ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արցախյան քաղաքական էլիտան կարող է թե՛ թաղել երկիրը, թե՛ տանել փրկության ուղիով

Արցախյան քաղաքական էլիտան կարող է թե՛ թաղել երկիրը,  թե՛ տանել փրկության ուղիով
05.05.2023 | 21:18

Կարծում եմ, ողջ խնդիրն արցախյան քաղաքական էլիտայի մեջ է։ Այն կարող է թե՛ թաղել երկիրը, և թե՛ տանել փրկության ուղիով։ Այսօրվա իրողությունները վկայում են, որ առայժմ առաջին գործառույթի մեջ է։ Որքան հասկանում եմ՝ Արցախի քաղաքական ղեկավարությունը ոչ միայն վախեցած է, այլև չունի քաղաքական կամք ու երկրի փրկության հույսուհավատ։ Փորձում եմ դրության մեջ մտնել ու լիովին ընկալել ղեկավարների վիճակի ողբերգականությունը, նաև այն հանգամանքի ընկալումով, որ նույնիսկ հեռանալու ցանկության դեպքում (նման ցանկությունը մեկ-մեկ դժվար է լինում քողարկել) նրանց առջև արտաքին լուրջ խոչընդոտներ կլինեն։

Բայց կուզենայի, որ նրանք էլ հասկանան հետևյալը՝ պատմության համեմատաբար մեղմ դատաստան կարող է լինել միայն այն դեպքում, եթե այս ճակատագրական պահին նրանք ըստ ամենայնի նպաստեն այն մարդկանց ու քաղաքական շրջանակին իշխանության անխոչընդոտ փոխանցմանը, որոնք ունեն քաղաքական կամք և երկրի փրկության հավատ։ Դրա ձևը կա, այն հրապարակային քննարկման ենթակա չէ։ Քաղաքական պայքարի ու դրա միջոցով իշխանության գալու ոչ ժամանակ կա, ոչ համապատասխան ռեսուրս և ոչ էլ իմաստ։

Խոսքս չի վերաբերվում մշտապես իշխանություն մուրացողներին կամ դրա ետևից վազող արկածախնդիրներին։ Խոսքս այն սակավաթիվ մարդկանց մասին է, որոնք ունեն քաղաքական մտածողություն, առաջնորդվում են քաղաքական օրակարգով, գաղափարապես ու քաղաքականապես ստրուկ կամ վասալ չեն և քաջ գիտակցում են, թե պաշտոնական Ստեփանակերտի կողմից աշխարհին հղվելիք ինչ մեսիջներ կարող են արմատապես փոխել իրավիճակը։ Ստեփանակերտը պետք է խոսի ամբողջ ձայնով, և այդ ձայնը պետք է քաղաքականապես գրագետ, արժանապատիվ ու համարձակ լինի։

44-օրյա արհավիրքից հետո մեր անվտանգության համակարգի գրեթե բոլոր բաղադրիչներն անասելի տուժել են։ Միայն մի բաղադրիչ է, որը ոչ միայն չի տուժել, այլև ավելի է ամրացել։ Վառվող տնից մենք այն անվնաս ու ավելի կոփված ենք հանել (բուն հնարավորությունը նկատի ունեմ, ոչ թե իրողությունը)։ Խոսքը մեր անվտանգության քաղաքական բաղադրիչի, ավելի ստույգ՝ դրա ներուժի մասին է։ Մեր քաղաքական խոսքը, մեր քաղաքական միտքն ու օրակարգը կարող են խառնել շատերի պլանները։ Այս իրողությունը գիտակցողները միայն կարող են երկիրը դուրս բերել անասելի ծանր իրավիճակից։ Այս առաքելությանը չնպաստելը գործող իշխանությունների ամենամեծ մեղքն է լինելու։

Մեկ այլ իրավիճակում ինքս առաջինը կծիծաղեի նման առաջարկի վրա։ Բայց հիմա, երբ գոյության խնդիրը գրեթե հավասարապես է վերաբերվում բոլորին, երբ ոչնչացման վտանգը գրեթե հավասարապես է սպառնում բոլորին, դա միանգամայն հնարավոր է։ Ներքին պայմանավորվածությամբ ու ներքին կոնսենսուսով։ Մյուս հարցերին կարելի է անդրադառնալ հետո։ Փրկվելուց հետո։

Հիմա մարդիկ ուզում են առանձնին-առանձին փրկվել, քչերն են հավատում, որ կարելի է միասին փրկվել։ Խոսքս այդ քչերի մասին է։ Որոնք ՀԱՎԱՏ ունեն։

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3825

Մեկնաբանություններ