«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՏԱԹևԵՐԸ» ԵՐԿԿՈՂՄԱՆԻ, ՀԵՏԱԴԱՐՁԵԼԻ, ԱՆԿԱՆԳԱՌ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ

«ՏԱԹևԵՐԸ» ԵՐԿԿՈՂՄԱՆԻ, ՀԵՏԱԴԱՐՁԵԼԻ, ԱՆԿԱՆԳԱՌ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ
09.09.2011 | 00:00

Հալիձոր-Տաթև ճանապարհը կարճող աշխարհի ամենաերկար «Տաթևեր» ճոպանուղին առժամանակ ուղևորափոխադրումներ չի իրականացնում: Ճոպանուղու տնօրեն ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ խոսքով` ճոպանուղու 15-օրյա դադարը պայմանավորված է գարնանային-ամառային ռեժիմից աշնանայինին անցնելու հանգամանքով:
-Ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից (քամիներ, օդի հարաբերական խոնավություն և այլն)` իրականացվելու են համակարգի կարգաբերման աշխատանքներ,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Ղազարյանը,- ինչը, ճոպանուղու շահագործման կանոնակարգի համաձայն, անհրաժեշտ պայման է յուրաքանչյուր ճոպանուղու անխափան, անվտանգ և հուսալի շահագործման համար:
-Տաթևը դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրը: Տաթև այցելում են աշխարհի ամենաերկար ճոպանուղու թռիչքը «վայելելո՞ւ» նպատակով, թե՞ պարզապես այն դյուրացրել է ճանապարհը:
-Ե՛վ ճանապարհի դյուրացման պատճառով, և՛ աշխարհի ամենաերկար ճոպանուղու թռիչքը վայելելու համար: Բնականաբար, ճոպանուղու գործարկմամբ է պայմանավորված տարածաշրջանի, ընդհանրապես Տաթևի տարածքում զբոսաշրջիկների աննախադեպ աճը: Միայն այս տարի «Տաթևեր» ճոպանուղին սպասարկել է ավելի քան 51000 ուղևորի, որոնցից ավելի քան 3000-ը հարակից Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Սվարանց և Տանձատափ համայնքների բնակիչներն են:
-Զբոսաշրջության եկամուտները անդրադառնո՞ւմ են տեղի բնակչության կենսամակարդակի վրա, շահո՞ւմ է պետական բյուջեն, թե՞ ամբողջ շահույթը հասնում է մասնավոր անձանց:
-Զբոսաշրջության զարգացումը միանշանակ ազդում է տարածքի բնակիչների եկամուտների աճի վրա: Տարածքում զարգանում է փոքր և միջին բիզնեսը, հատկապես հյուրատնային բիզնեսը, սպասարկման ոլորտի բիզնեսը և այլն:
-Մեր քաղաքացիները գերադասում են հանգիստն անցկացնել դրսում, քան հայաստանյան առողջարաններում ու գեղատեսիլ վայրերում` կապված գների բարձր լինելու հետ: Ինչպե՞ս է այս դեպքում:
-Ճոպանուղու հարակից տարածքներում մատուցվող ծառայությունների գները չեն տարբերվում մայրաքաղաքային գներից (առողջարանային գների հետ համեմատել չեմ կարող), մատչելի են, և, որքան ինձ հայտնի է, զբոսաշրջիկները տարածքում առկա ծառայությունների գներից բողոքելու առիթ չեն ունեցել: Գուցե նոր ստեղծվող բիզնես-ձեռնարկությունների մատուցած ծառայությունների որակից ինչ-որ տեղ դժգոհություններ եղել են, սակայն, գնային առումով, կարծում եմ, չեն կարող լինել:
-Ճոպանուղու տոմսի թանկացում չի՞ սպասվում:
-Մոտավորապես մեկ տարի առաջ, մինչ ճոպանուղու պաշտոնական գործարկումը, հայտարարվեց, որ մեկ տարի գնի փոփոխություն տեղի չի ունենա, և հարակից տարածքների բնակիչները ճոպանուղուց կօգտվեն անվճար: Առայսօր միակողմանի տոմսի արժեքը 2000 դրամ է, երկկողմանի տոմսի արժեքը` 3000 դրամ, և հարակից 6 համայնքների ավելի քան 5000 բնակիչ ամեն օր մեկ երկկողմանի անվճար տոմս ձեռք բերելու, ճոպանուղուց օգտվելու հնարավորություն ունի: Դեռևս որոշում կայացված չէ տոմսերի գնի փոփոխության հետ կապված, բայց հայտարարությունը եղել է մեկ տարվա համար, և հարցը գուցե քննարկվի:
-Ճոպանուղու գոյությունը երկրորդական պլան չի՞ մղում Տաթևի վանական համալիր տանող ավտոճանապարհի վերանորոգման հարցը:
-Միանշանակ` ոչ: «Տաթևեր» ճոպանուղու կառուցմանը զուգահեռ սկսվել է Գորիս-Շինուհայր - Հալիձոր- Տաթև ճանապարհի վերանորոգումը: Ճանապարհը հիմնովին վերանորոգվել է մինչև «Սատանայի կամուրջ» հատվածը: Ներկայումս կա ասֆալտապատ, բարձրորակ, միջազգային ստանդարտներին համապատասխան ճանապարհ մինչև «Սատանայի կամուրջ»: Ելնելով ճանապարհային պայմաններից, անվտանգության մի շարք նկատառումներից, պատրաստված է գրունտային ամուր և հուսալի ճանապարհ, որը «Սատանայի կամրջով» իրականացնում է կապը դեպի Տաթև համայնք: Ավելին, ճանապարհը կառուցելուց հետո մեր հիմնական հոգածության առարկան է նաև ճանապարհի սպասարկումը:
-Քամին համարվում է ճոպանուղու շահագործման հիմնական խոչընդոտը, իսկ տարածքում շատ են քամիները: Օդում կախված մնալու դեպքեր չե՞ն գրանցվում:
-Նման դեպքեր եղել են միայն ճոպանուղու շահագործման առաջին շաբաթներին, երբ ընթանում էին կարգաբերման աշխատանքներ և ճոպանուղու էլեկտրոնային ու մեխանիկական կառավարման համակարգերը հարմարեցվում էին մարզի կլիմայակայն պայմաններին: Ներկայումս ճոպանուղին աշխատում է անխափան, առանց տեխնիկական խնդիրների:
-Շուտով կլրանա ճոպանուղու շահագործման մեկ տարին: Որո՞նք են հիմնական խնդիրները, և ի՞նչ ծրագրեր ունեք:
-Կբացվի Հալիձոր կայանի սպասասրահ-սրճարանը, որտեղ այցելուները հնարավորություն կունենան տեղեկություններ ստանալու ճոպանուղու մասին, սուրճ խմելու, սպասելու ուղևորվելու իրենց հերթին, ինչպես նաև տարածքը (ճոպանուղու վագոնից զատ) վայելել դիտակետից, որ տեղակայված է ճոպանուղու կայանի և սպասասրահի միջնամասում:
-Արտասահմանցիների այցելությունները դարձել են հաճախակի. սյունյաց ավանդույթների ու եվրոպական արժեքների «բախումներ» չե՞ն լինում: Բնակիչներից մեկը դժգոհում էր, որ արտասահմանցիներն իրենց կանանց տեղի սովորույթներին ոչ հարիր «խրատներ» են տալիս:
-Ես հարցին այլ դիտանկյունից կպատասխանեմ: Սյունիքի մարզի այցելուների մոտ 90 տոկոսը տեղյակ է` ուր է գնում (խոսքը արտասահմանյան զբոսաշրջիկների մասին է): Նրանք գալիս են զբոսնելու, ծանոթանալու տարածքի ավանդույթներին, մշակութային առանձնահատկություններին: Եթե, օրինակ, նրանց առաջարկվեն բարձրակարգ հյուրանոցներ և ճոխ ռեստորաններ, միանշանակ կհրաժարվեն, ոչ թե որ վճարունակ չեն, այլ որովհետև եկել են Սյունիք` անտառում քայլելու, գյուղացու տանը մեկ բաժակ սարի թեյ խմելու, սյունիքցու միջավայրում ապրելու և միմյանց ճանաչելու համար: Բնականաբար, զբոսաշրջիկները չեն կարող նմանատիպ իրավիճակներ առաջացնել, որոնցից դժգոհեն հարակից համայնքների բնակիչները:
-Ասում են` «Տաթևերն» ամենևին էլ ամենաերկար ճոպանուղին չէ…
-Նմանատիպ կառույցների չափման և գրանցման գործողություններ ողջ աշխարհում իրականացնում է Գինեսի ռեկորդների հանձնախումբը, որն էլ իրականացրել է չափագրման աշխատանքներն ու տրամադրել հավաստագիր: Ըստ այդմ, «Տաթևերը» երկկողմանի, հետադարձելի, անկանգառ ամենաերկար ճոպանուղին է աշխարհում:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 4859

Մեկնաբանություններ