ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«ԱԶԳԱՅԻՆՆ ԱՅՆ Է, ՈՐԸ ՀԱՄՈԶՈՒՄ Է, ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԷԼԻՆԵԼ ԱՐԴԻԱԿԱՆ ՈՒ ԿՐԵԼ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԱՎԱՆԴԱԿԱՆԸ»

«ԱԶԳԱՅԻՆՆ ԱՅՆ Է, ՈՐԸ ՀԱՄՈԶՈՒՄ Է, ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԷԼԻՆԵԼ ԱՐԴԻԱԿԱՆ ՈՒ ԿՐԵԼ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԱՎԱՆԴԱԿԱՆԸ»
27.11.2009 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրավունքը de facto»-ի հյուրն է կոմպոզիտոր ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ
«ԻՆՏԵԼԻԳԵՆՏԸ ՇԱՏ ՓԽՐՈՒՆ ՄԱՐԴ Է, ԵԹԵ ՆԱ, ԻՐՈՔ, ԻՆՏԵԼԻԳԵՆՏ Է»
-Պարոն Սաթյան, ի՞նչ հարաբերության մեջ են հայ երաժիշտները և քաղաքականությունը:
-Արթուր Օնեգերը 1953 թվականին գրել է, թե ֆրանսիացի կոմպոզիտորները զերծ են քաղաքականությունից և, իրենց բարձրությանը հարիր, գրում են երաժշտություն: Ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով: Ինտելիգենտը շատ փխրուն մարդ է, եթե նա, իրոք, ինտելիգենտ է: Շատ հաճախ չի մերվում իրականության հետ: Բոլշևիկյան հեղափոխության ժամանակ ինտելիգենցիան ոտնատակ եղավ: Նույնն էր և վերջին տեղաշարժերի ժամանակ` անկախացում, Ղարաբաղ, պատերազմ: Ինտելիգենցիայից միշտ պահանջում են ավելին, քան նա կարող է: Ինտելիգենտը ձգտում է չնեղացնել ոչ ոքի, ավելորդ ոչինչ չասել ու չանել: Իսկ բռի մարդիկ իրենց ամեն ինչ թույլ են տալիս, նրանց չեն հետաքրքրում ինքնասիրության, մարդու էության հետ կապված հարցերը: Մենք շատ տաղանդավոր ժողովուրդ ենք, և գնալով մեր մեջ ավելի մեծ ու նոր ուժեր են բացահայտվում: Բայց կա մի մտավախություն. մեր տաղանդներն այստեղից գնում են: Թեև դա էլ ունի իր լավ կողմը: Երբ ադամանդը ճիշտ շրջանակի մեջ է դրվում, երևում է նրա փայլը: Սիրում ենք հպարտանալ Արամ Խաչատրյանով, Վիլյամ Սարոյանով, Արշիլ Գորկիով: Եթե նրանք համապատասխան «շրջանակը» չունենային, չէին դառնա այն, ինչ դարձան: Նրանք, շնորհիվ իրենց տաղանդի, կարողացան կայանալ ճիշտ շրջապատում: Այսօր էլ երաժիշտների մեծ հոսք կա Հայաստանից: Գնացողները դրսում միջազգային մրցույթների դափնեկիրներ են դառնում, ճանաչում են ձեռք բերում, ու այստեղ դա մարդկանց չի հետաքրքրում: Ներսում մենք մերը չենք սիրում: Բայց եթե վաղը կարողանան մեծ բարձունքների հասնել, կսկսենք հպարտանալ մեր անվանի հայրենակցով:
-Մոտավորապես 20 տարի առաջ մի հանդիպման ժամանակ ասացիք, թե հայ էստրադայի ապագան կապվում է Գեորգի Մինասյանի և Զառա Տոնիկյանի հետ: Երկուսն էլ անկախությունից հետո գնացին Հայաստանից: Հայ էստրադան գլխատվե՞ց:
-Չեմ կարծում, թե գլխատվեց: Հայ ժողովուրդը, իսկապես, շատ տաղանդավոր է: ՈՒղղակի խառը իրավիճակներում երկրից դուրս եկան այն մարդիկ, ովքեր կարողացան կողմնորոշվել և սարքել (չեմ ասում՝ ստեղծագործել) այն երաժշտությունը, որը տվյալ պահին պետք էր: Հայտնի խոսք է՝ տաղանդավորներին պետք է օգնել, անտաղանդներն իրենք իրենց ճանապարհը կգտնեն: Այդպես էլ ստացվեց: Երբ խոսում ենք այսօրվա մեր էստրադայի մասին, չպետք է ժխտենք, որ տաղանդավոր մարդիկ կան: Ես համոզված եմ դրանում, տեսնում եմ նման մարդկանց: Բայց իմ ասած շրջանակը, միջավայրը չկա: Առաջ երգիչները գտնվում էին կոմպոզիտորի խիստ հսկողության ներքո: Մի գոռոց, մի ավելորդ ելևէջ, մի ամերիկանիզմ չէր կարող սպրդել նրանց կատարման մեջ: Հիմա, քանի որ ամեն մեկն անում է ուզածը՝ զոռ տված իր խելքին, մտածելակերպին, չենթարկվելով որևէ վերահսկողության, իրեն իրավունք է վերապահում և՛ գոռալու, և՛ ամերիկական ու թուրքական ելևէջներ ներմուծելու... Պրոֆեսիոնալն իրեն նման բաներ թույլ չի տա, դուրս չի գա կոմիտասյան սկզբունքներից, մեր լադային միջավայրից: Իհարկե, կարող է ունենալ նաև եվրոպական ազդեցություններ (բնական է, մենք ապրում ենք մեծ երկրագնդի վրա, որտեղ մերվում են տարբեր մշակույթները): Երբ չկա հսկողություն, ստացվում է անհասկանալի մի բան: Հսկողություն ասելով՝ նկատի չունեմ սովետական դիկտատուրան: Խոսքը պրոֆեսիոնալների հսկողության մասին է, որովհետև պրոֆեսիոնալը թույլ չի տա այն, ինչը կարող է թույլ տալ սիրողը: Հիմա երեխաներն անընդհատ եվրոպական երաժշտություն են լսում կամ խայտառակ ռաբիս: Դաստիարակվում են դրանցով: Իսկ ականջը պիտի սովորի ճիշտ երաժշտության, դաստիարակվի լավ երաժշտությամբ: Թե՛ խորհրդային շրջանի, թե՛ արդի հայ դասական երաժշտությունը տարբերվում է մնացած դպրոցներից: Այն շատ բարձրարժեք է: Բայց չի կարելի միայն նրա շրջանակներում պարփակվել: Մեր երեխաները պիտի կարողանան դուրս գալ միջազգային ասպարեզ, ներկայանալ այնտեղ, հասկանալ դրսի անցուդարձը, որպեսզի մեր երաժշտարվեստը նորովի ներկայացնեն աշխարհին:
«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉ ԵՎ ԻՆՉՊԵՍ Է ԱՆՈՒՄ ՄՅՈՒՍ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԸ»
-Հայաստանի մասնակցությունը «Եվրատեսիլ» միջազգային մրցույթին, մասնավորապես՝ մեր մասնակիցների ընտրության մեխանիզմները Ձեզ գոհացնո՞ւմ են:
-Շատ անգամ տեղյակ չեմ լինում, թե ինչ է այնտեղ կատարվում: Ինձ մի քանի անգամ նամակով հրավիրել են մասնակցելու մրցույթի ընտրական փուլին: Բայց երբ իմացել եմ, թե ով է հավակնում գնալու «Եվրատեսիլ», բնականաբար, հրաժարվել եմ: Վերջին «Եվրատեսիլում» (ոչ մանկականում) Անգլիայի մասնակցի երգը գրել էր Էնդրյու Լլոյդ ՈՒեբերը: Իհարկե, մասնակիցը չստացավ մրցանակ, բայց կարևորն այն է, թե անգլիացիներն ինչ վերաբերմունք ունեցան իրենց մասնակցության հարցին: Նրանք երգը պատվիրեցին գրել փոփ երաժշտության իրենց դասական հեղինակին: Այսպես պետք է լինի: Մեզ մոտ այլ կերպ պիտի կատարվեն ընտրությունները, պիտի ստեղծվի երգ՝ հատուկ կատարողի ձայնի համար: Ես ժամանակին իմ երգերը գրել եմ կոնկրետ Ռաիսա Մկրտչյանի, Գեորգի Մինասյանի, Զառա Տոնիկյանի, Սյուզան Մարգարյանի, Նադեժդա Սարգսյանի, այլոց համար: Ամեն ձայն ունի իր սպեցիֆիկան, երգը պետք է հարմար լինի երգչի ձայնային տվյալներին: Յուրաքանչյուր մրցույթի պետք է մասնակցել, անշուշտ: Մարդը, երկիրը պետք է իմանան, թե որ տեղում են, ինչքանով են համապատասխանում համաշխարհային հովերին, ինչ է կատարվում աշխարհում: Չէ՞ որ տեղեկատվական դաշտը բավական ընդարձակ է: Բայց այս ընդարձակ դաշտում մենք չպետք է կորցնենք ազգայինը: Վերջին «Եվրատեսիլում», իմ կարծիքով, մենք չափն անցանք: Ինչքա՞ն կարելի է դուդուկ նվագել, միևնույն ռիթմերը հնչեցնել: Թող մի քիչ էլ նոր, տարբեր մտածողություն լինի: Յուրմալայում 1986 թվականին Նարինե Հարությունյանն իմ երգերով 1-ին մրցանակի արժանացավ: Երգում էր հայերեն: Ռայմոնդ Պաուլսը զանգահարել ինձ, զարմացած ասում էր. «Յոթ անգամ լսել եմ, ո՞նց ես գրել այդ երգը»: Պրոֆեսիոնալին հետաքրքրում է, թե ինչ և ինչպես է անում մյուս պրոֆեսիոնալը: Եթե մի տնտեսուհի լավ տոլմա է եփում, մյուսն անպայման հետաքրքրվում է, թե ինչպես է եփել, ինչ համեմունքներ է օգտագործել: Շատ կարևոր բան է հայերեն երգելը: Երբ երգում են հայերեն, ճիշտ առոգանությամբ, լինում է ճիշտ մտածողություն: Լեզուն թելադրում է մեղեդային գիծը: Այսօրվա էստրադան այդպիսի բաներին ուշադրություն չի դարձնում: Մենք հաճախ լսում ենք հայերեն երգեր, որոնք կարելի է կատարել ցանկացած լեզվով, ու դրանից ոչինչ չի փոխվի, որովհետև մտածողությունը հայեցի չէ: Անվերջ խոսում ենք ազգայինի, հայկականի մասին: Իսկ ազգայինն այն է, որը համոզում է, կարողանում է լինել արդիական ու կրել միաժամանակ ավանդականը:
-Մեր գրեթե բոլոր ստեղծագործական միություններում ձևավորվել է «ընդդիմադիրների բանակ»: Դուք Հայաստանի կոմպոզիտորների միության ընդդիմադիրներից եք: Ի՞նչն է Ձեր մեջ դժգոհություն հարուցում:
-Կոմպոզիտորների միությունը չի գործում: Այս տարի եղավ համագումար: Համագումարից հետո ոչ մի նիստ չի եղել, վարչություն, հանձնաժողով չեն ընտրվել: Անհասկանալի է, թե ինչ է անում միությունը: Ամեն մեկս մեզ համար մեր գործերն ենք անում, իսկ միության քողի տակ ինչ-որ անձնական հարցեր են լուծվում: Ինձ համար արդեն անհետաքրքիր է այդ միությունը, որովհետև ես իմ գործերն անում եմ` անկախ նրանից: Իսկ միությունը պատկերացնում եմ այլ կերպ: Եթե խոսում ենք փոփոխության մասին, ուրեմն այդ փոփոխությունը պիտի լիներ հօգուտ պրոպագանդայի, հօգուտ դրսում հայ երաժշտությունը ներկայացնելու: Անընդհատ այստեղ բերում են արտասահմանյան երաժիշտների, կազմակերպում նրանց համերգները, դրա վրա ծախսում մեծ գումարներ: Թող նաև մերոնց տանեն-ներկայացնեն արտասահմանում: Ինչո՞ւ կարելի է դրսից հրավիրել, իսկ ներսիններին չտալ դրսում ներկայանալու հնարավորություն: Մենք հաճախ խոսում ենք տեղեկատվական դաշտի մասին, շեշտում, որ ղարաբաղյան հարցում տանուլ ենք տալիս տեղեկատվական պատերազմում: Նույնը կատարվում է արվեստում, երաժշտության մեջ: Իսկ դրա մեղավորը կոմպոզիտորների միությունն է: Մեղավոր է նաև երաժշտական ժանրերի զարգացումը չխթանելու հարցերում, մի բան, որին ինքը կոչված է: Այսօր բոլորս ենք տեսնում, թե ինչ վիճակում է երգարվեստը: Մեզ մոտ չեն ստեղծվում սիմֆոնիկ գործեր: Մենք հաղթել ենք պատերազմում, բայց մինչև հիմա որևէ երաժշտական բեմական ստեղծագործություն չի պատվիրվել այդ թեմայով: Սա պատմություն է, ինչո՞ւ չպիտի դրան անդրադառնան, ինչո՞ւ մի բալետ, օպերա չպիտի ստեղծվի: Այստեղ միության խնդիրը չէ միայն, այլև մտածելակերպի: Մենք մոռանում ենք, որ առանձին պետություն ենք, որ ուզում ենք ինքնուրույն, կայացած երկիր դառնալ: Դրա համար պետք է մեծ ուշադրություն դարձնել արվեստին: Իսկ այսօր մեխանիզմները չեն աշխատում: Ինչքա՞ն կարելի է տեղական մտածելակերպով, տեղական հայեցակարգով հարց լուծել:
«ԲԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐՏՆՉՈՂ ՕՂԱԿԸ ՄՇԱԿՈՒՅԹՆ Է»
-ՈՒզում եք ասել, որ մենք տուժում ենք նաև ոչ մշակութային` քաղաքական, դիվանագիտական, տնտեսական հարցերում, որովհետև մեր մշակութային կյանքում չլուծված խնդիրնե՞ր կան:
-Անշո՛ւշտ, տուժում ենք: Կարծում եմ, ամենակարևոր օղակը պետության, ժողովրդի կյանքում բանակն է: Բանակից հետո երկրորդ մարտնչող օղակը մշակույթն է: Եթե մշակույթը չլինի, բանակն արդեն պետք չէ: Առանց բանակի մեզ մշակույթը պահել է դարեր: ՈՒ հիմա այդ դաշտը կամաց-կամաց սպառվում է: Այսպես մենք կձուլվենք, կդառնանք ուրիշ ազգերի նման մտածող, մեր դեմքը չունեցող զանգված: Ամբողջ աշխարհում է ընթանում գլոբալիզացիայի գործընթացը: Էստրադային երաժշտության մեջ ամենուր գերիշխող են ամերիկյան տարրերը: Դա է ընդունված, ու բոլորը նույն բանն են անում: Ես հասկանում եմ, փող է պետք, ուրեմն պիտի անեն: Բայց փող ունենալու այլ ճանապարհներ էլ կան: Կարող են, օրինակ, բանկ թալանել:
-Մեր մտավորականությունը որքանո՞վ է մասնակցում հանրապետության ներքաղաքական անցուդարձերին:
-Մտավորականությունը ոչ մի դերակատարություն էլ չունի դրանցում: Որովհետև մեզ մոտ ամեն ինչ արվում է նախապես գծված պլանով: Կան մարդիկ, ովքեր, երաժշտության լեզվով ասած, դամքաշի նման պահում են վիճակը, մյուսներն էլ ժամանակ առ ժամանակ արտահայտվում են, բայց այդ արտահայտությունները մնում են օդում: ՈՒ դու արդեն հոգնում ես, մտածում, որ եթե քեզ լսող չկա, ինչո՞ւ արտահայտվես, ինչո՞ւ ավելորդ գլխացավանք ունենաս: Ավելի լավ է քո գործն անես, ստեղծագործես, մեկ էլ մի օր քեզ կնկատեն, ինչպես հանկարծ սկսել են նկատել Նժդեհին: Ես ո՛չ քաղաքականության մեջ եմ ուզում մտնել, ո՛չ դիվանագիտության: ՈՒզում եմ համոզել մարդկանց, որ լսեն երաժշտություն, հավատան լսածին: «Լիլիթ» փոփ-օպերան գրելիս ինձ հարցրին, թե որն է դրա հիմնական գիծը: Ես պատասխանեցի` սեր, հավատ, հույս: ՈՒզում եմ` մարդիկ այս արժեքներին հավատան: Ոչ թե կուրորեն հավատան, հանուն կարիերայի հավատան, այլ իսկապես, հոգով հավատան: Երբեմն սովետական կարգերը քննադատում են ու մոռանում, որ այն ժամանակ լավ բաներ էլ են եղել: Մարդիկ հավատ ունեին: Ճիշտ է, հազար ու մի փորձությունների մեջ էին` ստալինյան բռնություններ, բանտ, աքսոր (իմ պապին էլ են տարել), բայց մարդիկ հավատում էին: Ինֆորմացիոն դաշտի բացակայության պայմաններում հավատում էին: Հիմա ինֆորմացիոն դաշտը կա, շատ բան են լսում, իմանում, բայց հավատ չունեն: Իսկ եթե չեն հավատում, եթե երաժշտությունը, գրականությունը չեն համոզում, ո՞ւմ են պետք: Ինչո՞ւ են տեսահոլովակ նկարում` ծախսելով 10-12 հազար դոլար, եթե դա ոչ մեկին պետք չէ: Որովհետև ճարվել է հովանավոր, տվել է գումարը` ստանալով դրա դիմաց ինչ-որ բան, ու հոլովակը նկարվել է: Այսօր արվեստագետ լինելը Հայաստանում շատ ցավալի և դաժան երևույթ է: Արվեստագետն անցնում է դժոխքով: Ընդունված է մտածել, թե արվեստագետը պիտի քաղցած լինի: Հավատացնում եմ` նրանց մեծ մասը հիմա քաղցած է: Անհարմա՛ր է:
-Ո՞րն է այդպես մտածելու հիմքը: Ենթադրվում է, որ քաղցած արվեստագետն ավելի լավ է ստեղծագործում, քան կո՞ւշտը:
-Չգիտեմ, բայց փաստ է, որ ոչ մի կոմպոզիտոր մեզ մոտ չի կարող ապրել ստեղծագործելով: Մեզանում շեղված է ամեն բան: Ոչ թե կոմպոզիտորին են վճարում երգ գրելու համար, այլ կոմպոզիտորն է վճարում երգչին, որ կատարի իր գործը: Ես հասկանում եմ, որ երգիչը պիտի վարձատրվի, բայց թե ով է կոմպոզիտորին վարձատրելու, հայտնի չէ: Ստացվում է փակ շրջան: Իսկ երգի ձայնագրությունը չի կարելի ուշացնել, որովհետև հնանալով` այն բարոյապես մաշվում է: Ափսոս է, երբ լավ երգը դուրս չի գալիս ասպարեզ: Ես կոնսերվատորիայի ընդունելությունների ժամանակ միշտ նախագահում եմ էստրադային բաժնի հանձնաժողովը: Կարող եմ հավատացնել, որ ունենք հիանալի երգիչներ, որոնք ոչ թե չեն զիջում այսօրվա էստրադայում երևացողներին, այլև գերազանցում են: Ավարտում, դիպլոմ են ստանում ու անելիք չունեն: Ամեն մի ձայնագրություն, ամեն մի հոլովակ գումար արժե: Մենք շատ ենք խոսում երիտասարդության խնդիրների մասին: Ես դարձել եմ կոմպոզիտոր, երբ առաջին անգամ կատարվել է իմ գործը` «Ջութակի կոնցերտը»: Դիրիժորը Ռաֆայել Մանգասարյանն էր, կատարողը` Հենրիխ Սմբատյանը: Գիտե՞ք, թե դա ինձ համար ինչ դպրոց էր: Մինչև չլսես, չես հասկանա, թե ինչ ես գրել: Այսօրվա երիտասարդները չգիտեն, թե ինչ բան է նվագախումբ, ինչ բան է սեփական ստեղծագործության կատարումը: Մենք շատ կատարողներ ենք պատրաստում կոնսերվատորիայում: Նրանք պետք է պարտավորված լինեն կատարելու երիտասարդ ստեղծագործողների գրած երաժշտությունը: Շատ հեշտ կարելի է այդ մեխանիզմն աշխատեցնել, բայց չենք աշխատեցնում: Իսկ դրսում պարտադիր պայման է ժամանակակից կոմպոզիտորների գործերի կատարումը` յուրաքանչյուր քննաշրջանում: Առանց դրա գնահատական չեն ստանում: Բոլոր առաջադեմ երկրներում այդպես է, ինչո՞ւ չհետևենք նրանց օրինակին: Նույն սկզբունքը գործում է ռադիոյում: Այսօր մեր ռադիոյով հազարից մեկ կարող ենք լսել դասական երաժշտություն: Հեռուստատեսության մասին չեմ էլ խոսում: Սա դաստիարակության խնդիր է: Պետք է պետական մոտեցում լինի այս հարցին: Թող մի որոշակի ժամի բոլոր հեռուստաալիքները 20-30 րոպե հաղորդեն միայն դասական երաժշտություն, այնպես, որ մարդիկ այլ բան լսելու հնարավորություն պարզապես չունենան: Սա դաստիարակության լավագույն ձևը կլինի: ՈՒղղակի պետք է ցանկություն ունենալ, ձևերը միշտ էլ կգտնվեն: Պետք է ղեկի մոտ լինեն գիտուն մարդիկ:
-Գիտունների բացակայությունը միայն երաժշտությա՞ն ասպարեզում է, թե՞ նաև երկրի ղեկի մոտ կանգնածների:
-Կարծում եմ` երկրի ղեկավարի կողքին պիտի լինեն այնպիսի մարդիկ, ովքեր կարողանան նրան ճիշտ խորհուրդներ տալ: Բայց ես մեր ղեկավարների կողքին տեսնում եմ պատահական մարդկանց, ովքեր, եթե անգամ ձև են անում, թե աշխատում են, իրականում կապ չունեն իրենց վստահված գործի հետ:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1475

Մեկնաբանություններ