ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ՀԻՍՈՒՆՀԱԶԱՐԴՈԼԱՐԱՆՈՑ ԱՊՏԱԿ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ՊԱՀՎԱԾՔ

ՀԻՍՈՒՆՀԱԶԱՐԴՈԼԱՐԱՆՈՑ ԱՊՏԱԿ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ՊԱՀՎԱԾՔ
21.02.2012 | 00:00

Հիշո՞ւմ եք միլիոնը ձեռք գցելուց հետո մեծ կոմբինատորի հայտնի արտահայտությունը` իրականացավ ապուշիս երազանքը: Ապուշ բառի ոչ ուղղակի ընկալմամբ նույնն ասելու իրավունքը հավասարապես վաստակել էր նաև անգլիացի գերծանրքաշային Դերեկ Չիսորան` հնարավորություն ստանալով WBC վարկածով չեմպիոնական տիտղոսի համար ձեռնոց նետելու Վիտալի Կլիչկոյին:
Սակայն, ինչպես երևում է, խելքից առաջ ընկած բախտը հիմնավորապես պտտել էր Զամբիայի հեռուներից բրիտանական քաղաքակրթության ծոցում օթևան գտած տղայի գլուխն ու հարկադրել գնալ յուրօրինակ «հերոսացման»` կշռվելու ժամանակ նենգաբար ապտակել մրցակցին: Գերամուր նյարդային համակարգ ու բացառիկ ինքնատիրապետում ունեցող Կլիչկո Ավագը կարողացել էր մնալ իր բարձրության վրա` բավարարվելով միայն մանկականորեն իմպուլսիվ մրցակցի արարքը «կնիկավարի հարված» որակելով, մնացածը թողնելով ռինգում անելիքին: «Կնիկավարի» բառի ավելի կոլորիտային հոմանիշը մենք միտումնավոր չենք օգտագործում, որովհետև բառը կարդալուց հետո խմբագիրը նախ մի կուշտ կծիծաղի ու, այնուամենայնիվ, կջնջի` համարելով ընթերցողի քնքուշ լսելիքի համար ոչ շոյիչ, թեպետ դրանից Չիսորայի անպարկեշտ արարքը բնավ էլ չի փոխի իր բուն բնութագրականը:
Կնիկավարի՞, թե՞ էն անտեր էնիքավարի հասցրած հարվածը, բնականաբար, պիտի ունենար իր գինը: Այն քուչի տղայի մակարդակին մնացած Չիսորային արժեցավ (առայժմ ռինգը թողնենք մի կողմ) հիսուն հազար ամերիկյան դոլար, որի ուղիղ կեսը կգնա գերմանական սոցիալական ծրագրերից մեկի հիմնադրամ, մյուս կեսը կմուտքագրվի WBC-ի գանձարան:
Հիսուն հազար դոլարը միջին վիճակագրական հայ ընտանիքի համար մի ամբողջ ապրուստի գումար է, սակայն Չիսորային միջին վիճակագրական հայ ընտանիքն իր պրոբլեմներով, բնականաբար, այդ պահին (և ընդհանրապես) չէր հետաքրքրում նույնքան, որքան չէր հետաքրքրում մենամարտի արդյունքում վաստակելիք բավականին կլորիկ գումարի չնչին մասի կորուստը (երևի մտածում էր` մեռնելը որ կա, խռխռա՞լս որն է):
Սակայն, մինչև բուն մարտը, Չիսորան աչքի ընկավ ևս մի տհաճ «հերոսացումով»: Նա հասցրեց բերանն առած ջուրը պզզացնել Վլադիմիրի վրա` այս կերպ «առավելության» հասնելով նաև կրտսեր Կլիչկոյի նկատմամբ: Որքան էլ նման բաները տպավորիչ են ամեն տեսակի սկանդալների սիրահարների համար, իսկ լրագրողների համար` անսպառ խոսակցության նյութ, այդուհանդերձ, չեմ կարծում, որ որևէ բանական արարած կարող է հանդուրժել կամ, առավել ևս, արդարացնել ցածր կրքերի նմանօրինակ դրսևորումները, և ավելի քան համոզված եմ, որ մարզաձևի բոսերը բռնցքամարտի խուլիգանի նկատմամբ կայացնելիք որոշումում կլինեն ավելի քան արմատական:
Չիսորայի անվայելուչ պահվածքին սկզբունքային գնահատական տալու հարցում հարկավ ոչ պակաս դեր կխաղա նրա հետմրցումային ևս մեկ «խիզախումը»: Ռինգից գլխիկոր հեռանալու ճանապարհին նա հասցրել է բուռն վեճի մեջ մտնել իր հայրենակից, աշխարհի նախկին չեմպիոն Դևիդ Հեյի ու նրա թիմակիցների հետ, ինչի արդյունքում արյունլվիկ է եղել բրիտանացի այս բռնցքամարտիկի մենեջերի գլուխը, ի դեպ, Կլիչկո եղբայրներին պատկանող տեսախցիկի շտատիվով: Թե Հե՞յն ինչու է Չիսորայի տաք ձեռքի տակ ընկել, առանձնապես մեծ գաղտնիք չկա սրանում: Պատճառը ոչ միայն Դերեկի անվայելուչ պահվածքին տրված գնահատականն էր, այլև մի քանի ամիս առաջ Վլադիմիր Կլիչկոյի հետ նրա ունեցած մենամարտը (Հեյի հրաժարվելու դեպքում Չիսորան էր լինելու Կլիչկո Կրտսերի մրցակիցը): Սակայն, որքան էլ խելքից թեթև, ոտքից արագ (թեպետ այս դեպքում արժեր խմբագրել հայտնի դարձվածքն ու ոտքի փոխարեն գրել ձեռքից արագ), Չիսորան կարողացել էր ներքին վիրավորանքին ավելի կիրթ հանդերձ հագցնել` «արդար» պոռթկումը մեկնաբանելով բրիտանացի երիտասարդ բռնցքամարտիկների ճանապարհը Հեյի կողմից փակելու հանգամանքով:
Նախամրցումային ու հետմրցումային այնքան բան կա Չիսորայի մասին պատմելու, որ եթե հանկարծ տրվենք կծիկի ծայրը բացելու գայթակղությանը, բուն մենամարտից խոսելու տեղ չի մնա, ուստի դառնանք ռինգում ծավալված իրադարձություններին:
Շատերն էին սպասում, որ վիրավորանքը Կլիչկո Ավագին կմղի գնալու զարգացումների արագ հանգուցալուծման: Դրա վրա էր կառուցված նաև Չիսորայի մարզչական կորպուսի մարտավարությունը` մրցակցի տաքգլուխ գրոհ ու, որպես հետևանք, բացված Կլիչկոյի տապալում առաջին իսկ ծանր հարվածով կամ հարվածաշարով, իսկ, ինչ-ինչ, Չիսորան գիտի ծանր հարվածել: Սակայն պատահական չէ, որ ուկրաինացի մարզիկն ունի «Դոկտոր» մականունը, ինչպես նաև այն, որ նա բռնցքամարտը սիրում է համեմատել շախմատի հետ, որը մտքի ուժ, հաշվարկ անելու կարողություն է պահանջում:
Իհարկե, շատ ավելի տպավորիչ կլիներ Չիսորային ռինգից պատգարակով կամ թևերն ընկած տանելը, սակայն այդ կոճղին մեթոդապես ծեծելն էլ պակաս տպավորիչ չէր: Առանձնապես մեծ գաղտնիք չէ, որ Կլիչկոյի հետ մարտում պարտությունից խուսափելու համար Չիսորային կարող էր փրկել կա՛մ անակնկալ հուժկու հարվածը, կա՛մ, մրցակցի երկար ձեռքերի արգելքը հաղթահարելով, նրա հետ մերձամարտի բռնվելը, սակայն դրա համար պահանջվում էր չափազանց մեծ բան` աշխարհի չեմպիոնի թույլտվությունը: Մնացած պարագաների համար բրիտանացին դատապարտված էր, որովհետև, չնայած իր անհամեմատ երիտասարդ տարիքին, նա չուներ ահեղ մրցակցի արագությունը: Այն, որ այդ մարտում Չիսորան դատապարտված էր, կարծիք էին հայտնել մարզաձևերի բոլոր մեծերն անխտիր: Բավարարվենք մարտի նախօրեին նրանցից միայն մեկի` լեգենդար Լենոքս Լյուիսի (ի դեպ` նույնպես բրիտանացի) տված գնահատականով ու թեման փակենք. «Չիսորան չափազանց խակ է Կլիչկոյի հետ մենամարտելու համար»:
Վիտալի Կլիչկոն տարավ իր հերթական` թվով քառասունմեկերորդ հաղթանակը: Սա չափազանց տպավորիչ ցուցանիշ է, եթե չմոռանանք, որ պրոֆեսիոնալ ռինգում հիրավի լեգենդար այս մարզիկն անցկացրել է քառասուներեք մենամարտ, որոնցից քառասունն ավարտել է նոկաուտով: Չիսորայի հետ այս վերջին հանդիպումը չհաշված` նա, փաստորեն, իր մարտերի 88,9 տոկոսն ավարտել է նոկաուտով ու վստահորեն առաջին տեղն է գրավում պանչեր բռնցքամարտիկների լավագույն հնգյակում, որտեղ նրան հաջորդում են լեգենդար Ռոքքի Մարսիանոն, Ջորջ Ֆորմենը, Վլադիմիր Կլիչկոն ու Մայք Թայսոնը` համապատասխանաբար 87,8, 84,0, 83,1, 75,9 տոկոսով: Վիտալի Կլիչկոն նորից մնաց անպարտ, և միայն ցավել կարելի է, որ արդեն անդառնալիորեն մոտ է ձեռնոցները մեխից կախելու նրա ժամանակը, մարդ, որ ամբողջ մի դարաշրջան է պրոֆեսիոնալ բռնցքամարտում:
Հ. Գ. -Ինչպես հաղորդել է BBC-ն, մենամարտից հետո Դերեկ Չիսորան չի կարողացել լքել Մյունխենը: Հետխաղյա մամուլի ասուլիսից հետո Դևիդ Հեյի հետ վեճի մեջ մտնելու ու ծեծկռտուք սարքելու պատճառով գերմանական ոստիկանությունը ձերբակալել է անգլիացի բռնցքամարտիկին: Քննիչներն արդեն սկսել են հետաքննությունը: Ոստիկանությունը փնտրում է նաև Հեյին, ում գտնվելու վայրը տակավին անհայտ է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1335

Մեկնաբանություններ