«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ «ԱՌԵՂԾՎԱԾԸ»

ՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ «ԱՌԵՂԾՎԱԾԸ»
18.11.2011 | 00:00

ՀՀ պետական դրոշի գույների անճշտության շուրջ խոսակցությունները մերթ ուժգնանում են, մերթ մարում։ Ի մասնավորի` սպասելի էր հստակեցում այս նշանակալից խնդրում Անկախության 20-րդ տարեդարձին ընդառաջ։ Այսօր սակայն շատ ավելի կարևոր խնդրով` պետական զինանշանի մշակմամբ է զբաղված գեղանկարիչ և դիզայներ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ։
-Նախ ներկայացրեք ՀՀ պետական դրոշի շուրջ ընթացող քննարկումները և դրանց դրդապատճառները։
-Վերջին ամիսներին ինձ առաջարկեցին մասնակցել պետական դրոշի գույներին առնչվող հարցերի քննարկմանը։ Առաջարկությունը «Ազգային արժեքների պահպանման հիմնադրամինն» էր։ Հստակեցում է անհրաժեշտ, քանզի, ինչպես գիտեք, նարնջագույնը մեկնաբանվում է այս կամ այն գուներանգներով։ Եվ այն հստակեցված չէ միջազգային գունային ռեեստրի կատալոգի թվային սանդղակում։ Սա վերաբերում է նաև կապույտին և կարմրին։ Սահմանադրության մեջ դրոշի երրորդ գույնը նարնջագույնն է։ Բայց ահա երգերում, բանավոր խոսքում, հռետորական ելույթներում այն մեկ ցորնագույն են անվանում, մերթ էլ` ծիրանագույն։ Իսկական խառնաշփոթ է։ Մենք հստակեցրել ենք խնդիրը և որոշում ունենք պետական դրոշի գունային-թվային արժեքի մասին։ Քննարկումների ժամանակ ես առաջ քաշեցի շատերի համար անծանոթ ու աննկատ մնացած ՀՀ պետական զինանշանի մասին հարցը, զինանշան, որն ընդունվեց 1992-ի ապրիլի 19-ին։
-Բայց, կարծես թե, այն ընկալվել-ընդունվել է հանրության կողմից։ Նաև դարձել սովոր, ինչ-որ չափով էլ` հարազատ։ Ի՞նչ կա այս պարագայում։
-Անծանոթ, ոչ մասնագետ հայացքի համար այն, հավանաբար, պատկառելի ու գրավիչ է։ Սակայն հոգատար և գիտակ աչքը շատ սկզբունքային թերություններ կնկատի։ Նախ զինանշանի աջ և ձախ հատվածները կոմպոզիցիոն տեսանկյունից հավասարակշռված չեն։ Աջ հատվածն ավելի հագեցած է թվում ի վնաս ձախի «դատարկության»։ Սակայն, ըստ իս, շատ ավելի նշանակալից բացթողումներ կան։ Եվ ոչ միայն կոմպոզիցիոն առումով։ Սկսենք վերին մասից և ուշի ուշով մանրամասնենք պատկերը։ Առյուծի դեմքն առյուծի չէ, սա ինչ-որ անհասկանալի, խղճուկ կենդանի է, ներող եղեք, բայց կարծես ավանակի ականջներով։ Այնուհետև, զինանշանի առյուծը բաշ չունի։ Աշխարհի բոլոր զինանշաններում առյուծների բաշը ճակատից վեր է, առյուծները բնության մեջ այսպիսին են` նրանք զինանշաններում պատկերվում են խրոխտ ու մռնչալիս, երախները բաց, ժանիքների ցուցադրմամբ։ Այս ամենն է խորհրդանշում առյուծի հզորությունը։ Սակայն մեր զինանշանում մազաթափ է ու ճաղատ, երախը` փակ։ Իսկ թաթը անհավանական դիրքում է, կարծես մարդու վերջույթ է, այն էլ` ջարդված։ Նայենք դեպի ձախ։ Արծիվը ևս հզորության խորհրդանիշ չէ, գլուխն ինչ-որ տափակ է, ոչ հաղթական։ Կոմպոզիցիոն իմաստով լրացնեմ, որ արծվի փետուրներն այնքան են մանրացված, որ փոքր զինանշանի պատկերների դեպքում չեն ընթերցվում։ Առհասարակ զինանշանը բնավ արտահայտիչ չէ, շատ բան է կորցնում փոքրացնելիս` պաշտոնական փաստաթղթերում, դրամների վրա և այլն։ Այնուհետև առկա են գունային տարընթերցումները։ Սահմանադրությունում հստակեցված է` կենտրոնում Արարատ լեռն է` նարնջագույն։ Իրականում սակայն, նարնջագույն ֆոնին ճերմակ Արարատն է։
-Արծիվն ի՞նչ դիրքում է հարևանի համեմատությամբ։
-Դարձյալ տխուր։ Ձախ թևն անհասկանալի դիրքում է։ Այն ասես գրկում է առյուծին, կարծես նրա բաշի շարունակությունն է, ոչ թևը, սակայն հանձնաժողովում ժամանակին դա ևս չէին նկատել։ Նոյյան տապանը ևս թերի է պատկերված։ Տապանն առանց վերին կառույցի տապան չէ, այլ մակույկ։
Էապես աղավաղված են չորս թագավորական զինանշանների պատկերները։ Ահա առյուծի պատկերը... Բայց չէ՞ որ սա ծաղրածուի դիմակ է։ Եվ դարձյալ զինանշանը հնարավոր բոլոր տարբերակներով է օգտագործվում, բավականին կամայականորեն։
-Այսինքն, զինանշանից արժեքավոր բան չի՞ մնում։
-Գրեթե։ Սակայն շարունակեմ վերլուծությունս։ Անդրադառնանք թրին։ Սա հաղթանակի թուրը չէ, քանի որ բացակայում է սուր ծայրը։ Ինչևէ, այն չկա, թաքնվա՞ծ է, ջարդվա՞ծ, թե՞ պարզապես վահանի հենարանն է։
Անցնենք մյուս խորհրդապատկերներին։ Ի՞նչ է սա, փետո՞ւր։ Այստեղ փետուր չկա, որը կարող էր խորհրդանշել հայության մշտարթուն սերը հանդեպ գիրքը, թե՞ ինչ-որ ճյուղ է, ինչի՞ համար է ճյուղը և ի՞նչ է խորհրդանշում։ Իսկ այս հատվածը, որ ցորենի հասկեր են, երեք հասկ է, չորս հասկի պոչ։ Հանդիպում են հասկերի պատկերման և այլ տարբերակներ։
Բայց ահա ավելի կարևոր մի բան. ըստ զինանշանի հեղինակների` ենթադրելի է, որ հաղթական թուրը պատռել է շղթան։ Մի բան, որ առհասարակ, զինանշանի տրամաբանությունն է և ոգին։ Սակայն մեր զինանշանում թուրը ոչ միայն ծայր չունի, այն շղթայված է։ Սա հակադիր խորհրդանշան է, ենթակա վերացման։ Այս ամենից զատ և վերոնշյալին որպես լրացում, դատարկ և թաքնված է զինանշանը պարուրող ժապավենը։ Բայց չէ՞ որ ժապավենը զինանշանում պատկերվում է, եթե վրան ինչ-որ բան կա գրված, եթե ոչ, ապա ավելորդ է։ Եթե ոչ, չկա նրա կարիքը։
-Ի՞նչ եք պատրաստվում անելու։
-Աշխատում եմ վերջացնել լրամշակումներս։ Խոստովանեմ, որ բավականին բարդ ու պատասխանատու աշխատանք է։ Քանի որ ի սկզբանե ես ցանկություն չեմ ունեցել զինանշանն արմատական փոփոխումների ենթարկելու և դրա իրավունքն էլ չունեմ։ Կրկնում եմ, զինանշանը խառնաշփոթ վիճակում է։ Եվ այն պիտի կատարելագործել ու կանոնավորել։ Ասեմ նաև, որ արտառոց ոչինչ այստեղ չկա։ Ֆրանսիայի զինանշանը փոփոխվել է բազմիցս և հաստատվել միայն 1993-ին։ ՈՒկրաինան օգտագործում է, այսպես կոչված, փոքր զինանշանը, մեծը դեռևս հաստատված չէ։
Մի խոսքով, աշխատանքը, քննարկման փուլերն անցնելով, կներկայացվի պետական կառույցների ուշադրությանը։
-Պարոն Աղամյան, անդրադառնանք զինանշանի ստեղծման պատմությանը։
-1991-ին էր, կարծեմ, երբ մրցույթ հայտարարվեց։ Ես մրցութային հանձնաժողովի անդամ էի։ Ներկայացվեց շուրջ 150 նախագիծ։ Սա նշանակում է, որ թե՛ մասնագետների, թե՛ հասարակության շրջանում ոգևորություն կար` ունենալ անկախ հանրապետության զինանշան։ Քննարկումների առաջին փուլում պարզորոշվեցին հիմնական երեք մոտեցումները։ Մասնագետների առաջին խումբը համոզված էր, որ անհրաժեշտ է պահպանել Խորհրդային Հայաստանի զինանշանը որոշ գաղափարական փոփոխություններով, ասենք, փոխվեր երկրի պաշտոնական անվանումը, մուրճն ու մանգաղը փոխարինվեին քրիստոնեական խաչով և այլն։ Երկրորդ խումբն առաջարկում էր ընդունել Հայաստանի առաջին Հանրապետության զինանշանը` առանձին շտկումներով։ Երրորդ խումբն ամենաներկայացուցչականն էր քանակական առումով, և նրանց նախագծերը սկզբունքորեն տարբերվում էին նախորդ մոտեցումներից, շատ բազմաբնույթ էին։ Մրցութային հանձնաժողովն իր հերթին մի քանի խմբի տարաբաժանվեց, համաձայն նախապատվությունների։ Ես, չպաշտպանելով որևէ մոտեցում, պնդում էի, որ անհրաժեշտ է նախ ստանալ իշխանությունների քաղաքական պատվերը, որը կհստակեցներ էական մի քանի հանգամանք զինանշանը ստեղծելիս. ինչպիսի երկիր ենք մենք, ուր ենք գնում, ինչ ենք կառուցում, և ինչ բաղադրիչ պատկերներ պետք է ունենա զինանշանը։ Բայց ամեն բան թողնված էր նկարիչների և ճարտարապետների հայեցողությանը։ Սա սկզբունքային վրիպում էր, զինանշանի պատվիրատուն պետությունն է իր պատմաքաղաքական ռազմավարությամբ։ Առաջին փուլն այսպես էլ ավարտվեց։ Սակայն խնդիրը հրատապ էր` ունենալ երրորդ հանրապետության զինանշանը։
-Ե՞վ...
-Ժամանակ անց հայտարարվեց մրցույթի երկրորդ փուլը։ Ներկայացվեցին և՛ նախորդ փուլի աշխատանքները, և՛ նոր առաջարկներ եղան, շուրջ երկու հարյուր տարբերակ էր հրապարակում։ Ինքս չմասնակցեցի սեփական նախագծով, քաղաքական պատվերի բացակայության հիմնավորմամբ, սակայն հանձնաժողովի կազմում էի։ Երկրորդ փուլը ևս չբացահայտեց լավագույնը։ Ես մնացի իմ հատուկ կարծիքին։ Ի վերջո, արձանագրություններ կազմվեցին և ուղարկվեցին կառավարություն։ Ցավոք, հավանաբար շտապողականության հետևանքով կամային որոշում կատարվեց` ընդունել առաջին հանրապետության զինանշանի լրամշակված տարբերակը, առանց վերջնական տարբերակի լուրջ և մասնագիտական վերլուծության։ Ինչը և փորձում եմ այսօր իրականացնել։
Հարցազրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2281

Մեկնաբանություններ

յուն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am