Այսօր իմացա, որ Արաքսյա մայրիկը մահացել է ...
Մեր կենտրոնին կից բակի մի հատվածում ձևավորված է այս փոքրիկ հանգստի գոտին: Շատ եմ սիրում այս վայրը, իսկ տուն գնալիս միշտ խմում եմ Ռաֆայել Սիմոնյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուրից, հետո շարունակում ճանապարհս:
Արաքսյա մայրիկն է ինձ պատմել որդու մասին, հուզմունքն ու հպարտությունը խառնելով իրար:
Երբ Հայաստան աշխարհը փոթորկվեց, Ռաֆայելը Արցախյան ազատամարտիկների առաջին շարքերում էր, զենք, զինամթերք էր հայթայթում:
1990 թ. անդամագրվում է «Տիգրան Մեծ» երկրապահ կամավորական ջոկատին, մասնակցում բազմաթիվ ինքնապաշտպանական մարտերի` Գորիս, Նոյեմբերյան, Շահումյան:
Հմուտ հետախույզ էր, թափանցում էր թշնամու թիկունք և ռազմական արժեքավոր տեղեկություններ հայթայթում, կազմակերպում էր ադրբեջանական կարևոր ռազմական օբյեկտների ոչնչացումը:
Ճակատագրական մարտը տեղի ունեցավ 1992 թ. մարտի 22-ին, Էրքեջում: Թշնամու վառվող ուղղաթիռի կրակն սկսում է մոտենալ մեր զինանոցին, իսկ ներսում տղերքն էին: Ռաֆայելը նետվում է նրանց զգուշացնելու: Անակնկալ հայտնված 2-րդ ուղղաթիռը պայթեցնում է զինանոցը: Ռաֆայելը ծանր վիրավորվում է, վնասվում է նաև տեսողությունը:
Անսահման էր նրա նվիրումը, սերը հայրենիքի նկատմամբ. անգամ այդ վիճակով` գոց աչքերով, փորձում էր օգնել մարտընկերներին:
Սակայն պատերազմական վերքերը հիշեցնում էին իրենց մասին, առողջությունն օրեցօր ավելի էր վատթարանում:
1993 թ. սեպտեմբերի 28-ին ավարտվեց Ռաֆայել Սիմոնյանի երկրային կյանքը:
Եթե Աստված կա, թող այնպես անի,
Որ լինեմ վերջին մեռնողն աշխարհի,
Եվ այնպես անի, որ ինձ հետ առնեմ
Աշխարհի բոլոր ցավերը տանեմ…
Այս տողերն ազատամարտիկի գրած վերջին բանաստեղծություններից է:
Հրածին ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ