ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
17.01.2012 | 00:00

2805 ՄԻԱՎՈՐ ՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂ
ՖԻԴԵ-ի հրապարակած վարկանիշային վերջին աղյուսակում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջընթաց քայլ է կատարել և 2805 միավորով տեղափոխվել է երկրորդ հորիզոնական` զիջելով միայն նորվեգական հրաշք Մագնուս Կառլսենին, ով իր վարկանիշային միավորների թիվը հասցրել է 2835-ի: ՈՒժեղագույն եռյակում գրանցվել է ևս մեկ փոփոխություն. աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը նահանջել է չորրորդ հորիզոնական` տեղ բացելով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի համար:
ՈՒժեղագույն շախմատիստների հարյուրյակում են Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը, ովքեր 2700, 2685 և 2683 միավորներով 43-րդ, 64-րդ, 66-րդ հորիզոնականներում են:
Տարեվերջյան վարկանիշայինի արդյունքում ձևավորվել է նաև լավագույն շախմատային երկրների աղյուսակը, համաձայն որի` տղամարդկանց մեր ընտրանին 2657 միջին գործակցով հայտնվել է հինգերորդ հորիզոնականում:
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 20-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 31-րդը, Լիլիթ Գալոյանը` 97-րդը: Աղյուսակը գլխավորում է հունգարուհի Հուդիթ Պոլգարը, ով իր դիրքերը չի զիջում արդեն «անհիշելի» ժամանակներից:

45 ՕՐ ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒՐՋԸ
Ֆրանսիացի նշանավոր աշխարհագրագետ, լայն հանրությանն ավելի շատ որպես գրող հայտնի, աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից մեկի` «80 օր աշխարհի շուրջը» վեպի հեղինակ Ժյուլ Վեռնի անվան մրցանակը նոր տեր ունի: Հաղթահարելով ավելի քան 21 հազար ծովային մղոն (մեկ ծովային մղոնը հավասար է 1,85 կիլոմետրի)` նավապետ Լոիք Պեյրոնի գլխավորած անձնակազմը երկրագնդի շուրջ պտույտն ավարտեց 45 օր 13 ժամ 42 րոպեում` սահմանելով աշխարհի նոր ռեկորդ:
Ժյուլ Վեռնի անվան մրցանակը Ֆրանսիայում խաղարկվում է 1990-ականների սկզբներից: Այն տրվում է սպորտանավով աշխարհի շուրջն ամենաարագ ճանապարհորդությունը կատարած անձնակազմերին:
Հատկանշական է, որ այս ճանապարհորդության ժամանակ արձանագրված աշխարհի ռեկորդը սահմանվել է եղանակային անբարենպաստ պայմաններում: Նավապետ Պեյրոնի հավաստմամբ` ճանապարհորդության ժամանակ եղանակային քմահաճությունները բավականին հաճախակի են եղել` ուղեկցվելով սառցալեռների տհաճ հարևանությամբ: «Ես արագ նավարկության սիրահար եմ, սակայն երբեմն հարկ էր լինում գցել արագությունը»,- հունվարի 7-ին, Ֆրանսիայի ատլանտյան ափեզրում կառանելու ժամանակ, լրագրողներին ասել է նա: Բրեստ քաղաքում անձնակազմին դիմավորել են ոչ միայն բազմահազար երկրպագուներ ու լրագրողներ, այլև Ֆրանսիայի սպորտի նախարար Դավիդ Դուիեն:

ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՅԱՑԱՎ
Հունվարի 14-ին գերմանական Օֆենբուրգ քաղաքում կայացավ Արթուր Աբրահամ-Պաբլո Ֆարիաս հանդիպումը: Մրցակիցը, ով մենամարտելու նպատակով առաջին անգամ էր լքել հայրենի Արգենտինայի սահմանները, կարողացավ ընդամենը հինգ ռաունդ դիմակայել Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայազգի բռնցքամարտիկին: Մեկ ռաունդում երեք նոկդաուն, և քսանչորսամյա Ֆարիասն առարկայնորեն հասկացավ, որ իր համար բավականին վաղ էր փորձառու Աբրահամին ձեռնոց նետելը: Սա մեր բռնցքամարտիկի 33-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում և յուրօրինակ վերադարձ համաշխարհային մրցաբեմ` Super Six-ի մրցաշարում կրած երեք անընդմեջ պարտությունից հետո:
Ավելացնենք նաև, որ թեպետ նույն օրը WBO վարկածով չեմպիոնական գոտու համար Օֆենբուրգում անցկացվեց Ռոբերտ Շտիգլից-Հենրի Վեբեր մենամարտը, և այն շատ ավելի հեղինակավոր էր իր մարզական նշանակությամբ, այդուհանդերձ, մրցամարտի կազմակերպիչներն առավել կարևորել էին Աբրահամ-Ֆարիաս դիմակայությունը, չնայած վերջինս որակավորման մրցամարտ էր չեմպիոնական տիտղոս տանող ճանապարհին: Փաստն ինքնին հաճելի է և խոսում է Գերմանիայում Արթուր Աբրահամի հանրաճանաչության, սիրված լինելու մասին:

ԱՐՍԵՆ ԳԱԼՍՏՅԱՆՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԷՐ
Կիրակի օրը Ալմաթիում (Ղազախստան) ավարտվեց «Մաստերս» կարգի ձյուդոյի մրցաշարը: Ցավոք, արդեն մեկ տասնվեցերորդ եզրափակիչում մեր հավաքականի ներկայացուցիչ, 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դավթյանը զիջեց աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, ճապոնացի Հիրաոկի Հիրաոկային, ում ճանապարհին իր հերթին, արդեն կիսաեզրափակիչում, կանգնեց Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող, այդ երկրի գլխավոր օլիմպիական հույս Արսեն Գալստյանը:
Յուրօրինակ վրեժ լուծելով հայրենակցի կրած պարտության դիմաց` Արսենը հաղթական ելույթ ունեցավ նաև եզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը հիշյալ քաշային կարգում համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի կրկնակի չեմպիոն, ուզբեկ Ռիշոդ Սոբիրովն էր: Արսենը գերազանց անցկացրեց մրցելույթը: Արդյունքը իպոնով` մաքուր հաղթանակով տարած ոսկե մեդալն էր:
Ինչ վերաբերում է մեր հավաքականի երկրորդ ներկայացուցիչ Արմեն Նազարյանին (66 կգ քաշային կարգ), նա տատամին լքեց մեկ քառորդում` պարտություն կրելով մոնղոլ Հաշբաատար Ցագաանբաատարից:

ԳԵՐԱԶԱՆՑ ՄԵԿՆԱՐԿ
Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկած Tata Steel շախմատային փառատոնի A կարգի մրցաշարում գերազանց է մեկնարկել Լևոն Արոնյանը: Առաջին տուրում սև խաղաքարերով հանդես եկած հայ գրոսմայստերը պարտության է մատնել ռուս Սերգեյ Կարյակինին, իսկ երկրորդում, արդեն սպիտակ խաղաքարերով, գերազանցել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային: Հաղթանակի համար մեր գրոսմայստերից պահանջվել է 58 քայլ:
Երկու տուրի արդյունքով Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Լուրերը` Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ