Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

«Գորիսում արյուն ծախելը դարձել է բիզնես»

«Գորիսում արյուն ծախելը դարձել է բիզնես»
08.07.2014 | 11:00

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շուտով կսկսվի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ մեկ տարի առաջ կատարված սպանության գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ միջադեպի ժամանակ սպանվեց Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր: Սպանության մեջ կասկածվող Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահը սկզբում կալանավորվեցին, իսկ հետո ազատ արձակվեցին: Արյունալի դեպքերից մեկ տարի անց մեղադրանք է առաջադրվել Արտակ Բուդաղյանին այն բանի համար, որ նա, իր եղբայր Ավետիքից տեղեկանալով, որ «2013 թ. հունիսի 1-ին, ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցրած, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին, իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»:
1992-94 թթ. Գորիսի քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանական կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը բազմիցս ահազանգել է տարբեր ժամանակներում Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) ապօրինի արարքների ու նրա զոհերի մասին: Սուրիկ Խաչատրյանն ու նրա մերձավորներն այսօր էլ շարունակում են ահաբեկել իրենց համաքաղաքացիներին և մնալ անպատիժ:
«Ավելի քան քսանչորս տարի ես պայքարում եմ Լիսկայի և լիսկայության դեմ: Խնդիրը միայն Սուրիկ Խաչատրյանը չէ, այլ այն արգահատելի երևույթը, որ Սուրիկ Խաչատրյանին որպես գործիք են օգտագործել իշխանությունները: Նա իր արատավոր քրեական գործունեությունը սկսել է դեռ դեռահաս տարիքից և ազատազրկվել է տասնհինգ տարեկանում: Հունիսի 10-ին կայքերից մեկում եղավ հրապարակում, որտեղ ներկայացված էին նրա գործած չորս քստմնելի հանցանքները: Եվ այդ ամենը վերցվել էր նրա քրեական գործից: Թե ինչու չի պատժվում Սուրիկ Խաչատրյանը՝ ակնհայտ է: Ոստիկանությունը, առհասարակ իրավապահ համակարգը, ծառայել է ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, քաղաքացուն՝ պաշտպանելու այս կամ այն ոտնձգություններից, այլ մաֆիոզ իշխանություններին: Հիմա բոլորս տեսնում ենք, թե ինչպես են նրանք իրենց «հրեղեն դուխն» օգտագործում ժողովրդի դեմ: Հիշենք 2004-ի ապրիլի 12-ը, 2008-ի մարտի 1-ը: Որտեղ նկատվում է քաղաքացիական պայքարի օջախ, որտեղ հավաքվում է մի քանի քաղաքացի, երիտասարդ, փորձում են պայքարել, կարծիք հայտնել կամ քննադատել, ավելի շատ ոստիկան է հավաքվում: Տեսնում ենք, թե ինչ բիրտ ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ»,- ասում է Սամվել Հարությունյանը:
Ինչո՞ւ այսօր էլ Սուրիկ Խաչատրյանին, երբ նա այլևս մարզպետ չէ, հաջողվում է իր կամայականություններն անել: Նա, մասնավորապես, կարողացավ հասնել այն բանին, որ Արտակ Բուդաղյանն ու իր ընկերը ճնշումների ազդեցության տակ հանեցին իրենց թեկնածությունը Գորիսի քաղաքապետի ընտրություններից առաջ:
«Կարելի է ասել, որ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է մնալ որպես այս իշխանությունների հենարան, կարևորագույն հենասյուներից մեկը»,- ասում է մեր զրուցակիցը: Նա հիշեցնում է, որ Սուրիկ Խաչատրյանի համար Հայաստանի տարբեր իշխանությունները պաշտոնեական առաջխաղացում են ապահովել՝ հակառակ գորիսցիների կամարտահայտման: Դեռևս 1992 թ., երբ նա արդեն հայտնի էր իր գործած հանցանքներով, նշանակել են գումարտակի հրամանատար, ապահովել տարբեր զինատեսակներով:
«Այդ զենքերը նա օգտագործեց սեփական ժողովրդի՝ գորիսցիների դեմ, իմ և իմ համախոհների դեմ»,- ասաց մեր զրուցակիցը: Երբ 1994 թ. Սամվել Հարությունյանը թողնում է Գորիսի քաղաքապետի պաշտոնը, այնտեղ տեր ու տիրակալ է դառնում Սուրիկ Խաչատրյանը:
Սամվել Հարությունյանը հիշում է, որ Սուրիկ Խաչատրյանը երեք անգամ եղել է ԱԺ պատգամավոր: Երբ նրա եղբոր որդիները՝ Մայիս և Էյներ Խաչատրյանները, դանակի հարվածներով սպանեցին Հովհաննես Բադալյանին, քսան-քսանհինգ օր անց Սուրիկ Խաչատրյանին նշանակեցին Սյունիքի մարզպետ:
Ինչո՞ւ, չնայած ահաբեկումներին, բռնություններին, գորիսցիները նախընտրում են լռել և չբողոքել: Անգամ Սուրիկ Խաչատրյանի ու նրա մերձավորների ակնհայտ դաժանություններն են կոծկվում:
«Ցավոք, Գորիսում արյուն ծախելը դարձել է բիզնես: Քանիցս մամուլում եղել են հրապարակումներ Լիսկայի ու նրա մերձավորների կատարած ահաբեկումների, ծեծի ու բռնությունների մասին: Ես դատապարտում եմ, որ մարդիկ ակտիվ չեն պայքարում իրենց իրավունքների համար, չեն պայքարում Լիսկայի մենաշնորհների դեմ: Այդ վախկոտությունն ինձ համար արգահատելի է: Մարդկանց ծեծում են, ջարդում, ստորացնում, իսկ դրանից հետո մենք տեսնում ենք, որ նրանք հայտարարում են, թե իրենց հետ ոչինչ չի եղել: Մենք տեսնում ենք, թե Լիսկայի կողմից ծեծված դպրոցականի սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքը ինչպես է լռում և կարճ ժամանակ անց որոշակի կարողության տեր դառնում»,- ասում է մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Բուդաղյանների ընտանիքին, ապա, ըստ մեր զրուցակցի, նրանք իրենց իրավունքների համար պայքարում են առավելագույն չափով: Սամվել Հարությունյանը կարծում է, որ Գորիսում տեղի ունեցած բազմաթիվ դեպքերը, Սուրիկ Խաչատրյանի ու նրա մերձավորների ապօրինի արարքները բավարար էին, որպեսզի գորիսցիները կազմակերպեին բողոքի զանգվածային ակցիաներ ու ցույցեր:
«Ես կարծում էի, որ անցյալ տարի, Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած սահմռկեցուցիչ ոճրագործությունից հետո, կկազմակերպվեին բողոքի զանգվածային ակցիաներ: Դա կազմակերպված ոճրագործություն էր, մազաչափ անգամ չեմ կասկածում: Վստահ եմ, որ մեր ժողովուրդը նույնպես դրան չի կասկածում: Համացանցում տարածված տեսանյութից շատ լավ երևում է, որ «թակարդ են լարել» եղբայրների դեմ, որոնք չեն ցանկացել կուլ գնալ Լիսկայի կամայականություններին: Նրանց ուղղակի հրավիրել են և գնդակահարել առանձնատան դիմաց: Տեսանյութից երևում է, որ վերևից կրակոց է հնչում, հրազենային կրակոցները հնչել են վերևի հարկից, որտեղ գտնվել է Սուրիկ Խաչատրյանը:
Հայաստանի իշխանություններն ու նրանց կամակատար իրավապահ համակարգը ոչինչ չարեցին այդ հանցագործներին բացահայտելու և պատժելու ուղղությամբ: Եվ այսօր դատարանի առաջ է կանգնել մեր բանակի լավագույն գնդապետ Արտակ Բուդաղյանը, ով Աստծո կամոք ողջ է մնացել: Միայն նրան են մեղադրանք առաջադրել:
Նույն Սուրիկ Խաչատրյանը դիմել է դատարան՝ ինձ որպես զրպարտիչ ճանաչելու հայցադիմումով: Ի՞նչ է ստացվում. պատասխան պետք է տան Արտակ Բուդաղյանը և Սամվել Հարությունյանը»,- եզրակացնում է մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Գորիսում կայացած վերջին ընտրություններին, ապա Սամվել Հարությունյանը ցավ է հայտնում, որ ոմանք դառնում են կույր գործիք Լիսկայի ձեռքին և քաղաքը վերածում ամոթալի լիսկայանոցի:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ