Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՄԱՏԱՊԵՍ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՎԱՐՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ»

«ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՄԱՏԱՊԵՍ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՎԱՐՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ»
28.02.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ
-Ի՞նչ կա արևելյան կողմն աշխարհի:
-Ասված է` «Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թող ըլլա»...
-Բայց կա՞:
-Արևելյան կողմն աշխարհի բազում փոփոխություններ են կատարվել: Նախ` զգալիորեն ավելացել է բնակչության թիվը, օրինակ` Սիրիայում 28 միլիոն մարդ է ապրում: Բացի այդ ասպարեզ է եկել երիտասարդությունն իր իրավացի պահանջներով: Օրինակ` Եգիպտոսում կատարվածը երիտասարդության հեղաշրջում էր, բայց ինչպես միշտ` բոլոր հեղափոխություններից օգտվողներն ուրիշներն են լինում:
-Հեղափոխությունը խժռում է իր զավակների՞ն:
-Խժռել ու խժռում է: Միշտ օգտվում են ուրիշները, Եգիպտոսի պարագայում` մոլեռանդ մահմեդականները, որ ավելի կազմակերպված են, կա նաև դրսի օժանդակությունը: Մահմեդական աշխարհում երկու բևեռ կա. մեկը Սաուդյան Արաբիան է, մյուսը` Իրանը, և նրանք միմյանց հետ սուր մրցակցության մեջ են: Առայժմ Արևմուտքի օժանդակությամբ Սաուդյան Արաբիան է հաղթողը: Բուն իրականության համապատկերում հեգնանք են դառնում Արևմուտքի հայտարարությունները, որ արաբական հեղափոխությունները հանուն ժողովրդավարության են: Ի՞նչ դեմոկրատիա թագավորական դինաստիայի իշխանության երկրում, այն էլ` ոչ սահմանադրական: Շարիաթի օրենքները մինչև հիմա էլ գողին պատժում են ձեռքը կտրելով: Հայաստանի անվտանգության, շահերի պաշտպանության տեսակետից, բնականաբար, մեզ համար նախընտրելի է կայունությունը: Մանավանդ եթե մոտիկ հարևան` Իրանն են ներառում իրենց շրջագծում` վարելով Իրանը թուլացնելու հետևողական քաղաքականություն, որի հետևանքներից մեկը Սիրիան ծնկի բերելու քայլերն են: Ոմանք ասում են, որ սա մաս է կազմում «Մեծ Միջին Արևելք» ծրագրի, որը սահմանների փոփոխություն է նախատեսում: Ապագան ցույց կտա` ինչ կլինի, առայժմ իշխանական փոփոխություններ են կատարվում ժողովրդավարության տարածման քողի տակ:
-Արաբական հեղափոխությունները հիմնականում ավարտվել են` ի՞նչ կար առաջ, ի՞նչ կա հիմա, որքա՞ն է ժողովրդավարությունը Եգիպտոսում, որքան` Թունիսում, ու առավել ևս Լիբիայում։
-Ես համաձայն չեմ, որ հեղափոխություններն ավարտվել են, օրինակ` Եգիպտոսում շարունակական հեղափոխության կուրսն է վերցված:
-Դա բարեփոխո՞ւմ է, թե՞ հեղափոխություն:
-Բարեփոխումները դժգոհության ալիքը մեղմացնելու համար են, բայց քանի որ հեղափոխության հեղինակները երիտասարդներն էին` լավ կրթված ու բարեկեցիկ մարդիկ, որ իրենց արժանի աշխատանք ու ինքնադրսևորման հնարավորություններ չեն գտնում, իսկ նրանք իրենց խնդիրները չեն լուծել, նոր հեղափոխությունները Եգիպտոսում չեն բացառվում: Եգիպտոսում կան շուրջ 6000 հայ, որոնք սկսում են հեռանալ: Ընդհանրապես վերջին 40 տարում Միջին Արևելքում քրիստոնեական ներկայությունը, որ դարավոր պատմություն ունի, արմատապես վերացնելու քաղաքականություն են վարում Արևմուտքն ու Իսրայելը: Բոլոր նման շարժումներից հետո առաջին հերթին իրենց վտանգված են զգում ազգային փոքրամասնությունները, այդ թվում` հայերը, և գերադասում են գաղթել: Բացի այդ, քաջալերվում է քրիստոնյաների գաղթը: Արևմտյան երկրները` Ավստրալիան, Կանադան, ԱՄՆ-ը, հեշտությամբ են մուտքի ու կեցության արտոնագրեր տալիս: Եթե վերցնենք նախկին Անտիոքի շրջանը, որի մեջ մտնում են Իրաքը, Սիրիան, Լեռնալիբանանի մի մասը, քրիստոնյաներն ուղղակի զանգվածաբար հեռանում են: Լիբանանից 300000 քրիստոնյա է գաղթել, ոչ հայ, և նրանք մեծամասնաբար Ֆրանսիայում են: Պատճառները ես չգիտեմ:
-Դիլետանտական մակարդակով մի պատճառ ակնհայտ է. քրիստոնյա Արևմուտքը նախընտրում է իր ժողովրդագրական խնդիրները լուծել քրիստոնյաների միջոցով` փայլուն ձախողվելով իր բազմամշակութային քաղաքականության մեջ:
-Թերևս, պատճառներից մեկն է, բայց ոչ հիմնականը: Բայց չէ՞ որ քրիստոնեությունը ծագել է Արևելքում: Ի՞նչ է շահում Իսրայելը, որ միշտ հակադրության մեջ է տեսնում իր գոյության իմաստը` սկսած փղշտացիներից մինչև պաղեստինցիներ: Ես վստահ եմ, որ քրիստոնյա ղպտիները հեռանալու են Եգիպտոսից, քրիստոնյաները հեռանալու են Իրաքից: Մենք շատ գործիմաց քաղաքագետներ ու պատմաբաններ ունենք, բայց նրանք շրջանցում են այս լրջագույն հարցերի քննությունը և մասնագիտական վերլուծությունը: Եթե այլ ժողովրդի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատն ընդուներ իր հայտնի որոշումները, արդեն մի քանի գիրք հրապարակի վրա կլիներ, փոխարենը նրանց հետաքրքրում են 19-րդ դարում ինչ-որ մեկի ինչ-որ տեղ ասածները... Հավանաբար, հայերս լրիվ տրվել ենք մտքի ծուլությանը:
-Արևելյան այս շարժումները ի՞նչ ներգործություն կարող են ունենալ Հայաստանի վրա և ի՞նչ հետևանքներ կունենան հայկական գաղութներում: Ընդհանրապես` ո՞րը պետք է լինի Հայաստանի քաղաքականությունը Արևելքի երկրների հետ:
-Սկսած 1992-ից` այդ քաղաքականությունը վարվում է և վարվում է հետևողականորեն` արտաքին քաղաքականության մեջ լինել ծայրահեղ զգուշավոր և դրական կերպարով ներկայանալ հարևանների հետ հարաբերություններում, առանձնապես ակտիվ լինելու հնարավորություններ մենք չունենք, բայց նորմալ հարաբերություններ պիտի պահպանենք արաբական երկրների հետ` չփոշիացնելու մեր հայրենակիցների ստեղծած բարոյական դրամագլուխը, որն օգտագործելով կարող ենք դրական մթնոլորտ ստեղծել մեզ համար` լավ իմանալով հանդերձ, որ այդ երկրների մեծ մասը իսլամական կոնֆերանսի անդամ է և մեր դեմ է քվեարկում, բայց մենք հասկանում ենք նրանց ու նրանց դիրքորոշումները: Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահի առաջին այցերից մեկը Սիրիա էր: Ինձ պատմել է թարգմանիչը, որ նախագահ Հաֆեզ Ասադի հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Տղաս, իմացիր, քո երկիրն աշխարհի այս ընտանիքին է պատկանում»: Մենք հոգեբանորեն մեզ ավելի հանգիստ ենք զգում Միջին Արևելքում, աշխարհի բաժանման մեջ մեզ հարազատ շրջապատը դա է: Եվ այդ տարածքում մենք ուրույն դեր ունենք կատարելու:
-Ո՞րն է այդ դերը:
-Հավասարակշռողի ու երբեմն էլ հակակշռողի: Քաղաքակրթությունների հանդիպման վայր ենք եղել մենք միշտ և հրաշքներ ենք գործել այդ հողի վրա. հիշեք միջնադարյան մեր ճարտարապետությունը, գրականությունը, երաժշտությունը, մանրանկարչությունը: Մի ամբողջ քաղաքակրթություն առևտրային-վաճառականական, որ չենք գնահատում, որի մասին բացառիկ գրքեր գրել են օտարները, չհաշված Կլոդ Մութաֆյանին: Արդեն չեմ ասում Կիլիկյան հայկական թագավորությունը: Ինչ էլ այդ տարածքում կատարվում է, մեզ վրա ներգործություն ունենում է: Մեր ինքնությանը ստիպում են ինչ-որ բևեռից կառչած լինել, փոխանակ կատարենք մեր պատմականորեն ունեցած դերը, մենք կորցնում ենք մեր բնական դաշտը: Այս պարագայում ստիպում են Մոսկվային կապվել, շատ ավելի, քան թույլատրվում է որևէ երկրի, ի վերջո դա բերելու է մյուս բևեռի հետ հակադրության, որը ԱՄՆ-ն է: Լավ է, որ եվրոպական ուղղությունը գոնե հետևողականորեն պահպանվում է, և Հայաստանի բոլոր իշխանությունները դա հասկանում են ու անկեղծորեն այդ ուղղությունը ջանում են զարգացնել: Երկրորդ կարևոր դերը հայկական ներկայությունն է, որն արդեն մեծ չէ: 1956 թվականից, երբ արաբական աշխարհում ազգայնացման գործընթացներ սկսվեցին, հայերը հեռացան: Սուդանում մենք ընդարձակ գաղութ ունեինք. Զագազիկ, Խարթում, տպարան ունեինք, թերթեր, հիմա չգիտենք` ինչ վիճակում են մեր հայտնի երախտավորների շիրիմները: Եգիպտահայության կեսից ավելին հիմա Ավստրալիայում է, կեսն էլ` Կանադայում: Սիրիահայերն էլ հեռացան, բայց նրանք հարևան Լիբանանի պես լաստանավ ունեին, այնտեղ հանգիստ կարելի է ապրել ու աշխատել, զարգացած է բանկային համակարգը, ժողովուրդը տոլերանտ է: Հայ համայնքը Լիբանան պետության հիմնադիր համայնքներից մեկն, է և ոչ ոք չի կարող ասել` դու այստեղ ո՞վ ես: Դժբախտաբար, Լիբանանն էլ 70-ական թթ. արաբ-իսրայելական պատերազմի ամենածանր հարվածները կրեց` չլինելով պատերազմող երկիր, 21 արաբական երկրներ Լիբանանում պայքարում էին Իսրայելի դեմ: Հետևանքը եղավ բուն լիբանանցիների հեռացումը: 15-16 տարի տևած պատերազմը գաղութի մեջքը ջարդեց. եթե 56 դպրոց ունեինք, այսօր 28-ն ունենք, որոնց աշակերտների թիվն էլ հետզհետե նվազում է, 30-ից ավելի պարբերականներից հազիվ 10-11-ն է մնացել: Այդ երկրներում ավանդական կուսակցությունները հայապահպան մեծ դեր կատարեցին էքստրեմալ պայմաններում, երբ նույնիսկ եկեղեցին չէր կարողանում իր գործը անել:
-Ձեր կարծիքով` Ասադն իշխանությունը կկարողանա՞ պահպանել և, ի վերջո, ի՞նչ է լինելու Սիրիայի ճակատագիրը:
-Ասադը բավականին երկար կկարողանա պահպանել իշխանությունը: Նա ուժեղ պետական կառույցներ ունի, շատ ուժեղ է բանակը, տարածաշրջանի ամենահզոր բանակներից մեկը, իհարկե, կան դասալքումներ էլ: Սիրիայում կա ուրիշ խնդիր, որ ամենավտանգավորն է` դավանական տարբերությունները. իշխանությունը արդեն 37 տարի գտնվում է ալավի համայնքի ձեռքում, Ասադների ընտանիքը ալավիներից է, և ղեկավար դիրքերում խիստ շատ են ալավիները: Իսկ սուննիները Սիրիայում մեծամասնություն են կազմում և ստացվում է, որ պիտի հետևեն իրենց սուննիական հայրենիք Սաուդյան Արաբիային` ընդդեմ շիաների Իրանի: Ես կարծում եմ, որ քրիստոնյաների, այդ թվում` հայերի համար, դժվար վիճակ է ստեղծվելու երկրում: Տեսեք` Հոմսը հնուց ի վեր համարվում էր կիսաքրիստոնեական քաղաք, վերջին շրջանում քրիստոնեական է մնացել միայն Հալեպը, որտեղ ռազմական գործողություններ չկան: Ասադի գլխավոր նեցուկը միջին խավն է, որ հարստացել է 37 տարի և տրամաբանորեն չպիտի ըմբոստանա նրա դեմ, նաև հայերն են ազդեցիկ ու բարեկեցիկ կյանքով ապրում, ու միշտ էլ Ասադների ընտանիքը բարյացակամ է եղել հայերի նկատմամբ, որ շատ լավ համարում ունեն Սիրիայում ընդհանրապես: Բայց սանկցիաները, որ կիրառվում են, հենց այդ խավին են մղում դժգոհության, Ասադին զրկելով իր գլխավոր սոցիալական հենարանից: Սիրիայի դեմ այսօր գործում է մի չհայտարարված կոալիցիա` Թուրքիայի մասնակցությամբ, և եթե այսպես շարունակվի ու փոփոխություններ չլինեն, ի վերջո, Սիրիայում կունենանք այն, ինչ ունեցանք այլ երկրներում:
-Այս գործընթացներում ո՞րն է Թուրքիայի դերը, և ի՞նչ շահ է Թուրքիան հետապնդում:
-Թուրքիան մեծապես օգտվեց ԽՍՀՄ-ի փլուզումից, հարյուրավոր շինարարական կազմակերպություններ սկսեցին աշխատել Ռուսաստանում, արտահանման մեծ շուկա գտավ: Միջին Արևելքում Թուրքիան դիտարկվում էր որպես ԱՄՆ-ի կամակատար, ՆԱՏՕ-ի անդամ մի երկիր, որ արաբական աշխարհի թիվ 1 թշնամու` Իսրայելի դաշնակիցն էր և համակարգված աշխատում էր Վաշինգտոնի դիրիժորությամբ: Էրդողան-Գյուլ իշխանության 8 տարիներին այդ քաղաքականությունը փոխվեց, Իսրայելի հետ հարաբերությունները հետզհետե սառեցին, բացվածությունը դեպի արաբական միջավայր մեծացավ: Քաղաքական ներգործությունից բացի, արաբական աշխարհ մուտք է գործել թուրքական կապիտալը:
-Թուրքիան մո՞տ է տարածաշրջանի առաջատարի իր երազանքի կատարմանը:
-Առայժմ ոչ: Հիմա, երբ Թուրքիան գլխավոր դերակատար է դառնում Սիրիայի քայքայման, այլևս չունի այն քաղաքական ազդեցությունը, որ գոնե էլիտայի մակարդակով կարծում էր` կունենա: Նույնը Իրաքում պատահեց, որտեղ մեծաթիվ քրդեր կան: Թուրքիան նրանց հետ էլ սկզբնական շրջանում իբր միջնորդի դեր էր կատարում, հաշտեցման, հատկապես Սադամ Հուսեյնի անկումից հետո, բայց չկարողացավ դրա տակից դուրս գալ:
-Իրո՞ք Թուրքիան իր ներսում այնքան լուծել է իր պրոբլեմները, որ փորձում է արտաքին աշխարհում նման դերակատարություն ստանձնել, թե՞ փորձում է զուգակցել լուծումները:
-Պրոբլեմները նվազում են երկրի զարգացման համեմատ, իսկ Թուրքիան անընդհատ զարգանում է: Թե տարածաշրջանի հետագա ձևավորումների ժամանակ նրանք ինչ մտադրություններ ունեն, չգիտեմ, բայց բավականին երկար կարողացան պահպանել իրենց ներգրավվածությունը տարածաշրջանային հարցերում: «Հարևանների հետ 0 պրոբլեմներ» քաղաքականությունը ի վերջո ձախողվեց: Երկու տարի առաջ Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններին նվիրված մի համաժողովի մասնակցելով Ստամբուլում, որին ներկա էր նաև Դավութօղլուն, վկա եղա, թե թուրքերն ինչպես են իրենց ներկայությունը Արևելքում հրամցնում որպես անփոխարինելի և երջանկաբեր: Այդ իդիլիայի մեջ միակ դիսոնանսը ես և մի ֆրանսիացի էինք, որ երրորդ օրը գալով բացեց իրական պատկերը:
-Ի՞նչ պիտի անի այս պայմաններում Իրանը:
-Իրանը, իհարկե, ավելի կուռ կառույցներ ունի, և չես համեմատի Սիրիայի ու նույնիսկ Եգիպտոսի հետ: ՈՒնի հարստություն, ունի միջոցներ, ունի գաղափարախոսություն, որ նման հզոր, բազմազգ ու բազմադավան երկրում աշխատում է: Ստացված դասավորության մեջ Իրանը, իհարկե, արդեն կորցնում է իր ազդեցությունը Միջին Արևելքի երկրներում, Սաուդյան Արաբիան հաղթում է:
-Կարող ես ճակատամարտում պարտվել, բայց պատերազմում` հաղթել, Իրանը ո՞ր դիրքում է:
-20-րդ դարից սկսած մարդիկ սպասում էին երրորդ համաշխարհային պատերազմին, տեսաբաններ էլ կան, որ ասում են` երրորդ համաշխարհայինը վաղուց սկսվել է ու ընթանում է երկրագնդի տարբեր հատվածներում թեժ կետերի տեսքով: Պետք չէ սպասել, որ գերտերությունները միմյանց ատոմային ռումբերով հարվածեն: Դա չեն անելու` նաև իրենց շահերը պաշտպանելով:
-Քարոզչական, տեղեկատվական պատերազմները, քաղաքակրթությունների պայքարը լիովին փոխարինել են աշխարհամարտերին ու պակաս զոհեր չեն խլում:
-Այո, մեծաթիվ զոհեր են լինում ու ինչեր են պատահում տնտեսության մեջ: Հավատալո՞ւ է, որ Եվրամությունը Չինաստանից տրանշ է խնդրում և ստանում է պայմաններով:
-2012 թ. դեկտեմբերի 21-ի ուրբաթ օրն ի՞նչ եք անելու:
-Դեռ չգիտեմ, ինչո՞ւ:
-Ացտեկներն ասում են` աշխարհի վերջն է գալու:
-ՈՒրեմն աշխարհի չվերջանալու առիթով Ձեզ հրավիրում եմ ընթրիքի:
-Բայց ացտեկների շատ գուշակություններ կատարվել են արդեն` հրդեհներ, հրաբուխներ, երկրաշարժեր...
-20-րդ դարը ծայրից ծայր աղետների դար էր` քաղաքական, տնտեսական, ռազմական ու մարդկային, բայց հասանք 21-րդ դարին: Մանավանդ որ 20-րդ դարը նաև մեծագույն հայտնագործությունների ու փառահեղ ձեռքբերումների ժամանակ էր: Համոզված եմ, մեզնով մեր ժամանակները չեն ավարտվում:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1013

Մեկնաբանություններ