Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԱԿՈՐԴԸ

ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԱԿՈՐԴԸ
05.04.2011 | 00:00

Դորտմունդում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ երկու օրերին մրցելույթներ ունեցան հունահռոմեական ոճի ըմբիշները, և մենք մեր պատվիրակներից իրավամբ հաջող մասնակցություն ակնկալելու իրավունք ունեինք: Տղաները, բարեբախտաբար, մարզասերներիս հուսախաբ չարեցին:
Պարզապես գերազանց էր մինչև 55 կգ քաշային կարգում հանդես եկած Ռոման Ամոյանի մրցելույթը: Առաջ անցնելով ասենք` նման բարձրակարգ մրցաշարերում հազվադեպ է պատահում, որ մարզիկը հաղթում է մրցակիցներին` թույլ չտալով գոնե մեկ միավոր վաստակել։ Մեր ըմբիշի մրցակիցներն այս առումով իսկապես դատապարտված էին դորտմունդյան մրցագորգում, և նույնիսկ մեր մարզիկի վնասվածքը չգործեց հօգուտ ախոյանի` ՈՒկրաինան ներկայացնող ազերի Վուղար Ռագիմովի: Հինգ փայլուն գոտեմարտ, հինգ փայլուն հաղթանակ. այսպիսին էր Եվրոպայի կրկնակի չեմպիոնի տիտղոսը նվաճած մեր ըմբիշի «ավարը», որը, ի դեպ, նաև աշխարհի արծաթե ու բրոնզե մեդալակիր է, Պեկինի օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր:
Ոսկե ելույթի սպասում կար նաև մեր մյուս անվանիից` Յուրի Պատրիկեևից, սակայն, ցավոք, իրադարձություններն ընթացան մեզ համար ոչ ցանկալի հունով: Արդեն երկրորդ գոտեմարտում Յուրիին բաժին հասավ շատ լուրջ հակառակորդ. մրցակիցը Եվրոպայի անցած տարվա չեմպիոն, աշխարհի վերջին երկու առաջնությունների բրոնզե մեդալակիր Ռիզա Կայալփին էր, հիրավի ուժեղ ու տաղանդավոր մարզիկ: Բարեբախտաբար, թուրք ըմբիշն իր հաջող գոտեմարտերով (նա եզրափակիչում զիջեց օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Խասան Բարոևին) Պատրիկեևին տվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն և, հուրախություն մարզասերներիս, մեր հսկան պատեհ առիթը բաց չթողեց ձեռքից: Սա օրվա մեջ մեր ընտրանու երկրորդ բրոնզե մեդալն էր: Երկրորդ, որովհետև մինչ այդ իր մրցելույթն ավարտել էր մինչև 84 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած Արթուր Շահինյանը, որը երրորդ տեղի համար պայքարում, հակառակ մարզադահլիճի բուռն աջակցությանը, ծնկի բերեց գերմանացի մրցակցին: Քաշային այս կարգում չեմպիոն հռչակվեց ուկրաինացի Վասիլի Ռաչշիբան, որը ծանր գոտեմարտում հաղթանակ կորզեց Ալան Խուգաևից:
Իհարկե, ավելի քան հաճելի կլիներ, եթե մինչև 66 կգ քաշային կարգում հանդես եկած Սասուն Ղամբարյանն էլ մեդալային ելույթ ունենար, սակայն նա առաջին իսկ գոտեմարտում զիջեց վրացի ըմբիշին, որն էլ իր հերթին պարտվեց հաջորդ մրցակցին: Քաշային այս կարգում մրցակցությունից դուրս էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ամբակո Վաչաձեն` Եվրոպայի վերջին երեք տարիների անփոփոխ և աշխարհի վերջին առաջնության չեմպիոնը:
Մրցումային հաջորդ օրը ասպարեզ ելան մեր մյուս երեք տղաները: Մինչև 60 կգ քաշային կարգը ներկայացրած Վահան Ջուհարյանը չկարողացավ զարգացնել մեկնարկային հաջողությունը և, արդեն իսկ երկրորդ գոտեմարտում զիջելով մրցակցին, դուրս մնաց մեդալի համար մղվելիք պայքարից, որովհետև իր հերթին նրան հաղթած ռումին ըմբիշը տանուլ տվեց հաջորդ գոտեմարտը: Քաշային այս կարգում չեմպիոն հռչակվեց վրացի Ռևազ Լաշխին:
Մեդալի, այն էլ ոսկե մեդալի ակնկալիքներ ունեինք մեր տաղանդաշատ ըմբիշ, աշխարհի անցած տարվա փոխչեմպիոն, «Եվրոպա-2009»-ի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանից, սակայն նա այս անգամ էլ չկարողացավ հաղթահարել հունգարացի Պետեր Բաշիի արգելքը, որն իր հերթին, շնորհիվ եզրափակիչ դուրս գալու գործոնի, մեր ըմբիշի առաջ բացեց երրորդ տեղի համար պայքարելու հեռանկարը: Հաղթելով իր հաջորդ երկու մրցակիցներին` Արսենը կարողացավ մտնել կիսաեզրափակիչ, որտեղ նրան էր սպասում ռուս Ռոման Վլասովը, որը, թեպետ իր նորամուտն էր նշում եվրոպական մրցահարթակում, սակայն ակնհայտորեն մարզիկի «նվեր» տեսակից չէր: Արդեն իսկ այն հանգամանքը, որ Ռուսաստանի հզոր հավաքականում տեղ գտնելու իրավունքը նա նվաճել էր աշխարհահռչակ Վարդերես Սամուրղաշևի դեմ մղած հաջող գոտեմարտի շնորհիվ, ինքնին խոսուն փաստ է, ավելորդ մեկնաբանությունների կարիք չունեցող: Հանուն ճշմարտության պիտի ասել, որ մեր ըմբիշը հանդես էր գալիս վնասվածքով, ինչն էլ, կարծում ենք, էապես նպաստեց նրա մրցակցի հաջողությանը: Քաշային այս կարգում չեմպիոն դարձավ ազերի Ռաֆիկ Հուսեյնովը:
Առաջնությունում մեր վերջին հույսն Արթուր Ալեքսանյանն էր` մինչև 84 կգ քաշային կարգում երիտասարդների անցած տարվա աշխարհի չեմպիոնը, որն այս անգամ հանդես էր գալիս ավելի բարձր քաշային կարգում: Պիտի ասել, որ մեծահասակների առաջնությունում առաջին անգամ հանդես եկած քսանամյա գյումրեցի ըմբիշը, հաղթանակ հաղթանակի հետևից տոնելով, հասավ եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար նրան դիմակայելու էր բելառուս Տիմոֆեյ Ձենիշենկոն: Ցավոք, փորձի պակասն իրեն զգալ տվեց, և մեր ըմբիշը բավարարվեց արծաթե մեդալով, ինչն ինքնին մեծ նվաճում է: Համարձակվենք կանխագուշակել, որ, ի դեմս այս մարզիկի, Հայաստանի ըմբշամարտի հավաքականին եթե ոչ այս, ապա հաջորդ օլիմպիական խաղերում ժպտալու է օլիմպիական չեմպիոն ունենալու հեռանկարը: Ամփոփելով նշենք, որ մեր հունահռոմեականները նվաճեցին չորս մեդալ` մեկ ոսկե, մեկ արծաթե, երկու բրոնզե:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1608

Մեկնաբանություններ