Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

«88-ին էլ «Ջիպ» չունեինք, հիմա էլ»

«88-ին էլ «Ջիպ» չունեինք, հիմա էլ»
04.07.2014 | 17:48

Օրվա երկրորդ կեսին, հայտարարված ընդմիջումից հետո, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ իրականացրած Շանթ Հարությունյանի, Արթուր Մարգարյանի, Ալեք Պողոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Ավետիս Ավետիսյանի, Հայկ Հարությունյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Միսակ Առաքելյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Սևակ Մնացականյանի, Շահեն Հարությունյանի, Տիգրան Պետրոսյանի, Վահե Մկրտչյանի, Վարդան Վարդանյանի դատավարությունը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ («Խուլիգանություն») հոդվածով: Դատական նիստի ժամանակ ցուցադրվեց երրորդ տեսաերիզը, որը վերաբերում էր անցյալ տարի Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած իրադարձություններին: Այնուհետև դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ կա նաև չորրորդ տեսաերիզը՝լուսանկարներով: Չորրորդ տեսաերիզից հետո էլ մեկ առ մեկ ցուցադրվեցին ամբաստանյալներից յուրաքանչյուրին վերաբերող տեսաերիզները: Այդ ընթացքում միայն Մկրտիչ Հովհաննիսյանի շահերի պաշտպանը միջամտեց և պահանջեց, որ իր պաշտպանյալին վերաբերող տեսաերիզը ցուցադրվի դանդաղեցված: Դատավորը կատարեց նրա պահանջը: Շանթ Հարությունյանը, անդրադառնալով տեսաերիզում արտահայտած իր խոսքերին, նշեց, որ ինքը որոշ բառեր չի օգտագործել որպես հայհոյանք, այլ՝ որպես կերպարներին բնութագրող խոսք: Հետո նա ասաց, որ ինքը դուրս է եկել բոլոր սրիկաների դեմ, որոնք օրեր շարունակ իրեն սադրանքների են ենթարկել: Եվ այդ հոգեվիճակում ինքն այլ ելք չի ունեցել: Այնուհետև նա ասաց, որ իր համար ծանր բեռ է եղել որոշում կայացնելը և իր ընկերներին իր հետևից գնալու կոչ անելը: Սակայն նա դա արել է՝ ելնելով միայն այն բանից, որ իր որդին նույնպես հետն է եղել: Շանթը հիշեց, որ ինքը, սկսած 88-ից, որոշումներ է կայացրել: Նա անդրադարձ կատարեց մեր պատմության էջերին, Եղեռնին ու դրա հետևանքներին, ասաց, որ ինքը և իր ընկերները դաստիարակվել են հայրենասիրության, արժանապատվության արժեքներով: Նա մեղադրեց իշխանություններին, որ արժանապատվություն ունեցող մարդկանց դնում են այն վիճակում, որ վերջիններս ստիպված են լինում իրենց արժանապատվությունը պաշտպանել բռունցքներով: Շանթը դատարանում հիշեց նաև «Դժբախտ է այն ժողովուրդը, որը հերոսներ չունի» ասացվածքը, որը հայերը յուրովի են մեկնաբանում՝ հերոսների կարիք չկա: Իրականում, ըստ նրա, քաղաքացին պետք է դառնա արժեք, և ոստիկանի գիտակցության մեջ էլ սա պետք է ամրագրվի: «Ամենացածր խավի մարդու մեջ պետք է զարգացնել արժանապատվությունը»,- նշեց նա: Անդրադառնալով տարբեր շարժումներին՝ Շանթ Հարությունյանը նշեց, որ այդ պայքարը ծավալվում է ոչ թե հանուն արժեքների, այլ՝ հանուն փողի ու նյութական բարիքների: Նա ասաց, որ դրանք հենց խրախուսվում են իշխանությունների կողմից, քանի որ հանուն փողի պայքարի դուրս եկած մարդը պատրաստ չէ բանտ ընկնելու կամ զոհվելու: Շանթ Հարությունյանն ասաց, որ հանուն կենսաթոշակի կամ էլեկտրաէներգիայի սակագնի պահպանման շարժումներում ճիշտ գաղափարախոսություն չի դրվում, այլ՝ շեշտվում է նյութական կողմը: Նա հիշեցրեց, որ ժողովուրդները կործանվում են դիմադրողականությունից, արժեհամակարգի կորստից: Շանթը նշեց, որ մեր ժողովրդի մեծ մասը չունի պատասխանատվության զգացում, հլու-հնազանդ ենթարկվում է իշխանություններին, այդ պատճառով էլ կրում է դրա բեռը: Շանթը անդրադարձ կատարեց նաև բանտային համակարգին: Նա նշեց, որ ՌԴ-ում արժանապատիվ է համարվում այն բանտարկյալը, որը նախընտրում է սոված մնալ, բայց չի ենթարկվում ադմինիստրացիայի հրահանգներին, մինչդեռ հայ ժողովրդի արժեհամակարգն այնքան է խեղված, որ «լավ» է համարվում այն բանտարկյալը, որին շատ ուտելիք են տանում: Շանթ Հարությունյանն ասաց, որ թե՛ ինքը, թե՛ իր ընկերները, որոնք ազատազրկվել են, չեն փոխվել 88-ից հետո, և ինքը չի ամաչում, այլ հպարտ է իրենց ապրած կյանքի համար: «Էն ժամանակ էլ «Ջիպ» չունեինք, հիմա էլ չունենք»,-ասաց նա: Այնուհետև փաստաբան Արա Զաքարյանը տեղեկացրեց դատարանին, որ իր պաշտպանյալ Տիգրան Պետրոսյանին վերաբերող տեսաերիզը վնասված է: Այդ ողջ ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը լսում էր ուշադիր, առանց աչքը թարթելու և ընդհատելու: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 9-ին՝ ժամը 12.00-ին:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ