«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ՀԱՅԵՐՈՎ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆՔ, ՈՒ ՍՐԱ ՎԵՐՋԸ, ԱՆՇՈՒՇՏ, ԲԱՐԻ Է ԼԻՆԵԼՈՒ

ՀԱՅԵՐՈՎ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆՔ, ՈՒ ՍՐԱ ՎԵՐՋԸ, ԱՆՇՈՒՇՏ, ԲԱՐԻ Է ԼԻՆԵԼՈՒ
07.10.2011 | 00:00

Եվ այսպես այսօր, ժամը 20.00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկայանա Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպումը: Թերևս ավելորդ համարենք խաղի մարզական նշանակության մասին խոսելը, քանի որ այն բոլորին է հայտնի, և միանշանակ է, որ մեր հավաքականն ամեն գնով ձգտելու է հաղթանակի: Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ, այո, մեր ընտրանին երբեք այսքան ռեալ մոտ կանգնած չի եղել բաղձալի նպատակին, և մեր առջև երբեք այսպես շոշափելիորեն բաց չեն եղել «Եվրոպա-2012»-ի եզրափակիչի դռները:
Անվիճելի է, որ մեր ֆուտբոլային ընտրանին կարողացել է հասնել խաղային լավ մակարդակի, և դրա վկան են ենթախմբում հավաքած տասնչորս միավորն ու հատկապես վերջին երկու փայլուն մրցելույթները մրցակիցների հարկի տակ, որտեղ մենք հավաքեցինք առավելագույն վեց միավորը, աչքի ընկանք գոլեր խփելու կարողությամբ, ինչը մեր ֆուտբոլի թույլ կողմերից մեկն է եղել:
Այս ամենը շատ ուրախալի է, սակայն առավել ուրախալին մեկ այլ բան է, որն առաջին հայացքից աննկատ սողոսկեց բոլորիս գիտակցության մեջ և դարձավ դոմինանտ մտածողություն: Դա այն է, որ մրցակցի հետ խաղի մասին մենք այլևս չենք մտածում հուսալքվածի, դատապարտվածի դիրքերից: ՈՒ եթե, Աստված ոչ անի, լինի անհաջողություն, այսուհետ ու, կարծում ենք` ընդմիշտ, մտածելու ենք խաղի չստացված լինելու (լինում են այդպիսի բաներ) կամ ցավալի վրիպման մասին:
Սա, այսպես ասած, միջանկյալ ու ի միջի այլոց: Ամենակարևորը, կրկնում եմ, այն է, որ թե՛ ֆուտբոլիստների, թե՛ ֆուտբոլասերներիս մեջ ձևավորվել է հաղթողի ու հաղթանակածի հոգեբանություն, ինչը զորեղ նախապայման է ցանկացած հարցում: Այսքանը` կարճ ու համառոտ, մեր ընտրանու մասին, իսկ արդ դառնանք այսօրվա մեր մրցակցին, ով ենթախմբում հանգրվանել է հինգերորդ հորիզոնականում ու կանգնել արմատական փոփոխությունների առաջ, որոնք չեն կարող չհուզել մեզ այսօր կայանալիք խաղից առաջ:
Հայտնի է, որ Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան, դժգոհ նախկին մարզչի աշխատանքից, փոխել է նրան ու տեղը նշանակել ոչ անհայտ Ջոն Տոշակին, ինչն ինքնին նշանակում է որակապես նոր խաղի ակնկալիք, վերադասավորումներ, ֆուտբոլային նոր մտածողության դավանաբանում: Սրանք, հասկանալի է, քայլեր են, որոնք միտված են ապագային, սակայն որքան էլ այդպիսին, առավել վտանգավոր են դարձնում մեր մրցակցին, որովհետև յուրաքանչյուր մակեդոնացի մարզիկ, անշուշտ, ջանալու է լավագույն որակներով ներկայանալ մարզչին, ամրապնդել իր տեղը հավաքականում, իսկ նորանշանակ մարզիչն էլ, իր հերթին, ոչնչով կաշկանդված չէ ո՛չ խաղից առաջ, ո՛չ էլ խաղից հետո: Պարտության դեպքում փաստարկ ունի` փորձարկումներ կատարելը, իսկ հաղթանակի դեպքում ձայնը հնչելու է հաղթ ու հպարտ, մինչդեռ մեզ երեք միավորն օդի պես անհրաժեշտ է, և ստեղծված իրավիճակում մենք չունենք ուրիշ տարբերակ, թեպետ, անկեղծ լինենք, արդեն այն, ինչ մեր տղաներն արել են այս փուլում, ինքնին շատ բարձր գնահատականի է արժանի, և մենք իրավամբ մեր հավաքականով հպարտանալու իրավունք ունենք: Բայց թե, ինքներդ էլ հրաշալի գիտեք ժողովրդական առածը ուտելիս ախորժակի բացվելու մասին:
Իսկ ինչո՞ւ ախորժակներս կոտրվի որ, հանուն ո՞ւմ սիրուն աչքերի:
Մակեդոնացիները կաշվից դուրս գալո՞վ կխաղան, թե՞ կմնան կաշվի մեջ, համարենք իրենց նեղ անձնական խնդիրը և մեզ համար չդիտարկենք որպես առաջնային կարևորության հարց, մանավանդ եթե այդ խաղն իր կատարման որակում չի խանգարելու մեր ընտրանու առջև դրված խնդրի իրագործմանը: Այնպես որ` առա՛ջ, տղաներ: Մենք հավատում ենք Ձեզ: Դուք էլ, մենք էլ արժանի ենք մեր միասնական փողոցում սպասվելիք հաղթանակին:
Իսկ այժմ այն մասին, թե Մակեդոնիայի ընտրանու դեմ ու, ընդհանրապես, վերջին երկու խաղի համար ո՞ր ֆուտբոլիստներն են հրավիրվել մեր ազգային հավաքական:
Դարպասապահները երկուսն են` Ռոման Բերեզովսկին ու Գևորգ Կասպարովը: Պաշտպանական գիծը կներկայացնեն Սարգիս Հովսեփյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վալերի Ալեքսանյանը, Հրայր Մկոյանը, Վարազդատ Հարոյանը, Արտակ Եդիգարյանը, Լևոն Հայրապետյանը, Արթուր Յուզբաշյանը:
Լայնորեն է ներկայացված նաև կիսապաշտպանությունը: Այստեղ գործելու են Արթուր Եդիգարյանը, Հենրիխ Մխիթարյանը, Կառլեն Մկրտչյանը, Էդգար Մալաքյանը, Զավեն Բադոյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելին, Էդգար Մանուչարյանը: Հարձակվողները երկուսն են` Յուրա Մովսիսյանն ու Արթուր Սարկիսովը:
Թե այս քսանից ովքե՞ր են դուրս գալու խաղադաշտ, հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի որոշելիք հարցն է: Այնպես որ, մի փոքր էլ համբերենք, սակայն համբերելուց առաջ էլ տեղեկացնենք, որ ամսի չորսին մեր ընտրանու մարզմանը ներկա էր և հոլանդական ֆուտբոլում հանդես եկող Արաս Օզբիլիզը, ով էլ օրեր առաջ ներկայացվեց հավաքականի խաղացողներին: Ի դեպ, Արասն արդեն ստացել է Հայաստանի քաղաքացիություն: Ինչպես տեսնում եք` հայերով հավաքվում ենք, ու սրա վերջը, անշուշտ, բարի է լինելու:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1470

Մեկնաբանություններ