ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«ՌԵԱԼԸ» ՄԵԾ ԹԻՄ Է, «ԲԱՐՍԵԼՈՆԸ»` ՄԵԾԱԳՈՒՅՆ

«ՌԵԱԼԸ» ՄԵԾ ԹԻՄ Է, «ԲԱՐՍԵԼՈՆԸ»` ՄԵԾԱԳՈՒՅՆ
13.12.2011 | 00:00

Հետաքրքիր զուգադիպությամբ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության «Ռեալ»-«Բարսելոն» խաղը համընկավ Ֆուտբոլի համաշխարհային օրվա հետ: Անկեղծ ասած, տարեվերջի զարդի հավակնություն ունեցող այդ խաղը կլիներ դեկտեմբերի 10-ին, թե 11-ին, բովանդակային առումով ոչինչ չէր փոխվի, որովհետև այդ օրը մադրիդյան նշանավոր «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում հանդիպում էին աշխարհի վերջին ժամանակաշրջանի երկու ուժեղագույն թիմերը, ինչն ինքնին տոնի վկայություն է: Հարկավ, իսպանացիների բացառիկ հպարտությունն է, որ երկուսն էլ ներկայացնում են իսպանական ֆուտբոլը, թեև թե՛ «Բարսելոնը, թե՛ «Ռեալը» վաղուց ի վեր ջնջել են աշխարհագրական սահմաններն ու դարձել բոլորինը:

ԿՈՂՄԵՐԻ ՆԱԽԱԽԱՂԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԸ
Թիմերը մարզադաշտ էին ելել հիշողության զգալի պաշարով, և ամեն մեկն անվիճելիորեն պատրաստ էր իր բաժին պատմության խմբագրմանը: Հատկապես ջանալու բան ուներ «Ռեալը», որովհետև Մադրիդի ֆուտբոլային սրտում` «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, կայացած վերջին հինգ խաղում «Բարսելոնն» իր հիմնական մրցակցի հետ երկու հանդիպում ավարտել էր ոչ-ոքի և երեք անգամ հասել հաղթանակի (չխոսենք 2009 թվին 6:2 հաշվով տված խայտառակ «դասի» մասին, որ «Ռեալի» սրտում սուր սրի պես խրվել-մնացել է` թողնելով արնածոր վերք):
Ընթացիկ մրցաշրջանում շատ ավելի հավակնոտ դարձած «Ռեալը», որը գլխավորում է ազգային առաջնությունը` երեք միավորով առաջ պոկված լինելով հիմնական մրցակցից (գումարած պահուստում ունեցած մեկ պակաս խաղը), ժամանակից շուտ նվաճեց Եվրոպայի չեմպիոնների լիգայի «փլեյ օֆ» դուրս գալու իրավունքը: Ճիշտ է, նույնն արեց և «Բարսելոնը», սակայն ակնհայտ էր, որ երկու թիմերի մարզիչներն էլ, ովքեր, ի դեպ, ընթացիկ տարվա համար Ալեքս Ֆերգյուսոնի հետ ներկայացված են «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում, իրենց մտքում առաջին հերթին ունեին դեկտեմբերի 10-ի դիմակայությունը:
Վկան` նույն այդ չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին հանդիպումը: Թող ոչ մեկն այնքան միամիտ չլինի` մտածելով, որ «Այաքսի» ու ԲԱՏԷ-ի հետ խաղի անկարևորությունն էր Մոուրինյոյին ու Գվարդիոլային ստիպել մրցակիցների դեմ հանել «տարօրինակ» կազմեր: Իհարկե, աշխարհի շատ ու շատ թիմեր կուզենային այդպիսի «տարօրինակ» կազմ ունենալ, սակայն փաստ է, որ «Ռեալը» «Այաքսի» դեմ դուրս եկավ առանց հիմնական կազմի յոթ ֆուտբոլիստի ու հոլանդական ակումբին բզկտելու պատիվը վերապահեց պահեստային նստարանի փորձառուներին, իսկ «Բարսելոնը» շատ ավելի անսպասելի քայլի գնաց` թիմը ներկայացնելու իրավունքը վերապահելով պատանեկան տարիքից մի կարգին դուրս չեկած տղաներին (ուր էր թե այդ «երեխաները» մերը լինեին):
Կրկնում ենք` խնդիրն այդ հանդիպումների անկարևորության մեջ չէր: Խնդրի թիրախային կողմը դեկտեմբերի 10-ին սպասվելիք հակամարտությունն էր` մրցակցի առաջ սեփական կռվանները նախապես չբացելու մտահոգությամբ, սակայն, խոստովանենք, որ իր գաղտնի քայլ «երեկվա տղերքով» Գվարդիոլան շատ ավելի շեշտակի եղավ, քան Մոուրինյոն իր պահեստայիններով, թեպետ, հասկանալի է, ԲԱՏԷ-ն «Այաքս» չէր ու չէ: Իհարկե, սա ամբիցիոզ Մոուրինյոյի ինքնասիրությունը տրորելու խայտառակ ձեռնոցնետոցի էր, որը Գվարդիոլան արեց արտակարգ հմայքով` զուգահեռ պահպանելով իր ասպետականությունը. ի վերջո, ցանկացած մարզիչ ազատ է թիմի կազմի իր ընտրության հարցում (դա ամեն մեկի ներքին խոհանոցի հարցն է), բայց Մոուրինյոն հո երեխա չէ՞ր` չհասկանալու համար, որ այն հրապարակայանորեն իրեն նետված մարտահրավեր էր` տարեվերջյան առանցքային խաղից առաջ ջղաձգումների մեջ գցելու համար:
Վերադառնալով միջանկյալ խոսքի պատճառով ընդհատված մտքին, ասենք, որ խոշոր հաշվով ո՛չ ազգային առաջնությունում լիդերությունը, ո՛չ էլ Եվրոպայի չեմպիոնների լիգայի «փլեյ օֆ» դուրս գալու իրավունքը նվաճելն էր այս պարագայում Մոուրինյոյի գլխավորած «Ռեալի» համար էականը: Մադրիդյան ակումբը թիմում պորտուգալացու մարզչական գործունեության երկրորդ տարում կարծես թե սկսել է խաղալ որակապես նոր ֆուտբոլ, որն իր մեջ բարսելոնյան ակնհայտ շեշտադրումներ ունի, ինչն էլ խորապես պայմանավորում էր ապագա հանդիպման ծայրահեղ լարված ինտրիգը: Իսկ եթե այս ամենին գումարենք և երկու թիմերի հիրավի աստղային կազմը, ապա պատկերն ավելի քան ամբողջական կլինի:
Սակայն իսպանական դերբին բացառիկ հետաքրքրություն էր ներկայացնում ոչ միայն ինքն իրենով` որպես երկու խոշորագույն թիմերի դիմակայություն, այլև Մեսի-Ռոնալդու անհատականացված պայքարով: Հիշեցնենք, որ երկուսն էլ «Ոսկե գնդակ-2011»-ի հավակնորդներ են («Բարսայի» կազմից հավակնորդ է նաև Չավին), երկուսն էլ այդ ոսկե գնդակը պահել են իրենց ձեռքերում (Ռոնալդուն` 2008-ին, Մեսին` 2009-2010-ին), երկուսն էլ ազգայինի ընթացիկում դարձել են տասնյոթ գոլի հեղինակ և ծարավի են գոլի:

«ԲԵՌՆԱԲԵՈՒՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՄԱՅՎԵԼ «ԲԱՐՍԵԼՈՆՈՎ», ՁԵՐ ԽՈՆԱՐՀ ԾԱՌԱՆ` ԵՎՍ
Խաղասկիզբը Մոուրինյոյի համար մոտավորապես սկսվեց սիրասուն զոքանչի կողմից փեսային արված հաճելի նվերի նման: Արդեն 22-րդ վայրկյանին նրա թիմը հաղթում էր 1:0 հաշվով: Հարձակման գծում գործելու նախապատվությունը ստացած Բենզեման գնդակը պարզապես մխրճեց Վալդեսի դարպասը` դառնալով էլ կլասիկոյի պատմության մեջ ամենաարագ խփված գոլի հեղինակը: Հատուցումը կարող էր վրա հասնել արդեն յոթերորդ րոպեին, սակայն Կասիլյասը փրկեց «Ռեալին»` որսալով Մեսիի խորամանկ հարվածը:
Մինչև խաղի 29-րդ րոպեն թիմերի դարպասապահներն առնվազն ևս մեկական անգամ աչքի ընկան իրենց վստահ գործողություններով, սակայն Մեսին երկար սպասել չտվեց (միջանկյալ հիշենք, որ «Ռեալի» դեմ ցանկալի արդյունքի հասնելու գործում Չավին էապես պայմանավորել էր արգենտինացուն դաշտի յուրաքանչյուր հատվածում հնարավորինս ծանրաբեռնած օգտագործելու գործոնը): Իր նրբագեղ անցումով (աշխարհում այդպես կարող է անել բացառապես նա) արգենտինացին ճեղքման նետեց «Բարսելոնի» այս տարվա ամենաթանկ ձեռքբերումին` Ալեքսիս Սանչեսին, և չիլիացին անվրեպ խոցեց դարպասի ստորին անկյունը: Խաղի հետագա ընթացքին անդրադառնալն իմաստ չունի, որովհետև «Բարսելոնը» ևս մեկ անգամ համոզչորեն ցույց տվեց, որ խաղադաշտում կարող է անել` ինչ ուզում է: Ճիշտ է, «Ռեալը» փորձեց ինչ-որ բաներ հակադարձել, սակայն Ֆաբրեգասի խփած երրորդ գոլից հետո (երկրորդի հեղինակը Մեսիին գրեթե հավասարազոր Չավին էր), խաղը բովանդակային առումով վերջնականապես սմքեց, որովհետև «Բարսելոնի» պիդբուլյան մամլիչն այլևս անզոր էր անգամ թպրտալու տեղեր թողնել: Իսկ խաղից ստացած վերջնական տպավորությունն այնպիսին էր, որ Գվարդիոլան պարզապես խնայեց Մոուրինյոյին ավելի ցավոտ պարտություն կրելուց:
Հետահայաց ձգելով խաղին` պիտի արձանագրել, որ եղավ այն, ինչ եղավ: ՈՒ անկեղծորեն պիտի ցավել որոշ տաքգլուխների համար, ովքեր, իրենց «իմացության» ծով շերտերին ապավինելով, կարծիքներ էին աջուձախ շաղ տալիս, թե, իբր, «Բարսելոնն» ակնհայտ տեղապտույտներ է տալիս, խաղային առումով նախկին որակների վրա է մնում, չի երևում առաջխաղացման հեռանկար, ֆուտբոլիստները չունեն ավելի լավ խաղալու մոտիվացիա (և այլն, և այլն) և թե, իբր, Մոուրինյոյի երկրորդ տարվա «Ռեալը» շատ ավելի ագրեսիվ ու հասուն է դարձել, թիմի օղակները խաղակցվածության առումով ավելի ներդաշնակ են գործում, և այդ ամենը դիտում էին որպես զորեղ հակափաստարկ ընդդեմ Գվարդիոլայի «Բարսելոնի»:
Չենք առարկում, «Ռեալի» խաղամակարդակում առաջընթաց կա: Սակայն մի երկու անգամ տարբեր առիթներով ասել ենք, որ, ի տարբերություն մյուս ակումբների (այդ թվում և` «Ռեալի»), «Բարսելոնը» վաղուց վեր է կանգնել ֆուտբոլը որպես խաղ դիտարկելու պարզունակ ընկալումից և այն բարձրացրել-հասցրել է գաղափարախոսության մակարդակի: «Բարսելոնին» հաղթելու համար նախ պիտի կարողանալ հասնել իրականության այս կարգի ընկալման, ապա նոր մտածել նրան գերազանցելու մասին, թե չէ մանր-մունր, պատահական բաներով ոգևորվելը երեխայական զբաղմունք է:
Փորձել նրանից հասուն լինել` սա է դեղատոմսը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ