ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՉԵԼՍԻԻ» ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

«ՉԵԼՍԻԻ» ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
01.07.2011 | 00:00

Իտալացի հանրաճանաչ Կառո Անչելոտիից բաժանվելուց մեկ ամիս անց անգլիական աշխարհահռչակ «Չելսի» ֆուտբոլային ակումբն ունեցավ նոր մարզիչ: Ակումբի տեր, ռուս հայտնի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը կարողացավ ձեռքը դնել 33-ամյա Անդրե Վիլաշ Բոաշի վրա, ով, Պորտուի «Պորտուում» աշխատելով ընդամենը մեկ տարի, անցած մրցաշրջանում քառակի հաջողության հասցրեց իր արդեն նախկին թիմին` հաղթելով Եվրոպայի լիգայում ու Պորտուգալիայի առաջնությունում, նվաճելով երկրի գավաթն ու սուպերգավաթը: Պատմության մեջ քիչ են նման օրինակները, երբ մի մարզիչը կարողանում է մեկ մրցաշրջանի ընթացքում հաղթել բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցել է իր գլխավորած թիմը: Անդրե Վիլաշ Բոաշն այդ քչերից մեկն է:
Գրանդ ակումբների կողմից նրան «որսալը» սկսվել էր վաղուց և, ի վերջո, «Չելսին» ավելի հաջողակ գտնվեց: Պիտի ասել, որ այդ հաջողության գինը բավականին բարձր է: Եվրոպայի ամենաերիտասարդ ու ամենահանրաճանաչ մարզիչը, ով պայմանագիր է կնքել երեք տարով, Ռոման Աբրամովիչի թիմում աշխատելու համար կստանա հինգ միլիոն եվրո աշխատավարձ:
Սակայն սա դեռ ամենը չէ:
Դատարկաձեռն չի մնացել նաև «Պորտուն»: Կորստի փոխհատուցման համար (գործող պայմանագիրը խզվել է ժամկետից շուտ) թիմի գանձարանը կհարստանա 13,3 միլիոն եվրոյով: Ասել է թե` գործարքն Աբրամովիչի համար արժեցել է գրեթե տասնինը միլիոն եվրո: Խոստովանենք` պատկառելի գումար է:
Այսքանը խնդրի ֆինանսական կողմի մասին:
Իսկ ի՞նչ է պարտավորվում անել Բոաշը:
«Ներկայումս ամենագլխավորը թիմի մեծ ապագան կերտելն է,- ասում է նա:- Վերջին վեց-յոթ տարում ակումբը շատ է փոխվել և դարձել աշխարհի ամենահաջողակ թիմերից մեկը: Մենք պետք է հնարավորինս արագ անցնենք մարզումներին ու շարունակենք գործել համաձայն ընտրած կուրսի: Անհրաժեշտ է ամբողջովին կենտրոնանալ չորս հաղթական ավարների վրա, որոնք մենք պետք է նվաճենք»:
Ինչպես տեսնում ենք, Բոաշի ասածն առողջ տրամաբանության շրջանակներում է, ինչն անուղղակի վկայում է, որ փողատերերը գիտեն ինչ են անում և իրենց գումարները հենց այնպես քամու բերանը չեն տալիս: Այլ խնդիր է, որ դեռ պիտի կարողանալ առաջադրված նպատակին հասնել։ Սակայն Բոաշը Բոաշ չէր լինի, եթե, թեկուզ անուղղակիորեն, չհիշեցներ իր բնավորության հարազատությունը համաշխարհային ֆուտբոլի մեկ այլ էքսցենտրիկ ու միաժամանակ տաղանդավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, ում հետ յոթ տարի, որպես ասիստենտ, համագործակցել է ինչպես «Պորտուում», այնպես էլ Մադրիդի «Ռեալում»: Խոսքը Եվրոպայի չեմպիոնների լիգայի առնչությամբ նրա հետևյալ դատողության մասին է. «Այս մրցաշարում հաղթում են ոչ թե ամենաուժեղ թիմերը, այլ նրանք, որոնց ուղեկցում է հաջողությունը»:
Ի՞նչ է սա` տագնա՞պ, մասնավորապես Խոսեպ Գվարդիոլայի հետ նույն դաշտում գործելու առնչությամբ, թե՞ ինքնապահովագրում: Հստակ պատասխանը, անշուշտ, կտա ժամանակը, սակայն այստեղ ավելորդ չհամարենք հիշել, որ կատալոնյան «Բարսելոնի» մարզչին է պատկանում մեկ մրցաշրջանի ընթացքում վեց մրցաշարերում հաղթելու մինչ այժմ չգերազանցված ռեկորդը: Եվրոպայի լիգայի առնչությամբ Անդրե Վիլաշ Բոաշի ասածը փոքր-ինչ նման է խաղողի խակ լինելու պատմությանը, չնայած` դունչ է, մեկ էլ տեսար հասավ խաղողին, մանավանդ որ այս մարդը, ամբիցիոզ լինելով հանդերձ, անվիճելիորեն տաղանդավոր է, ինչը ապացուցել է գործով: Համենայն դեպս, մեկ բան ակնհայտ է` այս նշանակումը համաշխարհային ֆուտբոլի համար կարող է ու հարկավ կլինի մի նոր վերընթաց, որից շահողն անվիճելիորեն լինելու ենք բոլորս, որովհետև գեղեցիկի հետ հանդիպումը չի կարող հաճելի չլինել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1499

Մեկնաբանություններ