Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Թեկուզ բարի նպատակներով հապճեպությունը և արկածախնդրությունն անթույլատրելի են

Թեկուզ բարի նպատակներով հապճեպությունը և արկածախնդրությունն անթույլատրելի են
18.05.2018 | 11:20

ՀՀ վարչապետը մայիսի 17-ին կառավարության նիստում նպատակահարմար է համարել ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը կամ չտուգանել ճանապարհային երթևեկության ամեն մի կանոնի խախտման համար: Իր խոսքն ուղղելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, Փաշինյանն ասել է.


«Նախ, ես կարծում եմ, որ այնտեղ հսկայական տուգանքներ կան կուտակված` տույժ-տուգանքներով, որոնք մարդիկ չեն վճարել, ենթադրվում է, դրա հնարավորությունը չունենալու պատճառով, և մենք պետք է մեխանիզմներ մտածենք՝ այդ պարտքը ներելու մասին, և երկրորդ` պետք է մտածել արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին: Կարծում եմ, նպատակահարմար կլինի ինչ-որ մի ժամանակաշրջանով, եթե կա այդպիսի օրենսդրական հնարավորություն, եթե չկա, մտածել այդ օրենսդրական հնարավորության մասին` դրանց գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու մասին, կամ առնվազն պետք է մենք այդ պրակտիկան շատ արագ, հենց այսօրվանից դադարեցնենք, երբ որ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են, այսինքն` ես դա նախկինում էլ ասել եմ, պարոն Օսիպյան, որ մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքի քաղաքականությունը պետք է շատ արագ կանգնեցնել, և պետք է փոխենք, ընդհանրապես, մեր վերաբերմունքը այդ հարցի կապակցությամբ»:
Վարչապետը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել է ոստիկանության հետ համատեղ որոշակի առաջարկ ներկայացնել հնարավորինս արագ, և պայմանավորվել է, որ առաջիկա երկուշաբթի նրա և ոստիկանապետի հետ դարձյալ անդրադառնալու են տվյալ խնդիրներին:


Որքան էլ Նիկոլ Փաշինյանի ասածը հատկապես օրինազանց վարորդների սրտով լինի, որոնք, ցավոք, քիչ չեն, որքան էլ պարունակի արդարացի և անհրաժեշտ տարրեր, ակնհայտ է, որ այն հակասում է հասարակական անվտանգության ապահովման հրամայականին և պետության շահերին: Հուսանք, որ այդ սխալ մոտեցումները, որոնց ստորև հանգամանորեն կանդրադառնանք, պայմանավորված են ոչ թե հասարակական անվտանգությունը և պետական շահերն արհամարհելու գնով ամբոխավարությամբ և ամբոխահաճությամբ, էժանագին պոպուլիզմով, այլ վարչապետի անփորձությամբ, ինչը նա կհաստատի, եթե այս հրապարակումից համապատասխան հետևություններ կատարի:
Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի մեկնարկին, նաև ապրիլի 28-ին Ապարանում հայտարարել էր, որ արագաչափերի չվճարված բոլոր տուգանքները պետք է չեղարկվեն: Ինչո՞ւ… Հասկանալի է, վարորդներից ոմանց դժվար է այդ տուգանքները վճարել, բայց, պատկերացրեք, հանվում են այդ տուգանքները, և մայրաքաղաքում սահմանված արագությունը խախտած և այդպիսի հակում ունեցող վարորդներն այդ համաներումն ընկալելով իբրև սահմանված արագության գերազանցման համար պատասխանատվության բացակայության և հետագայում էլ դրա դիմաց տուգանքներ չվճարելու ազդանշան, Երևանի փողոցներում մեքենաներով սուրում են ժամում, ասենք, 80, 90, 100 կիլոմետր և ավելի բարձր արագություններով` անժխտելիորեն վտանգելով մեզնից յուրաքանչյուրի առողջությունը և կյանքը: Սա՞ ենք մենք ուզում։


Նիկոլ Փաշինյանը և սահմանված արագության գերազանցման համար նշանակված տուգանքները զրոյացնելու, արագաչափերի կիրառումը որոշ ժամանակով կասեցնելու մյուս կողմնակիցները չգիտե՞ն, որ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով տարեկան շատ ավելի մեծաթիվ մարդիկ են զոհվում ու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանում, քան Արցախի և Ադրբեջանի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանում թշնամու կրակոցներից` միասին վերցրած: Նկատի ունենանք, որ եթե Երևանի այս կամ այն փողոցում սահմանված առավելագույն արագությունը ժամում, ասենք, 50 կիլոմետրն է, ապա տուգանքը կիրառվում է միայն ժամում 60 կիլոմետր արագությունը գերազանցելու դեպքում, եթե սահմանված առավելագույն արագությունը 60 կիլոմետրն է, ապա տուգանքը կիրառվում է ժամում 70 կիլոմետր արագությունը գերազանցելու դեպքում:
Երևանում, որտեղ ճանապարհի թողունակությունը, անվտանգության ապահովման պայմանները թույլ են տվել, սահմանված են ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված առավելագույն արագությունից ավելի թույլատրելի արագություններ, օրինակ, Ծովակալ Իսակովի պողոտայի, Թբիլիսյան խճուղու առանձին հատվածներում (80 կմ/ժ), ինչը նշանակում է, որ վարորդները տուգանվում են այդ ճանապարհներին ժամում 90 կիլոմետր արագությունը գերազանցելու դեպքում միայն: Քի՞չ է…


Իհարկե, հիշյալ տուգանքները զրոյացնելու, արագաչափերի գործածումն առժամանակ կասեցնելու վարչապետի առաջարկները մերժելի համարելու առումով մեզ համար առաջնայինը սահմանված արագության գերազանցման պատճառով զոհերի, հաշմանդամ դարձածների, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած անձանց քանակի հետագա աճ թույլ չտալն է, սակայն խնդիրը կարելի է դիտարկել նաև Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը չվնասելու տեսանկյունից: Փողոցներում անիվները ճռացնելով, խելահեղ արագությամբ սուրացող, ջարդուխուրդ եղած ավտոմեքենաներ, սահմանված արագության գերազանցման պատճառով զոհեր, վիրավորներ, ճանապարհատրանսպորտային պատահարներ ու դրանց պատճառով առաջացող խցանումներ հաճախակի տեսնող օտարերկրյա զբոսաշրջիկներից քչերը կցանկանան վերստին Երևան այցելել կամ այնտեղ լինելու խորհուրդ տալ իրենց շրջապատին:
Անշուշտ, տեղյակ ենք արագաչափերի կիրառման ոլորտում եղած խնդիրներին: Հիմնավոր են այն դժգոհությունները, որ դրանց արդյունավետությունն արագությամբ պայմանավորված վթարների նվազեցման գործում գոհացուցիչ չէ. շատ վարորդներ չնայած շտապելուն, այն փողոցներում, որտեղ արագաչափ կա դրված, մինչ արագաչափը չտուգանվելու համար ստիպված լինելով չգերազանցել թույլատրելի առավելագույն արագությունը, դրանից հետո ժամանակի կորուստը փոխհատուցում են այդ և այլ փողոցներում (որտեղ արագաչափեր չկան) մեքենան շատ ավելի բարձր արագություններով վարելով, ինչը երբեմն կամ հաճախ լուրջ վթարների պատճառ է դառնում: Մինչդեռ, սահմանված առավելագույնից շատ բարձր արագություններով մեքենան վարելուց թերևս ձեռնպահ կմնային, եթե արագաչափեր չլինեին ընդհանրապես: Այս խնդիրը միանշանակ լուծելի է արտոնագրված, ստուգաչափված, հոլոգրաֆիկ կնիքով կնքված ու վստահելի շարժական արագաչափերի զանգվածային կիրառմամբ (ընդգծում ենք` ոչ թե հատուկենտ, ձևական, այլ զանգվածային բնույթ ունեցող կիրառմամբ), որի դեպքում օրինախախտ վարորդներն այլևս չեն կարող տուգանքները շրջանցելու վստահությամբ ստացիոնար արագաչափից առաջ սահմանված թույլատրելի արագությամբ վարել, իսկ դրանից հետո այն գերազանցել: Հանուն մեր ու մեր մերձավորների առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգի նվազեցման պետք է գնալ շարժական արագաչափերի զանգվածային կիրառման քայլին, թեև, հայտնի է նաև, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ (Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան, Գևորգ Կոստանյան, Անդրանիկ Հարությունյան) արհեստական պատճառաբանություններով (իբր ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անձնական կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության պահանջների հետ կապված խնդիրներ կան) ընդհանրապես դեմ են շարժական արագաչափերի թեկուզ սահմանափակ կիրառմանը: ԱԺ հիշյալ խմբակցությունն այդ կապակցությամբ խորհրդարանում մայիսի 14-ին նույնիսկ շրջանառության մեջ է դրել վերոնշյալ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը, հուսանք, հասարակական անվտանգությանը և ողջախոհությանը նախապատվություն տալով, հետ կվերցվի կամ ԱԺ-ի կողմից չի ընդունվի:


Արագաչափերի հետ կապված մյուս խնդիրն էլ, ըստ վարորդների, այն է, որ նախորդ իշխանության օրոք ճանապարհային ոստիկանությունը կոռուպցիոն նկատառումներով կամ առկա իրողությունները, անհրաժեշտություններն անտեսելով, մայրաքաղաքի որոշ փողոցներում արհեստականորեն սահմանափակել է տվյալ փողոցներում իրականում թույլատրելի առավելագույն արագությունները, շատ ցածր առավելագույն արագություններ սահմանել, ինչը պատճառ է հանդիսանում, որ բազմաթիվ վարորդներ խախտեն այն և անհարկի տուգանվեն: Եթե դա իրոք այդպես է, ապա վարորդներին տուգանքներից ազատելու մտադրություն ունեցող վարչապետը թող ոստիկանապետին ոչ թե արագաչափերի կիրառումն առժամանակ կասեցնելու, այլ վերոնշյալ խնդիրները լուծելու, այդ թվում նաև` որոշ փողոցներում սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը վերանայելու հանձնարարականը տա:
Վտանգավոր և անընդունելի է նաև տեսախցիկների կիրառումը որոշ ժամանակով կասեցնելու վարչապետի մտահղացումը, ինչն իրականության վերածվելու պարագայում հանգեցնելու է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման առանց այն էլ մեծ թվաքանակի, այդ թվում նաև կարմիր լույսի տակով անցնելու դեպքերի էական աճի, սակայն, տեսախցիկների չկիրառման պատճառով` արդեն չարձանագրվող: Սա՞ է մեր ուզածը, Նիկոլ Փաշինյանի և նոր կառավարության ուզածը… Կարծում ենք, ոչ:


Ինչպես ակնհայտ է, վարչապետը օրինազանց վարորդներին տուգանելու դեպքերի քանակը նվազեցնելու և տուգանքների բեռի հետագա աճ թույլ չտալու նպատակով, չի առաջարկել միայն տեսախցիկների կիրառման ժամանակավոր կասեցում: Նրա խոսքում կա նաև «կամ…»-ը, ինչը շատ կարևոր է. «… կամ առնվազն պետք է մենք այդ պրակտիկան շատ արագ, հենց այսօրվանից դադարեցնենք, երբ որ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են»: Այո, այս` հոծ գծերը շոշափելու, ստիպված դրանց վրայով կամ դրանցից նույնիսկ մի քանի սանտիմետր ձախ անցնելու համար վարորդներին տուգանելու անարդարացի պրակտիկային օր առաջ վերջ տալու անհրաժեշտությունն իրոք կա: Այսպիսի դեպքերի համար վարորդներին տուգանող ճանապարհային ոստիկանությունը մինչ այժմ հաշվի չի առել, որ վարորդները հաճախ ստիպված են լինում հոծ գծերի վրայով կամ դրանցից մի քիչ ձախ վարել` ճանապարհի փոսորակից և համապատասխան մեքենամասերի շարքից դուրս գալուց խուսափելու կամ աջից վազանց կատարող մեքենայի հետ բախումից խույս տալու նպատակով: Ոչ միայն հոծ գծերի վրայով կամ դրանցից մի քանի սանտիմետր այն կողմ անցնելու, այլև բոլոր այն դեպքերում, երբ վարորդը ՃԵԿ-ի խախտումը վթարը կամ վնասը կանխելու նպատակ է ունեցել կամ կարող էր ունենալ, տեսախցիկներով արձանագրելուց հետո դրանք որպես խախտումներ ձևակերպելն ու վարորդներին տուգանելը պետք է բացառել: Խախտման բնույթից կախված, տուգանելը պետք է բացառել նաև այն բոլոր դեպքորում, երբ տվյալ փողոցներն ու մայրուղիները չեն համապատասխանում ավտոճանապարհ կոչվելու ստանդարտներին, այսինքն` բացակայում են համապատասխան գծանշումները, ճանապարհային երթևեկության նշանները, լուսավորումը, ճանապարհի որակը: Մնացած դեպքերում տուգանքների կիրառումը պետք է շարունակվի հանուն բոլորիս անվտանգության:


Ի տարբերություն վերը նշվածի, անընդունելի է նաև խորհրդարանում մայիսի 8-ին ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի արտահայտած այն դիրքորոշումը, թե «…այն դեպքերում, երբ, այնուամենայնիվ, բանը հասնելու է տուգանքին ու տուգանելուն, դրանք ոչ միայն իրենց չափով, այլև իրենց հաճախությամբ պետք է համապատասխանեն Հայաստանում հաստատված ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակին և ընդհանրապես տրամաբանությանը»: Տրամաբանությանը համապատասխանելուն, անշուշտ, որևէ մեկը չի կարող դեմ լինել: Ընդգծենք նաև, որ տուգանքների չափն արդեն իսկ համապատասխանեցված է Հայաստանում հաստատված ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակին, այլ կերպ ասած, սոցիալական տարբեր վիճակներում գտնվողների համար միջինացված է, ավելի ճիշտ, նույնիսկ նվազեցված է ավելի, քան պետք է նվազեցվեր սոցիալական ոչ բարվոք վիճակում գտնվողների շահերը հաշվի առնելով, քանի որ դրանք իրենց ներկայիս չափերով հիմնականում զսպիչ, կանխարգելիչ դեր չեն կատարում հասարակության ունևոր մասի համար, որոնց շարքերում էլ հենց ՃԵ կանոնները հաճախակի խախտող հղփացածներն են: Տուգանքների չափի հետագա նվազեցումն այդ տուգանքները կզրկի իրենց կանխարգելիչ, զսպիչ նշանակությունից ու գործառույթից, ըստ էության, դրանց կվերածի ձևական միջոցների:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6386

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ