ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՄԱԼՐՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻՑ

ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՄԱԼՐՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻՑ
03.12.2010 | 00:00

Հայաստանում աթլետիկան շարունակում է մնալ ծանր վիճակում, թեև այս մարզաձևը կոչում են սպորտի թագուհի, նաև` օլիմպիական խաղերում վիճարկվում է տարբեր մրցաձևերի մեդալների 48 հավաքածու: Իսկ մեր երկրում աթլետիկայի հիմնախնդիրները հիմնականում կապված են մարզումների համար նորմալ պայմաններ չլինելու հետ: Սակայն Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան արդեն 6 ամիս է նոր նախագահ ունի` ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆԸ, որի հեռացատկի Եվրոպայի ռեկորդը (8 մ 86 սմ), արդեն երկար ժամանակ է, գերազանցող չկա: Եվ անվանի մարզիկը լրջորեն լծվել է գործի, որպեսզի Հայաստանում հետ մնացող մարզաձևը փակուղուց դուրս բերի:
Ի դեպ, Հայաստանի աթլետիկայի ներկայացուցիչների կանչով է Էմմիյանը ստանձնել այդ պաշտոնը: Իսկ բարդությունն այն է, որ Ռոբերտը երկար տարիներ բնակվում և աշխատում է արտասահմանում: Նա ներկայումս Փարիզում է: Եվ այնպես է ստացվել, որ փորձառու մասնագետը ստիպված է մի ոտքով Ֆրանսիայում լինել, մյուսով` Հայաստանում: Օրերս նա հայրենիքում էր: Թեև նոր պաշտոնավարությունից այնքան էլ շատ ժամանակ չի անցել, սակայն հետաքրքիր է, թե հաջողվե՞լ է նրան որևէ էական քայլ կատարել: Պարզվում է, որ արդեն համաձայնագիր է ստորագրվել Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայի հետ: Նպատակը մեկն է` համագործակցել, համատեղ աշխատանքներ կազմակերպել: Ի դեպ, Ֆրանսիայի Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը և գործադիր տնօրենն այցելել են Հայաստան և տեղում հստակեցրել, թե ինչ է հարկավոր անել: Եվ քանի որ առաջնահերթ խնդիրը մարզաբազաների սարքավորումն է, ապա հրավիրվել է արտասահմանյան ճանաչված ֆիրմաներից մեկի մասնագետը, որը տեղում ուսումնասիրել է, թե ինչպիսի և ինչ ծավալով աշխատանքներ կարելի է կատարել: Էմմիյանն ասաց, որ խնդիր է դրված կարճ ժամկետում կարգավորել հարցը և ունենալ միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադաշտ: Իսկ սինթետիկ ծածկի սարքավորման աշխատանքն էլ իրականացնելու են արտասահմանյան լավագույն մասնագետները: Ի դեպ, այս խնդիրը վաղուց է հրատապ դարձել, և Երևանը, թերևս, աշխարհում միակ մայրաքաղաքն է, որը չունի աթլետիկայի ժամանակակից մարզադաշտ: «Դա իմ երազանքն է, և համապատասխան մարզաբազայի առկայությունը կարող է հեղաշրջում առաջացնել Հայաստանում աթլետիկայի զարգացման գործում: Եվ ցանկալի է, որ այդպիսի մարզադաշտերը շատ լինեն: Այդ նպատակով արտասահմանից հրավիրված մասնագետի հետ այցելել ենք ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի տարբեր մարզերում գտնվող մարզադաշտերը: Եվ այն եզրակացությանն ենք հանգել, որ եղած բոլոր մարզադաշտերում էլ հնարավոր է սարքավորել սինթետիկ ծածկով աթլետիկական հատվածներ»,- ասաց ֆեդերացիայի նախագահը: Իսկ հուսադրում է այն, որ Հայաստանի պետական մարզական կառույցի, ՀԱՕԿ-ի ղեկավարությունը խոստացել է ըստ ամենայնի աջակցել երկար տարիներ խանգարող այդ հարցի լուծմանը:
Ի դեպ, խորհրդային տարիներին աթլետները հիմնականում պարապում էին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: Երբ վերջինս սկսեց վերակառուցվել, խոստումներ տրվեցին, որ հետագայում կսարքավորվեն աթլետիկական հատվածներ: Բայց հետո այդ մասին մոռացան, և այժմ մարզադաշտում հիմնականում Հայաստանի առաջնության, գավաթի խաղարկության ֆուտբոլային հանդիպումներ են անցկացվում, այն էլ սակավաթիվ հանդիսականների ներկայությամբ: Իսկ աթլետները հայտնվել են անելանելի վիճակում: Ճիշտ է, Արտաշատում ժամանակին սինթետիկ ծածկով մարզադաշտ էր սարքավորվել, սակայն տարիների ընթացքում ամեն բան քայքայվել և շարքից դուրս է եկել: Իսկ Երևանում աթլետները պարապում են «Սպարտակ» մարզադաշտում, որն ավերակ է հիշեցնում, և աթլետները մարզվելիս հաճախ վնասվածքներ են ստանում: Միայն ասվում է, որ այն պետք է վերանորոգվի, սակայն այդպես էլ խոսքը գործի չի վերածվում: Էմմիյանը հայտնեց, որ փորձելու են այնպես անել, որ Հայաստանի բոլոր մարզերում ստեղծվեն պայմաններ, որպեսզի աթլետները կարողանան լիարժեք պարապմունքներ անցկացնել: Այդ նպատակով նա հանդիպումներ է ունեցել տարբեր մարզերի ղեկավարների հետ, փորձել օգտագործել իր հեղինակությունը: «Հայաստանում ամեն օրս ծանրաբեռնված է անցել, շատ հանդիպումներ եմ ունեցել: Ընդ որում, դրանք բոլորն էլ գործնական են եղել: Իմ ունեցած բոլոր լծակները, նաև միջազգային կապերը, փորձել եմ օգտագործել արդյունքի հասնելու համար»,- հայտնեց Էմմիյանը:
Նա գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի աթլետիկայի հավաքականը մեծ թվով` 29 մասնակցով, հանդես է եկել Եվրոպայի 3-րդ լիգայի առաջնությունում, և մեր երկրի մարզիկները հաջող մրցելույթներ են ունեցել: Նրանցից երկուսը զբաղեցրել են 2-րդ, երեքը` 3-րդ տեղ: Ի դեպ, մրցանակակիր դառնալուն հավակնել են մի շարք մարզիկներ, սակայն նրանք բավարարվել են 4-րդ, 5-րդ տեղերը զբաղեցնելով: Հայաստանի ներկայացուցիչներն իրենց պատրաստականությամբ լավ տպավորություն են թողել նաև Ֆրանսիայում կազմակերպված միջազգային մրցումներում` 5 և 10 հազար մետր մրցատարածություններում զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Իսկ բարձր տեղեր գրավելը չի կարող չոգևորել, նոր լիցք չհաղորդել: «Չնայած դժվարին պայմաններին, սակայն ունենք երիտասարդ շնորհալի աթլետներ, որոնք առանց ընկճվելու ծանրաբեռնված մարզումներ են անցկացնում, իսկ դա չի կարող ցանկալի արդյունքի չհասցնել: Մեր խնդիրն է, որ մարզիկները վարպետանան ոչ միայն վազքերում, այլև աթլետիկայի մյուս մրցաձևերում: Շատ կարևոր է, որ աթլետները իրենց կարողությունները կանոնավոր փորձեն միջազգային ստուգատեսներում: Մասնավորապես, Սևակ Եղիկյանը և Աշոտ Հայրապետյանը ներկայումս ուսումնամարզական հավաք են անցկացնում` մասնակցելու առաջիկայում Պորտուգալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հայրապետյանի նախասիրած մրցաձևը 800 մ վազքն է, Եղիկյանինը` 3000 մ վազքը»,- ասաց Էմմիյանը:
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներից ոմանք ցանկություն են հայտնել հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո: Մասնավորապես, մեր հավաքականն առաջիկայում կհամալրի ԱՄՆ-ում բնակվող 22-ամյա գնդահրորդ Ջեֆրի Չաքոյանը: ՈՒրախալի է այն առումով, որ Հայաստանի հավաքականում վաղուց չկա այս մրցաձևի այնպիսի ներկայացուցիչ, որը միջազգային ստուգատեսներում կարող է լուրջ հավակնություններ ունենալ: Մինչդեռ Ջեֆրին ոչ միայն երիտասարդ է, այլև մեծ ներուժ ունի: Նա ԱՄՆ-ի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը: Ի դեպ, երբ ավարտվի փաստաթղթերի ձևակերպումը, և Չաքոյանն իրավունք ստանա հանդես գալու մեր երկրի դրոշի ներքո, դա առաջին դեպքը կլինի, որ աթլետիկայի Հայաստանի հավաքականում հայտավորվի մեր երկրում չբնակվող մարզիկ: «Մի շարք երկրների աթլետիկայի հավաքականների կազմում մրցումների են մասնակցում օտարազգիներ: Իսկ այս պարագայում խոսքը մեր հայրենակցի մասին է: Եվ ցանկալի է, որ այդ ճանապարհով կարողանանք ուժեղ հավաքական ստեղծել և լուրջ հավակնություններով մասնակցենք Եվրոպայի, աշխարհի առաջնությունների, օլիմպիական խաղերի»,- պարզաբանեց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են: Բանն այն է, որ դարձյալ կան արտասահմանում բնակվող մեր հայրենակից բարձրակարգ աթլետներ, որոնք կարող են համալրել այս մարզաձևի մեր երկրի ընտրանին: Մասնավորապես, Էմմիյանը հայտնեց, որ Հունաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում են բնակվում երիտասարդ երեք աթլետներ, որոնց հետ նույնպես բանակցում են, և աշխատանքներն ընթացքի մեջ են: Նրանցից երկուսը հեռացատկորդ են, իսկ մեկը` ձողացատկորդ: Եվ եթե Հայաստանում հեռացատկորդներ կան, ապա ձողացատկը, կարելի է ասել, մեզ համար էկզոտիկ մարզաձև է: Մնում է, որ ձևակերպվեն փաստաթղթերը, և ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցը Հայաստանը ներկայացնի ձողացատկի միջազգային տարբեր ստուգատեսներում: Այդ մարզիկը, որի անունն Արթուր է, այժմ հաղթահարում է 5 մ 40 սմ, որը հուսադրող ցուցանիշ է: Սակայն ձողացատկը միակ մարզաձևը չէ, որը Հայաստանում չի արմատավորվում: Հետաքրքիր էր, թե ինչ է արվում այդ ուղղությամբ: Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ փորձում են բացը լրացնել: Արդեն մարզիկներ ունենք, որոնք վարպետանում են երկար տարածությունների վազքում: Ներկայումս աշխատանքներ են տարվում բարձրացատկը, ձողացատկը, նետումների մրցաձևերը մեր երկրում զարգացնելու համար: Էմմիյանը պայմանավորվել է և առաջիկայում կրկին հանդիպելու է Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայի ղեկավարության հետ: Թեև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան շարունակում է համագործակցությունը հանրածանոթ «Ադիդաս» ֆիրմայի հետ, սակայն հստակեցվելու է, թե երբ է ֆրանսիական կողմն օգնելու մարզագույք ձեռք բերելու հարցում: Իսկ խոսակցության հիմնական թեման լինելու է համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպումը: Վերջինս շատ կարևոր է: Բանն այն է, որ, խոշորամասշտաբ մրցումներին նորմալ պատրաստվելու դեպքում, կարելի է բարձր արդյունքներ ցույց տալ: Էմմիյանը հայտնեց, որ ֆեդերացիայի նախագահ աշխատելու այս կարճ ժամանակահատվածում չկա որևէ բան, որ ձեռնարկվել է և չի կատարվել: Նա նշեց, որ աշխատանքներն ընթանում են իրենց բնականոն հունով: Մարտի 4-6-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի «Բերսի» մարզապալատում անցկացվելու է մարզասրահների Եվրոպայի առաջնությունը: Իսկ աշխարհի ամառային առաջնությունը կայանալու է օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 4-ը Հարավային Կորեայում: Հայաստանի ներկայացուցիչները լրջորեն են նախապատրաստվում և ամեն բան արվելու է, որ հնարավորինս շատ աթլետներ իրենց կարողությունները փորձեն այդ ստուգատեսներում:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1714

Մեկնաբանություններ