Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Ցուցամատի, վարունգի և աղի մասին

Ցուցամատի, վարունգի և աղի մասին
01.05.2013 | 19:06

Մենք, առհասարակ, բավականին զգույշ ենք։ Հավանաբար գործում է դարավոր իմաստնությունը, որը զգուշացնում է` ամեն մի վեր տնկած ցուցամատ չէ, որ վարունգ է, ու պետք չէ աղն առնել ու սլանալ ցուցամատի ուղղությամբ։ Լավ, քաղաքական հարցերում դեռևս դեռահաս ենք, բավական է մեկը հայտավորվի Ազատության հրապարակի հարթակում և սկսվում է վարունգարշավը, աղն առնում ենք ու սլանում դեպի հարթակ։ Բայց հերթական անգամ պարզվում է, որ ո՛չ հարթակում, ո՛չ էլ հրապարակում վարունգ չկա, ա՜յ ժողովուրդ, չկա, վպՑց, կա ոչ, ընդամենը մի ոչուփուչ ցուցամատն է տնկել արևածագ։ Ցուցամատն էլ օրեր անց դառնում է եռամատ կոմբինացիայի գլխավոր դեմքը։ Վերջերս ինչ-որ մեկն էլի մատ էր տնկել։

***
Զե՜ղչ, ինչպիսի մոգական թովչանք կա այս բառում։ ՈՒ բառը վառում է մեր սիրտն ու թոքը և մղում արկածախնդրության։ Այսինքն, հուզավառ գնում ենք, զեղչված տեսականին մեկուկես կանգառ այն կողմ վաճառվում է կես գնով, բայց առանց զեղչի մասին գովազդի։ Ապրիլի սկզբին էր, ստիպված եղա Հերացու փողոցի վրա տեղակայված «5+» դեղատնից գնել «Պենտալգին» դեղը։ Զեղչի մասին հայտարարությունն էր անչափ գրավիչ։ Բացի այդ, խորհրդավոր էր վայրը` Մխիթար Հերացու անվան փողոց, այսինքն, «ջերմաց մխիթարություն»։ Օրեր անց մխիթարված ջերմությունս անմխիթար էր, պատահաբար քաղաքի կենտրոնի դեղատներից մեկում հանդիպեցի նույն «պենտալգինին»` 1850 գրամով։ Ընդ որում, այս և մյուս դեղատները զեղչի մասին չէին աղմկում։ Սակայն վարունգի և ցուցամատի պատմությունը մի դիպվածով չի վերանում։ Զեղչի քարտը ձեռքիս և գիմնազիստին վայել անկեղծությամբ դարձյալ «5+» դեղատուն մտա ու ձեռք բերեցի «Ժիվակոստ» դեղը` 3000 գրամով։ Հետո խորամանկ ժպիտը դեմքիս այցելեցի մի քանի այլ դեղատներ, համոզվելու, որ, այնուամենայնիվ, բավականին հեռատես եմ եղել զեղչային քարտ ձեռք բերելով։ Ավելի հեռատես, քան շարքային, այսպես ասած զեղչաքարտազուրկ քաղաքացիները։ Բայց առաջին իսկ դեղատանը եռամատ կոմբինացիան ուրվագծվեց աչքիս առաջ, երբ պարզեցի, որ «Ժիվակոստ»-ն այստեղ վաճառվում է... 1300 դրամով։ Եվ դարձյալ առանց զեղչի մասին հոգեցունց «հրովարտակների»։

***
Կասեք` շուկայական հարաբերություններ են, և յուրաքանչյուրն ազատ է սեփական ապրանքը սեփական քմահաճույքով իրացնելու։ Բայց չէ՞ որ շուկան որոշակի մշակույթ է ենթադրում (հաճախ նաև պարտադրում), մշակույթով վաճառող-գնորդ փոխառնչությունների նրբություններով, փոխադարձ հարգանքով ու վստահությամբ։ Սրանից զատ, քաղաքակիրթ շուկաներում առկա են որոշակի վերահսկողական գործոններ և քաղաքակրթության նորմերը խախտողները հաճախ են հայտնվում ոչ այնքան հաճելի վիճակում։ Այսինքն, տուգանվում են, զանազան զիջումների են գնում` փորձելով շահել հաճախորդի կոտրված սիրտը։ Ավա՜ղ։

***
Մի խոսքով, զգուշանանք զեղչերից։ Զգուշանանք ու փիքր անենք` գուցե պետք է եռաչափ մի կոթո՞ղ տեղադրել Ազատության հրապարակում։ Կոթող` ցուցամատի, վարունգի և աղի մասին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ