Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Բաց նամակ-բողոք

Բաց նամակ-բողոք
27.05.2016 | 08:22

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին

Ես մոտավորապես մեկ տարի առաջ սեփական բնակարանում դաժանորեն սպանված Անի Մաջնունյանի մայրն եմ: Չեմ ուզում բարձրագոչ խոսքեր ասել իմ դստեր մասին, ուզում եմ, որ դուք, հարգելի տիկին և պարոնայք, հասկանաք, թե որքան ծանր է ինձ՝ կենսաթոշակառուիս ու հաշմանդամիս համար նստել և շաբաթ շաբաթի հետևից տեսնել, որ իմ դստեր սպանության գործի դատաքննությունն այնպես չի ընթանում, ինչպես կարելի էր սպասել: Ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ ասում, թե այսինչը արժանի է բարձրագույն պատժաչափի, այնինչը՝ ոչ: Ես արդարություն եմ պահանջում, և արդարության հասնելու իմ ձգտմամբ էլ պահանջում եմ պատժել մեղավորներին:


Սկսած ապրիլի 8-ից՝ Աջափնյակի և Դավթաշենի ընդհանուր իրավասության դատարանում լսումներ են ընթանում: Եվ քանի որ վերջերս ես պաշտոնապես ինձ վերադարձրի տուժած կողմի կարգավիճակը, արդեն ոչ միայն պատմածներով, այլև անձամբ կլսեմ ու կտեսնեմ այն «անհասկանալի պատմությունները», որոնք արդեն տեղի են ունեցել, որոնց մասին ինձ պատմել են իմ վստահված անձինք: Սկզբում ասեմ այն փուլի մասին, որը սկսվել և ընթանում է. վկաների հարցաքննության մասին: Գործով 20 վկա է անցնում, բայց մե՛կ յոթին չեն կարողանում «գտնել», մե՛կ հետո երկուսի գտնվելու վայրի մասին «տեղեկություններ են ստացվել», և չներկայացողները հինգն են: Մեկ էլ պարզվում է, թե՝ երեք վկաների գտնվելու վայրի մասին հարցումների պատասխանները դեռ չկան: Մայիսի 11-ի նիստին նորից չորս վկա չէր ներկայացել, ոստիկանությունը շատից-քչից երկուսի հետ կապված իրադրությանն է տեղյակ. մեկը «փոխել է բնակության վայրը», մյուսը փախել է Կիպրոս: Մի՞թե դատարանը պարտավոր չէ մանրամասնորեն նախապատրաստվել դատաքննությանը և կանխավ իմանալ, թե վկաներից ով է «տեղում», ով է բացակայում և ինչ պատճառով: Ինչքա՞ն կարելի է խաղալ իմ, Անի Մաջնունյանի բարեկամների ու մերձավորների նյարդերի հետ: Ինչո՞վ են զբաղված եղել նախաքննական և քննչական մարմինները, ոստիկանությունը, ո՞ւր է նրանց փոխգործակցությունը դատարանի հետ, եթե վկաների «որոնումներն» ու նրանց գտնվելու վայրի մասին հարցումներն արվում են դատավարությունը սկսվելուց հետո միայն:
Ի վերջո, չէ՞ որ վկաների տեղաշարժին հետևելն ինչ-որ մեկի ուղղակի ծառայողական պարտականությունն է, ինչպես նաև հարցաքննության համար ժամանակին վկաների դատարան գալն ապահովելը: Իսկ առայժմ ես այն տպավորությունն ունեմ, որ վկաների հետ կապված այդ «թյուրիմացություններով» ինչ-որ մարդիկ ձգտում են հասնել որոշակի նպատակի՝ փլուզելու գործը, անմեղ դուրս բերելու սրիկա ոճրագործին, որն իմ դստերը դանակի 59 հարված է հասցրել: Վկաների չներկայանալն է հենց դատավարության ձգձգման պատճառը, իսկ մեղադրյալը, խնդրեմ, արդեն զգում է, որ իրեն օգնում են, ու վերցրել միջնորդություն է ներկայացրել, որպեսզի փոխեն իր խափանման միջոցը և ազատ արձակեն «Հայաստանից դուրս չգալու ստորագրությամբ»: Ի՞նչ իմանամ, որ այդ տականքի համար արդեն «տեղ» չի նախապատրաստվել նույն Կիպրոսում: Ճիշտ է, առայժմ մարդասպանի միջնորդությունը չեն բավարարել, բայց ես ընդամենը մի վշտահար անպաշտպան թոշակառու մայր եմ, որի հույս ու ապավեն դստերն են սպանել, չունեմ բարձրաստիճան բարեկամներ ու պաշտպաններ, որ միջամտեին և ապահովեին իմ իրավունքները, ապահովեին ոճրագործի պատժի անխուսափելիությունն ու անկասելիությունը: Կամ ոճրագործների: Չէ՞ որ սրիկա Մուշեղ Մխիթարյանն արդեն դատարանում փոխել է իր ցուցմունքները, արդեն հերքում է իր մեղքը: Հիմա էլ տեղեկություններ են հասնում ինձ, թե մարդասպանը կամ նրա հանցակիցներն ու ընկերները նույնիսկ հաշվեհարդարի սպառնալիքներ են ուղղում մեկ այս, մեկ այն վկային: Հազար դեմք փոխելու, հազար դեր խաղալու սովոր ստահակը վստահ է, որ կկարողանա իր աներևույթ հովանավորների օգնությամբ խաբել բոլորին, իսկ դիմացը ես եմ՝ գազանաբար սպանված Անիի տարաբախտ մայրը: Ձեզ թվում է, թե տուժած կողմն ու մեղադրյալը՝ իր օգնականներով, օգտվում են հավասար պայմանների՞ց: Բայց դուք, ձեր գլխավորած պետական մարմինների ներկայացուցիչներդ, չեք շտապում օգնել հիվանդ տարեց կնոջը, որի դստերն են սպանել թուրքի գազանությամբ:


2015 թվականի օգոստոսին Մուշեղ Մխիթարյանը գնում էր հենց սպանելու իմ աղջկան, փող կամ այլ բան էր ուզում, բայց հաստատ իմացել է, որ պիտի սպանի իմ Անիին: Եվ նա նախապես գիտեր, որ սպանելու է առանձնակի դաժանությամբ: Ընդ որում, նա հաստատ իմացել է, որ իրեն ժամանակ է պետք լինելու փախչելու համար, ուստի դեռևս ողջ դստերս վրա մեծ քանակությամբ իրեր էր լցրել, որպեսզի միանգամից չկարողանան հայտնաբերել: Եվ սա բավական է հասկանալու՝ կարևոր չէ, մարդասպանը գործել է կանխամտածվա՞ծ, թե՞ չկանխամտածված: Հանրահայտ բան է, որ դատարանը պարտավոր է սպանության պատժաչափը որոշել, հաշվի առնելով այն բոլոր հանգամանքների հանրագումարը, որոնց պարագայում այն կատարվել է. դիտավորության տեսակը, շարժառիթն ու նպատակը, հանցագործության եղանակը և դրա կատարման իրադրությունն ու փուլը, հետևանքների ծանրությունը, մեղավորի անձը: Իսկ ի՞նչ եմ ես լսում: Լսում եմ, որ դատախազությունը մտադիր է պահանջել ընդամենը 8-10 տարվա ազատազրկում: Փոքրամարմին, անպաշտպան կնոջը հասցրած դանակի 59 հարվածի համար: Բայց ես գիտեմ, որ առաջ բավական էր նույնիսկ մեկ հիմք՝ առանձնակի դաժանությամբ սպանության գործոնը, որ դատարանը 8-20 տարվա ազատազրկման, մահապատժի կամ ցմահ ազատազրկման վճիռ կայացներ: Իսկ մեր երկրում մահապատիժ չկա, բոլորին ցմահ են տալիս: Բայց ինչո՞ւ է դատախազությունը հենց սկզբից «տրամադրվում», փաստորեն, նվազագույն պատժաչափ պահանջելու իմ դստերն սպանողի համար: Մի՞թե հասկանալի չէ, թե ինչպիսի անձնավորություն է հանցագործը: Մինչ սահմանի վրա զոհվում են մեր երիտասարդները, մեր կամավորականները, Մխիթարյանի նմանները անպաշտպան կանանց են սպանում, էլ ի՞նչ է պետք հասկանալու համար, թե ով է այդ տականքը:


Ներկայումս ընթացող դատաքննությունն ինձ չի բավարարում, չի բավարարում նաև պետական մեղադրանք ներկայացնող դատախազի տրամադրվածությունը: Իհարկե, ես սպասում եմ այն փուլին, երբ կսկսեն հետազոտել ապացույցները, որոնց հիման վրա քննչական մարմինները կազմել են գործը, իսկ դատախազությունը գործն ուղարկել է դատարան: Սակայն, քանի որ դեռ նախաքննության ու հետաքննության ընթացքում մարդասպանը հրաժարվել է համագործակցելուց համապատասխան մարմինների հետ, իսկ դատարանում կտրականապես մեղավոր չի համարում իրեն, ապա դատարանը պարտավոր է նախաքննական կամ քննչական մարմիններին ներգրավելու արդեն ներկա փուլում, երբ ուսումնասիրվում ու քննվում են վկաների ցուցմունքները: Իսկ եթե դատարանը, ինչպես և դատախազությունը, ինչ-ինչ պատճառներով չեն ուզում իրենց լիազորությունների շրջանակներում գոնե պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր խույս են տալիս դատարան ներկայանալուց և ցուցմունք տալուց, ապա ինչպե՞ս կարող եմ ես՝ որպես տուժած կողմ, վստահել նման դատարանին կամ դատախազությանը: Մխիթարյանն ամեն ինչ ժխտում է, ուրեմն ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի վրա հույս ունի: Եվ դատարանը լիիրավ է արդեն հիմա հրավիրելու նախաքննական և քննչական մարմինների ներկայացուցիչներին մասնակցելու դատավարությանը, որովհետև քննիչների ու հետաքննողների ներկայությամբ Մխիթարյանի համար շատ ավելի դժվար կլինի ժխտել իր մեղքը:
Կրկնեմ ևս մեկ անգամ. ես արդարություն եմ պահանջում, իմ աղջկան արդեն ոչ ոք չի վերադարձնի, բայց արդարությունը պետք է վերականգնվի ու հաղթանակի:


Լորետա ԳՈԼՄԻՅԱՆ
քաղ. Աշտարակ

Դիտվել է՝ 1808

Մեկնաբանություններ