«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ԵՎՐՈՊԱ ԳՆԱՑՈՂԸ ՄԵՆՔ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ

ԵՎՐՈՊԱ ԳՆԱՑՈՂԸ ՄԵՆՔ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ
11.10.2011 | 00:00

Մեր աշխատակից սովորություն ունենք մարզական հանդիպումների հեռարձակման ժամանակ իրար զանգելու, տպավորությունները կիսելու, ինչը հաջորդ օրը շարունակվում է արդեն աշխատատեղում:
Հա, հիմնական ասելիքս ասեմ:
Մակեդոնիայի հավաքականին արդեն երկու գոլ խփել էինք, առաջին խաղակեսին մնացել էր չորս րոպե, երբ հնչեց Արամ Խաչատրյանի զանգը (մե՛ր Արամ Խաչատրյանի, թեպետ մեծագույն կոմպոզիտորն էլ մերն է).
-Վարդան Մինասյանը ճիշտ կանի Յուրա Մովսիսյանին ու Հենրիխ Մխիթարյանին փոխարինի, որ Իռլանդիայի հետ խաղում տղերքը թարմ լինեն:
-Շուտ չէ՞, -տագնապեցի ես, -մի ամբողջ խաղակես կա, ի՞նչ իմանաս...
-Հիմա չէ, երկրորդ խաղակեսի մոտավորապես 15-20-րդ րոպեներին,- խոսքս կիսատ թողեց Արամը:
-15-20-րդ րոպեներին կարելի է, -համաձայնեցի ես:
-Լավ: Տեսնենք, ինչ կլինի, էդպես էլ կանենք,- ասաց նա ու կախեց հեռախոսը:
Փոքրիկ դրվագ է, սակայն խոսուն փաստ այն մասին, որ ազգովին հիվանդ ենք ֆուտբոլով, ու թեպետ հիմա դրսում հիասքանչ աշուն է, գույների սկսվող շքեղ հրավառություն, միևնույն է, գարնանային սրացումների մեջ ենք բոլորս անխտիր, ու դրա պատճառը նորին գերազանցություն ֆուտբոլն է, իսկ շատ ավելի որոշակի եթե խոսենք` հայկական ֆուտբոլն իր ազգային հավաքականին ֆենոմենով:
Ֆենոմեն ենք ասում, որովհետև իսկապես ֆենոմենալ երևույթ է թույլ ակումբների կողքին այսքան ուժեղ հավաքական ունենալը, հավաքական, որ եթե Իռլանդիայում էլ այսպես համախմբված, գեղեցիկ, նպատակային խաղա, մենք «Եվրո-2012»-ում ենք, ու թող ոչ մեկը հեքիաթ չպատմի` «բայց…», «իսկ եթե…» ու նման բնույթի առարկում-զգուշավորումներով հոգի պղտորելով ու նյարդեր քայքայելով: Ասում եմ` «Եվրո-2012»- եզրափակիչում կլինենք, ու վե՛րջ: Ես հո պատահական մարդ չե՞մ ֆուտբոլում: Ի՞նչ է, կարծում եք մեր հիմնարկության գլխավոր վարորդ Արամ Խաչատրյանը հենց այնպե՞ս է ինձ զանգում` որևէ ֆուտբոլիստի ինչ-որ րոպեի փոխարինելու վերաբերյալ կարծիքս լսելու համար:
Հիմա ընթերցողների մեջ մարդ կլինի, որ կասի. «Այ ախպեր ջան, էլի ընդհանուր-ընդհանուր խոսում ես, բա չիմանան՞ք, որ Մարկոս Պիզելին 28-րդ, իսկ Հենրիխ Մխիթարյանը 34-րդ րոպեին խփեցին առաջին երկու գոլը ու, կողպեքով դարպասը փակած, գնացինք մի 10-15 րոպե շունչ քաշելու, որ հետո գանք Գևորգ Ղազարյանի ու Արթուր Սարկիսովի խփած երկու գոլն էլ խփենք»:
Այ, տեսնում եք` ինչքան անհամբեր ժողովուրդ ենք: Չենք թողնում դիմացինը խոսքն ավարտի, իսկույն խառնվում ու մեր ասածն ասում ենք: Ջղայնանում եք, չէ՞: Ո՞վ ասաց, որ ձեր ասածը չէի ասելու: Ես ի՞նչ անձնական թշնամանք ունեմ գոլ խփած մեր տղերքի հետ, որ նրանց անունը չտամ, չասեմ, որ երեք գոլն էլ Յուրա Մովսիսյանի փոխանցումներից հետո է խփվել, որ Արթուր Սարկիսովն ընդամենը երրորդ հանդիպումն էր անցկացնում ազգային հավաքականի կազմում ու արդեն երկու գոլի հեղինակ է դարձել, որ... Ախր էնպես եք խեղդում, որ հիմա չգիտեմ` ասե՞մ, թե՞ չասեմ 3:0 հաշվից հետո մակեդոնացիների խփած հեղինակության գոլի մասին:
Չէ, ինչ ուզում եք ասեք, բոլոր դեպքերում չափազանց դժվար է խոսել մի բանից, ինչի մասին քեզնից ավելի լավ ու ավելի մանրամասն է տեղեկացված դիմացինդը:
Հայաստան-Մակեդոնիա խաղը ես հենց այստեղ էլ կվերջակետեի, եթե ամեն ինչից տեղեկացված ֆուտբոլասերից «մուռս հանելու» ձախողված փորձիս մասին պատմելու ցանկություն չլիներ։
Երկրորդ խաղակեսում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի անելիք հնարավոր փոփոխությունների վերաբերյալ Արամի դատողությունները լսելուց հետո զանգեցի մեր մյուս աշխատակցին` Ռուդիկ Ստեփանյանին, ով, ֆուտբոլից զատ, առանձնակի թուլություն ունի շախմատի նկատմամբ ու այս մարզաձևի գծով իմ թիվ մեկ խմբագիրն ու խորհրդատուն է:
-Չասա՞ց, որ մի երկու գոլ էլ ենք խփելու, -ասելիքս կանխեց նա:
-Ո՞վ, -անակնկալի եկա ես, որ զանգել էի դիմացինիս անակնկալի բերելու մտադրությամբ:
-Արամը` էլ ո՞վ: Ինչի, ինքը չէ՞ մեր ֆուտբոլային գլխավոր տակտիկն ու ստրատեգը:
Նոստրադամուսների այս երկյակի հետ ունեցած զրույցի մասին տպավորություններս կիսելու համար, էն է, ուզում էի զանգել մեր սենյակի չորրորդ աշխատակցին` Ռազմիկ Աբրահամյանին (մեր մեջ ասած` նա մեր քառյակի ամենաթույլ օղակն է, թեպետ վերջերս ջանադրաբար աշխատում է մարզական գիտելիքները բարձրացնելու ուղղությամբ), սակայն ինքն ինձ կանխեց իր զանգով:
-Ես ասեմ, նոր` դու, -պայման դրեցի ես ծով համբերություն ունեցող գործընկերոջս առաջ ու պատմեցի տղաների հետ ունեցածս զրույցի` Արամի` թիմում փոփոխություններ անելու վերաբերյալ իմպերատիվի ու իմ համեստ կարծիքը հաշվի առնելու, երկրորդ խաղակեսում մի երկու գոլ էլ խփելու Ռուդիկի կանխատեսման մասին ու խոսքս եզրափակեցի «շշմելու ազգ ենք» տրամաբանական հանգուցալուծմամբ, որովհետև, գաղտնիք չէ, իսկապես շշմելու ազգ ենք:
-Վա՜յ, Մարտին ջան, -կարեկցեց ինձ չափազանց նուրբ ու զգացմունքային գործընկերս,- ուրեմն քեզ էդ օրն են գցել, հա՞: Դե հիմա ի՞նչ անես` չորս հատ են ասել, թող չորսն էլ մնա, բայց դե ամոթ է, էդ տղաներն էդքան ճամփա կտրել, հասել են Հայաստան, գոնե մի հատ գոլ չխփե՞ն մեզ:
-Չոր հաշվով հաղթելն ավելի սիրուն կլինի, Ռազմիկ ջան, -մեղմ հակաճառեցի ես, -բայց եթե այդպես ես ուզում, թող քո սրտով լինի:
Ընթերցողը հիմա կասի` խաղի հաշիվը գիտես, տաք-տաք գրչով հորինել ես էս պատմությունը: Ես, ախր, ո՞նց ասեմ, որ հավատաք. ժողովուրդ ջան, այս նյութում մի գրամ հորինած բան չկա: Եթե էս պատմությունը հորինած լինեի, կհիշատակեի Անկախության 20-ամյակի շրջանակում վերջերս արվեստի վաստակավոր գործչի կոչմանն արժանացած, մեր աշխատասենյակի պատվավոր այցելու, օպերատոր, կինոռեժիսոր Արմեն Միրաքյանի, օրվա լուրերի ծարավը մեր սենյակում խեղդող, կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի անունները նաև, բայց ինքներդ էլ տեսնում եք, որ ֆուտբոլի կտրվածքով նրանց անունները չեմ հիշատակում:
ՈՒրիշ էլ ի՞նչ ու ինչպե՞ս ասեմ, որ հավատաք: ՈՒզո՞ւմ եք երդվեմ Օլիմպոսի բոլոր աստվածներով, որ պատմածիս մեջ միակ հորինածն Արամի զանգի 41-րդ րոպեն էր… Իրականում նա ինձ զանգել է 40-րդ րոպեին: Իսկ ինչ վերաբերում է մեր հավաքականի տղաներին, իսկապես կեցցեն: Փայլո՛ւն խաղացին: Ափսոս, որ սովետի ժամանակվա գործարաններն ու ֆաբրիկաները վերացրել են, ի՜նչ արտադրողականություն կունենայինք, պլանները ո՜նց կկատարեինք ու կգերակատարեինք: Բայց չկա չարիք առանց բարիքի: Կնանիք ինձ լավ հասկացան: Բա՜, ֆուտբոլը հո հանաք-մասխարա բան չէ:
Սիրելի ընթերցող, բանի տեղ չդնես, որ Ռուսաստանն ու Իռլանդիան հաղթել են: Մեկ է, Եվրոպա գնացողը մե՛նք ենք լինելու:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ