Եթե երկրի վիճակը նորմալ լիներ, շատերը գրելը կթողնեին, խոսելը` նույնպես: Բայց, դե, օրավուր ահագնացող իրադրությունը սա՛ է, և մարդիկ ինքնարտահայտվելու բնական ձգտում ունեն: Նախանձելի, երջանիկ շանորդիներ կան, որոնք ամեն ինչ գիտեն. դրանց մի մասը գիրք է գրում: Հետո պիտի հրատարակեն. ինչպե՞ս: Քանի որ գրքի լույսընծայումը կապված է հրատարակչական ու տպագրական ծախքերի հետ, իսկ իրենք փող չունեն (եթե ունենային, չէին էլ գրի), ապա պիտ դիմեն փող ունեցողի: Եթե բախտները բերի, գուցե 30-40 փորձից հետո մեկին «կպցնեն»:
Բայց հայրենական փողատերը հո հարիֆ չէ՞, անհրաժեշտ գումարի կեսը կտա, այն էլ` պարտադիր պայմանով` հեղինակին չվճարելով: (Մինչև հիմա այդպես էլ չհասկացա, թե դրամատերն ինչու է առհասարակ փող տալիս գրատպության համար, իր ինչի՞ն է պետք): Գիրքը լույս տեսնելուց հետո ամեն հեղինակ մտածում է, թե իր գրվածքը ազգի ճակատագիրը փոխող դարակազմիկ երևույթ է, որը պետք է հանրայնացնել, ձեռի հետ էլ վաճառել, վերածել փողի: Դա իրականացնելու համար մի քանի բան պիտի անի` տպաքանակի կեսը նվիրի ծանոթ-բարեկամների ու պետքական մարդկանց, մյուս կեսը ցրի էս ու էն գրախանութներում (սրանք իրենց հերթին հոր տոկոսագին կավելացնեն ու թքա՛ծ` կվաճառվի, թե ոչ), ապա շնորհանդես կազմակերպի` հրավիրելով տպաքանակի կեսը նվիրածներին ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների: Դրանից հետո որևէ թերթում գոնե մեկ գրախոսություն պիտի տպի, ինչը փողատեր ճարելուն հավասար բան է:
Կանոններն այսպիսին են, և ես էլ նույն իրավիճակում հայտնվեցի, բայց` տարբերություններով:
Նախ, շատ բան կա, որ ես չգիտեմ:
Երկրորդ, դրամատիրոջ չեմ «կպցրել»: Անցյալ դեկտեմբերին հանրապետությունում հայտնի ձեռնարկատեր Բարսեղ Բեգլարյանն անսպասելիորեն առաջարկեց հոգալ անտիպ գրքերիցս մեկի տպագրությունը: Դա մեկանգամյա, կարճառոտ և այն աստիճանի անակնկալ հանդիպում էր, որ չհասցրի ոչ միայն հարցնել, թե ինչու է հենց ինձ նման առաջարկ անում, այլև շնորհակալություն հայտնել: Գրքի դիզայնը կատարեց «Էդիթ պրինտ» հրատարակչությունը, տպագրեց «Ոսկան Երևանցին»:
Երրորդ, քանի որ ինձ փող պետք չէ, ես հասել եմ կենսական կացութաձևի բարձրագույն աստիճանի` ապրում եմ առանց փողի, ապա գրքի գնագոյացումը և վաճառքը վերապահեցի հրատարակչին` վաճառքից ստացվելիք գումարով անգլերեն թարգմանելու, էլեկտրոնային տարբերակ պատրաստելու և համացանցում զետեղելու համար:
Մնաց մի գրախոսություն տպագրելու հարցը:
Գրքիս վերնագիրն է` «Հայոց տնտեսական ցեղասպանություն: Հայերի տնտեսական գործունեությունը ներկայիս Թուրքիայի տարածքում մինչև 1915 թ.: Փաստերի ժողովածու»: Բաղկացած է առաջաբանից, չորս գլուխներից` «Քաղաքներ» (100), «Մարդիկ» (67 անձ), «Ֆինանսավարկային հաստատություններ, արտադրական ձեռնարկություններ և տնտեսական միություններ» (48), «Գովազդապատկերներ» (100 հատ), ինչպես նաև «Ապրանքատեսակների, դրամական, կշռի, վարչական միավորների և գրքում գործածված այլ եզրերի բացատրական բառարանից», 482 պատմական համայնա-դիմա-գովազդապատկերներից: Աղբյուրների քանակն է 116, էջերինը` 516, ամբողջը` գունատիպ, քաշը` 1 կգ 115 գրամ:
Է՜, ինձնից լավ ո՞վ գիտե, թե այդ ամենն ինչի մասին է, ո՞վ զահլա ունի այդ ամենը կարդալու և քննախոսելու: Դե որ այդպես է` ի՛նքս կանեմ:
Ժողովածուն Օսմանյան Թուրքիայում հայոց տնտեսական ցեղասպանության` Մեծ եղեռնի կարևորագույն բաղադրյալներից մեկի ապացույցն է, ունի բազում ներքնիմաստներ, ենթատեքստեր, որոնցից կառանձնացնեմ ամենաէականը:
Նախ, ակնբախ է, որ Թուրքիայում տնտեսական գերազանցությունը պատկանում էր քրիստոնյա փոքրամասնությանը (հայեր, հույներ, ասորիներ)` հայերի գերակայությամբ, իսկ մահմեդական տարրը (թուրքեր, քրդեր, այլք) առևտրատնտեսական գործունեությամբ գրեթե չէր զբաղվում: Ինչպես դիպուկ բնորոշում է աղբյուրներից մեկը. «Թուրքերն իրենց տիրապետութեան առաջին օրէն մինչեւ գրեթէ 1915 թուականը միշտ հեռու էին մնացեր առեւտրական եւ արհեստագործական ասպարէզներէն, անվայել համարելով այդպիսի «խոնարհ» զբաղումներ իրենց տիրապետող ազգի (միլլէթը հաքիմէ) հպարտութեան: Անոնք առաւելապէս զինուորականներ էին, իսլամական կրօնի ծառայողներ, պետական պաշտօնեաներ, մեծ հողատէրեր-կալուածատէրեր, քիչ բացառութեամբ՝ առեւտրականներ եւ քանի մը աննշան արհեստներու մէջ աշխատող: Անոնք առաւելապէս անասնապահ, երկրագործ, բանջարամշակ (պօսթանճի), այգեպան էին»:
Տնտեսական ասպարեզում հայոց գերիշխող դիրքը բացատրվում է բազմադարյա ավանդակիր հմտություններով, այնինչ տիրապետող ազգը` միլլէթը հաքիմէն, այդպիսի ունակություններից պարզապես զուրկ էր: Ասվածը վկայող և ժողովածուում պարունակվող բազում-բազմաթիվ ապացույցներից բերեմ ընդամենը մեկը: 1912-1913 թթ. Սեբաստիայի նահանգում.
-մանուֆակտուրա ներմուծող 20 վաճառականներից 18-ը հայ էր, 2-ը` հույն
-կաշվեղեն և այլ ապրանքներ ներմուծող 25 վաճառականներից 23-ը հայ էր, 2-ը` թուրք
-մետաղներ ներմուծող բոլոր 12 վաճառականները հայ էին
-Կյուրինի տեղական գործվածքների 20 արհեստանոցներից 19-ը պատկանում էր հայերին, 1-ը` թուրքի
-8 ալրաղացներից 4-ը պատկանում էր հայերին, 4-ը` թուրքերին
-բոլոր 10 սեղանավորները` ֆինանսավարկային գործունեությամբ զբաղվող անձինք, հայ էին
-9800 խանութպաններից և արհեստավորներից 6800-ը հայ էին, 2250-ը` թուրք, 750-ը` այլազգի
-150 արտահանող վաճառականներից 127-ը հայ էր, 23-ը` թուրք
-166 ներմուծող վաճառականներից 141-ը հայ էր, 13-ը` թուրք, 12-ը` այլազգի
-153 գործարանատերերից և արդյունաբերողներից 130-ը հայ էր, 20-ը` թուրք, 3-ը` այլազգի
-37 դրամատերերից ու սեղանավորներից 32-ը հայ էր, 5-ը` թուրք։
Նմանատիպ իրավիճակ էր տիրում մեր ուսումնասիրած համարյա բոլոր 100 քաղաքներում: Անգամ մայրաքաղաք Կ. Պոլսում 1908-1910 թթ. ութ խոշորագույն ներմուծող-արտահանող ֆիրմաներից երկուսը հայապատկան էին (Գյուլբենկյաններ և Բ. Մահչուփյան), վեցը` եվրոպական:
Ահա այսպիսի պայմաններում էր, որ ժամանակի հետ առաջացան թուրքական համազգային նախանձ ու անհանդուժողականություն. միլլէթը հաքիմէն աղքատ ու կիսաքաղց գոյություն էր քարշ տալիս, իսկ իրավական տեսակետից անպաշտպան հայը քրտնաթոր աշխատանքով արարում-ստեղծում էր և բարեկեցիկ կյանք վայելում:
Օսմանյան Թուրքիայում հայոց նկատմամբ բռնություններ, հարստահարություններ, ունեցվածքային անպատժելի բռնազավթումներ եղել են միշտ և հնուց անտի` XV դարից ի վեր: Սկզբում դրանք կրում էին տարերային բնույթ, և հապացույց ասվածի բերենք Բերրի քաղաքին վերաբերող մի վկայություն. «1895-ի թալանէն 20 տարի առաջ նորէն թալան մը եղած է: Այս պատճառով Բերրիի և այլ հայկական կեդրոններու մէջ գրեթէ հարստութիւն չէ մնացած հայերու մօտ, քանի որ այդ թալանի ընթացքին հայկական տուներու մէջ հին աւել մըն ալ չէր մնացած»:
Ընչազավթման տարերայնությունն աստիճանաբար վերածվեց համակարգվածության, և ուղենշային դարձան 1894-1896 թթ. համիդյան ջարդերը, որոնք թուրքին ցույց տվեցին հայասպանությամբ և ընչազավթմամբ արագորեն հարստանալու, բարեկեցիկ կենսապայմանների տեր դառնալու հեշտ ուղին: Մեջբերենք մի քանի վկայություններ. «Առանց աշխատանքի ապրելու և վայելելու հոգեբանութիւնը տիրական էր անոնց հոգիին մէջ», «Քաղաքս (Ակնը- Խ. Դ.) իւր շրջակայ հայոց գիւղերով բաւական չէին անդադար ի հնուց ի վեր կրած հարստահարութիւնքն, վերջին ահաւորագոյն հարուած մը ունեցաւ 1896 տարւոյ սեպտեմբերի մէջ: Հայոց Վերին թաղի տներու մեծագոյն մասն հրոյ ճարակ եղան: Ընդհանուր անձանց կորուստն ըստ լրագրաց համարուեցաւ 2000 հոգի: Ամենայն անասելի խժդժութիւնք ի գործ դրուեցան, հայոց կրկին եկեղեցիք այրուեցան և երիցունք սպանուեցան: Նոյն թշուառութիւնն պիտի գար քաղաքիս վրայ 1895-ին, եթէ հայք 1500 լիրա փրկանք չտային: Այս դէպքէն վերջ հարուստ Ակնի ողջ մնացած ժողովուրդն բոլորովին յետին աստիճանի աղքատացաւ և մինչև անգամ չոր հացի կարօտ մնաց», «Թուրք բեռնակիրներ և անոթիներ սկսան վաճառականութիւն ընել շնորհիւ աւարառութեան, մինչ նախկին հայ ունեւորները ալ այդպիսիներուն քով ծառայութեան մտան՝ ապրուստ ճարելու անհրաժեշտ պէտքէն մղուած»:
Հաջորդ ուղենիշը 1909 թ. Ադանայի սոսկալի կոտորածն էր. «1909 թ. ապրիլին Ադանայի վիլայեթում կազմակերպված կոտորածներով, որոնց հետևանքով զոհվեցին մոտ 30000 անմեղ հայեր, 300 կալվածք այրվեց, հափշտակվեց ավելի քան 10000 գլուխ անասուն, իսկ նյութական վնասները հասան 20 միլիոն թուրքական լիրայի (մոտ 500 միլիոն ֆրանկի)»:
Այսպիսով թուրքը ձեռք բերեց եղկելի փորձառություն, որը մարդ-գազանների արյունոտ ձեռամբ լիովին կիրառեց 1915-ին:
Ժողովածուի առանցքը ազգային կապիտալ ստեղծած ունևոր հասարակախավն է, և դա պատահական չէ: Որովհետև երբ խոսում ենք արևմտահայոց (ավելի լայն առումով՝ տաճկահայոց) տնտեսական ցեղասպանության մասին, ապա պետք է նկատի ունենալ, որ թուրքական կառավարական շրջանակներից մինչև շարքային մարդասպանների հիմնական թիրախը հենց ա՛յս շերտն էր: Այս դասն էր, որ զարգացնում էր թուրքական հետամնաց տնտեսությունը, սածիլում կապիտալիզմի սաղմերը, արտասահմանից ներմուծում նորագույն սարքավորումներ ու տեխնոլոգիաներ (Տյուզյաններ, Տատյաններ, Ֆաբրիկատորյաններ և այլք), արմատավորում բիզնեսի կազմակերպման արդիական ձևեր (Ամասիայի, Չանկրիի տոնավաճառներ), ուշադրությամբ հետևում միջազգային սակարանների անցուդարձին, հատուկ մասնագիտական մամուլի միջոցով ազգակիցներին հաղորդում շահավետ տեղեկություններ («Բյուրակն», «Առևտուր» պարբերականներ): Ահա այդ խելացի, կիրթ, ձեռներեց, ազգապահ խավը թուրքական ցեղասպանների համար դարձավ համեղ պատառ: Հարստությունը, հարուստ լինելը ոչ միայն չփրկեցին հային, այլև ընդհակառակը՝ դարձան նրա կործանման պատճառներից մեկը:
Այսօր էլ հաճախակի լսում ենք (հատկապես` երիտասարդներից), թե ինչպես 1,5 միլիոն նահատակ հլու-հնազանդորեն, առանց դիմադրության կառափնարան բարձրացավ: Նախ, դիմադրական շարժում եղել է (Վանի, Այնթապի, ՈՒրֆայի ինքնապաշտպանական մարտեր, ֆիդայական շարժում), սակայն ցեղասպանությունը կատարվում էր դիվային մտահղացմամբ` մահվան առաջին քարավանները բաղկացած էին քաղաքական գործիչներից, հոգևորականներից, մտավորականներից ու մեծահարուստներից, դրանով կտրվում էր տվյալ համայնքի գլուխը, վերնախավը՝ անպաշտպան դարձնելով, բարոյալքելով ու մորթվելու ենթակա դարձնելով հայ զանգվածը: Ժողովածուում բերել ենք սույնը վկայող բազմաթիվ ապացույցներ:
Ի վերջո, 1915-ի տնտեսական ցեղասպանությամբ ինչպիսի՞ խնդիրներ լուծեց Թուրքիան:
Նախ, ոչնչացնելով հայերին՝ բռնազավթեց նրանց ունեցվածքը: Բերենք Ադանայի օրինակը. «1915-ին տեղահանութեան ենթարկուած հայերուն շարժուն եւ անշարժ բոլոր հարստութիւնները «Լքեալ գոյքեր» («Էմվալը մէթրուքէ») օրէնքին համաձայն գրաւուեցան թիւրք կառավարութեան կողմէ:
Այսպէսով գրաւուած հայապատկան կալուածներն ու գոյքերը ծախուեցան ոչինչ, շատ չնչին ու ցած գիներով: Իսկ գոյք ու կալուածոց մէկ մասն ալ իւրացուեցաւ թիւրք անհատներու կողմէ: Ասոնք իբր «պահանջատէր» ներկայանալով կառավարութեան, կեղծ վկաներով ու կեղծ մուրհակներով կամ շինծու պարտաթուղթերով անհիմն դատեր բացին, եւ դատարանները ամբաստանեալ «պարտական» հայերուն ի բացակայութեան վճիռներ արձակելով՝ անմիջապէս այսպիսի կեղծ դատավճիռները գործադրութեան դրին, եւ շատ թիւրքեր աննշան գիներով կառավարութեան ձեռքէն գրաւեցին հայապատկան կալուածները:
Օրինակ, այսպիսի մեքենայութեամբ էր որ գրաւուեցաւ Պապիկեան պարտէզը, ընդարձակ եւ արժէքավոր:
1918-ի Զինադադարէն ետքը, գաղթականութենէ ողջ մնալով Ատանա վերադարձող հայերէն ոմանք կրցան մասամբ վերստանալ իրենց կալուածները: Բայց երկու-երեք տարիներ ետքը Քեմալական շարժումին հետեւանքով իրենց հայրենիքէն հեռացած հայերուն բոլոր ինչքերը դարձեալ գրաւուեցան թիւրք պետութեան կողմէ, համաձայն նոր օրէնքի մը՝ «Բացակայ անձերուն» («Էշխասը միւթաղայիպէ») վերաբերեալ օրէնք մը, որ ո՛չ միայն իրենց բնակավայրերը ձգած եւ օտար երկիրներ գացած անձերը կը զրկէր իրենց իրաւունքներէն, այլ նաեւ Թիւրքիոյ ուրիշ քաղաքները փոխադրուած ու հոն բնակութիւն հաստատած հայերը:
Օրինակ, ասիկա պարագան է Ատանայի կարեւոր կալուածատէր եւ վաճառական Աւետիս Աղազարեանի, որ Ատանայէն Պոլիս գացած եւ հոն տեղաւորուած ըլլալով հանդերձ զրկուեցաւ իր սեպհականատէրի իրաւունքէն…
Ի գործադրութիւն վերոյիշեալ օրէնքին, հայերու պատկանող ամբողջ հարստութիւնը, ինչպէս նաեւ ազգապատկան կալուածները, դպրոցները, եկեղեցիները, գերեզմանոցները մէկ օրէն միւսը մէկ հարուածով թիւրք պետութեան ու ժողովուրդին սեպհականութիւնը դարձան»: «Լքյալ գույքերի մասին» այս և հետագա տխրահռչակ օրենքները իրավական տեսակետից ապահովեցին ընչազավթումը: Եվ սա կատարվեց ամբողջ Թուրքիայի տարածքում:
Երկրորդ, մահմեդական փախստականներին, գաղթականներին՝ մուհաջիրներին, տեղավորեց հայապատկան տներում:
Երրորդ, հայերից խլված ֆինանսական միջոցներն օգտագործեց ներքին և արտաքին պարտքերը մարելու համար: 1915 թ. հուլիսի 21-ին «Գերմանական-լևանտական բամբակագործական ընկերությունը» Ադանայի իրենց հյուպատոսությանը հղած զեկուցագրում նշում էր. «Թուրքիայի կառավարությունը մտադիր է՝ ներքաղաքական դրդապատճառներից ելնելով, Ադանայի նահանգից աքսորել բոլոր հայերին: Տեղահանությունը պետք է կատարվի նրանց շարժական և անշարժ գույքի օտարումով: Թուրքական կառավարությունն իրեն իրավունք է վերապահում հարմար միջոցներով իրացնել օտարված գույքը և դրանից ստացված միջոցներով առաջին հերթին մարել սեփական, երկրորդ հերթին՝ արտասահմանյան պարտքերը, իսկ մնացորդը տրամադրել տեղահանվածներին:
Միաժամանակ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի հայերի համար անհնարին լինի գույքի օտարում կամ փոխանցում որևէ մեկին...»:
Չորրորդ, պատերազմը տեղափոխեց Արևելյան Հայաստան և Կովկաս, ստեղծելով Ադրբեջանի Հանրապետությունը:
Մեր ժողովածուն ունի մի կարևորագույն արդիական առաքելություն, այն է` նպաստել իրավական ճանապարհով Թուրքիայի Հանրապետությունից պահանջելու ֆինանսանյութական փոխհատուցում: Խնդիրն ամենևին նոր չէ և ունի պատմական արմատներ:
1916 թ. ՀՅԴ Բաքվի կոմիտեի նախաձեռնությամբ ծրագրվեց և Անդրկովկասի տարբեր վայրերում կատարվեց տեղեկությունների հավաքագրում Արևմտյան Հայաստանի հայ բնակչության կոտորածների կազմակերպման և իրականացման վերաբերյալ՝ «Վշտապատում» անվանմամբ, որի նպատակն էր «ճշտել վերջին պատերազմի պատճառով Թուրքիայում հայերի ունեցած զոհերի, նյութական կորուստների ծավալը, կուլտուրական վնասի չափը, այլև գծել»: Թեև հարցումները վերաբերում էին հիմնականում Արևմտյան Հայաստանին և ոչ ամբողջ Թուրքիայի հայությանը, ինչպես նաև գլխավորաբար ընդգրկում էին գյուղերն ու գյուղախմբերը, այդուհանդերձ, դա առաջին փորձն էր:
1918 թ. հոկտեմբերի 31-ին Թիֆլիսում կայացավ Հայկական հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդի նիստ՝ Հովհաննես Թումանյանի գլխավորությամբ։ Խորհուրդը որոշեց Հաշտության վեհաժողովին հայ ժողովրդի կողմից մի հուշագիր կազմելու և ներկայացնելու համար ընտրել հանձնաժողով: Նոյեմբերի 21-ին ստեղծվեց «Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողով», որի նախագահ ընտրվեց Ամենայն հայոց բանաստեղծը:
Հանձնաժողովի չորս բաժիններից մեկը` Տնտեսականը, պետք է զբաղվեր աշխարհամարտի ընթացքում հայության ունեցած նյութական կորուստների հաշվառումով: Այն գործում էր որոշակի կանոնադրությամբ ու հատուկ հրահանգով: ՈՒնենալով պետական կարգավիճակ, հանձնաժողովը նաև որոշակի ֆինանսավորում էր ստանում Հայաստանի Հանրապետության կառավարությունից:
1919 թ. փետրվարին Փարիզի Հաշտության կոնֆերանսին ներկայացվեց երկու հուշագիր. մեկում հայ ժողովուրդը առաջ էր քաշում իր քաղաքական (տարածքային) պահանջները, մյուսը նվիրված էր Առաջին աշխարհամարտի ընթացքում հայ ժողովրդի կրած մարդկային և նյութական կորուստների համար դրամական փոխհատուցման խնդրին (ռեպարացիաներ)։ Հայտնի է, որ Խաղաղության վեհաժողովում հայ ժողովրդի շահերը ներկայացնում էին երկու մարմին՝ Ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ, և Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի ղեկավարությամբ: Հայոց նյութական պահանջների վերաբերյալ միասնական հուշագրում, ըստ այդ պատվիրակությունների հաշվարկի, թուրքերի հասցրած վնասները կազմում էին 19 մլրդ 130 մլն 932 հազար ֆրանկ (1919 թ. Ֆրանսիայում գործող գներին համապատասխան), որից Արևմտյան Հայաստանին բաժին էր ընկնում 14 մլրդ 598 մլն 460 հազ., իսկ Հայաստանի Հանրապետությանը և Կովկասի հայաբնակ շրջաններին ` 4 մլրդ 532 մլն 472 հազ. ֆրանկ:
Ակնհայտ է, որ այդ գումարաչափերը խիստ մոտավոր էին, բայց նույնիսկ դրանք չբավարարվեցին: Խնդիրն անորոշ ժամանակով մտավ փակուղի: Սակայն հարափոփոխ ժամանակները նոր մոտեցումներ են առաջ բերում:
Վերջին տարիներին ակնհայտ հետաքրքրություն է դրսևորվում Օսմանյան Թուրքիայում հայոց տնտեսական կորուստների քննարկման ու լուսաբանման ուղղությամբ: Թուրքիայում հրատարակվում են գրքեր (Թաներ Աքչամ, ՈՒնգուր ՈՒմիթ, Սաիթ Չեթինօղլու, Նևզաթ Օնարա, Այշե Հյուրի), երիտասարդ թուրք մասնագետներն ուսումնասիրում են Թուրքիայում հայ վաճառականության պատմության հարցեր, ամերիկյան ու եվրոպական մամուլում ստեպ-ստեպ երևան են գալիս նույնուղի հրապարակումներ: Ո՞րն է նման ուշադրության պատճառը, ըստ իս` ֆինանսանյութական կորուստների փոխհատուցման դատաիրավական հետապնդման հեռանկարը:
1952 թ. մարտի 20-ին ընդունվեց Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության կոնվենցիայի թ. 1 արձանագրությունը (1994 թ. մայիսի 11-ին ենթարկվել է փոփոխությունների): Դրա 1-ին հոդվածը կոչվում է «Սեփականության պաշտպանություն» և ունի հետևյալ բովանդակությունը. «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իր սեփականության նկատմամբ հարգանքի իրավունք ունի: Ոչ ոք չի կարող զրկվել իր ունեցվածքից այլ կերպ, քան ելնելով հանրային շահերից և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները չեն նսեմացնում պետության իրավունքը ապահովելու այնպիսի օրենքների կատարումը, որոնք նա անհրաժեշտ է համարում վերահսկելու համար սեփականության օգտագործումը ընդհանուր շահերին համապատասխան կամ ապահովելու համար հարկերի կամ այլ գանձումների կամ տուգանքների վճարումը»: Անկասկած, սա սկզբունքային հիմնադրույթ է, որի մեկնաբանության շուրջ հրապարակվել են հազարավոր մասնագիտական գրքեր ու հոդվածներ: Սակայն մեզ հետաքրքրում է վերոբերյալ հոդվածի երկրորդ մասի «սեփականության օգտագործումը ընդհանուր շահերին համապատասխան» մասը: Ինչո՞ւ, որովհետև թուրք ժխտողականների ենթադրյալ փաստարկը կարող է լինել այն պնդումը, թե հայերի սեփականության բռնազավթումը եղել է «ընդհանուր շահերին համապատասխան»:
Լավ: Մեր ժողովածուի Զմյուռնիային վերաբերող հատվածում զետեղել ենք հայապատկան մի բասմախանայի` չթի գործարանի լուսանկար, որն այսօր դպրոց է. թուրքերը կարո՞ղ են ասել, թե դա որ թվականից է ծառայել ընդհանուր շահի համար` դպրոց դարձել: Զետեղել ենք պոլսեցի Հ. Կյոչեյանի զավթված հրաշալի շենքի մերօրյա լուսանկարը. նրա ժառանգներն իրավունք չունե՞ն փոխհատուցում պահանջելու: Ամասիացի դեյրմենջի` ջրաղացպան, Նշան Յաղլիյանը ուներ մի ձեռնարկություն, որը գործել է ընդհուպ մինչև… 2015 թ. հունվար. այսօր Ստամբուլում բնակվող նրա ժառանգն իրավունք չունի՞ փոխհատուցում պահանջելու: Կոնիային վերաբերող հատվածում զետեղել ենք մի հավաստագրի լուսանկար առ այն, որ 1915 թ. օգոստոսի 13-ին Հակոբ Բաղդասարյանը և Աբրահամ Գազազյանը Օսմանյան կայսերական բանկի Կոնիայի մասնաճյուղին ի պահ են հանձնել թանկագին քարերով լի մի զարդատուփ` 150 օսմանյան ոսկի արժեքով. այսօր Երևանում ապրող նրանց ժառանգորդն իրավունք ունի՞ փոխհատուցում պահանջելու: Մենք բերեցինք մի քանի օրինակ, բայց մեր ժողովածուում այդպիսիք տասնյակ հազարավոր են, և նրանց բոլորի ժառանգորդներն իրավունք ունեն դատական ճանապարհով փոխհատուցում պահանջելու: Քանզի ակնհայտ է, որ հայոց ընչազրկումը կատարվել է ոչ թե ընդհանուր շահերից ելնելով, այլ տեղի է ունեցել սեփականատերերի ապօրինի փոփոխություն, սեփականության ապօրինի օտարում` զուգակցված օրինական տերերի ոչնչացմամբ:
1970 թ. լիբանանաբնակ պատմաբան, գրական գործիչ Լևոն Վարդանը իր «Հայկական Տասնհինգը եւ հայերու լքեալ գոյքերը» գրքում նշում էր. «Խօսիլ հայկական պահանջներու մասին՝ ըրին շատեր, գրել՝ նո՛յնպէս. եւ, սակայն, այդ բոլորին մէջ, այդ բոլո՛ր տեսակի պահանջներուն մէջ յաճախ մոռցուելու դատապարտուեցան կարելիութիւնն ու անհրաժեշտութիւնը լքեալ գոյքերը դրամանիշով արտայայտող թիւ ու քանակին, եւ այս մէկը՝ կա՛մ անոր համար, որ հայկական պահանջներով զբաղողներ հետապնդել ուզեցին նախ հող հայրենին եւ ապա՛ միայն այլ բան, եւ կամ ալ անոր համար, որ երկրորդական թուող լքեալ գոյքերը արդէ՛ն իսկ կը նկատուէին վերջնականօրէն կորսուած:
Բայց Հայկական Դատի անբաժանելի մէկ մասն է պահանջը հայերու նիւթական կորուստներուն, որուն հետ, դժբախտաբար, եւ որքան որ ծանօթ է մեզի, զբաղած է ո՛չ մէկը հայոց պատմութեան քննիչներէն: Իսկ եթէ գտնուած են զբաղողներ՝ անոնք ալ չեն անցած ընդհանուր կարծիքներէ եւ քննութեան չդիմացող եզրակացութիւններէ անդին. ահա թէ ինչու՛ համար այսօր հայերու լքեալ գոյքերուն արժեւորումով զբաղիլ փորձող ո՛րեւէ մէկը ինքզինք կը գտնէ ամբողջական բացակայութեանը առջեւ այն աղբիւրներուն, որոնք կրնային առնուազն օժանդակել իր գնահատումի ճիգին:
Այսօր, եթէ կ’ուզուի նո՛յնիսկ հեռաւոր կերպով նշել իսկական քաշը նիւթական կորուստին եւ անոր հողայինի՛ն նաեւ, անհրաժեշտ է լրիւ կերպով ճանչնալ ընկերային եւ նիւթական վիճակն ու կենսամակարդակը Տասնչորսի արեւմտահայութեան եւ արեւելահայութեան. եւ որովհետեւ այս ուղղութեամբ կը գտնուի ո՛չ մէկ վիճակագրութիւն կամ ուսումնասիրութիւն՝ գնահատանքի որեւէ ճիգ անպայման պիտի բախի անտեղիտալի, անբեկանելի եւ անյաղթահարելի այն արգելքին, որ կը ծածկէ ուղին լքեալ գոյքերուն առաջնորդող:
Հակառա՛կ սա ճշմարտութեան, սակայն, իւրաքանչիւր հայու աւագ պարտականութիւնն է ա՛ռնուազն ճանչնալ ահաւորութիւնը կորուստին, զոր եթէ այսօր չի կրնար հայ պատմութեան ուսանողը պատկերացնել յստակ ու մէկին գիծերով՝ կարող է, սակայն, ա՛ռնուազն տալ անոր թերաստուերային մէկ պատկերը: Գուցէ ոմանց համար անընդունելի թուի այս մէկը, բայց անիկա առաւելագո՛յնն է, զոր կարող է կատարել հայ պատմութիւնը զննող որեւէ մարդ»: Մեզ համար այս մեջբերումն էական է: Հեղինակն իրավացի էր, նշելով. «…Հայկական պահանջներով զբաղողներ հետապնդել ուզեցին նախ հող հայրենին եւ ապա՛ միայն այլ բան, եւ կամ ալ անոր համար, որ երկրորդական թուող լքեալ գոյքերը արդէ՛ն իսկ կը նկատուէին վերջնականօրէն կորսուած»: 1919 թ. մենք ունեինք երկու պահանջ` քաղաքական, իմա` հողային, և ֆինանսանյութական: Անցյալ մեկ դարի ընթացքում մենք մեր բոլոր մտավոր ու ֆինանսական միջոցներն ուղղորդել ենք առաջինին, մոռանալով երկրորդի մասին, այսինքն, գողոնը համարել ենք վերջնականապես կորսված, հայոց բռնազավթված ինչքը՝ երկրորդական: Բայց արդյո՞ք դա անդառնալիորեն կորսված է ու երկրորդական: Այս հարցի պատասխանը տալու համար Լ. Վարդանը կոչ էր անում «տալ կորուստին թերաստուերային մէկ պատկերը»:
Մենք մեր այս ժողովածուով, ուժերի ներածի չափ տվել ենք «թերաստուերային մէկ պատկերը», հրաշալի գիտակցելով, որ գրքում հիշատակված յուրաքանչյուր անձի կենսագրություն ու ձեռնարկության պատմություն կարոտ են առանձնակի ուսումնասիրության, այն էլ` թուրքական արխիվային փաստաթղթերի հիման վրա: Բայց մի՞թե դա մեկ մարդու գործ է:
Արդեն մի քանի տարի Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը ջանադրաբար զբաղվում է Սսապատկան կալվածքներն իրավական ճանապարհով հետ ստանալու խնդրով: Ակնհայտ է, որ եթե հարցը դատաիրավական հեռանկար չունենար, ապա այդ լայնախորհուրդ այրը նման գործ չէր նախաձեռնի: Այս ապրիլին Սբ Էջմիածնի միաբաններից մեկը հայտարարեց, թե իրենք էլ են պատրաստվում նման նախաձեռնությամբ հանդես գալու և զբաղված են փաստահավաքությամբ. հետաքրքիր է՝ ինչո՞ւ դա չեն արել անցած հարյուր տարվա ընթացքում` ունենալով բոլոր հնարավորությունները: Հայաստանում կան կրթական գործով զբաղվող տասնյակ գիտական մարմիններ` հարյուրավոր աշխատակիցներով, որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե թուրքերի ձեռամբ քանի հայկական վարժարան է ոչնչացվել, և որն է դրանց ֆինանսական արժեքը: Հայաստանի պետական ու մասնավոր բուհերն անկախությունից ի վեր «արտադրել» են միջազգային իրավունքի հազարավոր մասնագետներ, որևէ մեկը կարո՞ղ է ասել՝ փոխհատուցման խնդիրը իրավական հեռանկար ունի՞, թե՞ ոչ:
Հայաստանում կան տնտեսագիտության մեկ ակադեմիական ինստիտուտ, մեկ համալսարան, մի շարք բուհեր` տնտեսագիտության ֆակուլտետներով, դրանցից գեթ մեկի մեկ աշխատակից զբաղվո՞ւմ է մեր վաճառականության, տնտեսության պատմության ուսումնասիրմամբ, ինչո՞ւ Չիկագոյի համալսարանի թուրք ասպիրանտը պիտի Կարնո հայ վաճառականության թեմայով գիտական թեզ պաշտպանի, մենք` ոչ: Հարցերիս պատասխան չեմ սպասում, դրանք հռետորական են, որովհետև պատասխանն ինքս գիտեմ` ֆանտաստիկ մտավոր ծուլությունը, որը նոր զուլումաթների պատճառ է:
Պարզ է, որ փոխհատուցման հարցում Հայաստանի Հանրապետությունը չի կարող հանդես գալ որպես հայցվոր, սակայն նա կարող է (եթե չասեմ` պարտավոր է) աջակցել ստեղծելու միջազգային իրավունքի մասնագետներից, տնտեսագետներից, պատմաբաններից բաղկացած մի մարմին, ասենք՝ Հատուցման համաժողով, ինչպիսին մոտավորապես 1918-ին Հովհ. Թումանյանի ղեկավարությամբ գործող Քննիչ հանձնաժողովն էր: Դրա առաջնային գործառույթներից մեկը կլիներ որոնողական-իրազեկային աշխատանքը, քանզի ցեղասպանությունից փրկվածների ժառանգների բացարձակ մեծամասնությունը պարզապես անտեղյակ է իր նախնյաց ունեցած ինչքի մասին: Իսկ այդպիսի տեղեկություններ պարունակում է մեր ժողովածուն: Ահա թե ինչու մենք ձգտում ենք գիրքը վաճառել, գոյացած գումարով անգլերեն թարգմանել և էլեկտրոնային տարբերակը համացանցում զետեղել: Ապշելու բան է, բայց իրողություն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մենք քանի՞ հայցադիմում ունենք ընդդեմ Թուրքիայի. նման տեղեկություն չունենք:
Ի վերջո, երբ թուրք մերժողականներն իրենց հիստերիկ, անհավասարակշիռ և անպատժելիության բարդույթով տառապող նախագահի գլխավորությամբ հայտարարում են, թե անցյալի «ցավալի դեպքերը» պատմաբանների քննարկելիքն է, ապա գուցե պատասխանե՞ն, թե ինչ են եղել մեր տնտեսական պատմագիրք-հուշամատյանում գտնվող տասնյակ հազարավոր անձերն ու նրանց ձեռնարկությունները…
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ