ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՏԵՂ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ»

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՏԵՂ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ»
21.01.2011 | 00:00

2011-ի մրցաշրջանը հագեցած է լինելու հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար։ Մեր ըմբիշների առաջիկա նախապատրաստական աշխատանքների մասին է պատմում այս մրցաձևի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ:
-Սովորականի նման նոր մրցաշրջանի նախապատրաստությունն սկսել ենք դեկտեմբերին,- ասում է գլխավոր մարզիչը։- Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք ենք անցկացրել` հիմնական ուշադրությունը սևեռելով մարզիկների ընդհանուր և հատուկ ֆիզիկական պատրաստականության բարելավմանը: Դա կարևոր էր այն առումով, որ մեր ըմբիշները պատրաստ լինեն մասնակցելու տարեսկզբին կազմակերպվող Հայաստանի առաջնությանը: Այն կկայանա հունվարի 28-30-ին` Երևանում: Փետրվարին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելու է աշխարհի գավաթի թիմային խաղարկությունը: Մարտ-ապրիլ ամիսներին Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կազմակերպվելու է Եվրոպայի առաջնությունը: Իսկ մեր գլխավոր փորձությունը լինելու է սեպտեմբերին` Թուրքիայում կայանալիք աշխարհի առաջնությունը, որտեղ էլ վիճարկվելու են օլիմպիական խաղերի ուղեգրերը: Մինչ այդ հայ ըմբիշները կմասնակցեն Սլովենիայում, Վրաստանում, ՈՒկրաինայում և այլ երկրներում անցկացվելիք միջազգային մի քանի մրցաշարերի: Իսկ այժմ նրանք, իրենց անձնական մարզիչների ղեկավարությամբ, տեղերում նախապատրաստվում են Հայաստանի առաջնությանը: Ի դեպ, այդ ստուգատեսի ավարտից 4 օր անց ուսումնամարզական հավաք կսկսենք Երևանում:
-Հայաստանի հավաքականն ամբողջական կազմո՞վ է անցկացրել ձաղկաձորյան ուսումնամարզական հավաքը, բացակայողներ չե՞ն եղել:
-Ո՛չ: Ընդ որում, ոչ միայն Հայաստանի ազգային, այլև երիտասարդական հավաքականի թեկնածուներն էին մասնակցում պարապմունքներին: Լուրջ աշխատանք կատարվեց: Երիտասարդների մեջ կան այնպիսիք, ովքեր հավակնում են տեղ զբաղեցնելու ազգային հավաքականում: Այդ է պատճառը, որ մասնակցում էին մեր բոլոր լավագույնները, անգամ նրանք, ովքեր Հայաստանում չեն բնակվում: Խոսքը Կրասնոդարում ապրող Յուրի Պատրիկեևի, մոսկվացի Դենիս Ֆորովի մասին է: Բացակայում էր միայն Արսեն Ջուլֆալակյանը, որը Գերմանիա էր մեկնել` միջազգային մրցաշարին մասնակցելու:
-Հայաստանի առաջնությանը մասնակցելու «հոգսից» որևէ ըմբիշի ազատելո՞ւ եք:
-Վերջին 10 տարում համակարգ է ստեղծվել: Ըստ այդմ, այն մարզիկները, ովքեր Եվրոպայի, աշխարհի առաջնություններից նախորդ մրցաշրջանում մեդալներով են վերադարձել, ազատվում են Հայաստանի առաջնությանը մասնակցելու պարտավորությունից: Այդուհանդերձ, Հայաստանի առաջնությունում նրանց բացակայության պայմաններում չեմպիոն դարձողները հետագայում հավաքականի կազմում մասնակցում են միջազգային մրցաշարերի և իրենց դրսևորելու հնարավորություն են ստանում: Հետագայում Եվրոպայի, աշխարհի առաջնություններին մասնակցում են նրանք, ովքեր իրենց լավագույնս են դրսևորել միջազգային մրցաշարերում: Իսկ Հայաստանի առաջիկա առաջնությանը չեն մասնակցի Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը և Յուրի Պատրիկեևը:
-Արտասահմանից հրավիրված լեգեոնական ըմբիշներ հանդես կգա՞ն Հայաստանի առաջնությունում:
-Այդպիսի մարզիկներ չկան: Դենիս Ֆորովին չի կարելի լեգեոնական կոչել: Նա երկար ժամանակ Հայաստանի հավաքականում է: Այժմ էլ նույն հիմունքներով պետք է մասնակցի մեր երկրի առաջնությանը, ինչ Հայաստանում բնակվող ըմբիշները: Նա իր միջոցներով պետք է գա Երևան, մասնակցի առաջնությանը, փորձի ամրապնդվել թիմում: Դենիսը հավաքականի բոլոր թեկնածուների նման նույն սկզբունքով աշխատավարձ է ստանում:
-2010-ի աշխարհի գավաթի թիմային խաղարկությունում, որն անցկացվել էր Երևանում, Հայաստանի հավաքականը 3-րդ տեղն էր գրավել: Ինչպիսի՞ն է լինելու այս տարվա առաջադրանքը:
-Այդ ստուգատեսին մասնակցում են այն երկրների հավաքականները, որոնք աշխարհում 1-10-րդ տեղերն են զբաղեցնում: Սա նորույթ է, քանի որ նախկինում միայն 8 լավագույններն էին հանդես գալիս: Այս անգամ այդ պատվին են արժանացել Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Կուբայի, Բուլղարիայի, Ղազախստանի, Իրանի, Կորեայի, Բելառուսի հավաքականները: Մեր երկրի հավաքականի առջև դեռևս ոչ մի խնդիր չենք դրել:
-Հնարավո՞ր է` որևէ երկիր հրաժարվի Մինսկ պատվիրակներ գործուղելուց:
-Այդ դեպքում պատժամիջոցներ կկիրառվեն, իհարկե, եթե որևէ լուրջ պատճառ չկա մրցումներին մասնակցելուց հրաժարվելու համար:
-Անցյալ տարի Ադրբեջանի հավաքականը հրաժարվեց Երևանում կազմակերպված ստուգատեսին մասնակցելուց:
-Այդ երկրի մարզական ֆեդերացիան հետագայում տուգանք վճարեց:
-Բելառուսն ունի լավագույն մարզաբազաները: Նախատեսվո՞ւմ է, որ մերոնք այդ ստուգատեսից առաջ ուսումնամարզական հավաք անցկացնեն այդ երկրում:
-Տարվա ընթացքում Բելառուսում ուսումնամարզական հավաք նախատեսված է, իսկ աշխարհի գավաթի թիմային խաղարկությունից առաջ` ոչ:
-Անցյալ տարի, երբ աշխարհի գավաթի թիմային խաղարկությունը Երևանի մարզահամերգային համալիրում էր անցկացվում, արգելված դեղամիջոցներ օգտագործելու հանցանքում բռնվել էր մեկ մարզիկ:
-Նա Թուրքիայի ներկայացուցիչ էր, սակայն թե ինչ է եղել այդ ըմբիշի հետագա ճակատագիրը, չեմ հետաքրքրվել:
-Այդ միջադեպը վերհիշեցինք այն պատճառով, որ լուրեր են շրջում, թե մեր մարզիկների դոպինգի ստուգման հետ կապված խնդիրներ են առաջացել: Իրականում ի՞նչ է կատարվել:
-Մեր մարզիկները դոպինգի ստուգման հետ կապված խնդիրներ չունեն, ստուգողների կողմից են խնդիրներ առաջացել: Բանն այն է, որ մենք ուղարկել էինք օրացուցային պլանը` մեր ըմբիշների մարզվելու, գտնվելու վայրերի, պարապմունքներ անցկացնելու մասին տվյալներ: Սակայն նրանք առանց ստուգելու համակարգչում եղած տվյալները, գնացել են այնտեղ, ուր մեր ըմբիշները չէին կարող լինել: Ասենք, Արսեն Ջուլֆալակյանը Գերմանիայում մրցումների մասնակցելու է գնացել, նա ուղղել է համացանցում, թե որտեղ է, սակայն միջազգային հակադոպինգային «Վադա» կազմակերպության ներկայացուցիչները մեկ այլ տեղ են գնացել և փնտրել Արսենին: Հետո նրանք խոստովանել են, որ կատարվածն իրենց մեղքով է, և խոստացել են հաջորդ անգամ ավելի ուշադիր լինել: Յուրի Պատրիկեևի համար էին հայտնել, որ գնացել են ստուգելու, սակայն պարզվում է, որ չեն գնացել: Կարճ ասած, մենք փորձաքննություն անցկացնողների հետ կապ չունենք: Մեր խնդիրն է ներկայացնել օրացուցային պլանը, իսկ իրենք կարող են ցանկացած ժամանակ ստուգում իրականացնել:
-Աշխարհի առաջնությունում 1-5-րդ տեղեր գրավողներն են օլիմպիական խաղերի ուղեգրերի արժանանալու: Մեր մարզիկների համար դա՞ է առաջնայինը, թե՞ մեդալների տիրանալը:
-Թե՛ մեկը, թե՛ մյուսը:
Զրույցը` Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1781

Մեկնաբանություններ