ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՏԽՐԵՑՆՈՒՄ ԵՆ, ԿԱՄ «ԱՂՈԹՔԸ ԿԲԱՑԻ ՀՈԳԻՆ ԿՈՒՐԱՑՅԱԼ»

ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՏԽՐԵՑՆՈՒՄ ԵՆ, ԿԱՄ «ԱՂՈԹՔԸ ԿԲԱՑԻ ՀՈԳԻՆ ԿՈՒՐԱՑՅԱԼ»
16.09.2011 | 00:00

Սեպտեմբերի 11-ին Բուխարեստում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ստուգատեսին մեր ընտրանիները ներկայացված են ոչ լրիվ կազմով. մինչև 20 տարեկանների մեջ ունենք չորս, ավելի մեծերի մեջ` հինգ ներկայացուցիչ (յուրաքանչյուր տարիքային խմբում երկրները կարող են ներկայացնել 15-ական մասնակից` յոթ աղջիկ, ութ տղա): Սահմանափակ ներկայացվածությունը պարսավելի չէ, սակայն առանձնապես ուրախացնող էլ չէ, մանավանդ երբ նկատի ենք ունենում մարզաձևի առանձնահատուկ կարգավիճակը մեզանում և նրա հետ փայփայվող հույսերը: Հարցը շատ ավելի տխրեցնող է դառնում, երբ անդրադառնում ենք մեր մասնակցության որակական կողմին: Գոնե առայժմ:
Մինչև 20 տարեկանների մեր առաջին մասնակիցը տասնվեցամյա Իզաբելլա Յայլյանն էր, ով բոլորովին վերջերս էր հաղթել պատանիների աշխարհամասի առաջնությունում` երկամարտում ցույց տալով 170 կգ (77+93) արդյունք: Բուխարեստում մեր աղջնակը բավարարվեց 166 (76+90) կիլոգրամ բարձրացնելով: Աղյուսակում նա հինգերորդն էր: Հաղթողն այստեղ մոլդովուհի Քրիստինա Իովուն էր` երկամարտի 195 կգ (90+105) արդյունքով: Երկրորդ ու երրորդ տեղերում էին ռուսներ Մարինա Լուբինան ու Քսենյա Մաքսիմովան, ովքեր երկամարտում արձանագրեցին միևնույն` 181 կգ արդյունքը:
58 կգ քաշային կարգում աղջիկներից մեր երկրորդ ու վերջին ներկայացուցիչն Ալլա Սամվելյանն էր, ում արած առավելագույնն այն եղավ, որ կարողացավ հանգրվանել վեցերորդ հորիզոնականում` երկամարտում բարձրացնելով 182 կիլոգրամ, ինչը ոչ մի կերպ չէր կարող հնարավորություն տալ մոտենալու անգամ մրցանակային երրորդ տեղին, որը բաժին հասավ բելառուս Լյուդմիլա Բրիլին (196 կգ): Քաշային այս կարգում չեմպիոնը ռուս Տատյանա Ալեևան էր (202 կգ), արծաթե մեդալակիրը` բելառուս Նատալյա Կոլասը (196 կգ):
Տղամարդկանց մեջ 56 կգ քաշային կարգում 231 (100+131) կիլոգրամով Սմբատ Մարգարյանը կարողացավ դառնալ ընդամենը վեցերորդը: Այստեղ հաղթողը ռումինացի Ֆլորին Կրոիտորուն էր, ով ցույց տվեց 270 կիլոգրամ արդյունք: Ճիշտ է, նա բացարձակ առավելություն ուներ և՛ երկրորդ ու երրորդ տեղերը գրաված բելառուս Ստանիսլավ Չադովիչի (254 կգ) և՛ բուլղարացի Ստեֆան Մատցրարովի (243 կգ) նկատմամբ, սակայն դրանից, ինչպես ասում են, ոչ մեր բերանն է քաղցրանում, ոչ էլ տրամադրությունը բարձրանում: Իզաբելլա Յայլյանի ու Ալլա Սամվելյանի պես Սմբատն էլ արդյունավետ կարողացել է օգտագործել ընդամենը երեք մոտեցում: Ընդհանրապես զարմանալ կարելի է, թե ինչ համառությամբ են այս մարզիկին մեր մարզիչները ջանում պահել 56 կգ քաշային կարգում, երբ այն ակնհայտորեն խեղդող է դարձել նրա համար:
Մինչև 20 տարեկանների մեջ Հայաստանի հավաքականից առայժմ մրցահարթակ չի ելել գերծանրքաշային Գոռ Մինասյանը, ով կարող է քիչ թե շատ սրբագրել մեր ծանրորդների բուխարեստյան ձախողված մասնակցությունը: Աստված տա, որ 2011-ում փայլուն մրցելույթներ ունեցած մեր հրաշամանուկն իրեն այստեղ էլ չդավաճանի, իսկ մեր մարզչական կորպուսին այլևս ոչինչ չի մնում անելու, քան Գոռի համար աղոթել, որովհետև, ինչպես խորհուրդ է տրվում հայտնի կինոնկարում, «աղոթքը կբացի հոգին կուրացյալ»:
Մինչև 23 տարեկանների մեջ Հայաստանի առաջին ներկայացուցիչը Ռուբեն Մամոյանն էր: Համաձայն նախնական պատվերի, իր քաշային կարգում (62 կգ) նա ուներ պատվիրած ամենամեծ քաշը, ինչը տրամաբանորեն նշանակում էր, որ մարզիկը պատրաստ էր եթե ոչ ոսկեզօծման, ապա առնվազն լուրջ մրցակցության: Պոկում վարժությունում մեր մարզիչները (մարզիչը), իրենց հայտնի ինչ-ինչ նկատառումներից ելնելով, պատվերը մեկ կիլոգրամով թեթևացրին, ինչը, հաջող մոտեցման պարագայում արդեն իսկ նվազագույնը բրոնզե մեդալ էր նշանակում և ավելի ազնիվ ձուլվածքի մեդալի հայտ: Սակայն մարզիկը երկու մոտեցումներն էլ ձախողեց` կանգնելով զրո ստանալու հեռանկարի առաջ: Այդ ընթացքում իսպանացի Էռնանդեսն ու ռուս Խալիբեկովն իրենց երրորդ մոտեցումներով հաղթահարել էին 121-ի արգելքը, իսկ Ռուսաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչը երկրորդ մոտեցման համար պատվիրել էր 122 կգ: Երրորդ մոտեցման համար մեր մարզիկի համար պատվիրվեց 123 կգ, ինչը ժամանակի առումով շունչը հետ բերելու հնարավորություն էր: Բարեբախտաբար, ծանրաձողը մեր մարզիկի կամքին ենթարկվեց, սակայն Պավել Սուխանովը հաջողությամբ սանձահարեց նաև 126 կգ կշռող ծանրաձողը, ավելի քան թափանցիկ հասկացնելով, թե ով է մրցահարթակի իրական տերը: Այդ պահից սկսած` ակնկալել, թե երկամարտում ռուս ծանրորդի հետ ոսկու համար մենք կարող ենք մրցակցել, անհավանականության ոլորտից էր, թեպետ իրենց առաջին մոտեցման համար երկուսն էլ նախապես պատվիրել էին 150 կիլոգրամ:
Ինչ եղավ վերջնահաշվո՞ւմ:
Մեր մարզչական կորպուսի «փայլուն» մարտավարության արդյունքում 150 կիլոգրամը իջեցվեց, դարձվեց 148, իսկ, որպես հետևանք, մարզիկը թեթևացված ծանրաձողին երկու մոտեցումն էլ «հաջողությամբ» ձախողեց: Զրոյից խուսափելու, մարզիկին ֆիզիկապես ու հոգեպես հետ բերելու համար այլևս ոչինչ չէր մնում, քան 151 կիլոգրամ պատվիրելն ու… ողջ թիմով գլխահակ մնալը: Մինչդեռ, հակառակ տրամաբանությամբ, ռուս մարզչական կորպուսն իր գլխավոր հարվածային ուժի պարագայում գնաց նախնական քաշի ավելացման, ինչը ոչ միայն սանձահարվեց, այլև ծանրորդը դադար առավ միայն 163 կգ կշռող ծանրաձողը գլխավերևում պահելուց հետո: Պատվո պատվանդանին մարզիկները կանգնեցին Պավել Սուխանով 289 (126+163), Ստոյան Էնև 272 (120+152), Ֆելիքս Խալիբեկով 271 (121+150) հերթականությամբ:
69 կգ քաշային կարգում մեր ներկայացուցիչը Զորիկ Պողոսյանն էր: Արդյունավետ օգտագործված երկու մոտեցում, երկամարտի 296 (131+165) կգ, աղյուսակում հինգերորդ հորիզոնական` ահա այն ամենը, ինչ կարողացավ անել նա:
Արդ` սա լա՞վ է, թե՞ վատ:
Որ մարզիկը «զրո» չստացավ, փառահեղ արդյունք է (խնդիրը դիտարկում ենք մեր ծանրորդների մրցելույթների ընդհանուր տրամաբանության մեջ, դրա համար ենք այսպես ասում), որ երրորդ տեղը զբաղեցրած Բրիկեն Կալյայից հետ մնաց 13 կիլոգրամով, արդեն իսկ վատ է, իսկ որ Ռուսաստանը ներկայացրած, առաջնության փոխչեմպիոն Սերգեյ Պետրոսյանին զիջեց 20 կիլոգրամով, չափազանց վատ է: Ես արդեն անհարմար էլ եմ համարում ռուս Օլեգ Չենի արդյունքի հետ համեմատել Զորիկի 296-ը, որովհետև 31 կիլոգրամի տարբերությունը խոսում է եղածի անտանելի վատ լինելու մասին: Թե որտե՞ղ, ինչպե՞ս ու ինչքա՞ն են մենք զիջում մրցակիցներին, հավանաբար արժե առանձին նյութով անդրադառնալ` մեր մարզիկներին ու մարզիչներին ծանր թմբիրից հանելու համար, որովհետև տեղատվությունն ակնհայտորեն ճգնաժամի վերաճելու միտումներ է դրսևորում, իսկ սա չի կարող լրջորեն չանհանգստացնել:
77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացված էր երկու (Մարտիկ Սիմոնյան, Աղասի Աղասյան), հայերս` երեք մարզիկով. երրորդը Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Սաֆարյանն էր: Մարտիկ Սիմոնյանը մրցելույթ ունեցավ «Բ» խմբում` երկու վարժություններում էլ բավարարվելով նախապես պատվիրած 140 և 160 կիլոգրամները բարձրացնելով: Անհաջող էին 145, 147 (պոկում) և 165 կգ (հրում) կշռող ծանրաձողին նրա հաջորդ գրոհները:
Մեր ծանրորդների տխուր ավանդույթը խախտեց ԱՂԱՍԻ ԱՂԱՍՅԱՆԸ, ով կարողացավ արդյունավետ ռեկորդների մոտեցում սահմանել` չորս մոտեցում (հնարավոր է` հինգերորդն էլ այդպիսին լիներ, բայց քանի որ հրում վարժությունում երրորդ մոտեցման անհրաժեշտությունը չկար, այն բաց թողնվեց): Սակայն Աղասու ելույթը մեզ համար շատ ավելի հիշարժան էր նվաճված ոսկե մեդալով: Ոսկին ապահովեց երկամարտում նրա ցույց տված 328 (148+180) կգ արդյունքը: Սրանից զատ, Աղասյանը մեկական փոքր ոսկե (հրում) և բրոնզե (պոկում) մեդալ էլ ունեցավ: Մեդալներից անմասն չմնաց նաև Ալեքսանդր Սաֆարյանը, ով 327 կգ արդյունքով երկամարտում երկրորդն էր և առաջինը` պոկում վարժությունում (148 կգ): Այս քաշային կարգում երրորդը ռումինացի Ադրիան Գիշոուն էր: Դե ինչ, հուսանք, որ սառույցը, թեև ուշացումով, այնուամենայնիվ, շարժվեց, թեպետ դրանից չի փոխվում վերնագրի մեջ արտացոլված տրամադրությունը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ