ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«Չզբաղվենք գուշակություններով, ժամանակը բոլոր հարցերի պատասխանը կտա»

«Չզբաղվենք գուշակություններով, ժամանակը  բոլոր հարցերի պատասխանը կտա»
11.05.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է ԱԺ նախագահ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ:

-Խորհրդարանական ընտրություններում գրանցված արդյունքները Ձեզ համար ակնկալելի՞ էին, ինչպե՞ս եք գնահատում ընտրությունները:

-Խորհրդարանական ընտրություններին գնահատական տալու համար պիտի հիշենք նախընտրական շրջանում և դրանից էլ առաջ իշխանության հնչեցրած տեսակետները: Այն ժամանակ մենք ասում էինք, որ մեզ համար առաջնահերթ խնդիրը ամեն գնով պատգամավոր ունենալը չէ, մեզ համար առաջնահերթը արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպումն է, որպեսզի արդյունքներն ընկալելի լինեն հասարակության ու միջազգային հանրության համար: Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն ցանկանում է ավելացնել իր ներկայացվածությունը խորհրդարանում, դա բնական ձգտում է: Հիմա արդեն կարող եմ ասել, որ հասարակությունը ստացել է իր ընտրության ադեկվատ պատկերը, իսկ միջազգային դիտորդները, որ այս անգամ աննախադեպ շատ էին, նույնպես ադեկվատ գնահատական են տվել: Եթե այսօր համադրենք նախընտրական, ընտրությունների օրվա ու հետընտրական գնահատականները, որ տվել են տեղական ու միջազգային դիտորդները, հասարակական կազմակերպությունները, ապա դրանք անհամեմատ դրական են նախորդ ընտրություններից: Այս անգամ աննախադեպ քայլեր էին արվել, որ ամբողջ նախընտրական ժամանակահատվածը օրենքի շրջանակներում լինի: Եթե ուշադիր եք եղել, պիտի արձանագրեք, որ ՀՀԿ-ն իրեն չափազանց կոռեկտ էր պահում, արածների ու չարածների համար իրեն ուղղված մեղադրանքներին չէր արձագանքում: Ոչ այն պատճառով, որ պատասխան չուներ, կամ մեղադրանքներն էին արդար, այլ մենք ուզում էինք հնարավորինս հանդուրժողական, հանդարտ մթնոլորտ պահպանել: Անկախ նրանից` ով է սրում ներքաղաքական իրավիճակը, ով է ընտրախախտում կատարում, պատասխանատուն, միևնույն է, իշխանությունն է: Այդ իսկ պատճառով մենք չափից ավելի հանդուրժող ենք եղել նախընտրական շրջանում: Ընտրությունների արդյունքները մեզ համար լիովին սպասելի էին, +_1-2 տոկոսի տարբերությամբ, և որևէ մեկն այս արդյունքներից զարմացած չէ:

-Հանդուրժողականության սերմանումո՞վ եք բացատրում հետընտրական խաղաղությունը:

-Հետընտրական խաղաղությունը հետևանք է հանդուրժողականության մթնոլորտում անցած քարոզարշավի` սա առաջին, և երկրորդ` ընտրողներն ու քաղաքական դաշտը համոզված են ընտրության արդարության մեջ: Ըմբոստանալու, փողոց դուրս գալու հիմնարար պատճառաբանություն չկա: Իհարկե, մեկ շաբաթից, 10 օրից հետո տրվող գնահատականները շատ ավելի օբյեկտիվ կլինեն, երբ զգացական ընկալումը տեղը կզիջի սթափ դատողությանը:

-Գնահատականներից մեկն էլ այն էր, որ ոչ թե ՀՀԿ-ն հաղթեց, այլ մյուսները պարտվեցին, ընդունո՞ւմ եք:

-Ի՞նչ է նշանակում նա չհաղթեց, սա պարտվեց: Հաղթել-պարտվել հարթությունից դուրս գանք, ընտրողների առավել մեծ թվով ձայները եթե ստացել է մեկը, մյուսները առավել քիչ ձայներ պիտի ստանան, բնականաբար, դա շատ հիշեցնում է կիսով չափ ջուր լցրած բաժակը, երբ ոմանք ասում են` կիսալիքն է, ոմանք` կիսադատարկ:

-Ինչո՞վ եք բացատրում, որ մեծամասնական ընտրատարածքներում հաղթողները ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից էին, մեկն էլ` ՕԵԿ-ից, ինչո՞ւ համամասնականով իրենց ձայնը մյուս կուսակցություններին տված ընտրողները գերազանցապես ՀՀԿ-ին էին ձայն տալիս մեծամասնականով:

-Այս ընտրություններում լայն մասնակցային պայքար էր նաև մեծամասնական ընտրակարգով, այս դեպքում պայքարը դառնում է ավելի անձնավորված, և եթե համեմատում ես թեկնածուների միջև բաշխված ձայները, ակնհայտ է, որ հասարակությունը բավականին մեծ տոկոս է տվել նաև ընդդիմադիր կամ անկախ թեկնածուներին:

-Գործող խորհրդարանում էլ ՀՀԿ-ն ուներ մեծամասնություն, բայց կոալիցիա կազմվեց, ընտրված խորհրդարանում կոալիցիաներ կլինե՞ն:

-Մինչև այժմ հանրապետականն առաջնորդվել է հետևյալ սկզբունքով` պետական կառավարման մեջ ներգրավել գործընկեր կուսակցություններին, նրանց հետ համատեղ, ընդհանուր ուժերով լուծել պետության առաջ ծառացած խնդիրները: Ես կարծում եմ, որ հինգերորդ գումարման խորհրդարանում էլ ցանկալի է պահպանել այդ մոտեցումը, առաջիկայում պարզ կլինեն գործընթացները:

-Քննարկումներ դեռ չե՞ն եղել:

-Առաջարկում եմ զինվել համբերությամբ և սպասել պաշտոնական հայտարարության:

-Եթե ընդունենք այն տարբերակը, որ հաղթող ուժը համագործակցության է գնում այլ ուժերի հետ, կարծո՞ւմ եք, որ այդ ուժը կլինի ԲՀԿ-ն:

-Մամուլում արտահայտված տեսակետներից դատելով` որևէ կոնկրետություն չկա: Եթե առաջ ասվում էր, որ խորհրդարանը հասարակության իրական պատկերը չի արտացոլում, այժմ ընտրության արդյունքներով ներկայացված է քաղաքական դաշտի ամբողջ երանգապնակը, դա լայն հնարավորություն է տալիս և՛ գաղափարական կոալիցիա կազմելու, և՛ ուժեղ ընդդիմություն ունենալու: Երկուսն էլ շատ կարևոր են պետության զարգացման տեսակետից` բարեփոխումները շարունակական դարձնելու և արագացնելու համար:

-Ձեր կարծիքով` ընտրված խորհրդարանի ընդդիմադիր հատվածում ո՞ր կուսակցություններն են լինելու:

-Եկեք չշտապենք կոնկրետության դաշտ, այդ և հարակից հարցերը կարճ ժամանակից իրենց հստակ պատասխանները կստանան, այժմ հնչած տեսակետները լինելու են ցանկությունների ու պատկերացումների դաշտից:

-Եթե ամփոփենք չորրորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքը, Ձեր կարծիքով` Հայաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ ի՞նչ բերեցին անցած հինգ տարիները:

-Չորրորդ գումարման խորհրդարանը բավականին շատ քննադատվեց, կարծում եմ` նույնն է լինելու նաև հինգերորդի դեպքում: Խորհրդարանում բուռն քննարկումների դեպքում հասարակությունը դժգոհում է կուսակցական «գզվռտոցից», հարթ քննարկումների դեպքում ասում է` կառավարության «դակիչն» է դարձել: Այս երկու գնահատականները հնչել են բոլոր խորհրդարանների հասցեին, և երկուսն էլ ծայրահեղ են, ճշմարտությունը` որ պետք է լինեն քննարկումներ ու հնչեն բազմազան տեսակետներ, բայց բանավեճը պետք է լինի օբյեկտիվության սահմաններում: Չմոռանանք, որ խորհրդարանը պետական կառավարման համակարգի ամենահրապարակային կառույցն է որպես առաջնային մանդատ կրող ընտրովի մարմին, նրա աշխատանքները բոլորի աչքի առաջ են:

-Ճի՞շտ է այն տպավորությունը, որ ընտրվածում քաղաքական գործիչներն ավելի շատ են, և այս խորհրդարանն ավելի գաղափարական է լինելու:

-Հավատանք նման գնահատականներին, համապատասխանությունը կամ անհամապատասխանությունն իրականությանը ցույց կտան աշխատանքը և կյանքը:

-2012-ի խորհրդարանական ընտրությունները 2013-ի նախագահական ընտրությունների նախափորձն էին, այս կտրվածքով` 2013-ին անակնկալներ կլինե՞ն:

-Համապետական ընտրությունների ժամանակ էական նշանակություն ունի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը: Մենք միշտ այդ ընտրություններին մեծ ուշադրություն ենք դարձնում, և հանրապետականն առաջնային դիրքեր ունի: Դա որպես հիմք ընդունեք: Հավելեք խորհրդարանական ընտրությունների արդյունքները, երբ ՀՀԿ-ն հավաքեց ավելի ձայներ, քան երբևէ ստացել է: Նշանակում է` հանրային վստահության առումով մենք վերելքի մեջ ենք: Կարծում եմ` այս նախագահական ընտրություններում չի լինի նախորդի պես 9 թեկնածու, այլ շատ ավելի սակավաթիվ, ինչը ևս նախագահական ընտրությունների արդյունքն առավել կանխատեսելի է դարձնում:

-ՀՀ երեք նախագահների մրցակցություն նախագահական ընտրություններում կլինի՞:

-Չզբաղվենք գուշակություններով, ժամանակը այդ բոլոր հարցերի պատասխանը կտա: Մեզ համար կարևորը մնում է հանրային վստահության մեծ ռեսուրսը:

-Խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցը վկայում էր, որ նա ռեալ քայլ անելու է դեպի մեծ քաղաքականություն: Այս ընտրություններից հետո հավանակա՞ն է այդ քայլը:

-Հանրապետության երկրորդ նախագահը բոլոր դեպքերում էլ եղել է քաղաքականության մեջ, գուցե ոչ այնքան անմիջականորեն ու անձնավորված: Օրը կգա, և բոլորս էլ ամեն ինչ կիմանանք:

-Փաստորեն, ՀՀԿ-ն ինքն իր դեմ մենակ մնաց, Ձեր կարծիքով` հավատի ու վստահության նման ռեսուրս ստանալուց հետո կուսակցությունը պատրա՞ստ է իրականացնելու այն բարեփոխումները, որոնց մասին այսքան ժամանակ խոսում է, բայց կատարված փոփոխությունները չեն արտահայտվում ո՛չ կենսամակարդակում, ո՛չ բարոյահոգեբանական մթնոլորտում:

-Ես այդպես չեմ կարծում: Հիշեք` ինչ էր կատարվում Հայաստանում չորս-հինգ տարի առաջ, մենք ունենք տարբեր Հայաստաններ: Մենք կարող ենք խոսել տարբեր բնագավառների մասին, և գնահատականները չեն փոխվի: Այլ հարց է, որ մեծանում են մեր ցանկությունները:

-Կյանքն առաջ է գնում:

-Իհարկե, այդ իսկ պատճառով և՛ հասարակությունը, և՛ միջազգային հանրությունը մեզնից ակնկալում են բարեփոխումների տրամաբանական շարունակությունը: Ձևավորվելիք խորհրդարանական քաղաքական թիմից կամ կոալիցիայից, կառավարության կազմից կերևա մեր տրամադրվածությունը բարեփոխումների շարունակականության առումով:

-ՀՀԿ-ն ինքն իրեն չի՞ պարտվի:

-Արտաքին ու ներքին բոլոր մարտահրավերների ընկալումը կա, և ներուժ կա այդ խնդիրները լուծելու: Խնդիրները կան, խնդիրների լուծման ուղիները գիտակցված են, և գործնական քայլեր արվելու են:

-Ո՞վ կգլխավորի ՀՀ կառավարությունը:

-Ես դժվարանում եմ կոնկրետ պատասխան տալ, բայց հստակ կարող եմ ասել, որ անցնող տարիներին Հայաստանի կառավարությունը և անձամբ վարչապետը կարողացան այնպես կազմակերպել տնտեսական քաղաքականությունը, որ Հայաստանը դիմացավ ու դիմակայեց ֆինանսատնտեսական ճգնաժամին: Եթե նկատել եք` այդ ամբողջ ընթացքում քննադատության թիրախ եղել է վարչապետը, նախարարներին չեն քննադատել, նպատակը մեկն է եղել` նրան մեղադրել բարեփոխումները և տնտեսական քաղաքականությունը ձախողելու մեջ:

-Ինչո՞ւ հենց նրան:

-Պարզ պատճառով` ով չի հանդգնում քննադատել նախագահին, քննադատում է վարչապետին: Իհարկե, ես ուզում եմ, որ մեր բարեփոխումները շարունակվեն գիտակ և փորձառու վարչապետի ղեկավարությամբ:

-Հարցս գուցե կոռեկտ չհնչի, այնուամենայնիվ, Ձեր կարծիքով` ո՞վ կլինի հինգերորդ գումարման խորհրդարանի նախագահը:

-Թերևս, իրոք, հարցը կոռեկտ չէ, սպասեք մինչև մայիսի 31-ը և կիմանաք:

-Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հնչող տեսակետները չե՞ն վկայում, որ հարցի լուծումը հասունացել է միջազգային կառույցների գնահատականով:

-Միջազգային կառույցների և համաշխարհային հանրության գնահատականով ոչ միայն հասունացել է խնդիրը լուծված տեսնելու ցանկությունը, այլև հստակեցված է, թե ինչպես պետք է լուծվի: Եվ համանախագահող երկրների համանախագահները, և արտգործնախարարները, և նախագահները քանիցս դա բարձրաձայնել են: Մենք չափազանց ոգևորված չենք առաջարկվող լուծումների տարբերակներով, բայց կարծում ենք, որ դա լավ հիմք է բանակցությունները շարունակելու համար: Սակայն Ադրբեջանը միշտ հրաժարվում է իր հայտարարություններից, պայմանավորվածություններից ու ստորագրություններից: Ադրբեջանի նախագահը համանախագահների հետ կարող է փաստաթուղթ ստորագրել և Բաքու վերադարձին, ինքնաթիռում արդեն հրաժարվել: Հարցի լուծման խաղաղ ճանապարհի պատրաստակամությունը հանձն առնելով` անգամ մանկապարտեզի շենքի բացման ժամանակ կարող է խոսել ռազմական լուծման առավելությունների մասին: Եվ այդպես է լինելու, քանի դեռ միջազգային հանրությունը փորձում է հավասարակշռված վերաբերմունք ունենալ ու կոչեր է անում կողմերին հրաժարվելու ռազմական հռետորաբանությունից, թեպետ լավ գիտի` այդ հռետորաբանությունն ում զինանոցի զարդն է: Քանի չկա հասցեական վերաբերմունք, սայլը տեղից չի շարժվելու:

-ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրներից երկուսում նախագահի փոփոխություն եղավ, երրորդում նոյեմբերին ընտրություններ են, հնարավո՞ր է, որ դա հարցի լուծմանն արագություն հաղորդի կամ հակառակը:

-Գուցե արագության փոփոխություն լինի, բայց ես կարծում եմ, որ համանախագահող երկրները հնարավորն արել են, և նրանց արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինի:

-Հունիսի 1-ին ի՞նչ եք անելու:

-Մասնակցելու եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումներին:

Զրույցը`

Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1099

Մեկնաբանություններ