«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ
08.02.2011 | 00:00

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համաժողովը նշանակալի իրադարձություն է, թեկուզ այն առումով, որ շախմատը մեր երկրում թիվ մեկ մարզաձև է համարվում: Երբ ի մի են բերվում վերջին տարիների աշխատանքների արդյունքները, անցկացվում է այդ կազմակերպության նախագահի ընտրություն: ՈՒշագրավ է նաև, որ ֆեդերացիան գլխավորում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Օրերս Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած կազմակերպության համաժողովում նա միաձայն վերընտրվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ և կշարունակի ղեկավարել կազմակերպության աշխատանքներն առաջիկա երկու տարիներին: Ընտրվեց նաև 64 անդամից բաղկացած ֆեդերացիայի նախագահության կազմ: Համաժողովից հետո տեղի ունեցավ ֆեդերացիայի նորընտիր նախագահության առաջին նիստը: Նախագահությունը հաստատեց նախագահի տեղակալների, գործադիր տնօրենի, գլխավոր քարտուղարի թեկնածուներին, ովքեր, ֆեդերացիայի կանոնադրությամբ, ընդգրկվում են ֆեդերացիայի խորհրդի կազմում: Կրկին ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը վստահվեց Սմբատ Լպուտյանին, տեղակալներն են Յուրի Առուստամյանը, Գագիկ Գևորգյանը, Հովիկ Խալիկյանը, Լևոն Յոլյանը, Տիգրան Սարգսյանը, Աշոտ Վարդապետյանը, գործադիր տնօրենն է Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղարը` Գագիկ Հովհաննիսյանը: Համաժողովում լսվեց նաև Սմբատ Լպուտյանի հաշվետվությունը: Հարթելով սուր անկյունները` հիմնականում ներկայացվեցին շախմատային ձեռքբերումները, նաև անդրադարձ եղավ այն աշխատանքներին, որոնք նախատեսված է իրականացնել առաջիկայում:
Ներկայումս Հայաստանում գործում է 46 շախմատային օջախ, որոնցից 4-ը բացվել է վերջին ժամանակահատվածում: Ընդ որում, դրանք հիմնվել են Հայաստանի տարբեր մարզերում` Արագածոտնում, Գեղարքունիքում, Արարատում և Կոտայքում: Մեր շախմատիստները վերջին երկու տարիներին հաղթել են 25 մրցաշարերում: Այդ հաղթանակներում նշանակալի է մեր առաջատար Լևոն Արոնյանի դերը, որն առաջիկայում հավակնորդների մրցամարտերում պայքարելու է աշխարհի չեմպիոնի թագի համար: Հաղթանակներից 8-ը բաժին է հասնում Լևոն Արոնյանին: Նրա նշանակալի հաջողություններից են 2009-ի արագ շախմատի եւ 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնների տիտղոսները, «Մեծ սաղավարտի» խաղարկության մրցանակը, 2010-ին Տալի հուշամրցաշարի հաղթողի կոչումը: 2009-ին Լիլիթ Մկրտչյանը ճանաչվել է Եվրոպայի փոխչեմպիոն: Նշվեց, որ Սամվել Տեր- Սահակյանը 2009-ին դարձել է մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, իսկ անցած տարի` այս տարիքային խմբի աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն: Ֆեդերացիայի փոխնախագահը ներկայացրեց նաև մեր հավաքականների հաջող թիմային ելույթները, ու թեև տղամարդկանց թիմային առաջնություններում մեր հավաքականը որոշ չափով զիջել է դիրքերը, այդուհանդերձ, Հայաստանի ազգային հավաքականում Սերգեյ Մովսիսյանի ընդգրկումը հնարավորություն կտա կրկին հաջողությունների հասնելու միջազգային մրցաշարերում: Ի դեպ, Սերգեյ Մովսիսյանի տեղափոխման համար Հայաստանի շախմատի ֆեդերացիան Սլովակիայի ֆեդերացիային որպես փոխհատուցում 30 հազար եվրո է տրամադրել: Ինքը` Սերգեյը, Հայաստանի հավաքական տեղափոխվելու համար ոչ մի պայման չի առաջադրել, բնակարան, ավտոմեքենա, բարձր աշխատավարձ չի պահանջել, միակ ցանկությունն այն է, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահներից մեկի հետ որևէ առնչություն չունենա։
Ինչ վերաբերում է առաջիկա խնդիրներին, ապա ամենակարևորը, թերևս, այն է, որ Արոնյանին պետք է ամենայն լրջությամբ աջակցել, որպեսզի նա դառնա աշխարհի չեմպիոն: Ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ հատուկ ծրագիր է մշակվել, և արվելու է առավելագույնը: Ընդ որում, Արոնյանն անձամբ պետք է ընտրի իր մարտավկաներին: Գաղտնիք չէ, որ կգտնվեն այնպիսիները, ովքեր, Արոնյանի հաղթանակը կանխատեսելով, կցանկանան ընդգրկվել նրա շտաբում, որ հետագայում նաև ֆինանսական պարգևներ ստանան, փառքի արժանանան: Նման բախտախնդիրներից հեռու մնալու համար Լևոնն անձամբ կընտրի իր թիմը:
Ինչևէ, համաժողովի մասնակիցները ֆեդերացիայի աշխատանքը գնահատեցին բավարար, իսկ Սերժ Սարգսյանը վերջում ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ ու դրամական պարգևներ հանձնեց շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության մրցանակակիրներ Ռոբերտ Հովհաննիսյանին, Սամվել Տեր-Սահակյանին Զավեն Անդրիասյանին` երիտասարդ գրոսմայստերներին մաղթելով նոր հաջողություններ:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ