Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Հաղթանակ» համատիրության «հաղթարշավը»

«Հաղթանակ» համատիրության  «հաղթարշավը»
08.09.2015 | 01:22

Հաղթարշավում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պատվական մի հատված զբաղեցնող «Հաղթանակ» համատիրությունը, իր անպարտելի նախագահ Ա. Հարությունյանի ղեկավարությամբ։ Հաղթարշավում է դեպի ո՞ւր, օրինական հարց է տալիս ընթերցողը։ Քիչ համբերություն, և ինքներդ կկռահեք։
Եվ այսպես, Ազատության պողոտայի թիվ 12/3 շենքի թիվ 30 բնակարանի բնակիչ Կարապետ Փաշյանը դիմում է վերոնշյալ համատիրության նախագահին. «Հարգելի պարոն Հարությունյան, ես «Հաղթանակ» համատիրության անդամ եմ և Ձեզ եմ դիմում հետևյալ խնդրանքով։
Այս տարվա հունիսին տեղացած հորդ անձրևները, քամու շնորհիվ, շենքի պանելների հատման մասերում ճեղքերից անցքեր են բացել անձրևաջրերի համար, որ լցվում են մեր ննջասենյակի և ճաշասենյակի առաստաղներին, էապես վնասելով դրանք։
Խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկել վերանորոգում կատարելու և շենքի պատերի ճեղքերը փակելու համար։
Կանխավ շնորհակալություն եմ հայտնում։
Հարգանքով` Կ. Փաշյան»
Սույն խնդրանք-առաջարկը «Հայփոստի» համապատասխան բաժանմունքի միջոցով, որպես պատվիրված նամակ, ուղարկվել է «Հաղթանակ» համատիրության նախագահին այս տարվա հուլիսի 21-ին։ Պատասխանը լռությունն է, համառ, պնդաճակատ, աներեր լռությունը, որը շատ համատիրությունների գլխավոր զենքն է համատիրության անդամների հետ հարաբերվելիս։ Տեսեք, եթե քաղաքացին նամակ է հղում, դիցուք, երկրի նախագահին կամ վարչապետին, քաղաքապետին և ոստիկանապետին, նա ստանում է իր նամակի պատասխանը նամակով և ողջամիտ ժամկետներում, այսինքն` առավելագույնը 1 ամսվա ընթացքում։ Սակայն պարզվում է, որ Հայաստանում համատիրությունները վեր են կանգնած ամեն բանից, հավանաբար, դրանք իշխանության 5-րդ շարասյունն են, ոչ ավելի և ոչ էլ պակաս։ «Հաղթանակ» համատիրությունը սույն տարվա հունիսին է արժանացել մեր ուշադրությանը. հիշում եք, Շուշիի հրապարակում, Ազատության պողոտայի հենց սկզբում թփերը «հարձակվել» էին բնակելի շենքի վրա, արմատները խորացնելով դեպի շենքերի հիմքերը և դանդաղ, սակայն հետևողականորեն խարխլելով դրանք։ Բնակիչները գրավոր և բանավոր դիմել են «Հաղթանակ» համատիրության նախագահին և մնացել են անպատասխան։ Ի՞նչ է մնում այս պարագայում բնակիչներին, ինչպե՞ս ազատվել Ա. Հարությունյանի նման պատուհասներից։ Գուցե լքե՞լ համատիրությունը։ Ինքս նման սխրանքի եմ պատրաստվում, զի ինձ սպասարկող «Անուշիկ» համատիրությունը գերազանց է կատարում մեկ գործ. երկու օրը մեկ մաքրազարդում է շքամուտքը։ Մնացած հարցերում «Անուշիկը» ևս հար և նման է «Հաղթանակ» համատիրությանը։
Եվ այս պահին ինձ մի հարց է հուզում. արդյոք Երևանի քաղաքապետարանը և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարությունը համարձակություն կունենա՞ն կարգի հրավիրելու «Հաղթանակ» համատիրությունն ու նրա վայ-նախագահին։
Իսկ հարգարժան Կ. Փաշյանը, վերահաս անձրևներից տագնապելով, ինքն է պատրաստվում վերանորոգելու իր բնակարանը։ Ի դեպ, Շուշիի հրապարակի բնակիչները նույնպես թող թևքները քշտեն և անցնեն գործի, այսինքն, վերացնեն իրենց շենքերի հիմքերը խարխլող թփերը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2175

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ