«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՈՉ ՄԵԿԸ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ՉԻ ՊԱՅՔԱՐԻ, ՈՉ ԷԼ «ԴՈՇ» ԿՏԱ»

«ՈՉ ՄԵԿԸ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ՉԻ ՊԱՅՔԱՐԻ, ՈՉ ԷԼ «ԴՈՇ» ԿՏԱ»
02.04.2010 | 00:00

«Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանն ի վիճակի է լուծելու ղարաբաղյան հիմնախնդիրը, քանի որ այդ դեպքում կկորցնի իշխանությունը։ Իհարկե, Սերժ Սարգսյանը շատ կուզենա հարցը լուծել, քանի որ անձնապես իրեն էլ է դա ձեռնտու»,- մեր զրույցի սկզբում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ նշեց «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ ՀԱՅԿ ԲԱԼԱՆՅԱՆԸ։
-Լուծումը կարող է լինել միայն ռազմական ճանապարհով,- շարունակեց պարոն Բալանյանը։- Եթե Ադրբեջանը հիմա համաձայն չէ, երբ մենք դիրքային առավելություն ունենք և հանձնում ենք յոթ շրջանները, ուրեմն նրան չպետք է ապուշի տեղ դնել` մտածելով, թե յոթ շրջանը հանձնելուց հետո չի փորձի Լաչինի միջանցքն էլ վերցնել։ Ոչ մի խաղաղապահ ուժ դրա դեմ ոչինչ չի կարող անել, ինչպես դա եղավ Կոսովոյում, Ռուանդայում և Սերբիայում։ Էդ մարդիկ հազիվհազ իրենց փրկեն։ Ոչ մեկը հայի համար չի պայքարի, ոչ էլ «դոշ» կտա։ Այդպես մտածելը պարզապես խաբկանք է, շիզոֆրենիա։ Ադրբեջանը, ստանալով տարածքները, անմիջապես կվերսկսի ռազմական գործողությունները` ամեն ինչ ստանալու համար։ Ի՞նչ պիտի անեն նրա դեմ` Բաքո՞ւն ռմբակոծեն, նավթամուղնե՞րը պայթեցնեն, թե՞ մատ թափ տան Ալիևի վրա։ Հուսով եմ, Սերժ Սարգսյանը հասկանում է, որ սա թակարդ է։ Այստեղ Հայաստանի, Ղարաբաղի, Ադրբեջանի խնդիրը չէ, այլ գերտերությունների պայքարն է, որ սողոսկեն այս տարածաշրջան։ Խնդիրն այն է, թե ով կսխալվի, և ով կշահի այդ մեծ բլեֆում։
-Ո՞րն է փոխզիջումների Ձեր տարբերակը։
-Ես չեմ պատկերացնում, թե փոխզիջումն ինչի շուրջ պետք է լինի։ Հայաստանը պետք է դառնա նորմալ երկիր։ Եթե Հայաստանն իր արտաքին կերպարով, ներքին քաղաքականությամբ լիներ սաակաշվիլյան Վրաստանի 50 տոկոսը, այս հարցը վաղուց լուծված կլիներ։ Կան խաղի կանոններ, եթե դրանց մեջ դու տեղավորվում ես, հարցը լուծում ես։ Հայաստանի իշխանությունները ստիպված են բանակցել արտաքին աշխարհի ճնշումների տակ ու գնալ զիջումների միայն մի պարզ պատճառով, որ չունեն ներքին հենարան։ Եթե Հայաստանն ունենար նորմալ իշխանություն, նորմալ տնտեսություն, բարոյահոգեբանական նորմալ մթնոլորտ, հարցը վաղուց փակված էր։ Բանակցությունները սխալ են ընթանում միայն մեր թուլության մեղքով։ Ես ոչ մի փոխզիջման տարբերակ չեմ տեսնում։ Ի՞նչ տարբերակ։ Հո պատերազմի պատճառը մենք չե՞նք։ Դա Ադրբեջանի թշնամական կեցվածքի հետևանք էր։ Հիմա մեզ առաջարկում են հաղթանակը զիջել, որպեսզի նրանք մեզ թշնամի չլինեն։ Բայց թշնամանքի պատճառը հո մեր հաղթանակը չէ՞։ Այն ավելի խորքային արմատներ ունի։ Ադրբեջանում հիմա կա հայատյացությամբ դաստիարակված սերունդ, հակահայկական պետական քաղաքականություն։ ՈՒրեմն ի՞նչը զիջենք կամ փոխզիջենք, դա մեր հայրենիքի մի մասն է։ Պատկերացրեք` թուրքը զիջի մի մետր հող Անիի տարածքից։ Իրենց ուղեղում դա ուղղակի չի տեղավորվում։ Մենք հաղթանակ ենք տարել ու մեր սեփական հաղթանակից վախեցել ենք։ Մեզ թվում է` ինչ-որ բան այն չէ։ Սա կարելի է համարել ազգային փոքրամասնության փիլիսոփայություն։ Մենք դեռ չենք հասկացել, որ պետություն ենք։ Մեզ պատկերացնում ենք ազգային փոքրամասնության կարգավիճակում։ Ոչ մի միջազգային ատյան Ադրբեջանին ագրեսիայի պատճառով չի պատժի։ Հարց է առաջանում` ինչո՞ւ ենք մենք նման միջազգային հանրությունից վախենում։ Այնտեղ կոշտ, ցինիկ, Մաքիավելու ոճով համակարգ է. ով հաղթեց` հաղթեց։ Ոչ մի իրավունքի մասին խոսք լինել չի կարող։ Թուրքիայի մտքով անգամ չի անցնում Կիպրոսից զորքը հանել ու երբեք չի էլ հանի։ Մենք մտածում ենք, որ եթե տարածքները, հաղթանակը զիջենք, կխուսափենք պայքարելուց։ Բայց պայքարից խուսափում են հանձնվելով, ոչ թե զիջումներով, որովհետև եթե մեկն ես զիջում, կզիջես նաև երկրորդը, երրորդը, չորրորդը։ Այլ խոսքով, եթե ուզում եք լավ, անվտանգ ապրել, զիջեք Ղարաբաղը, հետո էլ Մեղրին և այլն։
-Զիջումների, Ձեր նշած «լավ ապրելու» մտայնությունն արդյո՞ք նոր է ձևավորվել, չէ՞ որ այդ մասին հաճախ է ակնարկվել նաև նախորդ, մասնավորապես, առաջին նախագահի իշխանության տարիներին։
-Այո, դա նոր չէ։ Դրա համար է, որ 300 հազար քմ-ից մնացել է 42-ը։ Սա ոչ թե իշխանությունների, այլ հասարակության խնդիրն է։ Մենք 600 տարի եղել ենք օտարի ճորտը։ Հիմա պիտի հասկանանք, որ մենք ենք մեր ճակատագրի տերը, և չի կարելի սեփական անվտանգությունը, ապագան ուրիշի հետ կապել։
-Հասարակությանը դա «հասկացնելու» համար ի՞նչ մեխանիզմներ են պետք։
-Երբ Մովսեսը հրեաներին Եգիպտոսի գերությունից ազատեց, 40 տարի անապատում շրջեց, մինչև ստրկության մեջ ծնված վերջին մարդը մահացավ, որպեսզի նոր սերունդը ստրկությունը չհիշի։ Այսպիսի մաքրման գործընթաց նաև մեզ է պետք։ Նախ պիտի հասկանալ, որ Հայաստանը Լատվիա չէ և երբեք այդպիսին չի դառնա։ Եթե 3000 տարի գոյատևել ենք, միայն այն պատճառով, որ եղել ենք Իսրայել։ Մարդիկ կան, որ վախենում են և ուզում են հանգիստ ապրել։ Սրա համար կա հեշտ ձևը` տոմս ես առնում, գնում ես Լատվիա, «դառնում» լատիշ։ Հիմա որոշ մարդիկ մտածում են, որ ամբողջ ազգի համար պետք է էդպիսի տոմս առնել։ Սա հանգեցնելու է ուծացման։ Բայց ո՞վ կուզի նման հայ լինել, երկրորդ սորտի մարդ։ Ի վերջո, խոսքը ոչ միայն Ղարաբաղի մասին է, այլև Հայաստանի։
-Փաստորեն, «Հայաստան Լատվիայի» տեսլականն այսօր չի՞ երևում։
-Կա խաբկանք` պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Այդպես չէ։ Եթե տարածքներ չես հանձնում, չի նշանակում, որ դատապարտված ես պատերազմի։ Սա նշանակում է մի բան` այլ տիպի հասարակություն, տնտեսություն, քաղաքականություն։ Ասել է` լինել լավ մարզավիճակում։ Իսկ եթե ուզում ես մի անկյունում թաքնվել, ծխախոտ վաճառել, իսկ տարածաշրջանում դառնալ սեքստուրիզմի կենտրոն, դա արդեն այլ հարց է։ Այլապես, եթե պատրաստ ես մարտահրավերներին դիմակայելու, վստահ եմ` ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան այդքան խիզախություն չունեն մեր դեմ կռվելու։
-Այսօրվա ընդդիմությունը կարողանո՞ւմ է Ձեր նշած բացթողումներն ինչ-որ կերպ վերացնել։ Տեսնո՞ւմ եք այն մարդկանց, ովքեր կկարողանան խնդիրները լուծել և ղարաբաղյան հիմնահարցը կարգավորել առանց որևէ զիջման։
-Այո՛։ Չնայած, կոպիտ ասած, ընդդիմությունը դեռ այդ «թափը» չունի, քանի որ պետական ապարատը գործող իշխանության ձեռքում է։ Իսկ նման մարդիկ կան։ Նախ պիտի հիշատակեմ մեր շարժումը` «Սարդարապատը»։ Մեր հիմնական նպատակներից մեկն էլ դա է։
-«Սարդարապատը» Հայ ազգային կոնգրեսում ներկայացված չէ։ Ի՞նչ տարակարծություններ ունեք։
-Հարյուրտոկոսանոց համակարծություն ոչ մի տեղ չի լինում, էլ ուր մնաց քաղաքական դաշտում։
-Ի՞նչը Ձեզ չի գոհացնում կոնգրեսում։
-Ազատագրված տարածքների առնչությամբ կոնգրեսի դիրքորոշումը, այսինքն, մենք պատկերացնում ենք Հայաստանը Իսրայել, կոնգրեսին անդամակցող որոշ ուժեր` Լատվիա։ Վստահ եմ` այդպես չի ստացվի։ Խոսքն ապագա Հայաստանի կազմակերպման գաղափարափիլիսոփայության մասին է։ Շեքսպիրյան օրինակը վկայակոչեմ` ուզում ենք Համլե՞տ լինել, թե՞ Ռոզենկրանց։ Եթե ժողովուրդը կորցնում է այդ «դրայվը», դատապարտված է պարտվողականության։
-«Սարդարապատ» նախաձեռնությունը կարողանալո՞ւ է իր ներուժով Ձեր պատկերացրած Հայաստանն իրատեսական դարձնել։
-Վերջին երկու տարվա ընթացքում «Ոչ մի զիջում» կարգախոսի կողմնակիցների քանակն ավելացել է, իսկ սա նախաձեռնության հաջողությունը պիտի համարել։ Այն մոլորությունը, թե զիջելով կարող ես անվտանգ ապրել, հասարակության միջից կամաց-կամաց դուրս է գալիս։ Ժողովրդական հայտնի առակի ոճով ասած`«ձագերդ տուր, որ քեզ չուտեմ» մտայնությունը տեղի է տալիս: Ի վերջո, կա պատերազմի իրավունք, որով մենք վերցրել ենք մեր հողերը։
-Ընթանում են բանակցություններ, իսկ դա ենթադրում է, որ փոխզիջումներ լինելու են։ Եթե իշխանությունը պատրաստ լինի ստորագրելու որևէ փաստաթուղթ, որո՞նք են լինելու ձեր քայլերը։
-Բանակցությունները վարվում են ավելի լավ իրավիճակ ունենալու համար։ Չնայած կարծում եմ, որ այդ բանակցությունների արդյունքում ինչ-որ լավ բանի չենք հասնի։ Մենք նախորդ տասնվեց տարիները պիտի օգտագործեինք Ղարաբաղի այդ տարածքները վերաբնակեցնելու համար։ Այս պարագայում հարցն ինքնաբերաբար կկարգավորվեր։ Ինչ վերաբերում է որևէ փաստաթղթի ստորագրմանը (ինչպես գիշերով ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները), սա ենթադրում է զորքեր հանել, մարդկանց տեղահանել, խուճապ առաջացնել Արցախում և այլն։ Սա հանգեցնելու է աղետի։ Այսինքն, մի քանի հարյուր հազար մարդ ընտանիքներով, կովերով, ոչխարներով, ավտոմատները ձեռքներին լցվելու են Երևան։ Այս պարագայում ընդդիմությունը նախ պետք է այս իշխանությունների ստանձնած պարտավորությունները չեզոքացնի:
-Չգիտես ինչու, Հայաստանում ով իշխանությունից հեռանում է, որոշ ժամանակ անց կրկին ցանկանում է վերադառնալ: Եթե առաջին նախագահը տասը տարի հետո վերադարձավ, երկրորդը չի ցանկանում երկար սպասել: Ինչպե՞ս եք սա գնահատում:
-Ռոբերտ Քոչարյանի վերադարձն ընդհանրապես բացառում եմ, քանի որ դա կլինի Հայաստանի կատարյալ կործանումը: Անկեղծ ասած, չեմ կարծում, թե առաջին նախագահն էլ կկարողանա վերադառնալ: Այլ հարց է, որ միացյալ ընդդիմությունից որոշ մարդիկ ասպարեզ գան, բայց ոչ անձնապես ինքը: Այդ շրջապտույտն արդեն հայկական ավանդական խաղ է դարձել` երեք նախագահներ: Այդ էտապից պետք է դուրս գանք, քանի որ բոլորը նույն շրջանակից են: Սա է պատճառը, որ մեր երկրում փոփոխություններ չեն լինում: Պետք է թարմ ալիք գա: Ինչ վերաբերում է նրանց փորձառությանը, ապա շատ բարձր եմ գնահատում Տեր-Պետրոսյանի փորձը, բայց Ռոբերտ Քոչարյանն ունի քրեական տարրերի կազմակերպման փորձառություն, որը Հայաստանին ընդհանրապես պետք չէ: Վստահ եմ` նրան ոչինչ չի հաջողվի: Այդ մարդն օրը ցերեկով տասը մարդ է սպանել ու չի կարող դա մարսել:
-Հասարակությունը սովորել է հայտնի, որոշակի փորձ ունեցող մարդկանց հետևից գնալ և վստահել նրանց: Ձեր նշած նոր ալիքը` նոր մարդկանցով, կընդունվի՞:
-Այո, հասարակության մեջ արդեն կա ապատիա, և հին լիդերներից ոչ միայն հոգնել են, այլև չեն վստահում նրանց: Բոլորին տեսանք, իմացանք` ով ինչ է կարող։ Փոքր երկիր է, բոլորը բոլորին գիտեն:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1237

Մեկնաբանություններ