«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ՎԼԱԴԻՄԻՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՆՊԱՐՏ Է, ԻՍԿ ՎԻՏԱԼԻՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ՀԵՌԱՆԱԼ

ՎԼԱԴԻՄԻՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՆՊԱՐՏ Է,  ԻՍԿ ՎԻՏԱԼԻՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ՀԵՌԱՆԱԼ
06.03.2012 | 00:00

Մ արտի երեքին գերմանական Դյուսելդորֆ քաղաքում IBF, IBO, WBO, WBA վարկածներով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, գերծանրքաշային Վլադիմիր Կլիչկոն հերթական մրցակցի` Ժան-Մարկ Մորմեկի հետ պայքարում պահպանեց չեմպիոնական գոտիները` չորրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով ֆրանսիացի բռնցքամարտիկին:

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆԸ
Մարտ, որպես այդպիսին, չստացվեց, որովհետև ավելի քան ակնհայտ էր աշխարհի չեմպիոնի գերազանցությունը: Այնպիսի տպավորություն էր, ասես Մորմեկը ռինգում իր հանրահայտ մրցակցի կողքին երևալու, իսկ թե հնարավոր է, ավելի երկար երևալու գերխնդիր ուներ: Ինչ վերաբերում է նախամրցումային փուլում արված նրա բարձրագոչ հայտարարություններին (այդպիսիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի ու դրան հարակից ցուցքի բաղկացուցիչն են դարձել վաղուց), ամեն մեկի պարագայում չէ, որ կարելի է լուրջ վերաբերվել: Հասկանալի է, եթե ձեռնոց ես նետել, նշանակում է «կատու ճղելու» էլ պիտի պատրաստ լինես (սա միանգամայն ժանրի կանոնների մեջ տեղավորվող մոտեցում է), սակայն լրիվ ուրիշ բան է, երբ վերջնահաշվում այդ կատուն անձամբ ինքդ ես լինում:
Այդպես էլ Կլիչկո-կրտսերը պրոֆեսիոնալ ռինգում տոնեց նոկաուտով իր համար հոբելյանական` հիսուներորդ հաղթանակը, չիրականացավ գերծանր քաշային կարգում առաջին ֆրանսիացի բռնցքամարտիկը դառնալու Մորմեկի երազանքը, սևամորթ բռնցքամարտիկներն այս անգամ էլ անզոր եղան արձանագրելու ուկրաինացի եղբայրների գերակայության ժամանակաշրջանի ավարտը:
Այսպես ասելով` մյուս կողմից էլ հանուն ճշմարտության պիտի փաստենք, որ համաշխարհային բռնցքամարտի ամենահեղինակավոր քաշային կարգում ուժերի հարաբերակցությունն այսօր այնպիսին է, որ սկզբունքորեն դեռևս չկա այն անհատը, ուժը, որ կարողանա եղբայրներին ծնկի բերել: Նրանց գոտիների հերթական հավակնորդները հայտնվում են, մենամարտում և, պարտվելով, կա՛մ իջնում են համաշխարհային դասակարգման վարկանիշային աղյուսակի ստորին հորիզոնականներ, կա՛մ ընդհանրապես հրաժեշտ տալիս մեծ ռինգին: Իհարկե, հրաժեշտ տալուց հետո լինում են նաև մտքափոխներ, ինչպես, օրինակ, Դևիդ Հեյը: Վլադիմիր Կլիչկոյին պարտվելուց հետո բրիտանացին հայտարարել էր մեծ սպորտին հրաժեշտ տալու մասին, սակայն կրտսեր Կլիչկո-Մորմեկ մարտից անմիջապես հետո հայտնի է դարձել, որ եղբայրներից ավագը` Վիտալին, ով նաև ակտիվ քաղաքականության մեջ է ու պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Կիևի քաղաքապետի ընտրություններում, Հեյի հետ մենամարտելու ցանկություն է հայտնել:
Մրցամարտը կայանալու է այս տարեվերջին, սակայն կարիք կա՞ ասելու, թե իրականում ինչ է սա նշանակում բրիտանացի մարզիկի համար: Այո, երկնքից իջած անակնկալ պարգև, որովհետև մոտավորապես այսպիսի գին ունի Կլիչկոյի բարեհաճ, եթե չասենք, ողորմած ընտրությունը: Եվ միանգամայն հասկանալի է Հեյի ուրախությունը, ով իր Twitter-ում, վկայակոչելով RTL ալիքը, գրում է. «Նա ասաց ինձ, որ ես կլինեմ իր հաջորդ մրցակիցը»:
ՑՈՒՑՔԸ` ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՏԱՐՐ
Փաստը հետաքրքիր է մեկ այլ առումով ևս: Բանն այն է, որ Վիտալի Կլիչկո-Դերեկ Չիսորա սկանդալային հանդիպումից հետո (այդ մասին մանրամասն գրել ենք), ուկրաինացի մարզիկի մենեջեր Բեռնդ Բենտեն փետրվարի 18-ի ասուլիսում հայտարարել էր, որ այսուհետ Կլիչկոյի մենեջերը գործ չի ունենա բրիտանացի բռնցքամարտիկների հետ: Այստեղ թող ներվի ասելը, իր էքսցենտրիկ պահվածքով Դևիդ Հեյը Չիսորայից պակաս լկտին չէ և, որքան էլ ուրախացել է առաջարկի տեսքով իրեն հրամցված անակնկալ նվերից, չի մոռացել հընթացս չարախնդալ Բեռնդ Բենտեի վրա: Բայց դե նման բաների վրա չի կարելի զարմանալ, որովհետև, ինչպես արդեն ասացինք, համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտը որքան էլ դաժանագույն մրցակցություն է, միաժամանակ խոշորագույն շոու է` ցուցք` իր այդ որակում հսկայական գումարներ ապահովող, իսկ Մամոնան նման բաներում տեր-տիրական աստված է:
Քանի որ խոսեցինք ցուցքից, ավելորդ չհամարենք մի բանի մասին էլ տեղեկացնել ընթերցողին: Այսպես, WBA վարկածով չեմպիոնական գոտու համար Ալեքսանդր Պովետկինին օրերս ձեռնոց նետած ու պարտված Մարկո Հուկը հայտարարել է, թե Վիտալի Կլիչկո-Դերեկ Չիսորա մրցամարտին նախորդած կշռման ժամանակ բրիտանացու ապտակը նախապես բեմադրված է եղել Բեռնդ Բենտեի կողմից` իբր թե հանդիպման հեռուստատեսային լսարանն ավելի զանգվածային դարձնելու համար: Բնականաբար, Կլիչկոների մենեջերը հայտարարությունն անուշադրության չի մատնել ու սերբին դատի է տվել անհիմն մեղադրանքի համար, ասելով, թե ոչ ոք չի կարող լրջորեն հավատալ, որ Կլիչկո եղբայրների կարգի մարզիկները կարող են թույլ տալ ապտակը ներառել ընդհանուր սցենարի մեջ կամ իրենց թույլ տալ կռիվ բեմականացնել. «Հուկն անցել է թույլատրելիի սահմանը: Ապագայում, մինչ բերան բացելը, նա պետք է լավ մտածի»: Ի դեպ, եթե դատարանը հաստատի Բենտեի ճշմարտացի լինելը, Հուկին սպասում է մինչև 250 հազար դոլար տուգանք կամ մինչև վեց ամսով ազատազրկում:
Արդ, իսկապե՞ս անհիմն է այդ մեղադրանքը, թե՞ պարտված Հուկն անգամ դրամական խոշոր տուգանք կրելու գնով (ինչպես Չիսորան) պատրաստ է ջրի երեսին մնալու, չենք կարող պնդել, բայց որ պրոֆեսիոնալ բռնցքամարտն առանց նման սարքովի կամ ոտքերի տակ իրական հող ունեցող բաների չի կարող յոլա գնալ, անվիճելի է:
ԵՎ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԱՐԵՈԼԱՆ Է ԱՅԴ ԵՐՋԱՆԻԿԸ
Ընթերցողը հիմա կարող է ասել` շնորհակալ ենք Վիտալիի ծրագրերին տեղեկացնելու համար, իսկ Վլադիմիրի հետ կապված նորություն չկա՞: Կա, իհարկե, կա: Որքան էլ ռուսները ջանում են Կլիչկոներից մեկնումեկի մրցակից տեսնել Ալեքսանդր Պովետկինին, եղբայրները չեն շտապում ռուս բռնցքամարտիկին նախապատվություն տալու հարցում: Եթե ուժերի այսօրվա հարաբերակցության դիրքերից նայելու լինենք, երևի թե ուկրաինացիների չշտապելը նախ և առաջ հօգուտ Պովետկինի է: Գոնե Մարկո Հուկի հետ նրա հանդիպումն այդ մասին է խոսում: Նման պատրաստվածությամբ ելնել Կլիչկոների դեմ նշանակում է ինքդ քեզ նախապես դատապարտել պարտության:
Ինչևէ:
Վլադիմիր Կլիչկոյի հաջորդ մրցակիցը լինելու է Քրիս Արեոլան, ով Չիսորայի պես հայտնի է «կեղտոտ» բոքս անելու իր «հմտությամբ»: Սակայն այստեղ էլ օդի մեջ մի խոշոր հարցական է կախված մնում` արդյո՞ք երեսնամյա ամերիկացին, ով վառ արտահայտված պանչեր է (երեսուն մարտ ավարտել է հաղթանակով), նման մարտ վարելու այդքան համարձակություն կունենա: Օրը կգա, բարին` հետը, կիմանանք և այդ մասին: Իսկ առայժմ տեղեկացնենք, որ մենամարտը նախատեսված է անցկացնել Նյու Յորքում, հոկտեմբերի 20-ին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1434

Մեկնաբանություններ