ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Մահվան տեսիլ

Մահվան տեսիլ
10.05.2023 | 22:03

Սիրելիներ, թերթում էի իմ «Ի լուր և ի տես» գիրքը: կարկամեցի: Ի՜նչ եմ գրել 2006 թվականին: Սա մի անգամ ներկայացրել եմ ՖԲ-ում: Ինձ մեղադրեցին, որ եթե ես գրած չլինեի, այսպես չէր լինի: Թեև ինձ պաշտպանողներ էլ կային՝ շնորհակալություն: Որոշեցի մի անգամ էլ ներկայացնել:



Մահվան տեսիլ

Մենք արագ քայլերով գնում ենք դեպի պայծառ ապագա, իսկ պայծառ ապագան ավելի արագ քայլերով հեռանում է մեզանից:

Հիշողության ամպեր են կուտակվել՝ մութ, սև, մռայլ ամպեր, և մորմոք ու կսկիծ են տեղում սրտիս վրա: Համր որոտներ են ու անլույս կայծակներ:

Ակնթարթորեն լույսի տակ տեսնում եմ, որ Կոմիտասի արձանի փոխարեն հպարտորեն կանգնած է Փոլադ Բյուլ-բյուլ օղլու արձանը ու երգում է:

Հիշողության սև ու ահարկու ամպերից կսկիծ ու մորմոք է տեղում սրտիս, ու անձայն որոտներ են և անլույս կայծակներ:

Անլույս կայծակի կարճատև փայլի մեջ տեսնում եմ երեխանե՜ր, երեխանե՜ր՝ մոլորված, շփոթված, լլկված, չարացած, իրար չսիրող, խաղամոլ, յաթաղաններն աչքների մեջ, թշվառական:

Կայծակը փայլատակում է, և նրա լույսի տակ տեսնում եմ անվերջանալի հոսքով դեպի միլիոնավոր անթաղների գերեզման գնացող մեռելների՝ ծաղկեպսակներով, ցուցապաստառներով, թանգարաններով: Խավար է, ցուրտ է, չարք է՝ մթոտ աչքերով: Աչքերի մեջ բուրգ է, որի տարբեր աստիճանների վրա գտնվողները տռփանքով իրար մեջ են, պիղծ են և զզվելի:

Մեկ-մեկ կայծակի փայլատակումների մեջ տեսնում եմ հեռուստաեղեռնից մազապուրծ երեխաների ու երիտասարդների, հատուկենտ մտավորականների, որոնց գոյությունը արարչական պարգև է: Տեսնում եմ ինքն իրեն ծվատող խելագարված ամբոխ, իրենք իրենց խայթող՝ ինքնաբավարարվող կարիճներ, իրենց պոչը բռնելու համար իրենց առանցքի շուրջը կատաղի ու սիրահար պտտվող արվեստագետների:

Հետո տեսա վերջին առյուծներին՝ վիրավոր, մենակ, անոթի, որոնց շրջապատել էին բորենիները և իրենց ճշտով պատառոտում էին և ցնկնում էին նոր, փոքրիկ բորենիներ: Տեսա Ագռավաքարը. ագռավներն այնքան էին ծրտել վրան, որ դուռն էլ չէր բացվում, ու ոչ ոք տարեկան երկու անգամ դուրս չէր գալիս:

Հետո տեսա բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ից՝ մինչև: Ովքեր ակնոցավոր էին, նրանց ակնոցները գովազդային վահանակներ էին. դե բանակցություններ են, տեղ-մեղ գնալ կա, «կարող է մի բան կպնի»: Ովքեր ակնոցավոր չէին՝ ժամացույցներն ու կոճակներն էին գովազդային վահանակներ: Հոգուս մորմոքի ու կսկիծի ամպերից ճայթող հերթական կայծակի լույսի տակ տեսա, մեղա՜ Աստծու, Արարչին, մի տեսակ շփոթված, շվարած. ոսկե հորթերի մի հսկայական նախիր ցուցապաստառներով, լոբիով ու բրնձով հանրահավաքի էր դուրս եկել նրա դեմ, և Մամոնան էր առաջնորդը նրանց:

Տեսա անտեսանելի մեկին՝ ցած ընկած կրծքով, հաստ մռութներով, հեռո՜ւ հեռվում: Ինչպես Ֆիրդուսու չարքը, ինչպես Բուլգակովի չարքը, մի փոքրիկ քայլ էր անում, մի կեղծ թուղթ ստորագրել տալիս, մի փաստաթուղթ ստեղծում ու… գնա՜ց մեքենան. հոլովվում էր ու ճզմում, հարբեցնում ու պառկեցնում: Սկսում էին այդ փաստաթուղթը մեկը մյուսի աչքը խոթել, բերանը խոթել և այլ տեղեր:

Եվ վերջում տեսա հողոտ դանակներ. հող էին կտրտում ու ծախում, և մեկը մի բուռ հող վերցրեց ու լցրեց դրանց աչքը:

Եվ կայծակ էլ չկա անլույս, և որոտ էլ չկա անձայն:

ՎԱՍ, «9-րդ հրաշալիք», հ. 366, 2006 թ.

Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 5687

Մեկնաբանություններ