Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

ՔԿՀ-ներում բուժակների պակաս կա

ՔԿՀ-ներում բուժակների պակաս կա
11.07.2014 | 00:43

Քրեակատարողական հիմնարկների պայմանների մասին հաճախ ենք գրել ու փաստել, որ այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան։ Պարզվում է՝ լուրջ բացթողում կա նաև կադրերի հարցում։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում շուրջ 1300 ազատազրկվածների սպասարկում է ընդամենը մեկ բուժակ, և դատապարտյալները մեզ հետ զրույցում դժգոհեցին, որ հատկապես ամռանը բավականին տխուր վիճակ է ստեղծվում։ Մեկի ճնշումն է բարձրանում, մյուսը երակներն է «բացել», հաջորդին պետք է սիստեմ միացնել, ու բոլորին միաժամանակ մեկ բուժակը չի կարող սպասարկել։ «Շպրիցը ձեռքին, մեկ էլ բարձր գոռում են` շուտ հասի, մեռնում է։ Չգիտի՝ սրսկումը կիսատ թողնի՞, թե՞ վատացողին արագ հասնի»,- իրավիճակը ներկայացրին դատապարտյալները։ Հավելենք, որ ինչպես տեղի մեր աղբյուրը փաստեց, ՔԿՀ-ում կա 4 բուժակի հաստիք, սակայն ընդամենը մեկն է շուրջօրյա աշխատում։ Կա նաև մեկ հոգեբույժ, որը, բնականաբար, չի կարող բժշկական օգնություն ցույց տալ հիվանդ կալանավորներին։ Թե ինչու մնացած երեք հաստիքները չեն օգտագործվում, պատճառը, ինչպես վստահեցրին, ցածր աշխատավարձն է։ Բուժակն ամսական ստանում է 60000 դրամ, որը բժշկի մասնագիտություն ունեցողների համար այնքան էլ հրապուրիչ չէ։
Ի դեպ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում են պահվում նաև ցմահ դատապարտվածները, որոնց ժամանակին առանձին սպասարկել է մեկ կին բուժակ։ Վերջերս նա մահացել է, ու ցմահների առողջական խնդիրներին հետևելը ևս դրվել է այս բուժակի ուսերին, ով պետք է հասցնի 4-5 հարկերում պահվող շուրջ 200-300 հիվանդ կալանավորների առողջական խնդիրներին լուծում տալ և լինել նաև հիմնարկին կից գործող դատապարտվածների հիվանդասենյակներում։ Նկատենք, որ առկա խնդիրը հավասարապես առնչվում է և՛ արդարադատության, և՛ առողջապահության նախարարություններին, քանի որ, եթե արդարադատության խնդիրն է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բուժում ստանալու իրավունքն ապահովելը, առողջապահության մասնագետների գործն էլ պետության բոլոր քաղաքացիներին բուժօգնություն ցույց տալն է։ Ազատազրկված քաղաքացին առավել քան կարիք ունի և՛ հոգեկան, և՛ ֆիզիկական առողջության։ Ի վերջո, պատկան մարմինները պատասխանատու են ճաղավանդակներից այն կողմ հայտնված մարդկանց համար, ովքեր, ի տարբերություն ազատության մեջ գտնվող քաղաքացիների, բժիշկ ընտրելու հնարավորությունից զրկված են։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ