ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Այն մի ոստիկանը այդպես էլ երկուսը չդարձավ

Այն մի ոստիկանը այդպես էլ երկուսը չդարձավ
20.02.2014 | 12:26

2003-ի նախագահական ընտրություններից հետո, Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության օրը, երբ ժողովուրդը ոստիկանական պատը ճեղքելով Մատենադարանի մոտից գնացել-հասել էր «Մոսկվա» կինոթատրոն ու սկսվել էր հրմշտոց, մի ոստիկան Ստանիսլավսկու անվան թատրոնի պատի տակ նստած լալիս էր: Այսօր հիշեցի էլի այդ ոստիկանին, ով անզորությունից, որ չի կարող կրակել իր ժողովրդի վրա, մի կողմ քաշված արցունքներն էր սրբում: Մարդը կռիվ էր տալիս ինքն իր հետ: Երեկ նույնպիսի կռիվ են ունեցել իրենք իրենց հետ ՈՒկրաինայի բերկուտցիները: Որոշ քաղաքներում Բերկուտի ծառայողներն անցել են ժողովրդի կողմը: Հայաստանում այն մի ոստիկանի հուզմունքը եզակի էլ մնաց իմ հիշողության մեջ` 1998-ից այս կողմ տեղի ունեցած շարժումների ընթացքում: Ի՞նչ փոխվեց վերջին տարիներին, որ մերոնք դարձան այդքան մորթապաշտ, երբ սառնասրտորեն կարող են մարդ ծեծել` տեսնելով ու համոզված լինելով անգամ, որ մարդու-քաղաքացու պահանջը օրինական է: Ի՞նչ տեղի ունեցավ հայ մարդու հետ, որ չկարողացավ-չի կարողանում իր մեջ հաղթահարել սեփական տմարդությունը, չգիտես որտեղից իր մեջ բուն դրած բարոյական աղբը: Աչքիս առջևից չեն հեռանում հետմարտիմեկյան ծեծն ու հալածանքը, ակտիվիստների որսը Հյուսիսային պողոտայում, ոստիկանների, հատկապես որոշ բարձրաստիճանների հայհոյանքը` ուղղված ակտիվիստ կանանց, քամահրանքը` ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ: Մինչև հիմա ոստիկաններ ունենք, որ պարզապես զզվանքով են նայում քաղաքական ակցիաների մասնակիցներին: Այն մի ոստիկանը այդպես էլ երկուսը չդարձավ: Չդարձավ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ