«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՄԵՆՔ ԱՍՏԾՈ ՊԱՀԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ ՈՒ ԴԵՌ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ»

«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՄԵՆՔ ԱՍՏԾՈ ՊԱՀԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ ՈՒ ԴԵՌ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ»
01.10.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ
-ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասուլիսում նշել էր, թե ԼՂ հակամարտության հաղթահարման բանակցություններում ձեռք բերված համաձայնությունները և չհամաձայնեցված հարցերն արձանագրող համաձայնագիր կարող է ստորագրվել: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էլ Աստանայում պիտի ներկայացնեն իրենց աշխատանքի հաշվետվությունը: Հնարավո՞ր է` ստորագրվի համաձայնագիր, և արդյո՞ք դա Հայաստանի համար վտանգավոր է. ակներևաբար` ֆիքսվելու է, որ Հայաստանը հանձնելու է ազատագրված շրջանները, Ադրբեջանը նույնիսկ տարածքների դիմաց ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ որևէ հանձնառություն չի ստանձնելու: Նման բովանդակությունը չի՞ բացառվում:
-Նման բովանդակությունը ոչ միայն չի բացառվում, այլև քանիցս բարձրաձայնվել է: Եռանախագահող երկրների նախագահների հանդիպումից հետո էլ նշվեց 6 կետերի մասին, որ հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանեց և հնարավոր հետևանքները ներկայացրեց, որոնք իրականություն են դառնում: Այսօր գաղտնիք չէ, որ առաջին քայլը լինելու է ազատագրված տարածքների հանձնումը, փախստականների վերադարձը... ՀՀ արտգործնախարարությունը չի հակառակվում, չի հերքում: Արդեն ավելի ու ավելի քիչ են խոսում Ղարաբաղում ու հարակից տարածքներում հանրաքվեի կամ քվեարկության անցկացման մասին, նույնիսկ կիսատ-պռատ ձևակերպումից` կամահայտնությունից են հրաժարվում: Հայկական կողմը վերջին 10 տարիներին վարած արտաքին քաղաքականության պատճառով, որի հիմնական խնդիրը եղել է ոչ թե պետության ու Ղարաբաղի դիրքերն ամրապնդելը, այլ սեփական դիրքերը պետության ու Ղարաբաղի հաշվին պահելը, այլ ելք չունի, քան հանուն բանակցության բանակցություն վարելը, այլ ելք չունի, քան երկրի ներսում` «Ոչ մի թիզ հող թշնամուն», ստատուս քվոյի պահպանում հայտարարելը, դրսում` հարևանների հետ բարեկամական, «նախաձեռնողական» արտաքին քաղաքականություն վարելն ու փոխզիջումը: Ի վերջո, եթե ոչ Աստանայում վաղը, մյուս օրը, ասենք, Բիշքեկում կստորագրվի մի փաստաթուղթ, որը կդառնա ամպրոպ պարզ երկնքում, թեկուզ միայն Հայաստանում ու Ղարաբաղում ապրողներիս համար, որն էլ իր հերթին կլինի այս իշխանության կոալիցիոն վերջը: Հետևաբար` սրանց միակ ելքը ժամանակ ձգելն է:
-Կստացվի՞, թե՞ ոչ: Հարցի լուծման անհրաժեշտության մասին տասնյակ հայտարարություններ են հնչել ամենատարբեր մակարդակներում:
-Կստացվի, եթե եռանախագահող որևէ երկրի պետական շահ համընկնի այս իշխանության ժամանակ ձգելու ցանկության հետ: Բայց այդ տարբերակը 10 տարիների մեջ իրեն բացահայտել ու սպառել է:
-Իսկ եռանախագահող երկրների հարցի լուծման ամբիցիանե՞րը...
-Չանվանենք ամբիցիա, եռանախագահող երկրների ակտիվությունն իսկապես ակներև է և արտահայտվում է ոչ միայն նախագահների ու արտգործնախարարների մակարդակով, ՄԽ համանախագահների այցերով: Եռանախագահող երկրներից յուրաքանչյուրն իր շահերն ունի և իր գերակայությունները: Երբ կողմերից մեկն ակտիվություն է ցուցաբերում, մյուս կողմը հարկադրված է ավելի ակտիվ լինել` իր շահերը պաշտպանելու համար: Ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական, ռուս-հայկական «լուռ» դիվանագիտության արդյունքներն ակնհայտորեն չեն բավարարում ԱՄՆ-ին ու Եվրոպային:
-Որո՞նք են այդ արդյունքները:
-Ադրբեջանն իր գազի հիմնական պաշարները նորից վաճառեց Ռուսաստանին, Հայաստանը Գյումրիի ռազմաբազայի գործունեությունը երկարաձգելու պայմանագիր կնքեց, ռուս-թուրքական պայմանավորվածությունները «Նաբուկո» ծրագիրը բեկանեցին։ Ինչքան էլ Արևմուտքն ու Եվրոպան հայտարարեն, թե լոյալ են, շահերը լոյալություն չեն հանդուրժում: Համանախագահները ակտիվ ու բաց քաղաքականություն են սկսել, որի արդյունքն ամսվա սկզբին ու վերջին տարածաշրջանը ոտքի տակ տալն է, նյույորքյան հանդիպումները, առաքելությունները: Նման քաղաքականությունը լուռ չես անվանի։ Ես չգիտեմ` Ղարաբաղի հարցում քանի՞ քայլ է մնացել, որ խնդիրը փակվի, բայց որ այս աշնանը քայլ է լինելու և այդ քայլն ի վնաս մեզ է լինելու` Ադրբեջանի պահվածքը, մեր պաշտպանվող վիճակն են վկայում: Վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի համեմատությունը 20-րդ դարասկզբի և 21-րդ դարասկզբի հայ-թուրքական հարաբերությունների հետ, այն ժամանակ տարածքներ կորցնելու ու այսօրվա վիճակի հետ պատահական չէր։ Իշխանությունը հետևություններ պետք է անի, որովհետև արդեն վաճառում է ապագան: 49 տարով:
-Մեզ դարերով սովորեցրել են, որ հողն արյունով են նվաճում: Արյունով նվաճեցինք ու էլի պիտի կորցնե՞նք:
-Ազատագրված հողն արժեք ունի, երբ նրա վրա ապրում ես, քո աշխատանքով շենացնում ես: Այդ հողն անվտանգության գոտի է դառնում, երբ հողի վրա մարդ կա ու պայքարում է իրեն սպառնացող վտանգի դեմ: Վերջին շրջանում ղարաբաղյան ծագում ունեցող բոլոր քաղաքական գործիչները գալիս են Հայաստան` իրենց ազգուտակով, ու ոչ մեկը հետ չի դառնում: Այդ գործիչները թող իրենց հարստությունը վերցնեն ու վերադառնան Ղարաբաղ` արտադրություն դնեն, աշխատատեղ բացեն, տներ կառուցեն, թող միլիոնանոց դղյակներ ունենան, բայց Ղարաբաղում: Այդ տարածքներում ապրել էր պետք: Թող աշխարհի բոլոր առաքելություններն ու դիտորդները գային ու արձանագրեին, որ այդ տարածքներում ապրում են հայերը, ի՞նչ էին անելու, հիմա էլ նրանց բռնի տեղահանման ու վերադարձի խնդի՞րն էր ծագելու։ Թող ծագեր:
-ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելությունն ի՞նչ է նշանակում: Ադրբեջանը ներկայացնում է, որ ՄԱԿ-ի փորձագետների ներգրավումով շրջանների գույքագրում է, հայերի ոչնչացրած մշակութային հուշարձանների հաշվառում, որի դիմաց պատասխան պիտի տան միջազգային ատյաններում։ Քարոզչական հնարքներից դուրս, ի վերջո, ո՞րն է առաքելության նպատակը:
-Առաքելության նպատակը հայկական կողմն ուզում է ներկայացնել որպես միջոց` ապացուցելու Ադրբեջանին, որ տարածքները չեն բնակեցվել, մտադրություն էլ չի եղել ու չկա, դրանք «անվտանգության գոտի» են միայն: Առաքելության ավարտին էլ կթմբկահարվի հերթական «հաղթանակը» Ադրբեջանի նկատմամբ` մենք ճիշտ էինք, Ադրբեջանը հերթական անգամ իր լարած ծուղակն ընկավ, առաքելությունն ապացուցեց, որ հայկական կողմը ոչինչ էլ չի արել։ Դաշտային առաքելության եկած մարդկանց տեսածն ու ներկայացրածն է կարևոր: Այլազգին, որ տեսնում է չբնակեցված, ամայի տարածք, հրաշալի խաղողի այգիներ, որ անմշակ են, ընտանի կենդանիներ, որ վայրենացել են, միանշանակ ափսոսանք է զգում, որ տարածքն անբնակ է պատերազմի պատճառով: Հետևաբար, այդ պատճառը վերացնել է պետք, այդտեղ ապրողներին վերադարձնել իրենց տները, այսինքն, խնդրի լուծման առաջին քայլ է դառնում ոչ թե խնդրի ծագման պատճառը, այլ հետևանքները վերացնելը։
-Իսկ դա մեզ պե՞տք է:
-Միանշանակ` ոչ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, փախստականների վերաբնակեցման և հուշարձանների պահպանության հանձնաժողովների ներկայացուցիչների ներգրավումը նշանակում է, որ հայ դիվանագիտությունը չի կարողացել դիմագրավել կամ կանխել ադրբեջանական նկրտումները, և Ադրբեջանը միջազգային մակարդակով կարողացել է իր մտահոգությունները տեղ հասցնել:
-Հայ դիվանագիտությունն ու քաղաքական գործիչները հաղթանակ ներկայացրին Ադրբեջանի օրինագիծը ՄԱԿ-ի 64-րդ նստաշրջանի օրակարգից հանելն ու 65-ի օրակարգում ներառելը, համանախագահների ճնշում և այլն։ Փաստորեն, Ադրբեջանն իրականում իր ցանկացած հարցը լուծում է ավելի նախընտրելի ձևով։ Ո՞րն է մեր հաղթանակը: Ձևական հետկա՞նչը:
-Իշխանությունները գոնե իրենց նեղ շրջանակում չեն կարող չընդունել, որ միշտ պատասխանողի դերում են: Պաշտպանության լավագույն ձևը հարձակումն է. սա դարավոր ճշմարտություն էր Նապոլեոնից առաջ էլ: Ադրբեջանն անընդհատ խնդիրներ է առաջ քաշում, իսկ հայ դիվանագիտությունը պաշտպանական ելքեր է առաջարկում, որոնք, որպես կանոն, ձեռնտու են Ադրբեջանին: Թե հայ դիվանագիտության փառավոր գործերը քաղաքական հիմնական ուժի ներկայացուցիչները ինչ նրբերանգներով կներկայացնեն, այլ հարց է: Իրականում այդ «ներկայացումները» հասարակության օրեցօր մեծացող շրջանակի համար անլուրջ են դառնում: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Հիմնական կուսակցությունում, որ իրեն գլխավոր ուժն է համարում` ում ցանկանա` կուժեղացնի, ում ցանկանա` կթուլացնի, մոռացել են` ե՞րբ և ինչպե՞ս կուսակցություն դարձան, ի՞նչ խնդիրներ ունեին, իրենց կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանն ինչո՞ւ էր բանտարկվել, Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունն ու պատկերացրած անկախությունն ինչպիսի՞ն էին, ու որտե՞ղ վախճանվեց Գարեգին Հարությունյանը, ի՞նչ է նշանակում «նժդեհ», իրենց կուսակցության ևս մի նախագահ` Անդրանիկ Մարգարյանը, ինչո՞ւ էր բանտարկվել... Շարքային քաղաքացիները հիշողության կորուստ չեն ունեցել, այս հարցերի պատասխանները գիտեն ու հիշում են: Բայց այդ պատասխանները խստիվ տարբերվում են ՀՀԿ-ի մեկնաբանություններից, որ զուտ անձնապաշտական ու պատեհապաշտական են` իրենց անձի պանծացման և սեփական ունեցվածքը պաշտպանելու: Հասարակությունն այդպես է ընկալում, որովհետև գնահատում է ոչ միայն ասվածը, այլև գործերը:
-Իսկ ինձ թվում է, որ մեղքը կուսակցությանը չէ: Տևական ժամանակ կուսակցությունն իշխող է, իշխանության բոլոր «հաշիվները» ներկայացվում են կուսակցությանը` իշխանության և կուսակցության փոխատեղում է եղել։
-Համաձայն եմ: Իշխանության պատասխանատվությունը պիտի կիսեին կոալիցիոն կուսակցությունները, բայց նրանք սովորաբար իրավունքները գերադասում են պարտականություններից:
-Ներիշխանական դաշտն ինչո՞ւ է այսպես տարտղնված: Ընտրությունները վաղը չեն, նույնիսկ մյուս օրն էլ չեն, Հայաստանն էլ անծայրածիր չէ, որ մի ծայրից մյուսը քարոզչությունը գնա-գնա ու չհասնի, ի՞նչն է դրդում ակտիվության և՛ կուսակցությունների ներսում, որտեղ էլ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակն է, և՛ միջկուսակցական հարաբերություններում, որոնք նույնիսկ ՀԱԿ-ի սպառնալիքով չեն հանդարտվում:
-Պատճառները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ: Օբյեկտիվորեն իշխանության վերնախավն ինքն էլ հասկանում է, որ այսպես շարունակել հնարավոր չէ, որպես երկիր, որպես պետություն օր օրի կորցնում է իր դիրքերը, իր հնարավորությունները թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ բարոյական, թե՛ ռազմաքաղաքական դաշտերում` իր պատասխանատվությունը զիջելով այլ երկրների, վտանգելով Հայաստանի անկախությունը: Սուբյեկտիվ պատճառը մեկն է` նախորդ նախագահը ՀՀԿ-ի ախորժակը չափավորելու խնդիր ուներ, որովհետև ինքը կուսակցական չէր: Խնդիրը լուծում էր` պարբերաբար այլ կուսակցությունների օժանդակելով, նորերը ստեղծելով: Խորհրդարանական ընտրություններում նա այդպիսի սխեմա էր առաջարկում, առաջին անգամ այս նախագահը հաղթեց խորհրդարանական ընտրություններում այդ սխեման մերժելով: Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի նախագահն է, նա ՀՀԿ-ի ախորժակը մեղմելու խնդիր չունի: Հակառակը: Բացարձակ իշխանություն ունենալու թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ ՀՀԿ անդամների ցանկությունը մյուս կուսակցությունների լուրջ և հիմնավորված վախն է առաջացնում: Նրանք գիտեն, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրություն չկա, որ ընտրությունը ոչ թե քվեով կամ ստացած քվեները պահելով է, այլ թե ինչ կհայտարարի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Իսկ ԿԸՀ-ն կհայտարարի` ինչ ասի շեֆը: Այս մեկնակետից ելնելով` յուրաքանչյուրն ուզում է իր հնարավորություններն ու ունակությունները ցույց տալ: Հայաստանում 21-րդ դարում ընտրություններ չեն եղել: Դա ակնհայտ փաստ է: Հայտարարվել են «ընտրությունների» արդյունքները: Ի հետևանս` ամենամեծ դժբախտությունն արտագաղթն է, սեփական պետության անկախության և ունակությունների հանդեպ հավատի կորուստը: Անհնար է կոռուպցիայի դեմ պայքարել առանց ազատ, անկախ ընտրություններ անցկացնելու` հիմքերն ու հետևանքներն այստեղ են: Եթե կեղծիքներով է ընտրությունն անցել, կոռուպցիան անխուսափելի է` իր բոլոր հետևանքներով: Սուբյեկտիվ պատճառներից է նաև կուսակցությունների անդամների սեփականության պաշտպանության խնդիրը: Իշխանությունն այս հարցում բացառություն չէ, ընդդիմության մեջ էլ պատեհապաշտներ կան, բայց իշխանական բուրգում նրանք մեծամասնություն են: Մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, ովքեր իշխանական կուսակցություններում ծառայում են գաղափարների, հայրենիքի գենն ունեն, արյուններն էլ չեն պղտորվել: Մյուսներն ունեցածն ու նորն ունենալու հնարավորությունը կորցնելու վախից են համախմբված: Այդ պատճառով էլ ամեն մեկն իր տեղն ու դերը, իր նշանակությունը պանծացնելու, առանց իրեն հայրենիքի կորուստը հիմնավորելու անբնական մղում ունի: Իսկ հասարակությունն այդ ամենը տեսնում է ու գնահատում:
-Պետության ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերն այլ պետություններին «վստահելու» քաղաքականությամբ ինչքա՞ն կձգենք: Ցանկացած պետություն ունի իր առաջնահերթությունները, ինչո՞վ և ինչո՞ւ Հայաստանը պիտի լինի Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի առաջնահերթությունների ցանկում:
-1999-ին «Միասնություն» դաշինքի հաղթանակից հետո, Վազգեն Սարգսյանի հիմնական խնդիրը, ելույթների հիմնական մասը վերաբերում էին երկրի ունեցվածքի գույքագրմանը` ինվենտարիզացիային: Հետո Հայաստանի` որպես պետության, նյութական, հոգևոր ու բարոյական առաջնահերթությունների ամրագրմանն ու խորացմանը: Ես ու եղբայրս վարչապետ ենք եղել միասին 10 ամիս: Իմ վարչապետության ընթացքում էլ գործունեության հիմնական մասն ուղղված է եղել գույքագրմանն ու առաջնահերթությունների որոշարկմանը: Ի՞նչ է օտարվել Վազգեն Սարգսյանի վարչապետության ժամանակ պետությունից մասնավոր դաշտ, ի՞նչ է օտարվել իմ վարչապետության ժամանակ:
-Վազգեն Սարգսյանի ժամանակ քաղաքական որոշումներ կայացվեցին «Նաիրիտը», «Կանազը» գործարկելու, Արարատյան դաշտի ինքնահոս ջրերի մասին....
-Իմ ժամանակ այդ քաղաքականությունը շարունակվեց, ավելացավ Ագարակի պղնձի կոմբինատը, Չարենցավանի հաստոցաշինականը վերագործարկվեց... Թվարկումը չշարունակեմ, որովհետև կարևորն արվածի ու չարվածի հաշվեկշիռը չէ: Խնդիրը սկզբունքն է` պետության զարգացման, առաջնահերթությունների, ճանապարհների որոշարկումը, այդ առաջնահերթություններին, անկախ ազատական քաղաքականությունից, պետության օժանդակությունը: Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ ամենազարգացած, ամենաազատական պետություններն էլ գնացին այդ ճանապարհով: Այսօր դժվար է ասել` Հայաստանն ունի՞ ստրատեգիական առաջնահերթություն: Մեր էներգետիկ հնարավորությունները, լեռնամետալուրգիան հանձնեցինք մեր ռազմավարական գործընկերոջը, որը գույք` պարտքի դիմաց, որը` այնպես, ասելով` արի, մեր տնտեսությունն օգտագործի, մեզ էլ պահի: Հայաստանի սահմանների պաշտպանությունն ու Ղարաբաղի հարցն էլ գործող նախագահը փոխանցեց Ռուսաստանին: Ինչի՞ համար է Հայաստանի նախագահը պատասխանատու, ես չգիտեմ: Իմ ընտրության իրավունքի համա՞ր: Բայց իմ ընտրության իրավունքը միշտ խախտել է: Արդար դատական համակարգի՞: Այդ համակարգի գոյությանը ինքն ու իր շրջապատն էլ չեն հավատում: Կրթակա՞ն համակարգի: Լեզվի մասին օրենքի փոփոխությա՞մբ ու կրթական բարեփոխումներո՞վ, որոնց հետևանքների մասին խոսել վախենում են ուսուցիչներն էլ: Այս երկիրն օր օրի իր անկախությունից հեռանում է: Այս քաղաքականության պատճառով են ինձ նման մարդիկ դառնում ընդդիմություն: Խնդիրը բնավ էլ իշխանության գալը չէ, խնդիրը համակարգային փոփոխությունն է, նոր Հայաստան ունենալը, որը, որպես պետություն, կունենա իր առաջնահերթությունները և տեր կկանգնի այդ առաջնահերթությունները կյանքի կոչելուն: Այդ պետության թիվ մեկ արժեքը կլինի մարդը: Այսքան բան տվել ենք` ոչինչ: Մարդուն պետք է պահպանել, և մարդը կորցրածը վերադարձնելու հնարավորություններ կստեղծի, եթե պետությունն այդ հնարավորությունը տա` ազատության ու գործունեության, ինքնադրսևորումի:
-Ո՞րն է այդ հնարավորությունը:
-Գործունեության հնարավորությունն առաջին հերթին սկսվում է մարդու ազատությունից, մարդիկ հեռանում են, որովհետև ո՛չ ապրելու, ո՛չ աշխատելու տարածություն պետությունը չի տալիս: Նկատե՞լ եք, որ քաղաքականությամբ զբաղվելը Հայաստանում դարձել է անիմաստ: Քաղաքականությամբ զբաղվում են այն մարդիկ, ովքեր փող ունեն և զբաղվում են, ինչպես իրենք են հասկանում: Կարո՞ղ եք նշել մի ընդդիմադիր կուսակցություն, որ ձևավորվել է 2002 թվականից հետո: Ընդդիմադիր կուսակցություններ չեն ստեղծվում հասարակության բացահայտ դժգոհության պայմաններում: Եղածներն էլ պառակտվում ու տրոհվում են: Իսկ իշխանական քանի՞ մեծ ու փոքր կուսակցություն է ստեղծվել: Ստեղծվել է նույն ընտրազանգվածի շրջանակներում: ՈՒ` «էս խելքին ենք, որ էս խելքին ենք»...
-Ի՞նչ եք առաջարկում։ Փակ շրջանա՞կ, մենք էլ կենտրոնում` առանց ելքի՞:
-Ես վստահ եմ, որ մենք Աստծո պահած ժողովուրդ ենք ու դեռ առաքելություն ունենք: Ես էլ ինձ հույսին բարեկամ, հակառակին թշնամի եմ համարում: ՈՒ դրա համար իմ կուսակից և համախոհ ընկերների հետ ՀԱԿ-ին ենք միացել` միասնական ու համախմբված ուժերով ճիշտ ժամանակին երկրի համար ճիշտ տարբերակով փոփոխություն ու արդարություն բերելու: Ամսի 15-ին էլ հանրահավաքի ենք ու պայքարելու ենք այնքան, մինչև էս երկիրը Հայրենիք դառնա: Ես համոզված եմ, որ մեր միասնական պայքարի արդյունքում արդարության ձգտող հայ մարդու բարի ցանկություններն ի կատար են ածվելու, և շուտով, շատ շուտով նրա տունն ու սիրտը սպասումներով ու բարի լուրերով են լցվելու:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ