ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ազգային շահերի սպասարկման դաշտը շարունակում է որբ մնալ

Ազգային շահերի սպասարկման դաշտը շարունակում է որբ մնալ
17.11.2023 | 08:29

Հայաստանի քաղաքական դաշտը առաջին հայացքից ոչ ակնհայտ, բայց դանդաղ ու հաստատապես վերածվեց արևմուտք-արևելք հակամարտության թատերաբեմի:

Սա իրականություն դարձավ, քանի որ Նիկոլին հաջողվեց Արևմուտքին ներկայանալ որպես դեպի արևմուտք նայող քաղաքական գործիչ, ով ամեն կերպ փորձում է ազատվել ռուսական կապանքներից, այդ թվում՝ Արցախը հանձնելով, բայց նրան չի հաջողվում: Ուստի, Արևմուտքը, մասնավորապես ամերիկյան հատուկ ուժերը, դիրքավորվեցին Նիկոլի իշխանությունը սատարող խրամատներում. Եվ այս ամենը փաստերով ու զրո ենթադրությամբ:

Այս իրավիճակն իրողություն դարձավ ընդդիմության կողմից անօգնական մուրացիկի դերն ընտրելու պայմաններում, որը, սեփական ժողովրդի հետ աշխատելու փոխարեն, նրան հավատացնելու, որ ազգային շահեր սպասարկելու համար է ուզում իշխանության գալ (նաև բաց օրակարգ հրապարակելով), արդեն տևական ժամանակ է աչքը ջուր կտրած սպասում է օտար և ցուրտ ափերից ակնկալվող հովանավորչության: Սա, իհարկե, տեղի չի ունենալու, և ընդդիմադիր դաշտը շարունակելու է հաջորդիվ էլ սխալներ գործել ու հիասթափեցնել իրենց ԱԺ տարած ընտրողների ընդդիմադիր զանգվածին, ինչը փաստում են նաև որոշ սոցհարցումներ:

Հետևաբար, ազգային շահերի սպասարկման դաշտը շարունակում է որբ մնալ, ազգային շահերը շարունակում են մնալ ոչ հստակ ձևակերպված, իսկ դրան տեր կանգնողները՝ անջատ ու հակասություններով լի:

Այս պայմաններում, Արևմուտքը կշարունակի սատարել Նիկոլին, քանի որ ընդդիմադիր դաշտը կդիտարկի որպես ռուսական հովանավորչությամբ գործող սուբյեկտների համույթ: Իսկ Նիկոլը կշարունակի խաբել մեզ էլ, Արևմուտքին էլ, ռուսներին էլ, քանի որ նա սպասարկում է (ինչպես կարելի է ենթադրել իր գործողություններից) այլ հայտնի շահեր: Հայաստանի արևելքում տեղադրված ռուսների նոր ռազմական հենակետերով, որոնց, ի դեպ, Նիկոլն է բերել, այլ ոչ նախկինները, կհանձնվեն նոր տարածքներ և կկատարվեն օտարների այլ պահանջներ` տանք պրծնենք, որ ազատվենք և՛ ռուսներից, և՛ ազերներից լոզունգի ներքո, բայց իրականում օտարի շահեր սպասարկելու օրակարգի ներքո:

Ինչ պետք է անեն այս պայմաններում նրանք, որ սեփական ոչ խամաճիկ պետությունն են ուզում:

Շարունակել աշխատել մարդկանց հետ, բացատրել, որ իրենք` մարդիկ, մենք ենք իշխանության աղբյուրը, և մենք ենք որոշողը. Այն պահից, երբ դուք կասեք, որ ձեզանից կախված չէ (ինչը մոլորություն է), դուք կհամաձայնեք, որ ձեր կյանքը ծառայեցվի օտար շահերի և կդառնաք ագրեսիվ փոքրամասնության ձեռքում գործիք: Այնպես, ինչպես Երևանում, երբ մեկ միլիոն բնակչի աչքի առաջ ընդամենը շուրջ 80 հազար մարդ կորոշի, թե այդ մեկ միլիոնը ինչպես պետք է ապրի և հարաբերվի իր միջավայրում:

Առկա վիճակը պահանջում է իրար երեսի նայելով շփումներ և միմյանց նկատմամբ վստահության ձևավորում: Իհարկե, սա չի վերաբերում այն մարդկանց, որոնց համար միևնույն է, և որոնք Հայաստանը դիտարկում են որպես այլ երկիր գնալու տրանզիտ գոտի:

Մեր ապագան մեր ձեռքերում է, իսկ մենք շարունակում ենք ընտրել անգործությունը, այսինքն, առօրյա կենցաղով ապրելը: Փոփոխությունը չի գալու այլ տեղից, դա մեր մեջ է քնած, և միայն մենք ենք ունակ երևան բերել այդ ցանկալի փոփոխությունը:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2574

Մեկնաբանություններ