել ամենայն լավն ու գեղեցիկը, որ կա երաժշտության մեջ: Ընդհանրապես, պետք է գեղեցիկը լսել, գեղեցիկի մասին շատ խոսել: Շատ դեպքերում մեր հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆիլմերում, սերիալներում ներկայացվում են դրամատիկ իրադրություններ, բռնություն, սպանություն, դժգոհություն, վիրավորանք: Նման բացասական ազդակներին անդրադառնալը բացատրում են նրանով, որ մեր կյանքը լի է այդպիսի երևույթներով: Մի՞թե սա ընդունելի բացատրություն է: Կյանքում կան նաև շա՜տ ու շատ լավ բաներ: Ինչո՞ւ դրանց չանդրադառնալ: Հեռուստատեսությունը պիտի կարողանա կյանքի բարի, գեղեցիկ դրվագները, մարդկանց հաճելի, վեհ հարաբերությունները ցուցադրել: Այդուհանդերձ, կարծում եմ, որ վերջին ժամանակներս հեռուստատեսության որակն ընդհանուր առմամբ դրական փոփոխություններ է կրել: Եվ կխնդրեի հեռուստատեսության աշխատակիցներին ավելի շատ անդրադառնալ մեր հասարակության համար դրական երևույթներին: Առանց այն էլ մեր իրականությունը բավական հագեցած է բացասական բաներով: Կարիք չկա ավելի շեշտադրելու դրանք: Հեռուստատեսությունն այս առաքելությունը պիտի վերցնի իր վրա:
«ԵԹԵ ՈՐԵՎԷ ՀԱՐՑՈՒՄ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ, ԱՄԵՆ ԻՆՉ ՇՐՋՎՈՒՄ Է ԳԼԽԻՎԱՅՐ»
-Խոսեցիք մեր կյանքի բացասական դրսևորումներից: Անդրադառնանք վերջին շրջանում մեր հասարակությանը ցնցած մի միջադեպի. Սևան քաղաքում աղանդավոր երիտասարդը գազանաբար սպանել էր ծնողներին` նրանց հետ դավանանքի հարցում ունեցած տարաձայնությունների հողի վրա: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է պետականորեն առաջինը քրիստոնեություն ընդունած երկիրն այսօր դարձել աղանդավորների որջ:
-Վերջին տարիներին մենք շատ ենք «դեմոկրատիա» խաղացել: Պետք է ավելի սթափ նայենք իրականությանը: Մեր երկիրը պիտի հանդես գա որպես պետություն, որպես պետականություն ունեցող միավոր: Եթե մի բան չի կարելի, ուրեմն չի կարելի: Մենք հաճախ շփոթում ենք իսկական դեմոկրատիան և ամենաթողությունը: Այնինչ, կան բազմաթիվ դեմոկրատ երկրներ, որոնցում խստիվ արգելվում է այն ամենը, ինչը վտանգավոր ու վնասակար է: Իհարկե, մարդկանց աշխարհայացքը, կրոնական պատկերացումները մենք չենք կարող կտրուկ փոխել, կոպիտ ձևով արգելքներ դնել դրանց վրա: Բայց կարծում եմ, որ մեզանում առկա բարձիթողի վիճակն այս հարցերում նույնպես անընդունելի է: Մենք թե՛ ազգային, թե՛ կրոնական, թե՛ այլ կարգի փոքրամասնությունների տեսակետները պիտի հարգենք, բայց… Այստեղ մի շատ կարևոր «բայց» կա: Մենք պիտի ճիշտ հստակեցնենք «հարգելու» սահմանները: Եթե որևէ հարցում չափանիշները խախտվում են, ամեն ինչ շրջվում է գլխիվայր, և գործում է բացասական հակադարձումի օրենքը: Դեմոկրատիան չի ենթադրում, թե մարդը կարող է անել` ինչ ուզի և ինչպես ուզի: Խոսքը վերաբերում է բոլոր բնագավառներին:
-Ադրբեջանական խորհրդարանական ընտրությունները մեզանում լուսաբանվեցին սարկաստիկ գնահատականներով, մի բան, որի համար մեր տխրահռչակ հարևաններն առավել քան հիմքեր էին տվել թե՛ մեզ` հայերիս, թե՛ իրենց երկրում ընտրություններին հետևած միջազգային դիտորդներին: Առջևում են հայաստանյան ընտրությունները: Ի՞նչ եք կարծում` մենք կկարողանա՞նք խուսափել խիստ քննադատությունից:
-Ես չեմ ուզում զուգահեռ անցկացնել մեր և Ադրբեջանի միջև, բայց անվիճելի է, որ մենք էլ անելիքներ ունենք այդ առումով: Չպիտի թույլ տանք, որ մեզ վրա ծիծաղեն: Ինձ համար ընդհանրապես Ադրբեջանն այնքան էլ հաճելի կերպար չէ, այնքան էլ հաճելի գործոն չէ: Անգամ չեմ ուզում որևէ կերպ դրան անդրադառնալ: Բայց, ընդհանուր առմամբ, ասեմ, որ մենք ևս ընտրությունների հարցում շտկումների կարիք ունենք, որի համար ժամանակ է պետք: Չեմ ուզում ուղղակի և կոպտորեն քննադատել, բայց անժխտելի է, որ վրիպումներ, բացթողումներ, պատահական, թե դիտավորյալ սխալներ մենք էլ ունենք: Ինչևէ, չսևեռվեմ դրանց վրա: ՈՒղղակի ասեմ, որ մենք պետք է օրինապաշտ լինենք, օրինակելի երկիր դառնալու ճանապարհով գնանք: Ես հաճախ եմ շփվում տարբեր երկրների, տարբեր ազգությունների հետ: Լինում եմ զարգացած երկրներում: Եվ կարող եմ ասել, որ մեր երկիրը շատ ոլորտներում խոցելի է: Երբ մեր երկրում կատարված հերթական ընտրությունից հետո Եվրամիությունը, Եվրախորհուրդը, միջազգային տարբեր կազմակերպությունները քննադատական խիստ շեշտադրումներով են խոսում մեր մասին, ես խորապես ափսոսում եմ: Կցանկանայի, որ մեր երկրում էլ ամեն բան լավ լիներ, և ամեն մարդ` թե՛ քաղաքական գործիչ, թե՛ տնտեսագետ, թե՛ գյուղացի, թե՛ մտավորական, պատասխան տար իր խղճի առաջ:
-Մեր երկրի լավ լինելը Ձեր թվարկած կատեգորիաներից (քաղաքական գործիչ, տնտեսագետ, գյուղացի, մտավորական) գլխավորապես ո՞վ է որոշում:
-Շատ կարևոր է, որ իներտությունը չգերիշխի մեր հարաբերություններում: Վերջին ժամանակներում անտարբերության բավականին մեծ միտում եմ նկատում մեր մեջ, որի համար ափսոսում և վախենում եմ: Դա վտանգավոր ճանապարհի վրա կարող է մեզ կանգնեցնել: Մենք պետք է կարողանանք անտարբերության սինդրոմը կոտրել: Ոչ թե մեր ասելիքն ասենք թշնամաբար, այլ այնպես, որ տեղ հասնի: Ինչի՞ց է առաջանում անտարբերությունը: Շատ դեպքերում այն բանից, որ ասելիքդ տեղ չի հասնում:
-Մեր հասարակության կյանքում ընդունված 5-10 հազար դրամներով ընտրաձայներ վաճառելը, ըստ Ձեզ, մարդկային տեսակո՞վ է պայմանավորված, թե՞ այսօրվա սոցիալական վիճակով:
-Երբեմն հանդիպում եմ մարդկանց, որոնց ճանաչել եմ 15-20 տարի առաջ, և այսօր ափսոսանքով տեսնում եմ, որ սոցիալական ծանր վիճակը նրանց մեջ առաջացրել է հոգեբանական լուրջ փոփոխություններ: Ոչ բոլորին է սա վերաբերում, բայց ճնշող մեծամասնությունն այդ վիճակում է: Սոցիալական դժվարությունը բերում է բեկումնային փոփոխություններ, ծնում բացասական երևույթներ: Պետք է կարողանալ նվազագույն սպառողական զամբյուղն ապահովել մարդու համար: Մարդն այնպիսի արարած է, որ կարող է լինել շատ բարի, շատ բարձր, բայց սոցիալ-տնտեսական ծանր պայմանների պատճառով դրսևորել անգամ կենդանական բնազդներ: Չէ՞ որ մենք, ի վերջո, կենդանի ենք: Բնության ամենազարգացած կենդանի ծնունդներն ենք, և լինում են պահեր, որ շատ ենք մոտենում վայրի կենդանիների մակարդակին: Բնությունն այդպես է մեզ ստեղծել: Եվ ես ուզում եմ, որ մարդիկ զգույշ լինեն միմյանց հետ հարաբերություններում: Այն մարդիկ, ովքեր միջավայր են ձևավորում, հասարակության կյանքում եղանակ են ստեղծում, պիտի կարողանան շատ ավելի նրբորեն ու զգուշորեն անել իրենց քայլերը: Եթե երաժիշտ է, պիտի այնպիսի երաժշտություն ստեղծի, արարի, որ այն բարին ու գեղեցիկը քարոզի մարդկանց շրջանում: Արվեստ հասկացողը բարի է լինում: Իսկ եթե սպանոցի ու մորթոցի է տեսնում, նրա մեջ գլուխ են բարձրացնում ագրեսիվ գծերը: Դա բերում է իր հետևից բազում բացասական բաներ: Իսկ մենք առանց այն էլ չափից դուրս խնդիրներ ունենք, որոնց վրա պետք է կենտրոնացնենք մեր ուժը, պատերազմելու մեր պոտենցիան, ոչ թե այդ ամբողջը վատնենք միմյանց վրա: Մենք դրանք օգտագործելու տեղերն ունենք, և եթե պահը գա, կօգտագործենք: Երբեք չմոռանանք, որ բնաջնջման եզրին ենք եղել մեր պատմության շա՜տ ու շատ դրվագներում: ՈՒ հիմա էլ, հետագայում էլ այդ խնդիրն ունենալու ենք: Մենք պետք է պատրաստ լինենք դրան դիմակայելու: Երկու-երեք դար առաջ էլ էին ասում, թե հնարավոր չէ, որ 18-րդ դարում ազգ բնաջնջվի: Նույնն էին ասում 19-րդ, 20-րդ դարերում: Բայց պարզվեց, որ միանգամայն հնարավոր էր: ՈՒրեմն ինչո՞ւ դա բացառել 21-րդում կամ 25-րդում: Մենք պիտի միշտ զգաստ ու զգոն լինենք, որովհետև մարդկային կորուստների, ազգային բնաջնջման սահմանագծով ենք անցել: Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի և հարկ եղած հակահարվածը տանք` շատ ամուր և որոշակի կերպով: ՈՒստի մեր ջիղն ու էներգիան պետք չէ ծախսել միմյանց նսեմացնելու, թուլացնելու, երբեմն տագերկնոջ մակարդակի (թող տագերկանայք չնեղանան ինձնից) կոնֆլիկտների վրա: Մենք ընկնում ենք մանր բաների հետևից և հեռանում, շեղվում գլոբալ հարցերից: Դա մեզ թուլացնում է: Մարդը պետք է ավելի սառը և սթափ դատի` լինի քաղաքական գործիչ, տնտեսագետ, գյուղացի, թե մտավորական:
«ԵԹԵ ԳԶՎՌՏՈՑԸ ՇԱՏ Է ԼԻՆՈՒՄ, ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ»
-Նոր եք վերադարձել Արգենտինայում, Բրազիլիայում, ՈՒրուգվայում կայացած հյուրախաղերից, մենահամերգներով հանդես եք եկել Դուք և Գուրգեն Դաբաղյանը: Պատմեք, խնդրեմ, Ձեր հետագա ստեղծագործական ծրագրերի մասին:
-Հյուրախաղերի մասին ասեմ, որ համերգաշարը կազմակերպել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը: Մեզ հետ ելույթներով հանդես եկան շատ բարձրակարգ երաժիշտներ` թառահար Արտեմ Խաչատուր, քանոնահար Կարինե Հովհաննիսյան, դհոլահար Կամո Խաչատրյան, դուդուկահար Գրիգոր Թագուշյան: Շատ հետաքրքիր հանդիպումներ ենք ունեցել, վերադարձել ենք անջնջելի տպավորություններով: Առաջիկայում ելույթ կունենամ Կրեմլի դահլիճում, Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգին` Ռուսաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Կնվագեմ Թարիվերդիևի ստեղծագործություններից մեկը: Շատ ուրախալի է ինձ համար առաջին անգամ դուդուկով մեր հայրենակցի ստեղծագործությունը կատարելը: Ավելի ուշ կմեկնեմ Սիցիլիա: Պալերմո քաղաքում, դասական նվագախմբի նվագակցությամբ, կկատարեմ Վաչե Շարաֆյանի «Դուդուկի 2-րդ սիմֆոնիան»: Դեկտեմբերի վերջին կա՛մ այստեղ կլինեմ, կա՛մ կմեկնեմ Միացյալ Նահանգներ` այնտեղ անցկացնելու Նոր տարին: Կհետևեմ սրտիս ձայնին և կանեմ ըստ այդմ: Բայց շատ կցանկանամ, որ մեր երկրի քաղաքական վիճակը հանգիստ լինի, որովհետև եթե այն անհանգիստ է, ապա անդրադառնում է մեր ստեղծագործական պրոցեսների վրա: Եթե գզվռտոցը շատ է լինում, մենք էլ ենք անհանգստանում, չենք կարողանում նվագել, ստեղծագործել: Կցանկանայի, որ երկրում ձևավորվեր այնպիսի մթնոլորտ, որում բոլորս կարողանայինք արդյունավետ ստեղծագործել և մեր ստեղծագործության յուրաքանչյուր հնչյունը տալ հայ մարդուն` թե՛ քաղաքական գործչին, թե՛ մինիստրին, թե՛ բանվորին: Մեզ համար բոլորն էլ սիրելի են, որովհետև բոլորն էլ հայ են:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ