Հարձակման հետևանքով զոհվել են հայտնի պարբերականի 4 ծաղրանկարիչները:
Ահաբեկչություն Ֆրանսիայի դեմ` այսպես է անվանել նախագահ Օլանդը Փարիզի կենտրոնում՝ «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ հարձակումը, որի հետևանքով 12 մարդ զոհվել է, ևս տասը վիրավորվել:
Ականատեսների վկայությամբ, հարձակվողները եղել են առնվազն երկուսը՝ դիմակավորված, սևազգեստ ու «Կալաշնիկով» ավտոմատներով զինված: Խոսել են մաքուր ֆրանսերենով, խմբագրություն ներխուժել են «ալահ աքբար» բացականչելով, հեռանալիս էլ պնդել, թե «մարգարեի վրեժը լուծվեց»:
Մարդասպաններին հաջողվել է փախուստի դիմել: Հարձակումն իրականացվել է «Շառլի Էբդո» -ի հերթական համարի լույսընծայումից մի քանի ժամ անց: Յուրաքանչյուր չորեքշաբթի հրատարակվող թերթն այս անգամ առաջին էջին տպագրել էր «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքըր ալ-Բաղդադիի ծաղրանկարը:
«Սա բացառիկ բարբարոսություն է, մենք թիրախում ենք, քանի որ ազատ երկիր ենք»,- հայտարարել է նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա ասել է, որ վերջին մի քանի շաբաթում իրավապահներին հաջողվել է Ֆրանսիայում մի քանի ահաբեկչական գործողություն կանխել: Այլ մանրամասներ պետության ղեկավարը չի հայտնել: Ներքին գործերի նախարարությունը Փարիզում անվտանգության աստիճանը հասցրել է ամենաբարձր մակարդակի՝ հավելյալ ուժեր տեղակայելով սրբատեղիներում, խանութներում ու մամուլի գրասենյակներում:
«Մենք պետք է ցույց տանք, որ միասնական ենք, պատրաստ ենք պայքարել այսօրինակ սպառնալիքների դեմ և պատժել մեղավորներին»,- դեպքի վայր ժամանելով՝ հայտարարել է Ֆրանսուա Օլանդը:
Պաշտոնական աղբյուրները հաստատում են, որ հարձակումից զոհվել են հայտնի պարբերականի 4 ծաղրանկարիչները, այդ թվում՝ գլխավոր խմբագիրը, որի համար տարիներ առաջ «Ալ- Քաիդան» գլխագին էր սահմանել։
«Շառլի Էբդո»-ն ծայրահեղականների թիրախում էր հայտնվել դեռ 2006-ից, երբ վերահրատարակել էր դանիական ամսագրում տպագրված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, հետո էլ, չնայած բազմաթիվ սպառնալիքներին, արդեն սեփական նախաձեռնությամբ, շարունակեց այս թեմայով հրապարակումները:
3 տարի առաջ, հերթական ծաղրանկարից հետո անհայտ անձինք կրակի էին տվել խմբագրության գրասենյակը: Ահաբեկչությունը դատապարտել են տասնյակ տերությունների առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահը, Մեծ Բրիտանիայի վարչապետը, Գերմանիայի կանցլերն ու ՌԴ նախագահը: Լրատվամիջոցները փաստում են, որ սա Ֆրանսիայում վերջին տասնամյակների ընթացքում իրականացված ամենաարյունալի ահաբեկչությունն էր:
Մարդասպաններին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս: Իրավապահները չեն բացառում, որ հնարավոր են նոր հարձակումներ: