«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱԶՆԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ՏԵՍԱԿԸ ՊԵՏՔ Է ԿԱՅԱՑՎԻ»

«ԱԶՆԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ՏԵՍԱԿԸ ՊԵՏՔ Է ԿԱՅԱՑՎԻ»
28.09.2010 | 00:00

«Քաղաքականությունից դուրս» խորագրի շրջանակում այս անգամ մեր հյուրն է Ազգային ժողովի պատգամավոր ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ, որի հետ զրուցում ենք ոչ որպես քաղաքականությամբ զբաղվող անհատի, այլ սովորական հայ կնոջ` իր մտահոգություններով և ուրախություններով։
-Հայ իրականությունում ի՞նչն է ամենից շատ մտահոգում Հերմինե Նաղդալյանին։
-ՈՒզում եմ, որ երկրում խաղաղություն լինի` հաշվի առնելով հատկապես վերջին շրջանի իրադարձությունները։ Ինչպես մյուս բոլոր հայ կանայք, Հերմինե Նաղդալյանը ևս չի կարող մոռանալ այն հազարավոր զոհերին, որոնց Արցախի ազատամարտում կորցրինք։ Նրանց մեջ էին նաև իմ ընկերները, ընկերուհիները։ Խաղաղ երկնքի գինը յուրաքանչյուր կին ավելի վեր է դասում, քան տղամարդը։ Բոլոր պատերազմների հեղինակները մեծ մասամբ տղամարդիկ են, բայց զոհողություններն ավելի սուր են զգում կանայք։ Շատ ուզում եմ, որ մեր պետության ղեկավարները, ի դեմս հանրապետության նախագահի, կարողանան հետևողական գործունեությամբ արցախյան հիմնախնդիրը հասցնել խաղաղ հանգուցալուծման։ Ժամանակին նախագահի նստավայրում մասնակցում էի մի հանդիպման, որին ներկա էին նաև ադրբեջանցիներ, քննարկվում էր ղարաբաղյան հիմնախնդիրը։ Ինձ շատ ցնցեց նախագահի վերաբերմունքն ամեն զինվորի կյանքի համար։ Որպես սովորական կին շատ գնահատում եմ երկրիս ղեկավարի սրտացավությունն ամեն մարդու ու հատկապես զինվորի կյանքի ապահովման հարցում։ Իհարկե, մտահոգված եմ նաև մեր կրթական խնդիրներով, որովհետև երեխաներս սովորում են և՛ բուհում, և՛ դպրոցում։
-Ի՞նչ եք կարծում, իշխանության վերնախավում հայտնված մարդիկ այսօրվա հայ քաղաքացու առտնին հոգսերի ողջ ծանրությունը հասկանո՞ւմ են։
-Հասարակ օրինակ բերեմ. այս քառօրյայում քննարկվում էր աղբահանության մասին օրինագիծ, որը, ըստ ամենայնի, քաղաքական գործիչների համար այնքան էլ հնչեղություն չուներ։ Բայց օրինագծի քննարկումը ցույց տվեց, որ, անկախ քաղաքական, կուսակցական կողմնորոշումից, պատգամավորները բարձրաձայնում էին այնպիսի խնդիրներ, որոնք հուզում են ժողովրդին։ Այնպես որ, չեմ կարծում, որ վերնախավը վերևում է ու ժողովրդի հոգսերին անհաղորդ։ Կան շատ մարդիկ, որոնք իրենց կենսագրությամբ, աշխատանքով ցույց են տվել, որ իսկապես ժողովրդի, պետության ծառաներն են, սրտացավ ու մտահոգ են հուզող հարցերի նկատմամբ։ Այլ հարց է, որ օբյեկտիվորեն բավականին լուրջ խնդիրներ ունենք պետության կենսագործունեության, հզորացման հարցում։ Այս ճանապարհին սուբյեկտիվ դժվարություններն ինչպես սովորական քաղաքացիների, այնպես էլ մեզ համար անընդունելի են։
-Դուք, ինչպես քաղաքական այլ գործիչներ, հաճախ եք էկրանի այն կողմից «շփվում» մարդկանց հետ։ Որքանո՞վ եք կարևորում էկրանից երևացող մարդու ընդունելի, հասկացված լինելը։
-Այս տարիներին բազմիցս առիթ եմ ունեցել հեռուստաէկրանից խոսելու մարդկանց հետ, սակայն երբեք անտարբեր չեմ եղել այն կողմում գտնվող մարդու հանդեպ։ Տեսախցիկի մեջ միշտ մարդու աչք եմ տեսել։
-Սովորաբար հանրությունը քաղաքական գործիչներին, իշխանության ներկայացուցիչներին ճանաչում է միայն մի «երեսով», իսկ նրանց մարդկային տեսակը, բնույթը քողարկվում է քաղաքականության շղարշով։ Հարկավոր չէ՞, արդյոք, նրանց դիտարկել նաև այդ տեսանկյունից։
-Կարծում եմ` դա շատ կարևոր է։ Մեզանում քաղաքական գործչի տեսակն ու այն պահանջները, որոնք պետք է ներկայացվեն նրան, բարոյական կերպարը, բնույթը դեռևս մշակված ու կայացված չեն։ Այս ամենում կան գրված ու չգրված օրենքներ։ Թերևս, մեր երկրի ժողովրդավարության ոչ մեծ «ստաժն» է պատճառը, որ հանրության համար պարզ չէ քաղաքականությամբ զբաղվող անձի ինչպիսին լինելը։ Վերջերս մի դեպք պատահեց, որը և՛ զարմանքի, և՛ ծիծաղի առիթ տվեց։ Բարեկամներիցս մեկին էի այցելել, որն ապրում էր բազմաբնակարան շենքում։ Մուտքի մոտ նստած էին տարեց կանայք, որոնց բարևեցի ու վերև բարձրացա։ Հետո բարեկամուհիս պատմեց, թե մարդիկ զարմացել են, որ պատգամավորն իրենց բարևել է։ Ցավալի է, որ այս հանգամանքը մեր շրջապատում զարմանալու առիթ է տալիս։
-Ո՞րն է պատճառը, որ այդպիսի կարծրատիպեր են ձևավորվել։ Որտե՞ղ ենք սայթաքել։
-Մենք ճանապարհ ենք անցնում, ազգովին քննություն ենք տալիս, ու շատ բաներ «մաղվում» են։ Հայի հայրենասեր, օրինապահ տեսակը քաղաքականության մեջ պետք է հաղթի։ Եթե մենք ուզում ենք կայացած պետականություն և պաշտպանված քաղաքացի ունենալ, պետք է ճիշտ «մաղենք»։ Ընտրողը պիտի կարողանա զատել թացը չորից։ Շատ հաճախ գեղեցիկ խոսողներն իրենցից ոչինչ չեն ներկայացնում և` հակառակը։ Քաղաքականության մեջ ազնիվ քաղաքական գործչի տեսակը պետք է սահմանվի և կայացվի։ Ի դեպ, սա զուտ հայկական խնդիր չէ, այլ երկրներ էլ սրա առջև են կանգնած։
-Խոսենք առավել լուսավոր թեմաներից։ Ասում են, բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, իսկ դժբախտները դժբախտ են յուրովի։ Ո՞րն է Հերմինե Նաղդալյան հայ կնոջ երջանկությունը։
-Ինձ համար երջանկությունն այն ներդաշնակ աշխարհն է, որտեղ ապրում եմ։ Այդ աշխարհում են իմ ընտանիքը, երեխաները, աշխատանքը։ Սրանցով է լցվում իմ օրը, կյանքը։ Ասում են` երջանիկ է այն մարդը, ով առավոտյան շտապում է աշխատանքի, իսկ երեկոյան` տուն։ Սրանում մեծ ճշմարտություն կա։ Հաճախ են հարց տալիս` ո՞րն է քեզ համար նախընտրելի` աշխատա՞նքը, թե՞ ընտանիքը։ Միայն մեկը չի կարող լինել նախընտրելի։ Կարևոր է, որ ինձ մարդ զգամ, պահանջված, պիտանի և ուժերս իրացրած։ Եթե սա չկարողանամ անել, շատ վատ, հուսահատ կզգամ, սակայն դրանով իմ աշխարհը չի սահմանափակվում, քանի որ երեկոյան շտապում եմ տուն։ Անգամ ընդմիջումների ժամանակ զանգում եմ տղաներիս, հարցնում` ինչո՞վ են զբաղված, դասերն անո՞ւմ են, տանն ի՞նչ վիճակ է և այլն։ Այսինքն, «կամ- կամ»-երի մեջ չեմ կարող պատասխան տալ։ Իմ աշխարհում կան բոլորը, ովքեր ինձ համար և՛ թանկ են, և՛ կարևոր։
-«Եվ-և»-երի մեջ ժամանակ մնո՞ւմ է Ձեր ներքին մարդու հետ միայնակ մնալու։
-Երբեմն երեկոյան շատ ուշ ժամի ցանկություն է լինում, որ բոլորը գնան քնելու, իսկ ես մենակ մի փոքր նստեմ։ Տարիքի հետ այդ ցանկությունն ավելի է մեծանում։ Քանի որ բազմանդամ ընտանիք ունեմ, անցուդարձով լի, աշխատանքից տուն եմ գալիս ու ընկղմվում ընտանեկան հոգսերի մեջ։ Այդ ամենից հետո, երբ բոլորը քնում են, տեխնիկան անջատված է, լռության մեջ ես ու ամուսինս սիրում ենք քննարկել անցնող օրվա արածն ու չարածը, ի՞նչդ է ցավում ֆիզիկապես ու հոգեպես, ի՞նչ ենք պլանավորում և այլն։ Որպես կանոն, այսպես է իմ օրն ավարտվում։ Երբեմն էլ ժամանակ է մնում ինքս ինձ հետ մենակ մնալու։ Այսինքն, այսպես էլ` բազմանդամ ընտանիքով, ծանրաբեռնված աշխատանքով անցնում է իմ օրը։ ՈՒ հենց սրանով էլ երջանիկ եմ։ Որովհետև դա իմ ստեղծածն է, իմ ընտրած ուղին, իմ գիտակցական ընտրությունը։ Ոչ մի բան չեմ ստացել հենց այնպես, երկնքից։ Ամեն ինչի համար աշխատել եմ, չարչարվել, պայքարել։ ՈՒ այս ամենն իմը լինելով` շատ թանկ է։
-Դուք ոչ կոնֆլիկտային մարդ եք Ձեր գործում։ Ինչպե՞ս է հաջողվում այս բարդ կյանքում պահպանել հավասարակշռությունը։
-Երևի դա կնոջը հատուկ պետք է լինի, հատկապես քաղաքականությամբ զբաղվող կնոջը, որովհետև կինը քաղաքականության մեջ արժեքավոր է հենց կոնֆլիկտները հարթելու, համոզելու յուրահատկությամբ։ Պետք է միշտ փորձել հասկանալ իրավիճակն ու դրանով թելադրված գործողությունները։ Հաճախ մեզ դիմող մարդկանց խնդիրներն օբյեկտիվորեն չես կարող լուծել, բայց այդ պարագայում կարող ես զուտ մարդկային վերաբերմունք ցուցաբերել, որից տվյալ անձն իրեն հաստատ լավ կզգա։ Մարդկային տարրական բարության դեֆիցիտ ունենք։ Կանայք պետք է կարողանան սուր անկյունները հարթել։ Սա չի նշանակում, թե պիտի դավաճանես սկզբունքներիդ, համոզմունքներիդ։ Կարելի է պատերազմելու փոխարեն նստել, հարցերը քննարկել և իրար հասկանալ։ Յուրաքանչյուր իրավիճակում կարելի է իրար նկատմամբ հարգանքով բարձրաձայնել ճշմարտությունը։ Սիրում եմ խելացի ու անկեղծ մարդկանց։ Առանց խելքի անկեղծ մարդը պարզապես հիվանդ է, իսկ խելք ունեցող, բայց ոչ անկեղծ մարդը` սրիկա։
-Ձեր կարծիքով, այսօր հայ կնոջ կերպարը մի քիչ շատ չի՞ «եվրոպականացվել», հեռացել «անաղարտ» վիճակից։
-Գլոբալիզացիայի այս դարում կուզենայի Եվրոպայից միայն լավը վերցնել։ Սակայն, ցավոք, առավել հաճախ վատն ենք արագ ընդօրինակում։ Կցանկանայի, որ այսօրվա հայ կինը և՛ բարձր գրագիտություն ունենար, և՛ կամային հատկանիշներ` այդ գիտելիքները իրացնելու գործում, որպես կին երբեք չկանգներ երկընտրանքի առաջ` աշխատա՞նք, թե՞ ընտանիք։ Եթե նախկինում բավականին ժամանակ էր հատկացվում լվացքին, արդուկին, աման լվանալուն, հիմա դա մեր փոխարեն անում է տեխնիկան։ Պետք է թեթևացնել կնոջ բեռը` թույլ տալով նրան օգտագործել իր ներուժը մասնագիտական դաշտում։ Եվ ամենակարևորը` երեխաների դաստիարակությունը, քանի որ մենք դեմոգրաֆիկ խնդիրներ ունենք։ Դեռ 60-70-ականներին ԱՄՆ-ում մի ստեղծագործություն գրվեց, որտեղ ասվում էր, թե ԱՄՆ-ին պետք չեն աշխատող ձեռքեր, պետք են երեխաներ։ Չեմ ուզում ասել, որ Հայաստանին պետք չեն աշխատող ձեռքեր, պարզապես Հայաստանին երեխաներ են պետք։ Ընտանիքում պիտի քեզ հարգեն, սիրեն, քո բեռան մի մասն իրենց վրա պիտի վերցնեն ամուսինդ, երեխաներդ, ծնողներդ։ Իմ երեխաներն արդեն սովոր են, որ ես մշտապես զբաղված եմ, ուստի հարցնում են` ժամանակ ունե՞ս այսինչ հարցով զբաղվելու, այլ ոչ թե` պիտի՛ զբաղվես։ Իհարկե, քիչ ժամանակ է մնում հանգստի համար, սեփական զարգացման համար, կարդում եմ, երբ ճամփորդում եմ։
-Ո՞րն է Ձեր սեղանի գիրքը։
-Շատ են։ Սիրում եմ գրքեր, որոնց մեջ բանավեճ կա, դիրքորոշում, և որոնք աջակցում են քո դիրքորոշման կայացմանը։ Գեղարվեստական գրականություն շատ եմ սիրում, բայց վերջին ժամանակներս կարդում եմ Մարգրետ Թետչերի չորս հատորից բաղկացած ստեղծագործությունը, որը նվիրված է կառավարման արվեստին։ Ինձ համար հարգարժան կերպար է Երկաթե լեդին, որը կարողացել է կառավարել նախ` ինքն իրեն, ապա` ընտանիքն ու երկիրը։ Թեև նա ինձ համար կուռք չէ, քանի որ շատ վիճելի հարցեր ունեմ նրա հետ։
-Ձեզ համար ո՞վ է օրվա հերոսը։
-Մարդը։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1373

Մեկնաբանություններ