ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արտակ Նազարյանի գործը Եվրադատարանում է

Արտակ Նազարյանի գործը Եվրադատարանում է
09.06.2014 | 15:57

Հայտնի է դարձել, որ 2010 թ. Տավուշի մարտական հենակետերից մեկում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործը տուժող կողմի բողոքի հիմքով մուտքագրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ստացել համար:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը մերժել է 02.09.2013 թ. Արտակ Նազարյանի գործով տուժող և պաշտպանական կողմերի վճռաբեկ բողոքը։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Գ. Մելիք-Սարգսյանի նախագահությամբ 01.08.2013 թ. կայացրած վճռում անփոփոխ թողեց 2010 թ. Տավուշի մարտական հենակետերից մեկում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի վճիռը։

30.07.2013 թ. նիստում մեղադրանքը պաշտպանող զինդատախազ Հարություն Հարությունյանը առարկություններ ներկայացրեց վերաքննիչ բողոքներին։ Այնուհետեւ դատարանը վերաքննության կարգի անցնելու միջնորդությունները լուծելու նպատակով կողմերին առաջարկեց ներկայացնել այն միջնորդությունները, որոնք նրանց կարծիքով անհրաժեշտ են քննության առնել վերաքննիչ դատարանում։ Դատարանը միջնորդությունները լսեց միանգամից։

Հաջորդ` 01.08.2013 թ. նիստում մեղադրող կողմի առարկությունները լսելուց հետո դատարանը որոշում կկայացնի, թե արդյոք քննությունը շարունակելու է վճռաբեկության կարգով, ինչպես ընդունել էր վարույթ, թե՞ այնուամենայնիվ կսահմանի վերաքննության կարգ։

29.07.2013 թ. նիստում մեղադրանքը պաշտպանող դատախազ Հարություն Հարությունյանի դեմ տուժող կողմը բացարկ ներկայացրեց, որին միացան պաշտպանական բոլոր կողմերը։ Դատարանը որոշեց միջնորդությանը անդրադառնալ այլ փուլում` բողոքները լսելուց հետո։ Տուժող և պաշտպանական կողմերը միջնորդեցին դատաքննությունը վարել վերաքննության կարգով, ոչ թե վճռաբեկության, ինչպես որոշվել էր գործը վարույթ ընդունելիս։ Այս միջնորդության քննությունը նույնպես դատարանը հետաձգեց բողոքների քննությունից հետո։

Այնուհետև բողոքաբեր կողմերը դատարանին ներկայացրին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ իրենց բողոքների հիմքերն ու հիմնավորումները։ Դատավորը հայտնեց, որ մեղադրող Հարությունյանը պատասխան է պատրաստել, որը սակայն կողմերը նախօրոք չեն ստացել։ Իր պարզաբանումները զինդատախազը կներկայացնի հաջորդ նիստին` 30.07.2013 թ.։

Գործով նշանակված առաջին նիստը` 15.07.2013 թ., չի կայացել` ամբաստանյալ Ադիբեկ Հովհաննիսյանին Կոշի կալանավայրից դատարան չներկայացնելու պատճառով։

Վերաքննիչ բողոքով հանդես էին եկել տուժող կողմը և հինգ ամբաստանյալներից երկու սպաները:

Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել գործը քննել վճռաբեկության կարգով, սակայն բողոք բերած կողմերը պատրաստվում են առաջին իսկ նիստի ժամանակ միջնորդել՝ գործը քննել վերաքննության կարգով:

Տուժող կողմը պահանջել է վերաքննիչ քրեական դատարանից «բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել դատավճիռը՝ արդարացնել ամբաստանյալներին և գործն ուղարկել դատախազին»: Պահանջում են նաև «քննության ընթացքում բացահայտված օրինախախտումների կապակցությամբ քրեական գործեր հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին»:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը՝ Ս. Մարդանյանի նախագահությամբ, կայացրել էր դատավճիռ՝ հինգ ամբաստանյալներին՝ Արտակ Նազարյանի նախկին ծառայակիցներին մեղավոր ճանաչելով նրանց մեղսագրվող արարքների համար, որոնք ըստ զինդատախազության և դատավորի գնահատման, Ա. Նազարյանին «հասցրել են ինքնասպանության»:

Ի սկզբանե տուժող կողմը պնդել է, որ կատարվածն ինքնասպանություն չէ, այլ սպանություն, ինչի ապացույցներն առկա են քրեական գործում և ի հայտ են եկել դատաքննության ընթացքում, իսկ ամբաստանյալները իրենց մեղավոր չեն ճանաչել՝ խնդրելով կայացնել արդարացման դատավճիռ:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում (ինչպես և նախաքննության ընթացքում) գործի քննությունն ընթացել է քրեադատավարական նորմերի բազմաթիվ խախտումներով, խոչընդոտվել են կողմերի փորձերը՝ լույս սփռելու այն հարցերի վրա, որոնք կարող էին պարզաբանել նախաքննական մարմնի կողմից չպարզաբանված կամ կոծկված փաստերը, դատարանը ճնշող մեծամասնությամբ իր վճիռները կայացրել է՝ հենվելով մեղադրանքը պաշտպանող դատախազների կարծիքի վրա, թեկուզ նրանց կարծիքը հակասել է մնացած բոլոր կողմերի կարծիքներին:
Նախապատմությունը: Արտակ Նազարյանը սպանվել է 2010 թ. հուլիսի վերջին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է և գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչև ապացույցների ոչնչացում և կեղծում (մանրամասները տե՛ս մամուլում Ա. Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի 28.09.2011 թ. բաց նամակում՝ զինդատախազ Գ. Կոստանյանին):

Դատավարության մասնակիցները: Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարևան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց դատապարտել է համապատասխանաբար 10, 4, 4, 4, և 2 տարվա ազատազրկման՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ կիրառելով փորձաշրջան:
Վերաքննիչ բողոք ներկայացրած սպաների պաշտպաններն են փաստաբաններ Հրանտ Գևորգյանը և Արմինե Ղասաբօղլյանը (Հակոբ Մանուկյանի պաշտպանները) և Լևոն Պողոսյանը (Վահագն Հայրապետյանի պաշտպանը):

Տուժողի իրավահաջորդն էր Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, իսկ 2011 թ. նոյեմբերի 29-ից՝ քույրը՝ Ծովինար Նազարյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն են փաստաբան Մուշեղ Շուշանյանը և իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ