Ընդ որում, լիվերպուլցիներն իրենց առաջատարությանը հասել են գլխավոր մրցակցի հետ ունեցած տետատետ հանդիպումում, ինչն առավել ծանրակշիռ է դարձնում կատարվածը։ Իրենց հերթին առաջատարի դերում շարունակել են իրենց լավ զգալ «Բայերը»՝ Գերմանիայում ու «Լիլը»՝ Ֆրանսիայում՝ հավաստելով, որ ախորժակն ուտելիս է բացվում։ Շարունակում է առաջատարի որակում մնալ և «Միլանը», որը, սակայն երկրորդ անընդմեջ խաղն ավարտեց ոչ-ոքի արդյունքով՝ մերձակա հետապնդողներին հնարավորություն տալով ավելի ու ավելի կրճատելու իրենից հետ մնալը։
ԻՍՊԱՆԻԱ
Օրացուցային պլանում լա լիգան այս օրերին ընդամենը երեք հանդիպում ուներ, ու դրանցից թիվ մեկը հարկավ «Բարսելոն»-«Ռեալ Սոսիեդադ» դիմակայությունն էր, որտեղ, նկատի ունենալով համաշխարհային ֆուտբոլում կատալոնյան ակումբի չափազանց բարձր համարումը, դժվար էր առաջնայնությունը բացառապես նրան վերապահելը, քանի որ այս մրցաշրջանում առանձնակի «գույներով» է ներկայանում նաև նրա օրվա մրցակիցը. բավական է ասել, որ արդեն քանի տուր սանսեբաստացիները գրեթե հրաժեշտ չեն տալիս աղյուսակի առաջին հորիզոնականին։
Հանդիպումը, ինչպես և սպասվում էր, ունեցել է սուր ընթացք ու այդպիսին է եղել ընդհուպ դիմակայության վերջին վայրկյանը։ Հաղթել է «Բարսելոնը», ընդ որում, այդ հաղթանակը եղել է կամայինների շարքից՝ 2։1։ Նկատենք, որ կատալոնյան ակումբի կազմում սա «Կամպ Նոու» մարզադաշտում Լեո Մեսիի մասնակցությամբ 300-րդ հաղթական խաղն էր։ Դրանցից 211-ը եղել է լա լիգայի, 53-ը՝ Չեմպիոնների լիգայի, 30-ը՝ Իսպանիայի գավաթի, 6-ը՝ երկրի սուպերգավաթի հանդիպումներում։
Մրցակցության 13-րդ րոպեից տասը հոգով մնացած «Աթլետիկի» հետ առճակատման վերջին տասնհինգ րոպեն «Ռեալի» համար եղել է հանգուցային. «արքայականը» նախ առաջ է անցել հաշվի մեջ, ապա վերջնականապես ամրապնդել հաղթանակը՝ 3։1 (տանտերերի վերջին երկու գոլի հեղինակն էլ Կարիմ Բենզեման է)։
Այս երկու դիմակայությունների արդյունքով առաջին եռյակում ստեղծվել է հետևյալ պատկերը. թե՛ «Աթլետիկոն», թե՛ «Ռեալ Սոսիեդադը», թե՛ «Ռեալն» ունեն 26-ական միավոր, սակայն մի շատ էական տարբերությամբ՝ առաջինն անցկացրել է 11, երկրորդը՝ 14, երրորդը՝ 13 խաղ։
Լա լիգայի այս օրերի երրորդ մրցակցությունը եղել է «Սելտայի» ու «Կադիսի» միջև, որտեղ վերջինս պարտվել է 0։4 հաշվով ու դուրս մնացել առաջին վեցյակից։ Նրա փոխարեն այնտեղ է հայտնվել արդեն 20 միավորի տեր դարձած «Բարսելոնը», որն իր հերթին շրջանցել է «Սևիլիային»՝ 11 խաղից հետո 19 միավոր ունեցող անդալուզցիներին հարկադրելով նահանջելու վեցերորդ հորիզոնական։
Չորրորդ հորիզոնականում «Վիլիառեալն» է՝ 13 հանդիպումից հետո 22 միավոր ցուցանիշով։
ԳԵՐՄԱՆԻԱ
Բուդեսլիգայի 12-րդ տուրն առաջին եռյակի նվաճած բնագծերը թողեց անփոփոխ։ «Բայերն» առավել քան վստահ մրցելույթ է ունեցել Քյոլնում՝ տեղի համանուն թիմին պարտության մատնելով չորս անպատասխան գնդակի տարբերությամբ։ «Հոֆենհայմի» հետ արտագնայում խփած միակ գնդակը եղել է հօգուտ «Լայպցիգի», տնային խաղում «Բավարիան» գերազանցել է հյուր ժամանած «Վոլֆսբուրգին»՝ 2։1: Դուբլ է հեղինակել Ռոբերտ Լևանդովսկին։ Սրանք տաղանդավոր լեհ հարձակվողի 250 և 251-րդ գոլերն են եղել բունդեսլիգայում։ Նրանից միայն երկու ֆուտբոլիստ ունի ավելի լավ ցուցանիշ։ Մեկը 365 գոլ հեղինակած լեգենդար Գերդ Մյուլլերն է, մյուսը՝ Կլաուս Ֆիշերը՝ 268։
28 միավորով «Բայերն» աղյուսակի գլխամասում է, 27-ական ունեն մյունխենցիներն ու լայպցիգցիները։
«Վոլֆսբուրգի» պարտությունից օգտվեց ու նրան մեկ միավորով շրջանցեց «Վերդերին» հյուր գնացած ու 2։1 հաշվով պարտության մատնած Դորտմունդի «Բորուսիան։ Այն 22 միավորով չորրորդ հորիզոնականում է։
Թեպետ վերջին չորս մրցակցությունում «ՈՒնիոն Բեռլինն» առանձնապես աչքի չի ընկել (չորս խաղից երեք միավոր է վաստակել, «Շտուտգարտի» հետ տուրի այս արտագնան էլ ավարտել է 2։2 հաշվով), այդուհանդերձ վեցերորդ հորիզոնականում ունեցած դիրքը դեռևս կարողանում է պահպանել։ 18 միավոր ունեն նաև տուրի նրա մրցակիցն ու Մենխենգլադբախի «Բորուսիան»։
ՖՐԱՆՍԻԱ
Հետաքրքիր զարգացումներ են լիգա-1-ում։ «Դիժոնին» հյուր գնացած «Լիլը» հաղթել է երկու անպատասխան գնդակի առավելությամբ ու պահպանել «Պարի Սեն Ժերմենից» նախորդ տուրից խլած միանձնյա առաջատարությունը։ Միավորների կորուստ չի ունեցել և երկրի գործող չեմպիոնը՝ տնային խաղում ճիշտ նույնպիսի հաշվով հաստատելով առավելությունը «Լորիանի» նկատմամբ։
«Լիոնը» կարող էր առաջնությունում հաստատել երկիշխանություն, սակայն այդ բանը նրան թույլ չի տվել անել հյուր ժամանած «Բրեստը»՝ 2։2։
Չորրորդ հորիզոնականում է 27 միավորով մնացած «Մարսելը», որն արտագնայում 1։2 հաշվով զիջել է «Ռենին», սակայն պակաս անցկացրած խաղերի քանակով դեռևս շարունակում է մնալ առաջնության պոտենցիալ լիդեր։ Մարսելցիների անվան դիմաց 27 միավոր է։
26 միավորով շարունակեց հինգերորդ հորիզոնականում մնալ մեր հայրենակից Միշել Դեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելիեն», որի համար կատարյալ փորձանք է դարձել «Մեցին» հյուրընկալելը՝ 0։2։
ԱՆԳԼԻԱ
Տուրի գլխավոր մրցակցությունը պրեմիեր լիգայի առաջին երկու տեղում գտնվող «Լիվերպուլի» ու «Տոտենհեմի» միջև էր։ Կողմերից ցանկացածի հաղթանակը նրան դարձնում էր միանձնյա առաջատար։ Որքան էլ հնարավորությունների պակաս չկար, առաջին խաղակեսում մեկական գոլ փոխանակածները հանդիպումն այդպես էլ գլորում էին ոչ-ոքիի հանգրվան, սակայն հյուրերի համար ճակատագրական եղավ նշանակված անկյունայինը, որի խաղարկումից գլխի հարվածով Ռոբերտո Ֆիրմինոն առաջ մղեց տանտերերին։ 28 միավորով «Լիվերպուլը» ստանձնեց առաջնության միանձնյա լիդերությունը։
24 միավորով երրորդ-չորրորդ հորիզոնականում են «Սաուտհեմպտոնն» ու «Լեստերը»։ «Սրբերն» արտագնայում ոչ-ոքի են խաղացել «Արսենալի» հետ՝ ձեռքից բաց թողնելով հաղթանակը (1։1), «աղվեսները» հյուրընկալելիս 0։2 հաշվով զիջել են «Էվերտոնին»։ Վերջինս 23 միավորով տեղ է զբաղեցրել հինգերորդ հորիզոնականում։
Վերջին երկու տուրերի հանդիպումները «Չելսիի» համար արտագնաների կարգից էին ու նորից վատ ավարտով։ Այս անգամ նրան պարտության է հարկադրել «Վուլվերհեմպտոնը»՝ 2։1։ Միավորների կորուստն «ազնվականների» համար նշանակել է հրաժեշտ առաջին հնգյակին։
Երկրորդ անընդմեջ ոչ-ոքին է գրանցել «Մանչեստր Սիթին»։ Եթե «Յունայթեդի» հետ նախորդ տուրինը քիչ թե շատ ընկալելի էր, «Վեստ Բրոմվիչի» հետ ոչ-ոքին (1։1) այնքան էլ հասկանալի չէ, թեպետ մյուս կողմից էլ երբ նայում ես 11 խաղից հետո «քաղաքաբնակների» ունեցած երկու պարտությանն ու հինգ ոչ-ոքիին, զարմանալու քիչ տեղ է մնում։
«Շեֆիլդի» հետ մանչեստրյան մյուս գրանդի՝ «Յունայթեդի» հանդիպումը երեկ ուշ երեկոյան էր։
ԻՏԱԼԻԱ
Ամենայն հավանականությամբ մտածելով, որ եթե «Պարման» սկուդետեի առաջատարի հետ կարող է հավասարի իրավունքով խաղալ ու մրցակցի երկու գոլին պատասխանել նույնքանով, ինչու չեն կարող նույնն անել և իրենք, ու ջենովացիներն անցել են մտածածի իրականացմանը։ Ոսկերչական ճշգրտությամբ։ Նկատենք, որ պարտությունից խուսափողը եղել է առաջատարը։ «Միլանի» այս երկրորդ հարաբերական վրիպումից դարձյալ առավելագույն հատույցով է օգտվել «Նապոլիին» հյուրընկալած ու պարտության մատնած «Ինտերը»՝ 1։0։ Նորից իր վճռորոշ խոսքն է ասել Լուկակուն, որի առնչությամբ, իհարկե, առանց ռասիստական շեշտադրումների, կարող ենք ասել՝ մավրը կրկին արեց իր գործը։ Միլանյան երկրորդ թիմի անվան դիմաց 27 միավոր է, ինչն ընդամենը մեկով է պակաս միլանյան առաջին թիմի ունեցածից։
Երրորդ հորիզոնականում գտնվող «Յուվենտուսը» սեփական հարկի տակ չի կարողացել կոտրել «Ատալանտայի» դիմադրությունը՝ 1։1։
Չորրորդն այստեղ վերն արդեն հիշատակված «Նապոլին» է 23 միավորով, ինչը «ծեր սինյորայի» ունեցածից պակաս է ընդամենը մեկ նիշով։ Նույնքան միավորով «Նապոլիին» հաջորդում է արտագնայում «Ֆիորենտինայի» դեմ պայքարում միավոր վաստակած «Սասուոլոն»՝ 1։1։
Լավագույն վեցյակը եզրափակում է «Ռոման», որ երեկ երեկոյան մրցել է «Թուրինի» հետ։ Հաղթանակը իտալական «գայլերին» միավորներով կարող էր հավասարեցնել «Յուվենտուսին»։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ