Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Նվաճումներ, որոնց երկար էինք սպասել

Նվաճումներ, որոնց երկար էինք սպասել
19.12.2008 | 00:00

ՍՊՈՐՏ
Եվս մեկուկես շաբաթ, և պատմության գիրկը կանցնի մրցաշրջան-2008-ը։ Մրցաշրջան, որը, թերևս, Ատլանտայի օլիմպիական խաղերից հետո լավագույնն էր հայկական սպորտի համար։ Պեկինի 29-րդ օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրեց 24 մարզիկ, որոնք հանդես եկան ութ մարզաձևերում և դրանցից երեքում հասան մինչև բրոնզե պատվանդան։ Հունահռոմեական ըմբիշներից երրորդը ճանաչվեցին այս տարվա Եվրոպայի չեմպիոն Յուրի Պատրիկիևն ու արծաթե մեդալակիր Ռոման Ամոյանը։ Ինչպես միշտ, այս անգամ էլ մեր գլխավոր հույսը ծանրորդներն էին, և նրանք այս անգամ էլ հուսախաբ չարեցին իրենց երկրպագուներին։ Անցնող տարվա գլխավոր հերոսները դարձան Եվրոպայի չեմպիոններ, ավագ և կրտսեր Տիգրան Մարտիրոսյանները, ինչպես նաև անցյալ տարվա Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Գևորգ Դավթյանը։ Նրանք մեկ անգամ ևս ապացուցեցին, որ հայկական ծանրամարտի գլխավոր կենտրոնատեղին Գյումրին է։ Կանանց Եվրոպայի առաջնությունում ևս ոսկե պատվանդանին կանգնեցին հանրապետության երկրորդ քաղաքի ներկայացուցիչները` Նազիկ Ավդալյանն ու Մելինե Դալուզյանը։
Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում 32-ամյա ընդմիջումից հետո առաջին անգամ ծանրակշիռ հաջողության հասավ վանաձորցի Հրաչյա Ջավախյանը։ Կաշվե ձեռնոցի հայ վարպետների հաջորդ կանգառը եղավ Լիվերպուլը։ Հովհաննես Դանիելյանն ու Էդվարդ Համբարձումյանը, որոնք Պեկինում մնացին կես ճանապարհին, անգլիական ռինգում հոյակապ մենահամերգ տվեցին` 17-ամյա ընդմիջումից հետո առաջին անգամ համալրելով Եվրոպայի հայաստանցի չեմպիոնների ջոկատը։ Վերջին անգամ նման հաջողության էր հասել Իսրայել Հակոբկոխյանը, և դա տեղի էր ունեցել 1991 թվականին, Գյոթեբորգում։ Լիվերպուլում լավ տպավորություն թողեց նաև 91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը, որը տուն վերադարձավ արծաթե պարգևով։
Անգլիական հաջողությանը հաջորդեց Մոսկվայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ գերազանց քննություն բռնեց Էջմիածնի դպրոցի ներկայացուցիչ Անդրանիկ Հակոբյանը։ Հայաստանի վաստակավոր մարզիչ Պավել Ղարսլյանի սանը տոնեց երեք հաղթանակ և նվաճեց 75 կգ քաշային կարգի հաղթողի կոչումը։
Այս տարի, շնորհիվ Արման Երեմյանի, ՙէլիտար՚ մարզաձևերի շարքը համալրեց նաև թեքվանդոն։ Անցյալ տարվա համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիրը փայլուն հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում և տուն վերադարձավ չեմպիոնի ոսկե պարգևով։
Աշխարհի գավաթի խաղարկություններում առանձնացան հրաձիգ Նորայր Բախտամյանը, ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը, ինչպես նաև մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը։
Հանրագումարի բերելով անցնող տարվա օլիմպիական մարզաձևերի նվաճումները` ուրախությամբ պետք է նշենք, որ մեր մարզիկներից ութը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, հինգը տուն է վերադարձել արծաթե, ևս հինգը` բրոնզե պարգևներով։ Համեմատության համար ասենք, որ այս տարի Հայաստանը Եվրոպայի այնքան չեմպիոն է տվել, որքան անցած երեք տարում միասին վերցրած, իսկ նվաճած մեդալների թվով դարձյալ առաջին տեղում են ծանրորդները, որոնք տարբեր տարիքային խմբերի աշխարհի, Եվրոպայի առաջնություններից և առաջին անգամ անցկացված համաշխարհային ուսանողական խաղերից տուն են բերել տարբեր որակի 64 մեդալ։
Հայկական սպորտի փառահեղ հաջողություններն այսքանով չեն ավարտվում։ 2008-ը նաև համաշխարհային շախմատային օլիմպիադայի տարի էր, և ինչպես երկու տարի առաջ Թուրինում, այս անգամ էլ Դրեզդենում մեր պատվիրակները հոյակապ մենահամերգ տվեցին` երկրորդ անգամ անընդմեջ հռչակվելով օլիմպիադայի չեմպիոն։ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանն ու Արտաշես Մինասյանը կրկին ապացուցեցին, որ մեր փոքրիկ Հայաստանը շախմատային հզոր տերություն է։ Երկրորդ խաղատախտակի վրա լավագույն արդյունքը ցույց տվեց Վլադիմիր Հակոբյանը, իսկ երրորդ խաղատախտակի վրա` Գաբրիել Սարգսյանը, որը ճանաչվեց օլիմպիադայի լավագույն շախմատիստ։
Դրեզդենի հաղթարշավն իր կնիքը թողեց նաև տարվա տասը լավագույն մարզիկներին որոշելու հարցում։ Շախմատային թիմի չորս ներկայացուցիչներ տեղ գրավեցին լավագույն տասնյակում։ Մարզական թեմայով գրող 43 լրագրողներից 23-ը լավագույն մարզիկ ճանաչեց Գաբրիել Սարգսյանին (նկարում), որն ընդհանուր հաշվարկով հավաքեց 313 միավոր։ Հաջորդ տեղերը զբաղեցրին`
2. Տիգրան Վ. Մարտիրոսյանը, ծանրամարտ, 289 միավոր
3. Տիգրան Գ. Մարտիրոսյանը, ծանրամարտ, 276
4. Լևոն Արոնյանը, շախմատ, 245
5. Յուրի Պատրիկեևը, հհ ոճի ըմբշամարտ, 241
6. Վլադիմիր Հակոբյանը, շախմատ, 208
7. Ռոման Ամոյանը, հհ ոճի ըմբշամարտ, 195
8. Գևորգ Դավթյանը, ծանրամարտ 164
9. Հրաչյա Ջավախյանը, բռնցքամարտ, 117
10. Տիգրան Լ. Պետրոսյանը, շախմատ, 116
Մարզական լրագրողները նշել են ևս 11 մարզիկների անուններ. բռնցքամարտիկներ Հովհաննես Դանիելյան, Էդվարդ Համբարձումյան, ծանրորդներ Մելինե Դալուզյան, Նազիկ Ավդալյան, Հռիփսիմե Խուրշուդյան, Արման Երեմյան (թեքվանդո), Նորայր Բախտամյան (հրաձգություն), Արմեն Նազարյան և Հովհաննես Դավթյան (ձյուդո), Աշոտ Դանիելյան (սամբո), Լիլիթ Մկրտչյան (շախմատ)։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3025

Մեկնաբանություններ