Սա պետությու՞ն է, թե՞ ընտանեկան խորհուրդ
02.06.2020 | 01:10
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի շուրջ մաքսանենգության փաստերի բարձրաձայնումից հետո իշխանության ու մասնավորապես վարչապետի լռությունը ինչ-որ կերպ հնարավոր էր հասկանալ, առավել ևս, որ հայտարարվեց, թե դրանցով զբաղվում են իրավապահները։ Սակայն մեկ անգամ ու առանց «շաղգամների» պիտի Փաշինյանը կանգներ, ուղիղ նայեր հասարակության աչքերին ու ասեր, որ ինքը ոչ մի առնչություն չունի այդ ամենի հետ, դրանք հորինված և սուտ տեղեկություններ են, այնինչ Փաշինյանը նախընտրեց «սար ու ձոր ընկնել» ու բազում հարցեր թողնել օդում։ Իսկ Միքայել Մինասյանը շարունակում է նախորդից ավելի ուշագրավ տեղեկություններ դնել շրջանառության մեջ։ Վերջին բացահայտման բնույթը լրիվ այլ էր։ Խոսքը հանրության շրջանում շատ զգայուն հարցի է վերաբերում` բանակին, հայկական զինուժի սպառազինությանը, ու եթե Մինասյանի ներկայացրած փաստերը ճիշտ են, դա սովորական հանցագործություն չպետք է դիտել, հարցի բարոյական կողմը շատ ավելի ծանրակշիռ է։
Նախօրեին Միքայել Մինասյանին հակադարձելու գործը Փաշինյանների ընտանիքը վստահել էր երկրի թիվ մեկ աներձագ, պատգամավոր, դերասան Հրաչյա Հակոբյանին, ու վերջինս պատրաստված, Մինասյանին վերագրվող մեղադրանքները թևի տակ, ծառերի շվաքում եթեր էր մտել` ասելու, որ զարմանում է այն մարդկանց վրա, որոնք մտածում են, թե պատերազմական վիճակում գտնվող Հայաստանը զենքի գնման և վաճառքի շուկաներում «որևէ ձևով» ներկա չպիտի լինի։ Մի կողմ թողնենք այն, թե այս կոմպրոմատների պատերազմում ով ավելի ծանրակշիռ փաստարկներ ունի, մի պահ պատկերացնենք իրավապահների վիճակը. չեն հասցնում մի տեղեկության իսկությունը ճշտել, հաջորդ փունջն է սեղանին դրվում։
Եվ բանակին առնչվող այս նուրբ թեմային էլ ոչ թե վարչապետի աներձագը պիտի արձագանքեր, այլև իրավական համակարգը կամ հենց Փաշինյանը։ Ինչու՞ մեր պետական ինստիտուտները չեն աշխատում, ինչու՞ են իրավապահ մարմիները լռում, կամ ինչու՞ է հրահանգված, որ լռեն։ Սա պետություն է, ոչ թե ընտանեկան խորհուրդ։ Ամեն օղակ իր գործառույթներն ու առաքելությունն ունի, ի՞նչ կապ ունի զենքի վաճառքը Հրաչյա Հակոբյանի հետ։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի գրած ու աներձագի միջոցով փոխանցվող տեքստերն ինքը չի ցանկանում բարձրաձայնել կամ չի հանձնարարում իրավապահներին վայրկյան առաջ այս թնջուկի շուրջ հանրությանը տեղեկություն տրամադրել, նշանակում է հանրության շրջանում կասկածանքն ու անվստահությունն անտեղի չեն։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ