Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ ԿԱ՛Մ ՕԼԻԳԱՐԽ, ԿԱ՛Մ ԱՅԼ ՀՈՎԱՆԱՎՈՐ ԿԱ

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ ԿԱ՛Մ ՕԼԻԳԱՐԽ, ԿԱ՛Մ ԱՅԼ ՀՈՎԱՆԱՎՈՐ ԿԱ
21.10.2011 | 00:00

«ԵԹԵ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕԼԻԳԱՐԽՆԵՐ ԱՃԵՑՐԵՑ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՐԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ»
ՌՈՒԲԵՆ ԱՎԱԳՅԱՆ
(«Միավորված հայեր» կուսակցության նախագահ)

-Դուք ձեզ հռչակել եք «երրորդ ուժ». իշխանության կամ ընդդիմության դաշտում չկա՞ այն ուժը, որը կնախընտրեիք:
-Եթե այդ ուժերը կառուցողական են ու համամիտ են մեր գաղափարներին, համաձայն որոնց պետք է ստեղծել ճշմարիտ սոցիալ-իրավական պետություն, մենք կհամագործակցենք նրանց հետ:
-Այդպիսի գաղափար-կոչերով գիտե՞ք քանի՜ կուսակցություններ են հանդես գալիս:
-Նպատակը, սկզբունքները հստակ կարող եք իմանալ միայն ծրագրերն ընթերցելով:
-Այնքա՜ն գեղեցիկ ծրագրեր են գրվում, բայց ո՞վ է դրանց իրագործմանը հետամուտ:
-Գաղափարախոսության հենքում մենք դնում ենք ազգի շահերը:
-Այսօր ընդդիմադիր կուսակցությունները, օրինակ, ազգի շահով չե՞ն առաջնորդվում:
-Եթե ընդդիմության նպատակն ազգի շահից է բխում, պատրաստ ենք համագործակցելու, բայց եթե գերխնդիրն Ազգային ժողովի պատգամավոր դառնալն է, մենք դա չենք ընդունում: Այսօր շատերը հայտարարում են, որ երրորդ ուժ են, սակայն մի օր ընդդիմություն են, հաջորդ օրն էլ՝ իշխանություն: Եթե երրորդ ուժ ես, պիտի համագործակցես երկուսի հետ էլ:
-ՀԱԿ-ի հետ կհամագործակցե՞ք:
-Նայած ինչ հարցերում. եթե համահունչ լինեն մեր ծրագրերը: Բայց այսօր նրանք պարզապես իշխանափոխության նպատակ են հետապնդում: Նույնն է, թե մեռավ թագավորը, կեցցե թագավորը: Ասել է՝ անվան փոփոխություն է լինելու, այնինչ սկզբունքային մոտեցում պիտի լինի: Իշխանափոխությունը հայտարարելով, ճառերով չի լինում:
-Առաջիկա ընտրություններին մասնակցելո՞ւ եք:
-Այո:
-Դաշինքո՞վ:
-Կապրենք` կտեսնենք:
-Վերջերս «երրորդ ուժ» ասվածը Ռոբերտ Քոչարյանի անվան հետ է նույնացվում: Տեղյա՞կ եք:
-Առաջին անգամ եմ լսում, որ Ռոբերտ Քոչարյանը, որպես օլիգարխ, կարող է երրորդ ուժ ստեղծել: Միայն հայտարարություններ են, թե նա ուզում է քաղաքականություն վերադառնալ: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում օլիգարխներ աճեցրեց, Ռոբերտ Քոչարյանը նրանց իշխանություն տվեց, նրանք դարձան պլուտոկրատներ: Դժվար է պատկերացնել Քոչարյանին որպես երրորդ ուժ:
-Քաղաքական ակտիվ պայքարի «նետվող» յուրաքանչյուր կուսակցության հետևում կա՛մ օլիգարխ, կա՛մ այլ հովանավոր կա: Առանց օլիգարխի ինչպե՞ս եք ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնում:
-Համամիտ եմ Ձեր դիտարկմանը: Բայց հարցին հարցով պատասխանեմ. եթե ես հովանավորվեմ մի օլիգարխի կողմից ու գամ իշխանության, ո՞ւմ եմ ծառայելու: Ազգի՞ն։ Բացառվում է։ Պիտի ծառայեմ այդ հովանավորին: Իսկ սա մեզ համար ընդունելի չէ:
-Փաստորեն, այսօրվա իշխանական բոլոր կուսակցությունները (և ոչ միայն նրանք) ծառայո՞ւմ են իրենց հովանավորներին:
-Չեմ կարող պնդել, բայց գիտեմ, որ նման դեպքում կուսակցությունն անկախ չի կարող լինել:
-Այսօր ընտրության մասնակցության համար պահանջվող գրավի չափը բավականին մեծ է, ինչպե՞ս եք պատրաստվում ֆինանսական «անջրպետը» հաղթահարելու:
-Հավատում եմ, որ մինչ 2012-ի ընտրություններն այդ չափորոշիչը փոփոխության կենթարկվի: Եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես այսօր է, ՄՀԿ-ն կհրաժարվի գնալուց ԱԺ: Դա արդեն անիմաստ կլինի:

«Ո՞ՒՐ ԷՐ ԱՅՆՏԵՂ ԺՈՂՈՎՈՒՐԴ»
ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆ
(ՀԴԿ նախագահ)

-Մտադի՞ր եք «երրորդ ուժի» հետ միանալ:
-Ձևակերպված երրորդ ուժ չկա, դա ընդամենը գաղափար է: Իսկ որ մեր կուսակցությունն ուզում է միևնույն գաղափարախոսությամբ ուժերը միավորվեն, հատկապես ձախակենտրոն սոցիալ-դեմոկրատները, փաստ է: Այնպես որ, այդ ուղղությամբ ենք շարժվելու:
-ՀԱԿ-իշխանություն դադարեցված երկխոսությունը…
-Դուք դեռ շարունակում եք այդ մասին խոսե՞լ: Անկեղծ ասած, զարմանում եմ` ինչո՞ւ է մամուլը միշտ դրա մասին խոսում: Քաղաքականությամբ զբաղվողներս այդ մասին խոսո՞ւմ ենք։ Աշխատում ենք չխոսել, որովհետև անիմաստ է: Անընդհատ ուզում եք դրան շունչ տալ: Այնտեղ շունչ չկա: Այդ երկխոսության անվան տակ կա միայն շահի հասկացություն: Երկու կողմերը շահեր ունեն, ու դրա անունը դրեցին երկխոսություն:
-Շահերը չհամընկա՞ն:
-Այն, ինչ անում էին, շատ անտրամաբանական էր: Եթե այդ ամենը տրամաբանության շրջանակում լիներ, մյուս քաղաքական ուժերն էլ դրան կմասնակցեին:
-ՀԱԿ-ը մեկշաբաթյա ակցիա իրականացրեց, ինչո՞ւ մյուս քաղաքական ուժերը չմասնակցեցին դրան:
-Ինչո՞ւ մասնակցեին, ախր իրենց ինչի՞ն գնանք:
-Գնայիք միանայիք ժողովրդին:
-Ո՞Ւր էր այնտեղ ժողովուրդ: 2008-2009-ին ժողովուրդ կար, իրենք իրենց ձեռքով այդ շարժումը մարեցին, բերին հասցրին զրոյական վիճակի, իսկ հիմա ուզում են արհեստականորեն պահպանել: Իշխանություններին էլ է ձեռք տալիս, որ նրանք այսպես անցնեն խորհրդարան:
-Այս ողջ գործընթացը, ի վերջո, ինչի՞ է հանգեցնելու:
-Դատարկաբանության: ՈՒրիշ բան չկա այնտեղ: Մինչև հունվար-փետրվար քաղաքական ուժերը կկողմնորոշվեն: Ովքեր բլոկ կկազմեն, կտեսնեն` հնարավո՞ր է արդյոք արդարության որոշ սաղմեր պահպանել ընտրությունների ժամանակ: Եթե հնարավոր լինի, այդ ուժերը հաջողություն կունենան:
-Ստեղծված իրավիճակում, կարծում եք` «երրորդ ուժ», այնուամենայնիվ, կստեղծվի՞:
-Անպայման: Միանշանակ դա հնարավոր է:
Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ