Էսօր Վաղոյի մտահոգությունը միջազգային էր կամ՝ գրեթե միջազգային․
- Բայց ափսոս էր Բայդենը, հարևան, մի էրկու շաբաթից ժամկետը լրանում ա։
- Բան ե՞ս գտել ափսոսալու, Վաղո, հանգած ու փտած մարդ էր, էլի։
- Էդպես մի ասա, մի ամերիկացի ծանոթ ունեմ, ասում ա, որ Բայդենին ամեն ինչ կարելի ա վստահել, նույնիսկ՝ պետական ամենակարևոր գաղտնիքները։
- Հիմար բաներ ես ասում։ Բայդենը նախագահ ա, նրան պետական գաղտնիքները ոչ թե վստահում են, այլ ռեժիմով զեկուցում են։ Էդպես ա կարգը։
- Տեսնո՞ւմ ես, որ բան չես հասկանում։ Մենք էլ նախագահ ունենք, նույնիսկ վարչապետ էլ ունենք, չէ՞։
- Ասենք թե՝ հա, հետո՞։
- Հլը փորձի դրանց գաղտնիք վստահել։ Եթե անձնական գաղտնիք վստահես՝ վռազ բռնել կտան, իսկ եթե շշկռվես պետական գաղտնիք վստահես կամ, ոնց որ դու ես ասում, զեկուցես՝ կես ժամից թուրքերը կիմանան։
- Մտածելու բան ես ասում, Վաղո։
- Այ, որ ժամանակին մտածեիք՝ էս օրը չէինք ընկնի։
- Լավ, բա Բայդենը ինչո՞վ ա վստահելի, գաղտնապա՞հ ա։
- Հարցը գաղտնապահությունը չի, Բայդենին եթե մի բան ես վստահում՝ մի րոպե հետո մոռանում ա։
Կարո Վարդանյան