ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«ԵՍ ԼԱՎԱՏԵՍՈՐԵՆ ԵՄ ՆԱՅՈՒՄ ԱՊԱԳԱՅԻՆ»

«ԵՍ ԼԱՎԱՏԵՍՈՐԵՆ ԵՄ ՆԱՅՈՒՄ ԱՊԱԳԱՅԻՆ»
24.01.2012 | 00:00

Այս տարի հանրապետության դահուկային սպորտի ֆեդերացիան կբոլորի գործունեության քսանամյակը: Կառույցի գլխավոր քարտուղար ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ մեր զրույցի առիթը, սակայն, բնավ էլ թվի կլորիկությունը չէ: Սա չափազանց պարզունակ կլիներ հայկական սպորտում ընթացող խորքային գործընթացների, զարգացման հեռանկարի հարցերով մշտապես մտահոգ «Իրատես de facto»-ի համար, որի անխախտ սկզբունքը շարունակում է մնալ «Պլատոնը բարեկամս է, սակայն ճշմարտությունն առավել է» բանաձևումը` անկախ դիմացինի դեմքից ու դիրքից: Հավատարիմ ձմեռային մարզաձևերն ուշադրության կենտրոնում պահելու մեր խոստմանը` ընթերցողին ենք ներկայացնում այդ շարքի առաջին նյութը:
-Հանրապետության դահուկային սպորտի ֆեդերացիան ներառում է դահուկավազքն ու լեռնադահուկային մարզաձևերը: Դրանց զարգացմամբ մտահոգ` մեր գործունեության կիզակետում են հանրապետության այն բոլոր շրջանները, որոնք ձյունառատ են, ունեն համապատասխան կադրային բանկ, նյութատեխնիկական բազա: Բնականաբար, աչքաթող չենք անում նաև այնպիսի կարևորագույն գործոններ, որպիսիք տեղերում մարզաձևերով զբաղվելու ցանկությունն ու շահագրգռվածությունն են, հետաքրքրվածությունը: Երկու մարզաձևերից էլ ունենք պատանեկան, երիտասարդական, մեծահասակների հավաքական թիմեր, փորձում ենք առավելագույնս ապահովել մարզիկների մասնակցությունն ուսումնամարզական հավաքներին, կարևոր մեկնարկներին: Փոքր-ինչ տարբերակումով, կախված աշխարհագրական պայմանների յուրահատկություններից, մեզ մոտ մարզաձևերի ավանդական կենտրոններ են եղել Ծաղկաձորը, Վանաձորը, Սևանը, Հրազդանը, Աշոցքը, Ամասիան, Ախուրյանը, Գյումրին: Հիմա սրանց եկել են ավելանալու Ապարանը, այս մրցաշրջանից սկսած` Ջերմուկը: Ճիշտ է, ոլորտի զարգացումն ավելացնում է մարզագույքի, հանդերձանքի, տեխնիկական օժանդակ միջոցների ձեռքբերման հոգսերը, սակայն մենք չենք երկնչում դժվարություններից, հնարավոր քայլերն անում ենք մեզ անհրաժեշտն ունենալու համար:
-Պարոն Սարգսյան, Ձեր ասած «մենք»-ը չափազանց ընդհանրական ու անդիմազուրկ հասկացություն է: Ովքե՞ր ենք այդ «մենքը»` Դո՞ւք, ֆեդերացիա՞ն, ֆեդերացիայի նախագա՞հը, նախարարությո՞ւնը: Ովքե՞ր: Եկեք մեր խոսքի մեջ լինենք հասցեական, թե չէ «հին ու բարի» ավանդույթների ոգով մեզ մոտ սովորաբար գործ են անում մեկը կամ երկուսը, մյուսները հաջողությամբ տեր են կանգնում պատրաստի արդյունքին, եթե լինում է այդ արդյունքը:
-Կոնկրետացնեմ` անցած տարեվերջին ստացած դահուկների 44 զույգը դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի նվերն էր մեզ:
-Նվերի համար` շնորհակալություն, սակայն այն աղքատ բարեկամին տված նվե՞ր էր, թե՞…
-Ո՜չ, ոչ: Դրանք մարզաձևում եղած տեխնիկայի վերջին խոսքն են: Առիթից օգտվելով ասեմ, որ միջազգային ֆեդերացիայի ցուցաբերած ուշադրությունից դժգոհելու բան չունենք: Ի դեպ, սա ինչպես մարզիկների ու մարզիչների ուսուցման կազմակերպման, այնպես էլ մեր երկրի առաջնության կարգավիճակի առումով:
-Այսի՞նքն:
-Այսինքն այն, որ, չնայած մարզաձեում ունեցած մեր, այսպես ասենք, առայժմ համեստ ձեռքբերումներին, երկրի առաջնությունն ընդգրկված է միջազգային օրացուցային պլանում, ունի մասնակիցներին վարկանիշ շնորհելու իրավունք, ինչը մարզաձևում զարգացողի համարում ունեցող երկրի համար քիչ բան չէ:
-Ձեռքբերումներին ընթացքում կանդրադառնանք: Շարունակենք ընդհատված միտքը:
-Համակողմանի աջակցություն ունենք ֆեդերացիայի նախագահ Արմեն Երիցյանի կողմից, ով, գիտեք, արտակարգ իրավիճակների նախարարն է: Օժանդակում է նաև մեր նախարարությունը:
-Անվադահուկներից աշխարհի չեմպիոն ունեցող ծախսատար այս մարզաձևերին հատկացված միացյալ տասը միլիոն դրա՞մն եք համարում օժանդակություն:
-Դե, երևի այդքան է հնարավորության սահմանը:
-Հնարավորության սահմանը գումարը պլանավորողների չափազանց վառ երևակայությունն է, սակայն հարցն այս Ձեր լիազորության շրջանակներից դուրս է, ուստի շրջանցենք: Եվ ինչպես ե՞ք հաջողացնում ծախսել այդ «ահռելի» գումարը:
-Առաջնությունների կազմակերպման վրա:
-Միայն, խնդրում եմ, չասեք, թե բավարարում է: Իսկ գոնե գույքի ձեռքբերման հարցում օգնո՞ւմ է նախարարությունը:
-Այդ հարցն առայժմ լուծում ենք մեր ուժերով ու մեր ունեցած կապերով: Լեռնադահուկայինի հետ կապված…
-Այդ հարցին կանդրադառնանք մի փոքր հետո: Դառնանք ձեռքբերումներին:
-Մեր ամենախոշոր ձեռքբերումը Սերգեյ Միքայելյանի նվաճումներն են:
-Անցած ամռանը Նորվեգիայում անցկացված անվադահուկային աշխարհի առաջնության մասին գրել ենք:
-Տեղյակ եմ ու, առիթն օգտագործելով, առանձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում «Իրատես de facto»-ին` ուշադրության համար, որովհետև այն մեզ համար բարոյական խրախուսման ու ոգևորության հզոր աղբյուր է: ՈՒրախալի է, որ չեմպիոն դառնալուց հետո Սերգեյի որակական աճը կանգ չի առել, մեր դահուկորդը շարունակում է հաջող մրցելույթները ոչ միայն տարեկիցների, այլև մեծահասակների շրջանում: Ասածիս ամենաթարմ հավաստումը սկանդինավյան երկրների գավաթի խաղարկությունում Սերգեյ Միքայելյանի ձեռք բերած վարկանիշային միավորներն են, որոնք մարզիկին թույլ են տալիս մասնակցել Սոչիի օլիմպիական խաղերին: Նշեմ նաև Սերգեյի հետքերով ընթացող Թադևոս Պողոսյանին, ում նույնպես մարզում է Սերգեյի հայրը` Արթուր Միքայելյանը` ժամանակին մեր լավագույն դահուկավազորդներից մեկը: Ասեմ, որ տղաների համար լարված փուլ է այժմ: Հունվարի կեսերին Գերմանիայի մրցաշարին մասնակցելուց ու Չեխիայում մեկշաբաթյա ուսումնամարզական հավաքից հետո, փետրվարի սկզբներին նրանք հանդես կգան Ծաղկաձորում կայանալիք հանրապետության առաջնությունում, որից հետո կմեկնեն Թուրքիա` մասնակցելու աշխարհի երիտասարդական առաջնությանը` տարվա իրենց գլխավոր մրցաշարին:
-Ինչպիսի՞ն են ակնկալիքներն Էրզրումից:
-Բավականին մեծ, սակայն եկեք զարգացումներից առաջ չընկնենք:
-Դառնանք լեռնադահուկային մարզաձևին:
-Գիտեք, որ հնուց եկած բարի ավանդույթով այդ մարզաձևի կենտրոնը մեզ մոտ կա և մնում է Ծաղկաձորը, իհարկե, իր համեմատաբար նոր «հանդերձի» մեջ:
-Ի՞նչ նկատի ունեք` «նոր հանդերձ» ասելով:
-Միջազգային ֆեդերացիայի կողմից միջազգայնորեն ճանաչված երկու սահուղի ունենք և տասը տարով միջազգային վարկանիշային մրցումներ անցկացնելու իրավունք: Մեր առաջին միջազգայինը 2009-ին էր, որին մասնակցեցին շուրջ տասը պետության մարզիկներ: Հարկ եմ համարում նշել, որ մրցաշարն անցավ «Վիվասելի» հովանու ներքո, որի օգնությամբ ունեցանք թե՛ ժամանակակից գույք, թե՛ համապատասխան սարքավորումներ: Օգնությունն այնպիսի ծավալի էր, որ եղածը մեզ մի տասը տարի կծառայի: Ինչ վերաբերում է մարզիկներին, մարզաձևում լավագույնը Արսեն Ներսիսյանն է: Լուրջ հույսեր ենք կապում Յուրա Մանուկյանի, Արսեն Ղազարյանի հետ: ՈՒնենք նաև սփյուռքահայ լեռնադահուկորդ` ի դեմս ամերիկաբնակ Արման Սերեբրյակյանի: Պլանավորել ենք, որ արդեն մյուս տարվանից նա կմարզվի մեր թիմի հետ: Տեսնենք, կա՛մ մեր տղաները կգնան ԱՄՆ, կա՛մ Արմանը կգա մեզ մոտ: Նպատակ ունենք 2013-ին նրան ներառել Եվրոպայի, աշխարհի գավաթի փուլային մրցումների մեջ, նախապատրաստել օլիմպիական խաղերին:
-Ասում եք` Ծաղկաձորն է կենտրոնը: Ի՞նչ ունեք այնտեղ բացի սահուղիներից:
-Ֆեդերացիան, որպես այդպիսին, բազա չունի: Օգտվում ենք տեղի լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոցից, որի տնօրենը մեր ֆեդերացիայի փոխնախագահն է: Մեր ունեցածը երկու տնակ է, որոնք մրցումների ժամանակ օգտագործում ենք ըստ անհրաժեշտության:
-Օգնությունները, զանազան կարգի օժանդակությունները հրաշալի են, սակայն զարգացման հեռանկարի առումով առանց պետության լուրջ աջակցության հնարավոր չէ կայուն զարգացում ապահովել, այն էլ` նման ծախսատար մարզաձևերի պարագայում:
-Ես լավատեսորեն եմ նայում ապագային, հավատում եմ, որ մեր պետության զորանալուն հընթացս վիճակն արմատապես կփոխվի, իսկ այդ ժամանակն արագ անցնելուն էապես կնպաստեն նաև մեր մարզիկների նվաճումները, որոնք արդեն դառնում են պարբերական:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1384

Մեկնաբանություններ